Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահի նստավայրում՝ Ելիսեյան պալատում, Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնի հրավերով Փարիզում հավատարմագրված կին դեսպանների ընդունելությանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Պաշտոնական միջոցառման ընթացքում մասնակիցների միջև տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ ժամանակակից հասարակություններում կանանց և տղամարդկանց միջև իրավունքների և հնարավորությունների հավասարության ապահովման, հանրային կյանքում որոշումների կայացման գործընթացներում կանանց գործուն դիրքի, միջազգային հարաբերություններում կանանց դրական ներգրավվածության, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական ներկայիս մարտահրավերներում կանանց խոցելիության և միաժամանակ դրանց հաղթահարման գործում նրանց վերապահված կարևոր դերի մասին։
Հատուկ ընդգծվեց խտրականություններից և կարծրատիպերից զերծ և համընդհանուր հասանելիություն ապահովող կրթության հարցում պետությունների հետևողական հանձնառության կարևորությունը՝ ի նպաստ հիմնարար իրավունքների, ազատությունների և հավասարության երաշխիքով ապագայի կերտման։