ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող
Միջազգային հեղինակություն վայելող Վենետիկի հանձնաժողովը վերջերս խիստ աննպաստ հայտարարություն արեց Հայաստանի մասին: Դրանում, փաստորեն, մատնանշվում էր. Առաջին ՙ Հայաստանի գործադիր իշխանությունը անթաքույց միջամտում է դատական իշխանության գործերին, երկրորդ ՙ անհնազանդ դատավորներին սպառնում է համատարած հաշվեհարդարով (զտումով, վեթինգով), երրորդ ՙ Սահմանադրական դատարանի արհեստական ճգնաժամով իրար է հակադրում ՍԴ անդամ եւ ՍԴ դատավոր հասկացությունները, մինչդեռ դրանք բացարձակապես նույն նշանակությունն ունեն, չորրորդՙ հասարակությանը հաճոյանալովՙ ցանկանում է անցումային արդարադատության անվան տակ կամայականորեն սեփականազրկել… ունեւորներին: Փաստորեն, Հանձնաժողովը կասկածի տակ առավ Հայաստանի Հանրապետության ներքին կյանքի մեկ տարուց ավելի ժամանակահատվածում արձանագրված ամենախնդրահարույց իրողությունները: Որքան էլ նախագահ Սարգսյանի ու վարչապետ Փաշինյանի մակարդակով անմիջապես փորձ արվեց մեղմելու Վենետիկի հանձնաժողովի աննպաստ հայտարարության թողած տպավորությունը, ինչը հիմա ջերմեռանդորեն շարունակում է անել ողջ պետական քարոզչամեքենան, այնուամենայնիվ, հասարակական հիասթափությունը ակնհայտ է: «Ազգի» իմ նախընթաց հրապարակումներում բազմիցս մատնանշել եմ ներկա իշխանություններիՙ քննադատական խոսք լսելու անընդունակությունից բխող բազմաթիվ սխալները: Նողկալի է, որ սոցցանցերը հեղեղված են նոր իշխանություններով հայիլ-մայիլ եղածների քծնանքով, մինչեւ վերջ Նիկոլի կողքին մնալու էժանագին հորդորներով, ինչպես անում էին նախկին իշխանությունների հանդեպ, գրեթե նույն լրատվամիջոցներով: Ինչո՞ւ պիտի մարդը, Հայաստանի հպա՜րտ քաղաքացին, մինչեւ վերջ Նիկոլի կամ Սերժի, կամ Ռոբերտի եւ, առավել եւս, ԼՏՊ-ի կողքին մնալու… հավաստիացում անի: Աշխարհում չկա եւ երբեւէ չի լինի գործադիր իշխանության կամ որեւէ այլ իշխանության այնպիսի ղեկավար, որին մարդը կուրաբար հավատարմության երդում տա եւ… չսխալվի: Հե՛նց նվազագույն կասկած ծագի, որ վարչապետը կամ նախագահը կամա-ակամաՙ հայտնվել է պետության ու ժողովրդի համար անցանկալի դիրքերումՙ դեռ երեկ նրան սատարողները անհապաղ կանցնեն նրա հակառակորդների ճամբարը: Անձամբ ես առայժմ վարչապետի պրակտիկայից իմ հասկացած սխալներն եմ հրապարակավ մատնանշում, փորձելով օգնել, որ անհրաժեշտ եզրակացություններ անի: Բոլոր նրանք, ովքեր այս տարրական բանը չեն հասկանումՙ նախրային մակարդակի իջած մարդիկ են: Երբեմն-երբեմն, ցավոք, նաեւ մտավորականի դեմքով: Շատերը գիտակցաբար նիկոլական են ձեւանում, հետապնդելով անազնիվ նպատակներ: Ասենք, այս կամ այն պաշտոնը նվաճելու, հարազատներին առաջ խցկելու հույսեր ունեն, ինչն առանց վարչապետի բարեհաճությանՙ անհնա՛ր է: Ոմանց էլ թվում է, թե նորահարուստների ունեզրկման դեպքում, միգուցե, ավելի վաղ կատարված թալանից իրե՛նց էլ ինչ-որ բաժին հասնի: Իրականումՙ նախորդ թալանից պետությանը դեռ ոչինչ չի վերադարձվել: Կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ առայժմ սեփականության վերաբաշխման խնդի՛ր է լուծվում, ուրիշ ոչինչ: Երրորդ շերտը ատելությամբ է լցված բոլոր նրանց նկատմամբ, ովքեր նախորդ իշխանությունների, կամ նրանց նախորդածների օրոք ինչ-ինչ դիրքերի կամ գնահատանքի են հասել, իրենքՙ ո՛չ: Կան նաեւ այնպիսիները, ովքեր նախանձում են արդեն այսօրվա՛ իշխանավորներին: Մի՞թե իրենք առաջ խցկված մեկից կամ մյուսից… պակա՛ս են: Վերջապես, կա մի միամիտ զանգված էլ, որ ներկա իշխանությունների բոլոր ձախողումների համար հենց ի՛նքն է արդարացումներ հորինում, մինչդեռ ինչ-ինչ, սակայն սեփական մեղքերը ուրիշներին վերագրելու հարցում Նիկոլ Փաշինյանը, ըստ իս, մեր ողջ նախընթաց պատմության ընթացքում իրեն հավասար ուրիշ ո՛չ մեկը չի ունեցել: Վախենամՙ առաջիկայում բոլորին ապշեցնի նաեւ աներեւակայելի դաժանությամբ: Որեւէ մեկից պակա՞ս տղա է, ի՛նչ է: Եթե ներկա իշխանավորները շարունակեն ձեւացնել, ինչպես նախկիններն էին անում, թե Վենետիկի հանձնաժողովի վերջին հայտարարության մեջ մեզ համար, որպես պետություն, վտանգ չկար, թե դա, իբր, ընդամենը նախորդների, կամ նախորդների նախորդների չարամիտ սադրանքների հետեւանքն էր, ապա այդ անլուրջ գործելակերպը, Աստված մի արասցե, կարող է Հայաստանի վրա շա՛տ թանկ նստել…