ՄԱՍ I
Հայկական խնդիրը ժամանակ առ ժամանակ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների համատեքստում դարձել է քաղաքակիրթ աշխարհի քննարկման առարկան: 19-րդ դարավերջին Սասունի ջարդերը ցնցեցին համայն մարդկությանը, հայկական խնդրի քննարկման նոր ալիք բարձրացրեցին քաղաքակիրթ աշխարհում, եւ այդ ցնցումը, ինչպես վկայում են 19-րդ դարավերջի գրավոր աղբյուրներն ու տպագիր մամուլը, հատկապես սաստկորեն զգացվեց Անգլիայում:
Բեռլինի դաշնագրի եւ 1878 թ.-ի Կիպրոսի պայմանագրի կատարման հսկողությունը մասնավորապես դրված էր Անգլիայի կառավարության վրա: Այդ թվականից ի վեր Անգլիական դիվանագիտությունը եւ, մասնավորապես, մամուլը զբաղվել են հայոց վերաբերյալ հարցերով, թեեւ , ինչպես փորձը ցույց է տվել, անգլիական հսկողությունը Հայաստանի բարենորոգման հարցում չուներ այն զորավոր երաշխավորությունը, ինչը ժամանակին ապահովվել էր Ռուսաստանի կողմից կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրով: Հետեւաբար, 1878-ից ի վեր տաճկահայոց վիճակը ոչ միայն չէր բարելավվել, այլ առավել էր վատթարացել:
Թուրքիայում հայերին պատուհասած ցավալի իրադարձությունների մասին լուրերը հաճախ էին հասնում Անգլիա, եւ հայկական խնդիրը գրեթե միշտ վառ էր մնում: Մուսա-բեյի չարագործությունները, Կարինի արյունահեղությունը, Գումգափույի ցույցը եւ Անկարայում դատապարտյալների գլխատումը մամուլի միջոցով հուզել էին հանրային կարծիքը եւ խորհրդարանական թեժ վիճաբանությունների առիթ տվել: Բայց ամենի հետեւանքը եղել էր ոչ այլ ինչ, եթե ոչ, ինչպես ժամանակի հայկական մամուլն էր բնորոշում, ընդամենը «պլատոնական ցավակցությունը»: Մինչեւ իսկ հայկական խնդրի լուծման ուղղությամբ մեծ ջանքեր գործադրած հայտնի քաղաքական գործիչ Գլադտսոնը, որի ընտրությունը կենդանի հույս էր ներշնչում, առանց վերքին դարման անելու հրաժարվեց նախարարապետությունից, եւ ազատական կառավարությունը գլխավորեց Լորա Ռոզպըրին, որ հայոց դատի համար նպաստավոր եւ ոչ մի բառ չէր արտասանել:
Ահա այս չհուսադրող իրավիճակում, երբ Անգլիայի ազատական կառավարության վրա դրված հույսերն էլ նվազել էին, հայտնի դարձավ Սասունի սրածությունը: Ահավոր դեպքերը կատարվել էին 1894-ի օգոստոսին, բայց երեք ամիս հետո միայն արձագանք գտան անգլիական թերթերի էջերում: Նոյեմբերի 12-ին «Թայմսը» հրապարակեց պրն. Կ. Հակոբյանի կողմից Արտաքին գործոց նախարարին հաղորդված մի տեղեկագիր, եւ մի քանի օր անց «Ստանդարտում» երեւաց Վառնայի թղթակցից մի հեռագիր: Նույնաբովանդակ լուրերը հետզհետե սկսեցին հասնել տարբեր կողմերից եւ հաստատել, որ Հայաստանի քրիստոնյաները սոսկալի ջարդի են ենթարկվել:
Այսպիսով, հայոց վիճակն օրախնդիր դարձավ, եւ այս անգամ հաղորդվող տեղեկատվության տպավորությունը վաղանցիկ չէր: Այս հրապարակումներում հալածանքների ու հարստահարությունների սովորական պատմություններ չէին, այլ այնպիսիք, որոնց ահավոր բնույթն իսկ շատերի մոտ թերահավատություն էր ծնում՝ արդյոք հնարավո՞ր են նման չարագործություններ:
Հայկական խնդրի «վերաբացումն» անգլիական մամուլում եւ հասարակությունում կուսակցական նոր նկրտումների առիթ տվեց: Պահպանողականները՝ պետական (եպիսկոպոսական) եկեղեցու բարձր պաշտոնյաները, ազնվականները, խոշոր դրամատերերը եւ ագարակատեր լորդերն իրենց հին ցավերն էին հիշում, երբ պրն. Գլադստոնի հակաթուրքական հայացքներին ու ջանքերին ուժ եւ իրավունք տվող հրատապ խնդիրներ էին նորից արծարծվում:
Տեղեկանք.- Ուիլյամ Յուարտ Գլադստոնը (1898-1898) անգլիացի պետական գործիչ էր, 1845-47-ին՝ առեւտրի եւ գաղութների նախարար, 1868-ից՝ Լիբերալ կուսակցության պարագլուխ եւ կառավարության ղեկավար, չորս անգամ (1868-74, 1880-85, 1886, 1892-94)՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ: Նրա կառավարությունը 1880-ին ավարտել էր անգլո-աֆղանական պատերազմը եւ անգլիական պրոտեկտորատ հաստատել Աֆղանստանում: 1894-ին հրաժարական է տվել՝ Իռլանդիայի ինքնավարության վերաբերյալ՝ իր կողմից պառլամենտին ներկայացված օրինագծի ձախողումից հետո: Հանրահայտ է Գլադստոնի հետեւյալ թեւավոր արտահայտությունը՝ «Ծառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»: Նրա նախաձեռնություններից էին «Հայկական բարենորոգումների վերաբերյալ 1880-ի հավաքական հուշագիրը», Անգլո-հայկական ընկերության ստեղծումը եւ այլն:
Լորդ Բալմըրսդընի օրինակին հետեւելով՝ Գորիները (պահպանողականները) միշտ թուրքամետ քաղաքականություն էին վարել եւ հետամուտ էին թուրքական քաղաքականության պաշտպանությանը: Այս քաղաքականության ջատագով լորդ Փիքընսֆիլան (Դը Իզրայելի) Բուլղարիայում թուրքերի իրականացրած կոտորածները ուրանալով՝ այդ մասին լրագրերում հայտնված լուրերը որակել էր՝ իբրեւ «սրճարանի հանաքներ»՝ դեմ գնալով հասարակական կարծիքին, որ ձեւավորվել էր նաեւ՝ շնորհիվ Գլադսոնի հզոր ջանքերի: Գլադստոնի կուսակցության քաղաքական, կրոնական եւ տնտեսական գաղափարներին գորիներն ընդդիմանում էին ամեն անգամ, երբ հիշատակվում էր Հայաստանի անունը եւ դատապարտվում էր Թուրքիայի հոռի կառավարությունը: Ուստի զարմանալի չէ, որ «Թայմսի», «Ստանդարտի» եւ «Դեյլի թելեգրաֆի» պես թերթերը խուլ կերպով էին արձագանքում Սասունի դեպքերին վերաբերող լուրերին, իսկ անգլիական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչները հազիվ էին ցավակցություն հայտնում հազարավոր քրիստոնյա զոհերի առիթով: Մինչդեռ «Դեյլի նյուզի», «Դեյլի քրոնիքլի» եւ «Ուեդմինիստր գազեթի» պես ազատական թերթերն իրենց էջերն ազատորեն բացած՝ հաստատում էին կոտորածի լուրերի վավերականությունը, իսկ բաժանված, այլաղանդ բողոքական հովիվները եկեղեցիների բեմերից մարդասիրական պարտավորություններին հետեւելու կոչ էին անում:
Կուսակցական բախումները, սակայն, երկար չտեւեցին, որովհետեւ սոսկալի իրականությունը հետզհետե պարզվում էր, եւ վստահության արժանի վկայությունները՝ բազմապատկվում: Վարանողների մտքի վրա խորը տպավորություն գործեց «Թայմսի» հետեւյալ հրապարակումը. «Երբ առաջին անգամ ուշադրություն հրավիրեցինք այս խնդրի վրա, կասկածելու որոշակի առիթ ունեինք, քանի որ, մի կողմից, լուրերը հիմնված էին Բաղեշից ուղարկված անստորագիր տեղեկատվության վրա, որ տրամադրվել էր քաղաքական բացահայտ ուղղվածություն ունեցող Հայ Հայրենասիրական Ընկերակցության կողմից: Այդ տեղեկություններում թերի էին նշված տեղերը, անձինք, բացակայում էին էական մանրամասները, դրանք բավական խճողված էին: Մյուս կողմից մենք ունեինք Պոլսի պաշտոնական հայտարարությունը, որով ամեն հանցանք վերագրվում էր հայերին, եւ որը մեր հավատի վրա ճնշող մտքեր էր պարունակում…
Այժմ հարկադրված ենք ընդունելու, որ ոչ մի չափազանցություն չի եղել մեզ հասած լուրերում: Իրենց հավաստիությամբ անվիճելի եւ կողմնակալության վերաբերյալ անբաստանությունից զերծ անձանց կողմից ստուգված ճշմարտությունը բավական է ապացուցելու, որ Սասուն գավառի թուրք պաշտոնյաներն անգութ ոճիրներով մեղապարտ են, եւ մեծ պատասխանատվություն է ծանրացած Բարձր Դռան վրա, որ հանցավորներին պատժելու փոխարեն վարձատրել է վերջիններիս»:
Այս արժեքավոր հրապարակումից մեկ օր անց «Ռոյթեր» գործակալությունն Աթենքից հայտնեց Սասունից փախստականների հայտնվելու մասին, ինչին հաջորդեց արտաքին գործոց նախարարի հրապարակային հայտարարությունը, թե «Հայաստանի խժդժությունների մասին տեղեկությունները չափազանցված չեն» (լորդ Քիմփըրլիի ճառը դեկտեմբերի 7-ին): Մի քանի օր անց առեւտրի նախարար Ջեյմս Փրայսը հետեւյալն ասաց Հայաստանի վերաբերյալ. «Բուլղարիայի կոտորածներից հետո Արեւելքից չէր հասել այսչափ ահռելի մի լուր: Եթե լսածները հաստատվեն, այդ բաները թույլատրող կառավարությունը պիտի դատվի Եվրոպայի առջեւ… Անգլիան մասնակի պարտավորություն ունի սրա վերաբերյալ, որովհետեւ ինքն էր, որ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածն ընդունել տվեց՝ Սան-Ստեֆանոյի դաշնագրի 16-րդ հոդվածի փոխարեն, որով թուրքը Ռուսաստանի պահանջով պարտավոր էր բարենորոգել Հայաստանը: Վստահ եմ, որ մյուս պետությունները, մանավանդ Ռուսիան, սիրահոժար պիտի միանան այս իրավիճակի քննությանը եւ քրիստոնյաների կյանքն ապահովելուն: Ուրախ եմ, որ Ռուսիան, Ֆրանսիան եւ Իտալիան կհամաձայնվեն մի կատարյալ քննություն կատարելու»:
Պաշտոնատար անձանց այս հայտարարությունները հուսադրող էին, մանավանդ որ ռուսական կառավարության խոստացած համագործակցությունն այս հարցում առավել քաջալերում էր: Բայց ակնկալվող քայլերը դանդաղում էին: Քննիչ Հանձնաժողովը սոսկ թուրքական մարմին պիտի լիներ եւ ամենեւին վստահություն չէր ներշնչում: Միեւնույն ժամանակ հայոց հանդեպ հալածանքը խստանում էր, ձերբակալությունները, աքսորն ու տանջանքները հաճախանում էին, եւ թուրքական կառավարությունն իր գործողությունները չափավորելու նշան ցույց չէր տալիս: Այս մտատանջությունը հայերից ու նրանց բարեկամներից հաղորդվեց անգլիական ողջ հասարակությանը: Անհրաժեշտություն էր ծագել հասարակության կողմից ճնշում գործադրելու անգլիական կառավարության վրա:
1894 թվականին թուրքերի եւ քրդերի միացյալ ուժերով Սասունում հայերի կոտորածը դատապարտող առաջին մեծ հավաքը Անգլիայի մայրաքաղաքում գումարվեց նույն թվի դեկտեմբերի 17-ին Սենտ Մարտինի սրահում: Այն ցույց տվեց, որ անգլիացիների մեջ կան շատերը, որոնք իրապես հետաքրքրված են հայկական խնդրով եւ վշտակից են հայությանը: Այս հավաքին հաջորդեցին բազմաթիվ հավաքներ Լոնդոնի տարբեր թաղերում, ինչպես նաեւ Անգլիայի քաղաքներում: Հասարակական հուզումներն այս առնչությամբ ավելի սաստկացան, երբ Ուիլյամ Գլադստոնը՝ Լիբերալ կուսակցության պարագլուխը եւ նախկինում քանիցս անգլիական կառավարության ղեկավարը, հայ գաղթականության անունից իրեն նվիրված սկիհն ընդունելու առիթով արտահայտեց իր կարծիքը:
19-րդ դարավերջի մամուլի հրապարակումներում Գլադստոնի արտաբերած ճառերը բերվում էին ամբողջությամբ: Գլադստոնի խոսքից (նրան հարգանքով ու մեծարանքով անվանում էին «Մեծ Ծերունի») բերենք մի ծավալուն հատված: Նրա խոսքում արտացոլված է ժամանակի քաղաքակիրթ մարդկության խռովքն ու վերաբերմունքը՝ հայկական խնդրի առնչությամբ:
«…Դու՛ք՝ պարոննե՛ր, աշխարհագրորեն հազարավոր մղոն հեռու եք մեզնից, բայց քրիստոնեական զգացումներով եւ սիրով մի անջրպետ չկա, որ ձեզ մեզնից զատի. եւ դուք այս ընծան ընտրել եք՝ իբրեւ նշան քրիստոնեական սիրո:
Ես ձեզ համար ոչինչ չարեցի ծանր հանգամանքներում, թեեւ, վստահեցնում եմ ձեզ, անտարբեր չէի: Պատճառը բացատրեմ համառոտակի:
Հայաստանում ահռելի ու աննկարագրելի խժդժություններ կատարվելու մասին լուրեր տարածվեցին եւ հետզհետե հաստատվեց դրանց ճշմարտացիությունը: Այս պարագայում յուրաքանչյուր ոք, բնականաբար, ուժգին սրտի հուզմունք պիտի ապրեր: Բայց ես այս համոզմունքն եմ ունեցել, որ գերազանցապես ամեն ազգի լավագույն եւ ամենահարմար ներկայացուցիչն իր կառավարությունն է, որ ժողովրդի բերանը լինելով՝ նրա անունից եւ նրա ուժով խոսելու իրավունքն ունի… 18 տարի առաջ էր, որ ինձ վիճակվեց զբաղվել մի այլ՝ Բուլղարիայում տեղի ունեցած ահավոր խժդժական դեպքերով, որոնք իբրեւ զրույց տարածվեցին, բայց հետո հաստատվեցին: Այն դեպքերի առիթով ամենեւին ոչինչ չձեռնարկեցի, մինչեւ որ, նախ, անվիճելի հեղինակությամբ ճշգրտվեց դրանց հավաստիությունը, եւ, երկրորդ, մինչեւ չհուսահատվեցի մեր այն ժամանակվա կառավարության ընթացքից: Այո՛, լուռ մնացի, որովհետեւ լիովին վստահ էի, թե Թագուհու կառավարությունը գիտե իր պարտականությունը, եւ դեռ տածում եմ այդ վստահությունը:
…Ի՞նչ պատահեց Բուլղարիայում:
Սուլթանն ու իր կառավարությունը բացարձակ կերպով ուրացան անկարգությունների գոյությունը: Բայց իրենց ուրացումը հերքվեց իրողությունների ուժով: Ճշմարտությունը պարզվեց: Այն ժամանակ անհեթեթ թվաց իմ խոսքը, թե ժամանակը հասել է, որ թուրքն իր ունեցած-չունեցածով հեռանա Բուլղարիայից:
…Արդարեւ այս քննության ելքը տակավին չգիտենք… Չեմ կարող ասել, որ պատճառ չկա նախազգուշանալու աննպաստ արդյունքից: Ինձ հասած տեղեկությունները հզոր կերպով հանգեցնում են այն եզրակացության, որ 1876 թվականի Բուլղարիայի խժդժությունները, ոճիրները եւ պղծությունները 1894-ին կրկնվել են Հայաստանում:
Եթե ճշտվի, որ այդպես է, այլ ժամանակն է, որ անեծքի ընդհանուր աղաղակ բարձրանա ընդդեմ այդ չարագործության… Հարկ է խիստ լեզու գործածել: Դեպքերը խիստ են, պետք չէ, որ դրանք մնան առանց խիստ քննության: Որչափ ապացույցները բազմանում են, եւ խնդիրը սեւ գույն է ստանում, ձայնս պատեհ առիթով պիտի բարձրանա՝ հանուն մարդկության եւ ճշմարտության:
…Ձեզ ի սրտե մաղթում եմ ամեն բարիք: Ձեր ազգին ջերմորեն ցանկանում եմ, որ վայելի զորություն եւ բարօրություն, որչափ էլ խավարամած լինի իր ներկա կացությունը»:
Գլադստոնի ձայնը հզոր էր հայկական խնդրի եվրոպական քննարկումներում: Գլադտսոնի խոսքից մեկ օր անց՝ դեկտեմբերի 30-ի առավոտյան, իր բոլոր բառերն արձագանք գտան բովանդակ Բրիտանիայում: «Թայմսից» սկսած մինչեւ ամենահետին գավառական թերթերը ամբողջապես հաղորդեցին նրա խոսքը: Անգլիայի հասարակական կարծիքը, որ արդեն հոգս էր պատճառում պետական այրերին, Գլադստոնի հրաշունչ խոսքի ազդեցությամբ վտանգավոր ընթացք կարող էր ունենալ: Ուստի արտակարգ ճիգ էր հարկավոր այդ ընթացքը խոտորելու համար: Հնարավոր չէր այլեւս ուրանալ Սասունի կոտորածը, ապացույցները դիզվում, կուտակվում էին: Անգլիական կարեւոր թերթերի հայեցակետը փոխելը եթե ոչ անհնար, ապա շատ դժվար էր: Գործի դրվեցին հակազդեցության անուղղակի միջոցներ:
Նյութը պատրաստեց Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(Շարունակությունը՝ հաջորդիվ)