Այս ի՛նչ լեզվաքանդություն է
«Կիսվելը» արվեստ չէ, այլՙ Մայրենի լեզվի խեղում» վերնագրով անցյալ տարվա աշնանը խմբագրություն ուղարկված մեր հոդվածը, ինչպես հետո բավական ուշ իմացանք, ընդամենը որոշ տեխնիկական պատճառներով դուրս էր մնացել «Ազգի» նախատեսված համարից, հետո ցավալիորեն մոռացվել: Այն գրվել էր որպես արձագանք Եվրոպական ժառանգության օրերի 2018 թ. «հայերեն» խորագրի: Առիթն անցել է, բայց հոդվածում արծարծված լեզվական խնդիրը մնում ու շարունակում է իր ամենօրյա «հաղթարշավը»ՙ նորանոր տխուր բնագծեր ճարակելով…
Սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ հերթով:
Մեր լեզվի նկատմամբ այսօր մեր հասարակության գրեթե բոլոր խավերում տիրող ընդհանուր անփույթ-անխնամ վերաբերմունքն ու ազգային լեզվամտածողության խաթարումներն այնտեղ են հասել, որ երեւի պետք է շնորհակալություն հայտնենք քիչ հանդիպող այս կամ այն անձինՙ տարածում գտած որեւէ սխալ ձեւի փոխարեն հայերեն ճիշտ արտահայտվելու համար, ինչպես օրինակՙ «Ասածիս ու լսածիս մասին ուզեցի պատմել եւ տպավորություններս կիսել …» (ընդգծումն իմն է – Գ. Մ.) այսինչ մարդու հետ: Տպավորություները կիսելՙ ինչպես այլոց հետ կամ այլոց հացն են կիսում, ուրախությունը, ցավը կամ ընդհանրապես որեւէ բան են կիսում: Միչդեռ այսօր, ցավոք, այս պարզ ու հազարամյակներ կրկնված հայերեն սովորական արտահայտության փոխարեն չգիտես ինչուՙ անվերջ լսում, կարդում ենքՙ կիսվել հա կիսվել: Մեկը մեկին նայելով մեքենայորեն կրկնում եւ ոչ թե ինչ-որ բան բնականաբար կիսում են (կամ հաղորդում, ներկայացնում եւ այլն), այլ իրենք են կիս-վում, այն էլՙ ա՛յդ կիսելիքով, այն էլՙ այլո՛ց հետ… ու մի պահ կանգ չեն առնում, մտածումՙ դա հայերեն ի՞նչ է նշանակում: Իսկ դա հայերեն միայն մի բան է նշանակումՙ կես լինել, երկու մասի բաժանվել:
Այս ցավալիորեն արմատացած, հայերենի կուռ համակարգը խարխլող սխալը մեր լեզվում նորանոր ավերներ է գործում, եւ դրա նմանությամբ այսօր արդեն ոչ միայն կիսելու փոխարեն կիսվում են, այլ նաեւ մի բան փոխանակելու տեղակ փոխանակվում են, բռնելու տեղակՙ բռնվում, ու այս ճարակը շարունակվում է… Եվ որ առավել անհանգստացնող է, այդ սխալն արդեն նույնիսկ պաշտոնական խոսք մտնելու հայտ է ներկայացնում:
Նման նախադեպ էր հենց վերը նշված «Օրերի» խորագրի հայալեզու տարբերակը: Այն նախ կարդացինք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան հայտարարություն-ծանուցման մեջ, որտեղ ասվում էր, թե թանգարանը «ս. թ. սեպտեմբերի 22-ին «Եվրոպական ժառանգության օրեր» նախագծին կմիանա նոր, էլեկտրոնային ցուցահանդեսովՙ «Հայկական ժառանգությունը Եվրոպայում. կիսվելու արվեստը» խորագրի ներքո»: Թե խոսքն ինչ կիսվելու մասին էր կամ թեկուզ ով ինչ էր կիսումՙ հասկանալի չէր: Միտքը բացատրության կարիք ուներ, եւ ծանուցման հեղինակներն այդ «հայերեն» միտքը բացատրելու համար բնականաբար օգնության էին կանչել իրական հայերենը, հաջորդ իսկ նախադասությունում գրելով. «Այս ցուցադրությամբ անդրադարձ կարվի հայ ժողովրդիՙ աշխարհի հետ կիսած հարուստ ժառանգությանը…»:
Հետո Հայաստանում Եվրոմիության պատվիրակության գրասենյակից էլեկտրոնային փոստով ստացանք «օրերի» նախատեսվող պաշտոնական բացման վերաբերյալ մամուլի երկլեզվյա հաղորդագրություն, որի հայերեն տարբերակում մասնավորապես նշվում էր. «Հայաստանում այս տարի միջոցառումներն անցկացվում են «Կիսվելու արվեստը» խորագրով»… Ահա թե որտեղ էր սկզբնաղբյուրը: Ակներեւաբար թարգմանել էին անգլերենից (իրենց անգլերեն բնագրումՙ The Art of Sharing) ու նաեւ ֆեյսբուքյան «ավանդույթով» թարգմանելՙ կիսվելու: Ընդհանրապես այդտեղ բառը, վ-ով թե առանց վ-ի, լավ չէր ընտրված, կարելի էր անհրաժեշտ միտքն արտահայտելու ավելի հարմար բառ գտնել, բայց գոնե գրեինՙ կիսելո՛ւ արվեստը. համենայն դեպս հայերեն կլիներ: Հետաքրքրական է, որ նույնիսկ ռուսերեն (որի поделиться բառի մեխանիկական պատճենման արդյունք է մեզանում խնդրո առարկա լեզվական աղավաղումը) թե՛ գուգլ թարգմանիչը, թե՛ translate.ru-ն, որպես The Art of Sharing-ի թարգմանություն տվեցին ոչ թե искусство поделиться, այլՙ մեկը искусство совместного использования (հայերենՙ համօգտագործման արվեստը), մյուսըՙ искусство разделения, այսինքն հենց կիսելը, բաժանելը: Ցավոք, երբ այդ ժամանակ մի վերջին հույսով բացեցինք ՀՀ մշակույթի՛ նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքը,… «2018. Եվրոպական ժառանգության օրեր. կիսվելու արվեստը» ցցուն վերտառությունը «զարդարում» էր նաեւ այդ նախարարության գլխավոր էջի ճակատը… Սա արդեն հայերենը տրորող այդ սխալի «օրինականացման» էր նման: Եվ արդեն իսկ լուրջ ահազանգ էր:
Սակայն երբ սխալը ժամանակին չի ուղղվում, դադարում է որպես այդպիսին ընկալվելուց ու վատ հիվանդության նման խորանում է: Լեզվական հատկապես այս խնդրին ու դրա պատճառահետեւանքային վերլուծությանը հույս ունենք երբեւէ անդրադառնալու ազգամշակութային խնդիրների առավել ընդարձակ համատեքստում: Սա ընդամենը պարտադիր արձագանք էր նաեւ բառացիորեն օրեր առաջ մի էլեկտրոնային լրատվամիջոցում այս սխալի մի նոր արտառոց դրսեւորմանը: Լրատվամիջոցի անունը չենք տալիս, համարելով, որ դրա փոխարեն գուցե կարող էր լինել եւ մեկ ուրիշը: «Առաքելություն ունեմ վերակենդանացնել Գյումրին, Հայաստանը դարձնել արհեստական բանականության հանգույց…». սա այդ կայքում զետեղված մի լուրի առաջին, հասկանալի հայերեն մասն է, միջակետով ավարտվող: Իսկ միջակետից հետո վերնագիրը շարունակվում է այսպես. «ՀՀ նախագահը Շվեյցարիայում կիսվել է»: Վերջ: Հասանք… Եզրակացությունը թողնում ենք հարգարժան ընթերցողին:
…Մեր լեզվի համակարգին հարվածող այս եւ նման բազմաթիվ այլ սխալները, անընդհատ ասվելով, գրվելով ու կրկնվելով, դառնում են մեր ականջի ու աչքի համար սովորականՙ թուլացնելով մեր ազգային զգոնությունն ու մեծացնելով դրանից բխող տխուր հետեւանքերը: Որովհետեւ ոմանց գուցե անմեղ թվացող նման լեզվական աղավաղումները, այլ լեզվից կատարված անհարկի պատճենումները, որոնք բավական շատ են, աղճատելով մեր լեզվամտածողությունն ու խարխլելով մեր լեզվաշենքը, կարող են քիչ-քիչ, աննկատ հեռացնել մեզՙ մեզնից, մեր ազգային էությունից:
Սթափվե՛նք: