ՆԱԻՐԱ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ
Մեր հասարկությունում գնալով ավելի հաճախակի են դառնում խոսակցությունները Սորոսի եւ նրա գործակալների մասին: Ո՞վ է Սորոսը, ինչո՞ւ մեր կողմից չընտրված, մեր երկրի ու ժողովրդի հետ որեւէ կապ չունեցող այս սուբյեկտը տանտիրոջ նման տնօրինում է մեր երկրումՙ օրենսդրական նախագծեր ներկայացնում, համակարգային փոփոխություններ անում, բախումներ հրահրում, վերջնագրեր ներկայացնում: Ի՞նչ դեր խաղաց նա մեր, այսպես կոչված, հեղափոխության ժամանակ, ո՞րքան է նրա իրական կշիռը երկրի կառավարման գործում :
Սուտ, կեղծիք ու մանիպուլյացիա, սա այն քողն է, որի ներքո այսօր երկրում լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Բարոյական նորմերի ոտնահարում, արժեքների խեղաթյուրում, պետական ինստիտուտների ոչնչացում, անհասկանալի նախաձեռնություններ, կրթական, սոցիալական, դատական համակարգերի արմատական ձեւափոխումներ, տարօրինակ օրենսդրական նախաձեռնություններ, ընդ որում այս բոլորը առաջ է մղվում սպառնալիքով, կեղծ իրազեկումներ ու անօգուտ քննարկումներ կազմակերպելով, խաբելով ու իմաստափոխելով: Հասարակության, որի գրեթե հարյուր տոկոսը ավանդական կողմնորոշվածություն ունի եւ դեմ է այլասերված նորամուծությունների, միեւնույն է բռի համառությամբ ենթարկվում է հենց այդ նույն այլասերվածության քարոզին: Ենթադրվում է, որ տեղական մի քանի տհասների առկայությունը, նրանց հովանավորելը ու հրահրելը բավական է ամբողջ ազգի բարոյական նկարագիրը խեղելու համար: Բառափոխություններով նոր իմաստներ ստեղծելը մարդկանց գիտակցության վրա ազդելու հին հնարք է, այսօր աշխարհի խոշորագույն, այսպես կոչված, մտքի կենտրոնների կողմից «պատերազմ» բառի ավելի քան հարյուր փոխարինողներ են հնարվել ու շրջանառության մեջ դրվել, իբրեւ թե բառի ազդեցությունը մեղմելու համար, բայց դրանից պատերազմը չի դադարել լինել զավթողականՙ մահ ու ավերածություն բերող: Նույն տրամաբանությամբ էլՙ ոչ բռնին չի դադարել լինել բռնի, թավշյանՙ կոշտ ու բիրտ, սիրո ու համերաշխության հեղափոխությունն էլՙ սահմանադրական կարգի տապալում:
Բայց անդրադառնանք մեր բարեկա՜մ Ջորջ Սորոսին. ո՞վ է նաՙ այս բաց հասարակության մոլեռանդ քարոզիչը, որի մասին տեղեկությունները փակ են, եւ ո՞րն է աշխարհով մեկ նրա ծավալած լայնամասշտաբ գործողությունների իրական իմաստը:
Կենսագրությունը բաց թողնենք, այն հասանելի է յուրաքանչյուրին համացանցից, ուղղակի ծանոթության համար մի քանի ուրվագիծ:
Սորոսի կրքոտ կենսագիրները պատմում են դրվագներ նրա ոչ ադեկվատ պահվածքի մասին, ողջ աշխահի վրա իշխանություն ունենալու նրա երազանքի մասին «…ես երեւակայում էի, որ աստված եմ… Այն ինչ առաջ կոչվում էին սովետական հանարապետություններ, այժմ կոչվում են սորոսական հանրապեություններ… ում է պետք ՆԱՏՕ-ն, եթե կա իմ ֆոնդը…». Հիլարի Քլինթոնի հետ խոսակցությունում անկեղծացել էր մեծ կոմբինատոորը, երբ որոշել էր, որ իր զավթողական ծրագրերը իրականացել են:
Այսպես կոչված պաշտոնական տեղեկատվությունը նրան ներկայացնում է որպես հաջողակ գործարարի ու ֆիլանտրոպի, իսկ ոչ պաշտոնական աղբյուրներում նա ունիՙ ֆինանսական սպեկուլյանտի, խարդախ խաղամոլի, բարոյազուրկ անձնավորության համբավ: «Արհավիրքների կապիտալիստ». այսպիսի պիտակ է կպցված խարդախ գործարարին: Լավ հայտնի են Սորոսի կազմակերպած եւ ամբողջ աշխարհով մեկ աղետի պես տարածվող հակակառավարական, հակապետական ցույցերն ու հեղաշրջումներըՙ խաղաղասիրական, իրավապաշտպան, գենդերային, լգբտ խմբերի, գլոբալիստական ու հակագլոբալիստական, էկոլոգիական մակդիրներ կրող շարժումների ու կառույցների միջոցով:
Սորոսի ունեցվածքը, որ գնահատում են մոտ երեսուն միլիարդ, կուտակվել է հիմնականում արժեթղթերի շուկայում սպեկուլյատիվ գործարքներից: Նա արժեթղթերի մեծ փաթեթների բաժնետեր է, նրա ստեղծած Soros Fund Management LLC ֆոնդը, բաժնեմասեր ունի բազմաթիվ խոշոր կորպորացիաների կապիտալներումՙ քիմիական գիգանտ Dow Chemicals, Monsanto, էներգետիկ գիգանտներՙ Energen and PDC Energy: Այս կորպորացիաները այսօր ակտիվ ներգրավված են գյուղատնտեսության, բիոտեխնոլոգիաների, սննդի արդյունաբերության ոլորտներ: Նրա հետաքրքրությունների մեկ այլ ոլորտ է բանկային համակարգը, նա արժեթղթերի մեծ փաթեթ ունի Սիթի Group-ում, որը, Ուոլլ Սթրիթի խոշոր չորս բանկերից մեկն է, եւ որին մենք դեռ կանդրադառնանք:
Սորոսի հետաքրքրությունների շրջանակում ամբողջ աշխարհն է: Նա համարվում է բրիտանական ֆունտ ստերլինգի արժեզրկման հեղինակը: Թայլանդի ազգային արժույթի արժեզրկումը կազմակերպելուց հետո այդ գործընթացը շղթայաբար շարունակվեց հարավ-արեւելյան Ասիայի մի շարք երկրներումՙ հանգեցնելով տնտեսական ու քաղաքական ճգնաժամերիՙ Ֆիլլիպիններ, Ինդոնեզիա, Հարավային Կորեա: Մալազիայի վարչապետՙ Մոհաթհիր Մոհամեդը նրան անվանեց անգութ ու արյունախում չարագործ, Բրազիլիա, Արգենտինա, Մակեդոնիա, Ուկրաինա, Արեւելյան Եվրոպայի պետություններ, Վրաստան …. այսօր արդեն հանգիստ կարող ենք ավելացնելՙ Հայաստան:
Եթե որեւէ խելամիտ գործարարի որեւէ երկրում գումար ներդնելու ու գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ են կայուն տնտեսություն եւ կայուն քաղաքական իրավիճակ, ապա Սորոսն իր գործունեությունը ծավալում է քաոսի պայմաններում, նրա այսպես ասած բարեգործական ֆոնդերը օգտագործվում են հեղափոխություններ, խռովություններ, պետական հեղաշրջումներ հրահրելու համար, սրանց հետեւում են քաղաքական եւ տնտեսական խառնաշփոթ, ճգնաժամ, արդյունքում անկում է ապրում ազգային արժույթը, ընկնում է արտադրական միավորների գինըՙ ազգային արժույթով եւ արդեն դոլարով, չնչին արժեքով յուրաքանչյուր ակտիվ դառնում է հասանելի: Բայց, ցավոք սրտի, նրա հետաքրքրությունները միայն տնտեսական ու ֆինանսական չեն:
2016 թվականի օգոստոսին DCLeaks.com, ինտերնետային էջի հակերները գաղտնազերծեցին Սորոսի Բաց հասարկության հիմնադրամների արխիվները: Հրապարակեցին այդ արխիվներում պահվողՙ Եվրոխորհրդարանի 226 պատգամավորների անունները, որոնք ուղղակիորեն գործել էին եւ ցանկացած պահի պատրաստ էին գործել Սորոսի կամ նրա ներկայացուցչիների հրահանգներով: Միգրացիայի խրախուսում, գենդերային հավասարություն, լգբտ- ների իրավունքներ, սեռական դաստիարակություն, տարատեսակ փոքրամասնությունների իրավունքներ, աբորտներ, ծննուդների հավասարակշռության կառավարում, թմրանյութերի լեգալացում… Նույն սխեմայով աշխատում են եւ իշխանության մյուս թեւերում: Ցանկացած ազգային կառավարման համակարգ, ամենատարբեր օղակներում ներդրվում են գործակալներ, հետո այդ դրածոները հլու-հնազանդ կատարում են այն ամենը, ինչ նրանց թելադրվում է: Իսկ եթե որեւէ ազգայինՙ քաղաքական կամ հասարակական գործիչ դեմ է հանդես գալիս սեփական երկրի համար քայքայիչ, կործանարար ծրագրերին, ապա անմիջապես հակահարված է ստանում այդ արհեստականորեն բուծած քաղաքական էլիտաների կողմից, որոնց արագ սատարում են ճիշտ նույն կերպ բուծած լրատվամիջոցները:
Սորոսի ֆոնդի գործունեության մասին տեղեկություն տվող մեկ այլ աղբյուր էր Հիլարի Քինթոնի էլեկտրոնային փոստը, որը հակերային հարձակման ենթարկվեց ու պարզվեց, որ նախագահի թեկնածու, ԱՄՆ պետքարտուղար Հիլիարի Քլինթոնի գործողությունների հետեւում շատ անգամ կանգնած է Սորոսը, նրա Բաց հասարակությունը ու նրանց ֆինանսները: Այդ փաստաթղթերում խոսվում է եւ տարբեր երկրներում հասարակական կարծիքը մանիպուլացնելու, բարձրագույն պաշտոնյաներին վարկաբեկելու ու ասպարեզից հեռացնելու, նորերին ուղղակիորեն նշանակելու ծրագրերի մասին, կուսակցություններ ձեւավորելու, դրանց ֆինանսավորելու ու քաղաքական դաշտ մտցնելու մասին, ի դեպ դրանց շարքում էին հունական Սիրիզան եւ իսպանական Պոդեմոս կուսակցությունները
Սորոսին ուղղակի ու անուղղակի առնչվում են ամբողջ աշխարհում արհեստական միգրացիոն հոսքեր առաջացնելու գործընթացները եւ սա նա երբեք էլ չի թաքցրել: Միլիոնավոր դոլարներ, հարյուրավոր դրամաշնորհներ, հիսունից ավել հասարակական-գիտահետազոտական կազմակերպություններ ներգրավված էին 2015 թվականին Հունաստանում միգրանտներին առնչվող հարցերի կարգավորման գործում, քանի որ միգրացիոն հոսքերը ուղղվում էին այդ երկրի միջով եւ սա ուղղակի ֆինանսավորվում էր Սորոսի եւ նրա հետ կապակցված ֆոնդերի միջոցով, գումարներ էին տրամադրվում Բժիշկներ առանց սահմանների շարժմանը, ովքեր անմիջականորեն եւ շատ ակտիվ կազմակերպում էին մարդկանց տեղաշարժը Աֆրիկայից դեպի Եվրոպա:
Սա մեծ ֆիլանտրոպի գործունեության մի փոքր մասն է միայն, բայց թերեւս սա էլ բավական է մի եզրահանգում անելու համար: Նույնիսկ Սորոսի նման մեծ «բարերարը», նույնիսկ եթե նա պաշտոնական տվյալներով երեսուն միլիարդ կապիտալի տեր է, չի կարող միայնակ այսպիսի վիթխարիՙ աշխարհի հունը փոխող ծրագրերի հեղինակը լինել. Սորոսը ներկայացնում է ինչ-որ խմբի շահեր, տարածում է շատ կոնկրետ գաղափարներ եւ իրագործում է շատ կոնկրետ ծրագրեր, ընդ որում այնպիսի ազդեցիկ խմբի, որի համար գործիք են ծառայումՙ տխրահռչակ Սորոսից բացի նաեւ շատ հեղինակավոր միջազգային կառույցներ:
Մենք վերեւում նշեցինք, որ Սորոսը Սիթիգրուպի արժեթղթերի մեծ փաթեթի սեփականատեր է: Սիթիգրուպը հանդիսանում է Ուոլլ Սթրիթի ամերիկյան խոշոր չորս բանկերից մեկը: Այդ բանկերն էլ իրենց հերթին առնչվում են ԱՄՆ դաշտային պահուստային համակարգի հետ: Սորոսը չի հանդիսանում ֆեդռեզերվի գլխավոր բաժնետերերից, ինչպիսիք են Ռոդշիլդների եւ Ռոկֆելլերների ընտանիքները, Սորոսը ծառայում է նրանց, իսկ ավելի կոնկրետ, համաձայն ամերիկացի տնտեսագետ ու քաղաքական գործիչ Լինդոն Լառուշի ՙ Ռոդշիլդների ընտանիքին:
Մի հատված Լինդոն Լառուշի EIR (Executive Intelligence Review) լրատվական ծառայության հաշվետվության հիման վրա կազմված նյութերից, որը տպագրվել է 1996 թվականի հոկտեմբերի 1-ին Վիսբադենում եւ կոչվում «Մեգա սպեկուլյան Ջորջ Սորոսի ռեզյումեն»: «Սորոսըՙ ֆինանսական միասնական հետաքրքրություններով համախմբված մարդկանց գաղտնի ցանցի երեւացող հատվածն է, այդ ցանցը ուղղակիորեն կառավարվում է Վինձորների Բրիտանական տան շուրջ համախմբվածՙ Եվրոպայի առաջատար արիստոկրատական եւ թագավորական ընտանիքների կողմից: Իրենք իրենց խմբավորումը անվանում են «Կղզիների Ակումբ»: Այն ստեղծվել է բրիտանական կայսրության փլուզումիցՙ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Իրենց աշխարհաքաղաքական ծրագրերը կյանքի կոչելու համար այս մարդիկ պետական լիազորությունները օգտագործելու փոխարեն ստեղծեցին այդ գաղտնի ցանցային կառույցը, որը միավորեց Արեւմտայն Եվրոպայի հնագույն արիստոկրատական օլիգարխիկ ընտանիքներին: «Կղզիների Ակումբի» կենտրոնը դարձավ Լոնդոնը… Այստեղ ամենակարեւորներից են Ռոդշիլդները, ում շնորհիվ էլ Սորոսը ֆինանսական շուկաներում սպեկուլյատիվ գործարքներ է իրականացնում իր «Quantum Fund NV» օֆշորային, մասնավոր, ներդրումային ֆոնդի միջոցով:
Համաձայն որոշ տվյալների, Սորոսը կառավարում է ներդրողների 11-14 միլիարդ կապիտալը ու այդ ներդրողների մեջ ամենահայտնին, հենց իրՙ Սորոսի վկայությամբ, թագուհի Եղիսաբեթն է: «Quantum Fund»ը գրանցված է օֆֆշորներում, ինչի շնորհիվ խուսափում է հարկերից, գաղտնի են ներդրողների անունները, նաեւ նպատակները, նաեւ այն, թե որտե՞ղ ու ինչի՞ համար են ծախսվում այդ գումարները»:
Բոլոր նրանք, ովքեր բիզնես հարաբերությունների մեջ են Սորոսի հետ պնդում են, որ նա երբեք լուրջ ներդրումային ծրագիր չի իրագործում առանց փակ ու հավանաբար քաջատեղյակ աղբյուրներից տեղեկություն ստանալու: Նման պնդումներ է անում նաեւ ռուս հայտնի տնտեսագետ Վալենտին Կատասոնովը ՙ «Սորոսի ֆինանասական հաջողությունները արդյունք են նրա մտերմիկ կապերի այն շրջանակների հետ, որոնց անվանում են «Փողի պարկեր», դա իհարկե ֆեդռեզերվի բաժնետերերն են, որոնց ձեռքում է գտնվում է փող տպելու հաստոցը: Տպելով այնքան փող որքան սրտները ուզում էՙ նրանք խնդիր ունեն այդ փողերը ճիշտ բաշխելու ու ներդնելու», ինչով էլ զբաղվում է արդեն տխրահռչակ Սորոսը: Դա է պատճառը, կարծում է Կատասոնովը, որ Սորոսի մոտ միշտ եղել է այնքան գումար, որ հնարավոր է եղել կազմակերպել ցանկացած երկրի ազգային արժույթի արժեզրկումը, իսկ այս գործողությունը կազմակերպելու համար իսկապես մեծ գումարներ են անհրաժեշտ համարժեք զոհի կարգավիճակում հայտնված երկրի կենտրոնական բանկում եղած գումարներին: Այստեղ կա մի նուրբ պահ, շարունակում է Կատասոնովը, մարդիկ ովքեր տիրապետում են փող տպող հաստոցին, փողի կարիքը չունեն, Սորոսը ունի, նա ազարտ խաղացող է, պատրաստ է քաոս առաջացնել աշխարհի որեւէ կետում իր գումարները բազմապատկելու համար, փողի տերերին նույնպես անհրաժեշտ են քաոսային իրավիճակներ, բայց լրիվ այլ նպատակներովՙ ազգային պետությունները խարխլելու, քանդելու եւ իրենց իշխանությունը ամբողջ աշխարհի վրա տարածելու համար»:
Այսօր, երբ վերլուծում ենք մեր երկրում ստեղծված իրավիճակը, թերեւս կարող ենք պնդել, որ մեր բարձրագույն իշխանավորներից առնվազն մեկը սերտորեն շփվում է վերը նշված շրջանակների հետ: Իշխանափոխությունից հետո, մեղմ ասած, Հայաստանը ամբողջովին հասանելի դարձավ այս ուժերի համար: Երկրում տեղի ունեցող փոփոխությունները լրիվ համահունչ են աշխարհի գլոբալ վերափոխման ծրագրերին, այդ փոփոխությունները շատ խորքային են, շատերը մենք չենք էլ նկատում, եւ դժբախտաբար մեծանում է այն համոզմունքը, որ այդ փոփոխությունները ուղղված են մեր պետականության դեմ, ազգային-ավանդական-արժեքային համակարգի դեմ եւ ընդհանրապես հակամարդկային են: