ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Մեղրաքամի շրջանն է սկսվում, երկիրը ոգեւորության մեջ է: Մեղվապահներից ոմանք ավանդույթի համաձայն խոսում են իրենց ստացած մեղրի անզուգական որակից ու հատկություններից, չմոռանալով ակնարկել, որ մեղր գնելիս հարկավոր է ոչ միայն զգույշ, այլեւ անգամ բծախնդիր գտնվել, քանզի գիտեք, մեզանում կան անբարեխիղճ մարդիկ, ովքեր այդ օգտակար սննդատեսակի անվան տակ չգիտես ինչ են առաջարկում:Մեղվապահների մի այլ հատված էլ սովորույթի ուժով նկատում է, որ տարին նպաստավոր չէր մեղվապահության առումով, բերքը սպասված նվազագույնից էլ պակաս ստացվեց, անգամ իրենց ծախսերը չեն փակում, այնպես որ ըմբռնումով մոտեցեք, կիլոգրամի դիմաց նախորդ տարվա վճարածից մի 500 դրամ ավելի նախատեսեք: Հենց այսկերպ վերջին 4-5 տարիներին 2500 դրամով վաճառվող հայաստանյան արտադրության մասամբ ընդունելի մեղրի գինը կազմեց 3500-5000 դրամ: Այստեղ տարօրինակն այն է, որ չի լինի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը նվիրված մի միջոցառում, որոնք կարելի է հաջողությունների շքերթ որակել, ուր երկրի բարձրագույն պաշտոնյաներին չհրամցվի մեղվապահների բնորոշմամբ հայկական, համայն աշխարհում մեծ պահանջարկ վայելող մեղրը: Չինաստան ու Ճապոնիա, Եվրոպա ու Ամերիկյան մայրցամաքներ, Աֆրիկա ու Ավստրալիա. ամենուր Հայաստանից բերված այս քաղցր, կարեւորըՙ անարատ սննդատեսակին են սպասում, որի արտահանման վերաբերյալ պետական-պաշտոնական տեղեկատվություն երբեւէ չի տրվում, կարծես խոսքը հույժ գաղտնի բնագավառի է վերաբերվում:Կրկին տարօրինակորեն ասելով նշենք, որ ավանակների, անգամ ճագարների թվի վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարական փաստաթղթերում հիշատակումներ կան, առաջինը 10,5 հազար գլուխ, երկրորդը 80 հազար գլուխ, իսկ ահա մեղվաընտանիքների քանակի վերաբերյալ ոչ մի տվյալ: Ըստ մեղվապահների մի միության տվյալների, դրանց թիվը 400-450 հազար է, մի այլ կառույց հաշվառել էր 200-250 հազար մեղվաընտանիք: Փաստն այն է, որ մեղր պարբերաբար գնողները, հասկանալի է մտերիմ, վստահություն ներշնչող մեղվապահներից, յուրաքանչյուր տարի նրանցից ունկնդրում են մեղվաընտանիքների նվազման, անգամ վերացման մասին տրտունջներ, դրանք անգամ ժողովրդական խոսքով ասվածՙ հալած յուղի տեղ են ընդունում: Իսկ ահա ներկայացվող նկարում պատկերված է եվրոպական սուպերմարկետներում վաճառվող, գնորդների կողմից որակի առումով որեւէ կասկած չհարուցող մեղր, որի կիլոգրամի գինը 5 եվրո է կազմում, ՀՀ արժույթովՙ առավելագույնը 2700 դրամ: Նկատենք նաեւ, որ այդ գումարի մոտ կեսը մուծվող հարկերն են եւ մարդկանց բարձր աշխատավարձերը: Սա տեղեկատվություն ՀՀ-ից մեղր արտահանել պատրաստվողների համար:Անշուշտ մեղվապահի գործը, ինչպես բժշկի ու մանկավարժի թե վարորդի ու խոհարարի, շատ այլ մասնագիտությունների տեր մարդկանց արածը, բոլորին չէ հասու: Մարդիկ ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում, մեղվապահությամբ դարերով են զբաղվել, այն պարբերաբար կատարելագործել են: Արդյունքում, ասենք եվրոպական տարածաշրջանում մեղրի որակի ու քանակի, ասել է թե նաեւ գնի առումներով մեզանում հատուկ զրույցներ չեն տարվում: Պատճառներից թերեւս ամենագլխավորը բնության առավել երկարատեւ ծաղկման շրջանն է, անգամ շուրջտարյա ծաղկումը, որը Հայաստանում հազիվ մի քանի ամիս է տեւում, փեթակները տեղից-տեղ տեղափոխելու հանգեցնում, բնականաբար լրացուցիչ ծախսեր առաջացնում: Պակաս կարեւոր չէ կադրերի ուսուցումը, երիտասարդ մասնագետների պատրաստումը, որը հայաստանյան միջավայորում տեղի է ունենում պապ-տղա ու թոռ- ծոռ կապի տեսքով: Արդյունքում ինչ-որ բան այնպես չի արվում ու ասվում, կարեւորն ու անկարեւորը խառնվում են ու անտեսվում, որոնց արդյունքում էլ ունենք այն անորոշությունը, որը առկա է մեզանում. մեղրի որակի ու գնի հարցերում մշտական տարակուսանքից մինչեւ հիմնավոր կասկածներ: Խնդիրն իհարկե լրագրողական կամ սիրողական մակարդակից շատ ավելի նեղ մասնագիտական վերլուծություն է պահանջում, որը պարտադրված ենք արձանագրել, որ մեզանում պարզապես չի իրականացվում: Իսկ չէ՞ որ մեղրի քիմիական կազմը եւ որակը կախված են նեկտար պարունակող բույսի տեսակից, կլիմայական պայմաններից, մշակման եղանակից եւ մի շարք այլ գործոններից:Մեղրագետ ու Մեղրաձոր, Մեղրաշեն ու Մեղրաշատ, Մեղրուտ ու Մեղրի, մեղրահաց ու մեղրամոմ, մեղրակաթ ու անգամ մեղվաթույն… Սրանք Հայկական լեռնաշխարհում ու հայկական միջավայրում հայտնի տեղանուններ ու արտադրանքի անվանումներ են, որոնք աստիճանաբար մոռացվում են, վերանում: Այնինչ հայաստանաբնակներս այս ամենից ըստ անհրաժեշտության օգտվելու եւ դրանք կիրառելու պահանջն ունենք, որը տարօրինակորեն թե ցավալիորեն անտեսվում է:Իսկ ահա գիտնականների կանխատեսումները սարսափազդու են. բուսական աշխարհի փոշոտումն իրականացնող ու դրա արդյունքում նաեւ մեղր պատրաստող այդ ժրաջան միջատների վերացման պարագայում մարդկությանն առավել ահազդու ժամանակներ են սպասվում: Արդյոք ի զորո՞ւ ենք կանխել այն, ցույց կտա առաջիկան:30.07.2019 |