Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Ցանկացած երկրի միջնորդություն, որը տարածաշրջանում կբերի խաղաղություն, մեր կողմից ողջունելի է. Վահե Հակոբյան

Մեր հնչեցրած հարցերին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին շատ ադեկվատ գնահատականներ տվեց։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Պատերազմական իրավիճակից իրենք տեղյակ էին եւ փորձում էին գտնել այն եղանակները, որոնք կզսպեն ադրբեջանցիներին-թուրքերին»,- նշեց Հակոբյանը։

Ըստ Հակոբյանի՝ ցանկացած երկրի միջնորդություն, որը տարածաշրջանում կբերի խաղաղություն, իրենց կողմից ողջունելի է։

Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին քաղաքացիների պահանջին՝ ԱԺ պատգամավորն արձագանքեց. «Ո՞րն է մեր այլընտրանքը, որպեսզի մեր ՀԱՊԿ-ից դուրս գանք։ Մենք այստեղ ունենք ռուս-հայկական զորախումբ։ Ռուսաստանի այս իներտ պահելը բերում է նրան, որ, այո, մեր երկրում տրամադրություններ են փոխվում, որն ինչ-որ տեղ արդարացի է եղել»։

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպումից առաջ Նենսի Փելոսին հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Փելոսին Երեւանում է պաշտոնական այցով։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Նա այսօր առավոտյան այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկել, ապա  Երեւանի Գաֆէսճյան կենտրոնում հանդես եկել ելույթով։