Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

ՌՈՒՍՆԵՐՆ ԱՍԱԴԻՆ ՓՈԽԱՐԻՆՈ՞Ղ ԵՆ ԳՏԵԼ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Սիրիայի կառավարության զինված ուժերը, թեեւ մշտապես ենթարկվում են գնդակոծությունների, այդուհանդերձ իրենց ձեռքին են պահում երկրի արեւմտյան մասը, բացառությամբ Իդլիբի դիմադրության օջախի, որը հյուսիս-արեւմուտքում է եւ օգնություն է ստանում Թուրքիայից, պարզաբանում է փորձագետ Ալեն Ռոդյեն Atlantico հրատարակությանը տված հարցազրույցում: Ապստամբների վերահսկողությանը ենթակա այդ միջնատարածքը անհնար է գրավել զենքի ուժով, քանի որ սիրիական զորքերը նույնիսկ օտարերկրյա աշխարհազորայինների եւ ռուսական ուժերի օգնությամբ չունեն համապատասխան մարդկային եւ տեխնիկական հնարավորություններ: Թշնամին չափազանց ուժեղ է (30 հազարից մինչեւ 60 հազար փորձառու զինյալներ թաքնվում են միջնատարածքի 2,5 միլիոնանոց բնակչության մեջ), եւ արտակարգ իրադրության դեպքում ստանում Անկարայի օգնությունը: Բացի դրանից, Թուրքիան արդեն ընդունել է գրեթե 3 մլն փախստականների եւ միջոցներ չունի նորերին ապաստան տրամադրելու համար: Այդ շրջանում Սիրիայի կառավարական ուժերի հարձակումը կունենար աղետալի հետեւանքներ:

Միացյալ Նահանգները աստիճանաբար հեռանում է Սիրիայից, քանի որ այսօր անմիջական շահեր ունի ուրիշ տարածաշրջաններում: Թուրքիան իր հերթին ձգտում է ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունըՙ հիմնականում թիրախ դարձնելով քրդական ՔԲԿ-ն: Իրանը ուրիշ մտահոգություններ ունի, որոնք կապված են ԱՄՆ-ի պատժամիջոցների եւ շրջանում Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի դերակատարության հետ: Այդ երկիրը չի ուզում ընկնել սիրիական պատերազմի ճահճի մեջ: Եվ վերջապես Ռուսաստանը ստացավ իր ուզածըՙ իր ռազմական ներկայությունը վերջին 50 տարում եւ այլն: Այսպիսով, բոլոր պայմանները միասին վերցրած նպաստում են լուրջ բանակցությունների ծավալմանը, բայցՙ առանց Բաշար Ասադի, շարունակում է հրատարակությունը:

Խնդիրն այն է, որ Մոսկվայում քննության առնվող քաղաքական հնարավորությունը բարդանում է, քանի որ Ասադի մերձավորների հետ կապված բոլոր թեկնածությունները հայտնվել են Արեւմուտքի «սեւ ցուցակում»:

Հնարավոր իրավահաջորդ է համարվում գեներալ-մայոր Ալի Մամլյուկը, որը Բաշար Ասադի մերձավոր խորհրդականն է եւ սարսափ ներշնչող օդային հետախուզական ուժերի հիմնադիրներից մեկը: Հուլիսի 7-ին նա նշանակվեց Սիրիայի անվտանգության ուժերի ղեկավարի պաշտոնում: Ավելի վաղ նա գլխավորում էր Անվտանգության ազգային բյուրոնՙ համակարգելով Սիրիայի բոլոր հատուկ ծառայությունների աշխատանքը:

Թեեւ Մամլյուկին ընդհանուր առմամբ չի թույլատրվում մեկնել Արեւմուտք, նախկին պաշտոնը նրան հնարավորություն էր տալիս բազմաթիվ պաշտոնական անձանց հետ հանդիպումներ ունենալ ինչպես Սիրիայում, այնպես էլ արտերկրում: Նա պաշտոնական այցելություններով եղել է Մոսկվայում, Կահիրեում եւ Ամմանում: Որոշ զգուշավորությամբ նրան ընդունել են Անկարայում, Ջիդդայում եւ նույնիսկ Հռոմում: Հռոմում նրան կարող էին ձերբակալել մի պաշտոնակցի հետ կայացած հանդիպումից հետո: Բացի դրանից, նա հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ իշխան Մուհամմեդ Բեն Սալմանի հետ եւ ջերմ հյուրընկալության արժանացել: Հանրահայտ է, որ իշխանը վայելում է նախագահ Դոնալդ Թրամփի վստահությունը: Վերջինս կարող է առանց Եվրոպայի կարծիքը հաշվի առնելու համաձայնագիր կնքել եւ 2020 թ. նախագահական ընտրություններում դա ներկայացնել որպես անձնական հաջողություն:

Ռուսները շատ լավ են ճանաչում գեներալ-մայոր Մամլյուկին, որի հետ սերտ հարաբերություններ են ունեցել դեռ նախքան ԽՍՀՄ-ի փլուզումը, ընդգծում է Ռոդյեն: Սիրիական հետախուզության բոլոր ղեկավար աշխատողները փոխարինվել են նորերով, եւ դա չի կարող լինել պատահական զուգադիպություն: Ոմանք դրանում տեսնում են Մոսկվայի ձեռքը, որը Սիրիայում ձգտում է առաջ անցնել Թեհրանից: