ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չի՞
Ավտոմեքենաների առեւտուրը վերջին ամիսներին Հայաստանում բավականին աշխուժացել է: 4 տարի ավտոներկրողները կարողացել են մեքենաների մաքսազերծման գներին ծանոթանալ առցանց տարբերակով, որը տրամադրել է Պետեկամուտների կոմիտեն, ըստ այդ ցանկի էլ` գումար նախատեսել, մեքենա պատվիրել: Սակայն հունիսի 1-ից, չգիտես ինչու, մաքսազերծման գների ցանկը կայքից հանվել է, իսկ այդ ընթացքում ավտոներկրողները ստիպված են եղել մեքենաները մաքսազերծել տարբեր գներով՝ բարձր ու կամայական: Իսկ ովքեր են սահմանում այդ գները, պարզվում է՝ մաքսակետերի ղեկավարները:
Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մեկ բացատրություն ունի՝ պետությունը տեսնում է, որ մեքենաների առեւտուրն աշխուժանում է, մաքսազերծման գների ցանկը հանել է կայքից, որպեսզի ներկրողներն ավելի թանկ գներով մաքսազերծեն, իսկ գները որոշելու համար լիազորված են մաքսակետերի պետերը: Նրանք էլ թանկացրել են 25-30 տոկոսով:
«Եթե նախկինում 10 հազար դոլարից գանձում էին 4200-4500 դոլար, հիմա մաքսային գինը դարձրել են 15 հազար դոլար եւ գանձում են 15 հազարի 45 տոկոսը: Ավելացրել են մեքենայի արժեքը: Ինչպես հայտնի է, մենք ԱՄՆ-ից գնում ենք վթարված մեքենաներ, Վրաստանում դրանք վերանորոգում ենք, հետո ներկրում Հայաստան: Այս ընթացքում մենք առանց այն էլ մաքսազերծումն արել ենք թանկացված գներով, եթե ՊԵԿ-ը սեպտեմբերից նոր գներ սահմանի՝ եղածից ավելի թանկ, մենք չենք լռելու: 4 ամիս է մնացել: 4 ամիս հետո ԵԱՏՄ տարածքում ապրանքաշրջանառությունը բոլորի համար նույն գնային սահմանում է լինելու, Հայաստանն այլեւս արտոնություններ չի ունենալու: Գոնե թող այդ 4 ամիսը համբերեն, չթանկացնեն»,-իրավիճակը ներկայացնում է Ավտոներկրողների միության նախագահը:
Ավտոմեքենաների առեւտուրը 2018-19 թթ էլ էր աշխույժ, բայց, ինչպես հայտնի է, Ղազախստանում ու Ռուսաստանում հայկական ավտոմեքենաների նկատմամբ բոյկոտ սկսվեց ու այդ ժամանակվա ապրանքը դեռ ավտոներկրողների վրա է, շատերն այդ ավտոմեքենաները չեն մաքսազերծել ու չեն իրացրել: Թագավարակի, պատերազմի պատճառով ճգնաժամային իրավիճակում հայտնվեցին նաեւ ավտոներկրողները, բայց վերջին ամիսներին նրանք կարողացան ոտքի կանգնել, առեւտուր անել՝ պետբյուջե գումար բերելով, ինչպես նաեւ ավտոմեքենա գնելու նպատակով Հայաստան բերել հազարավոր ռուսների, որոնք գալիս են Վանաձոր, Գյումրի, ապրում հյուրանոցներում, մի խոսքով, գումար թողնում Հայաստանում:
«Գնացեք, տեսք՝ ինչ է կատարվում Վանաձորի, Գյումրու մաքսակետերում: Վանաձորի բանկում ընդամենը մի կին է աշխատում, իսկ աշխատողների ընդհանուր թիվը 4-ն է: ՊԵԿ-ը հավաքագրել է իրենց բրոկերներին, որոնց միջոցով մոնոպոլիա է ստեղծել: Մեքենադ դու չես կարող մաքսազերծել: Գյումրիում հսկա շենք է, ոչ մի պատուհան չի աշխատում: Ինչպե՞ս է լինում, որ Վրաստանում՝ հենց տեղում, ամեն ինչ արվում է «մեկ պատուհանից», իսկ Հայաստանում բարդացվում է, անասելի քաշքշոց սկսվում: Ես խոսել եմ Վանաձորի եւ Գյումրու մաքսատների ղեկավարների հետ: Ասում են՝ գնա, վերեւներին բողոքիր, մենք ի՞նչ անենք: Ավտոներկրողներից մեկը մաքսակետերի հերթերը նկարել է, մաքսատան պետն ասել է՝ նիկոլական ե՞ս գնում:
Ես ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իմանա, որ մաքսատան իր պետերը ձեռք են առնում իրեն: Մաքսատների հերթերը նկարում-բերում ենք, որ վերեւներին ցույց տանք, թե ինչ է կատարվում, մեզ ասում են՝ նիկոլական ե՞ս գնում: Վերեւը՝ նիկոլական, ներքեւը՝ գողական, հա՞, այդպե՞ս է»,- բողոքեց Տիգրան Հովհաննսիյանը:
Ավտոներկրողները մարտական են տրամադրված, պահանջում են սեպտեմբերից առցանց տեղադրել մեքենաների մաքսազերծման ցանկը, բայց ոչ թանկացված գներով: Պահանջում են չհարվածել թիկունքից, չփորձել իրենց բիզնեսից ավելին գանձել, քան եղել է մինչեւ հիմա, այլապես չեն լռելու, պետական մարմինների կամայականությունները չեն հանդուրժելու:
Ավտոներկրողներից Ալիկ Բարսեղյանը պատմում է, որ կայքում տեղադրված գներով մի քանի օր առաջ մեքենա է մաքսազերծել՝ իմանալով, որ գինը 17.100 դոլար է: Մաքսատան աշխատողը թղթի վրա գրել է՝ 17.100 դոլար, գնացել է պետի մոտ, վերադարձել ու թիվը դարձրել 24.000 դոլար:
«Վանաձորից գնացի Գյումրի, որպեսզի ճշտեմ՝ 17.100 դոլարը մեկ վայրկյանում ինչպե՞ս դարձավ 24.000 դոլար: Պատասխանեցին՝ դա է գինը, բայց ոչ մի հիմնավորում չբերեցին: 7000 դոլարի մաքսազերծումն էլ դարձրին 9000 դոլար: Դա էլ չիմացանք՝ ինչպես: Փաստորեն, ՊԵԿ-ը մեքենաների գները կայքից հանել է, մաքսատան պետերն էլ թախտին նստած՝ իրենց համար գին են որոշում: Օրենք չի փոխվել, ոչ մեկիս չեն տեղեկացրել, որ օրենք է փոխվել, այդ դեպքում գնաճն ինչի՞ հետ է կապված, ինչպե՞ս են նոր գները որոշվել»,- ՊԵԿ-ի ղեկավարին հարց է ուղղում ավտոներկրողը:
Փաստորեն, ՊԵԿ-ի կայքում տեղադրված գներով մարդիկ մեքենա են պատվիրում՝ կարծելով, թե սահմանված գնով էլ մաքսազերծելու են, հետո մաքսակետում կանգնում են փաստի առաջ, որովհետւ նրանցից պահանջում են այլ գին, ու ոչ թե հարյուր-երկու հարյուր, այլ մի քանի հազար դոլար ավելի:
Վթարված մեքենաները վերանորոգելու համար ավտոներկրողները վրացիներին տասնյակ հազարավոր դոլար կանխավճար են թողել ու կանգնել փաստի առաջ՝ հին գներն էլ չկան, թանկացված գներով էլ մեքենա ներկրել չեն կարող:
Տարիներ շարունակ այս գործով զբաղվող փորձառու ներկրողները պատմեցին, որ մեքենաների ներկրման բիզնես սկսած շատ-շատերը տապալվել են, գումարները փոշիացել են, տունուտեղ են ծախել, ամեն ինչ կորցրել, ոմանք անգամ ինքնասպանություն են գործել:
Այսօր «մեկ պատուհանով» ոչինչ էլ չի արվում, որքան էլ ոլորտի պատասխանատուները հայտարարում էին, թե այդ համակարգը գործելու է. հավաստիացնում են ավտոներկրողները: Վանաձորից Գյումրի, Գյումրիից Վանաձոր, մի տեղից մյուսը հերթ կանգնելով, քաշքշոցի մեջ ընկնելով՝ վերջում թանկացված գներով են գործարքն անում: Իսկ հայտնի է, որ հիմա միայն ռուսներն են գալիս Հայաստան՝ մեքենա գնելու: Եթե գները նույնն են, ինչ Ռուսաստանում, նրանք, բնականաբար, էլ չեն գա այստեղ:
«Գյումրու հյուրանոցներում տեղ չկա, օրավարձը 40 000 դրամ է: Վերից վար՝ ռուսներ են բնակվում, որոնք եկել են մեքենա գնելու: Մեր՝ ավտոներկրողներիս հաշվին է Գյումրիում հյուրանոցային բիզնեսը զարգանում: Ինչո՞ւ է պետությունը խանգարում, ինչո՞ւ չի թողնում, որ ռուսները Հայաստան փող բերեն, հյուրանոցային, ռեստորանային բիզնեսը շարունակի աշխուժանալ: Եթե Հայաստանում մեքենա գնելը ռուսներին ձեռք չտա, նրանք էլ չեն գա այստեղ, նույն մեքենան կգնեն իրենց երկրում, էլ ինչո՞ւ են ծախս անում, գալիս Հայաստան: Ես չեմ հասկանում՝ վերևներում չե՞ն հասկանում, որ մենք միայն օգուտ ենք տալիս մեր երկրին՝ թե՛ պետբյուջե գումար ենք բերում, թե՛ Հայաստան՝ տուրիստ»,-զարմանում է ավտոներկրող Արմեն Մարգարյանը:
Մեկ այլ խնդիր էլ Մեղրիում կա: Ավտոմեքենանրին Մեղրիում տրանզիտային համարանիշ չեն տրամադրում: Ոստիկաններն էլ հենց առանց համարանիշի մեքենա են տեսնում, բռնում-տանում են տուգանային հրապարակ, 200 հազար դրամ էլ տուգանում:
«Զանգել եմ ոստիկանապետի տեղակալին, խնդիրը բացատրում եմ, նա ասում է՝ ՊԵԿ-ը պետք է տրանզիտային համարանիշ տա: Չի տվել, մենք էլ առանց համարանիշի մեքենան բռնում, տուգանում ենք:
Ես չեմ հասկանում՝ Մեղրին արդեն հանձնե՞լ են, հա՞: Մեղրիով անցնող մեքենային ինչո՞ւ համարանիշ չի տրամադրվում:
Մի ուրիշ երկրում մեզ նման ձեռներեցներին կաջակցեին, ամեն ինչ կանեին, որ նրանց բիզնեսը ծաղկի, որովհետեւ սա երկրին փող բերող բիզնես է: Իսկ մեր երկրում արդեն 2,5 տարի մենք այս իշխանությունների քաշվածն ենք»,- եզրափակեց Ավտոներկրողների միության նախագահը:
4 տարի առաջ էր. հանրության շրջանում դիվիդենտ շահելու համար ամբիոնից հայտարարվեց. «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չի»:
ՆԱԻՐ ՅԱՆ