ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Ուկրաինայում առցանց լրատվական միջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական վերլուծաբան Օլեգ Սահակյանը նշանակալի հայտարարությամբ է հանդես եկել: Նա ասել է, որ իր համոզմամբ Հայաստանը տեսանելի քայլեր է կատարում միջազգային քաղաքականության բնագավառում, հիմնվելով այն պայմանավորվածությունների վրա, որ Հայաստանը կնքել է Կիպրոսի եւ Հունաստանի հետ: Ըստ նրա Հայաստանը իր հետ-խորհրդային ժամանակաշրջանի նախկին թույլ կարգավիճակից այժմ նոր դերակատարություն է ստանձնում միջազգային քաղաքական դաշտում:Այս տեսակետը ամրապնդվում է նաեւ թավշյա հեղափոխականների այն համոզվածությամբ, որ ժողովրդավարական նորմերին ապավինելը ի վերջո վարձատրվելու է միջազգային հարաբերությունների ոլորտներում, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չինաստան եւ Սինգապուր կատարած այցելություններից հետո:Ներկայիս Հայաստանն իր հայացքը սեւեռել է Արեւմուտքին: Շարունակելով պնդել, որ հայ-ռուսական հարաբերությունները ամուր հիմքերի վրա են խարսխված, Երեւանը, այնուամենայնիվ, որոշ դժգոհություն է առաջացրել Կրեմլում: Հայաստանի նոր վարչակազմը հավատացած է, որ ձեռնարկված ժողովրդվարական միջոցառումները եւ ենթագիտակցաբար ընկալվող հակառուսական տրամադրությունները Արեւմուտքում կարժանանան որոշակի վարձատրությունների:Հակա-ռուսական տրամադրությունների առաջացման ջրաղացին ջուր են լցնում որոշակի լրատվամիջոցներ, որոնք ամեն ինչում պատրաստ են քննադատել երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Այդ նկատառումներով Փաշինյանի կառավարությունը նախաձեռնել է «Հմայիչ քայլերի» ներկայացման գրոհ Արեւմուտքում, մասնավորապես Միացյալ Նահանգներում, ստուգելու համար քաղաքական տրամադրություններն այնտեղ եւ գնահատելու հայկական լոբբիի դիվանագիտական հեղինակությունը:Հայաստանի նոր ղեկավարության երկու դեմքեր, հանձինս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, հուլիս ամսին գտնվում էին Միացյալ Նահանգներում: Նրանց գլխավորած պատվիրակությունները կարեւոր հանդիպումներ ունեցան Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների բարձրաստիճան ղեկավարներիՙ Նենսի Փելոսիի եւ Միչ ՄկՔոնելի հետ, որոնք անցյալում պաշտպանել էին հայկական հարցերը: Բացի այդ, Միրզոյանը ներկա գտնվեց Ազգային դեմոկրատական ղեկավարության կոնֆերանսին, իսկ Ավինյանը տեսակցեց բանկային եւ բիզնես ոլորտների ղեկավարների հետ: Ամերիկա այցելող պետական գործիչները նաեւ հանդես եկան հրապարակային հայտարարություններով: Միրզոյանն, օրինակ, խոսելով Atlantic Council-ում, պահանջեց Միացյալ Նահանգներից, որ ճնշում չբանեցնի Հայաստանի նկատմամբ, կապված Իրանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների հետ, քանի որ Հայաստանը չի կարող դրա տակից դուրս գալ: Վստահ չենք, թե ինչ ազդեցություն կունենան այդ հայտարարությունները, սակայն ըստ ամերիկացի որոշ դիվանագետների հավաստիացումների, Վաշինգտոնը «ըմբռնումով է մոտենում» Հայաստանի դժվարին կացությանըՙ հաշվի առնելով իրեն պարտադրված շրջափակումները: Սակայն ոչ ոք չի կարող վստահ լինել, թե ինչ կպատահի, եթե Միացյալ Նահանգները որոշի էլ ավելի սեղմել օղակը Իրանի շուրջ: Այդ դեպքում Հայաստանին պատճառված անախորժությունները Ամերիկայի ամենահետին մտահոգությունները կլինեն:Ավինյանն, իր հերթին, անդրադարձավ կլիմայի փոփոխոխությունների եւ Հայաստանի վրա դրանց թողած ազդեցության հարցերին, նշեց, որ կլիմայի փոփոխությունները լուրջ սպառնալիք են Սեւանա լճի համար: Փոխվարչապետն այս մասին խոսեց Նյու Յորքում գումարված մի կոնֆերանսի ժամանակ, որը միտված էր ներդրումներ կատարելունՙ կլիմայական տնտեսությանը եւ էներգետիկ արդունավետությանը:Հայկական խմբակցությունների հետ պատվիրակությունների հանդիպումները հպանցիկ էին: Նախկին վարչակազմը երբեք էլ փորձ չէր արել ուսումնասիրելու սփյուռքըՙ որպեզի օգտվեր նրա հնարավորություններից: Ներկա վարչակազմն էլ դեռ խարխափում է անորոշության մեջ, թե ո՞վ ով է սփյուռքի հայկական համայնքներում: Իհարկե, ինչքան շուտ նոր կառավարության անդամները ծանոթանան այդ համայնքների դինամիկային, այնքան օգտավետ կլինի երկկողմանի համագործակցությունը:Դեռ շատ վաղ է որոշել, թե ինչ ազդեցություն է ունենալու հայաստանյան պատվիրակությունների այցելությունը Ամերիկայի քաղաքական շրջանակների վրա: Մի բան հստակ է. Ամերիկան Հայաստանին գնահատելու է տարածաշրջանի քաղաքական քարտեզում իր ունեցած դերակատարության արժեչափով:Երկու պատվիրակությունների ամերիկյան այցելություններին զուգահեռ, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ներկա գտնվեց Վաշինգտոնում անցկացվող կրոնական ազատություններին նվիրված մի կոնֆերանսի: Իսկ հուլիսի 16-ին նա հանդիպեց եվրոպական եւ եվրասիական հարցերի գծով Մայք Պոմպեոյի տեղակալՙ Ֆիլիպ Ռիկերի հետ:Մնացականյանի այս այցելությունը Միացյալ Նահանգներ թվով երրորդն էր այս տարի, սակայն նրան դեռեւս չի հաջողվել հանդիպել ամերիկացի իր գործընկերոջՙ Պոմպեոյի հետ: Օրենսդիրներն ու վերլուծաբանները գտնում են, որ քաղաքական պատճառ պետք է որ լինի նման անտարբերության համար: Եվ նրանք սկսել են ենթադրություններ անել: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Արման Բաբաջանյանն , օրինակ, գտնում, է որ այս վիրավորական վերաբերմունքի պատճառը Հայաստանի քաղաքական անհավասարակշիռ հարաբերությունն է իր ռազմավարական դաշնակցի հետ, որը դուր չի գալիս Վաշինգտոնին:Մեկ այլ քաղաքական մեկնաբանՙ դոկտ. Հայկ Մարտիրոսյանը երեք տարբեր պատճառներ է մատնանշում. ա) Փաշինյանի հայտարարությունը, որ Մ. Նահանգները այնքան էլ մեծ ոգեւորությամբ չի ողջունել թավշյա հեղափոխությունը, բ) Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը, որ այնքան էլ չի հետաքրքրում Վաշինգտոնին, եւ գ) Հայաստանը այնքան էլ մեծ արժեք չի ներկայացնում Ամերիկայի տարածաշրջանային քաղաքականության մեջ:Գուցե այս վերջին պատճառը ամենահավանականն է: Սակայն նշենք, որ կրակին յուղ ավելացնելով, Միացյալ Նահանգները մեծացրել է ռազմական օժանդակությունը Ադրբեջանին, մի ավելորդ անգամ շրջանցելով Ազատությանն աջակցելու որոշման 907 հոդվածը, որն արգելում է նման ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Հակառակ ամերիկյան եւ այլ լրատվամիջոցներով շրջանառության մեջ դրված քննադատական հոդվածներինՙ ուղղված Իլհամ Ալիեւի բռնապետական իշխանության դեմ, եւ հակառակ կոնգրեսական կոչերինՙ նվազեցնելու ռազմատենչ տրամադրությունները, ռեալպոլիտիկը սավառնում է Հայաստանի վրայով:2018-19 թվերին Ադրբեջանին տրված օգնության ընդհանուր գումարը հասել-անցել է 100 միլիոն դոլարի շեմը: Դրան զուգահեռ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը հաղորդել է կոնգրեսին, որ հավելյալ 47.5 միլիոն դոլար է հատկացնում Ադրբեջանին, այդ երկրի հարավային սահմանի անվտանգությունը ապահովելու նպատակով: Սա, իհարկե, Իրանի դեմ սանձազերծվելիք հնարավոր պատերազմի դեպքում, երբ Ադրբեջանին կվերապահվի որոշակի դերակատարություն ունենալ:Դժբախտաբար, նման հատուկ վերաբերմունքի չի արժանանում Հայաստանը:Վա՞ղ է արդյոք եզրակացնել, թե նման գործողություններն ու անգործունեությունները (կամ անտարբերությունը) հակահարված են Հայաստանի նախաձեռնած «Հմայիչ քայլերի» գրոհին:Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator) |