Իրանական «ՇԱՐՂ» օրաթերթում լույս տեսած ու մի շարք այլ պարբերականների կողմից արտատպված վերոգրյալ վերտառությամբ ուշագրավ հոդվածը պատկանում է ծնունդով թավրիզցի վերլուծաբան Սալար Սեյֆ էդ-դինի գրչին, որը նվիրված է «Զանգեզուրի միջանցք» հորջորջվող «թուրանական ճանապարհին» ու դրա աշխարհա-քաղաքական հետեւանքներին:
Հոդվածի վերնագիրն ընտրելիս, հեղինակը ներշնչվել է Իրանի մեծանուն բանաստեղծ Սաադիի՝ ասացվածքի վերածված հայտնի բանաստեղծության հետեւյալ տողերից՝
Վախենում եմ, հագարացի, դու ուխտավայր չհասնես,
Քանզի ընտրած ճանապարհդ քեզ տանում է Թուրքիստան:
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող այս հոդվածի վերնագրի իմաստային թարգմանությունը հետեւյալն է՝
«ԸՆՏՐԱԾԴ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՔԵԶ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ»
Սեյֆ էդ-դինի հեղինակած հոդվածում կարդում ենք.
«Շարունակվում են 2020 թվականի պատերազմի հետցնցումները: Եվ Ալիեւի հռչակած հաղթանակով հանդերձ, Բաքուն շարունակում է իր դժգոհությունն արտահայտել ստեղծված իրավիճակից: Իսկ դժգոհության բուն պատճառը նոյեմբերի 9-ին հրապարակված եռակողմ հայտարարության մեջ հաղորդակցական ուղիների ու ապաշրջափակման մասին ձեւակերպումներում տեղ գտած տարընթերցումն է: Զինադադարի համար հրապարակված համատեղ հայտարարության մեջ Բաքվի օգտին որեւէ միջանցքի մասին խոսք անգամ չկա, եւ միայն Հայաստանը պարտավորվել է ապահովել հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը: Մյուս կողմից, Իլհամ Ալիեւը բազմիցս Հայաստանի Սյունիքի մարզի՝ պատմականորեն Ադրբեջանին պատկանելու մասին հավակնոտ հայտարարություններով է հանդես եկել, ինչը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ նոր ոտնձգության բացահայտ դրսեւորում է, որի իրագործումը նշանակում է փակել Իրանի սահմանը Հարավային Կովկասի հետ եւ աղճատել Իրանի հաղորդակցական ուղիները: Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Ալիեւը խոսում է իր հորջորջմամբ՝ «Զանգեզուրի միջանքի» մասին:
Այդպիսի միջանցքի մասին մեկնաբանություններ ներկայացնելիս, կարելի է հարցը դիտարկել երկու տեսանկյունից. Առաջինը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող նոր մայրուղու եւ երկաթուղու կառուցումն է, Իսկ երկրոդը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից միջանցքի բռնակցումն է Ադրբեջանին: Առաջին սցենարի դեպքում, դիվանագիտական հարաբերությունների, հետեւաբար նաեւ իրավական հիմքերի առկայությունը պարտադիր պայմանն է: Քանի որ ցայսօր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում կողմերը լուրջ կամք չեն դրսեւորել, ուստի երկրորդ սցենարն է օրակարգային հարց դառնում: Իրանին մտահոգող հանգամանքը միջազգայնորեն ճանաչված սահմանների ու միջազգային իրավունքի նկատմամբ ՆԱՏՕ-ի հնարավոր աջակցությամբ բացահայտ ագրեսիան է: ՆԱՏՕ-ի պատկերացմամբ, Ասիայի մայր ցամաքում պանթուրքիզմի տարածումը մի քանի առումով աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավեր է հանդիսանում Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի համար:
Այնպես, ինչպես 19-րդ դարում Մեծ Բրտանիան ու որոշ հրեա արեւելագետներ հանդես էին գալիս Ռուսաստանի տրոհմանը հանգեցնող Ցարական Ռուսաստանի տարածքում պանթուրքիզմի ձեւավորման հեռանկարի օգտին, այնպես էլ այսօր ՆԱՏՕ-ն աջակցում է պանթուրքիզմի հզորացմանը, որի նպատակն է լուրջ խնդիրներ առաջացնել 200 միլիոն ույղուրներով բնակեցված Չինաստանի եւ բազմաթիվ թուրքախոս բնակչություն ունեցող Ռուսաստանի համար, լավ գիտակցելով, որ այդ «թուրանական միջանցքը» կարող է առաջին փուլում Ասիական մայր ցամաքում մեծ ցնցումներ առաջացնել Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի համար:
Միաժամանակ, Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի հետ Միջին Ասիայում «Թուրքական ՆԱՏՕ» ձեւավորելու հարցում Թուրքիայի ջանքերն իմաստավորվում են հենց այդ տրամաբանության մեջ: Իսկ Ալիեւի՝ վերջին մեկ- երկու տարիների ընթացքում նկատվող վարքագծի փոփոխությունը վկայում է, որ հավանաբար այս փուլում վերջինիս հատուկ դերակատարություն է վերապահվել: Քանի որ Ալիեւի կողմից ներկայացվող հավակնություններն ու հռետորաբանությունն ավելին են, քան սովորական երկրի առաջնորդին վերապահված դերակատարությունը: Այդ պատճառով էլ կարելի է ենթադրել, որ տվյալ նախագիծն առաջին հերթին ՆԱՏՕ-ի ծրագրերի մեջ տեղավորվող նախագիծ է, որի իրագործումը հանձնարարված է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Թուրքիային:
Սահմանների անխախտելիության մասին Իրանի իշխանությունների անմենաբարձր մակարդակով հրապարակվող հայտարարությունների խորապատկերի վրա, Ալիեւի շուրթերից Ժամանակ առ ժամանակ հնչող հայտարարույթյունները վկայում են, որ Բաքուն մտադիր չէ հենց այնպես հրաժարվել տարածաշրջանի երկրների տրոհմանը հանգեցնող իրեն վերապահված ՆԱՏՕ-ի ներկայացուցչի դերակատարությունից, եւ այդ հարցում հույսը դրել է Արեւմտյան երկրների եւ առաջին հերթին՝ Թուրքիայի վրա: Այս վարքագիծն ու հռետորաբանությունը հենց տվյալ ժամանակահատվածին Արեւմուտքի կողմից Ալիեւին վերապահված դերակատարությունն է, որի նպատակն է վերջինիս աջակցությամբ որոշակի առումով հարված հասցնել Իրանի ազգային շահերին:
Նախագահներ Պուտինի ու Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի «թուրանական միջանցքի» մասին Իրանի առաջնորդն ասել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժելու այն քաղաքական որոշումներն ու ծրագրերը, որոնք կհանգեցնեն Իրան-Հայաստան սահմանի փակմանը»:
Հաշվի առնելով Իրանում մշակված քաղաքական ուղեգծերն ու իշխանության տարբեր մարմինների կողմից ընդունված որոշումները, ՆԱՏՕ-ի ու նրա տարածաշրջանային ներկայացուցիչների գործադրվող որեւէ ռազմական գործողություն, անվերապահորեն հանգեցնելու է ԻԻՀ հակազդեցությանը: Էլ չենք խոսում այն մասին, որ միջազգային իրավունքի տեսանկյունից էլ Բաքուն իրավունք չունի այլ ինքնիշխան պետության տարածքը բռնակցել:
Վերջին ելույթներից մեկի ժամանակ Ալիեւն իր ասածները հիմնավորելու համար նշել է, թե իբր 1922 թվականին, Խորհրդային Միությունը վարչական փոփոխությունների անվան տակ, Սյունիքը հանձել է Հայաստանին, որպեսզի կանխվի Թուրքիստանի վերամիավորումը:
Թուրքիստանի եւ հիշյալ տարածքների վերամիավորման մասին մտացածին թեմայի արծարծումը տեղավորվում է ՆԱՏՕ-ի կողմից Ալիեւին վերապահված դերակատարության տրամաբանության մեջ: Սակայն Միջինասիական պետությունները, այն է՝ իրական թուրքախոս հանրապետություններն աշխատում են հեռու մնալ այդ հռետորաբանություններից: Այնինչ, թուրքական աշխարհի հետ կապ չունեցող Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունն աշխատում է հանդես գալ օտարի «հանդերձանքով»: Այս պահին, երբ աշխարհը հետսառըպատերազմյան շրջանից հետո նոր աշխարհակարգի փնտրտուքի մեջ է, ՆԱՏՕ-ի վտանգավոր նախագծերը, հատկապես Հարավային Կովկասի փխրուն հատվածում էթնիկ ցնցումների համար հող նախապատրաստելու ռազմավարությունն Իրանի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք է, որին անհրաժեշտ է լուրջ մոտենալ»:
Թարգմանեց ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ