ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր Որպես շուկայական տնտեսական հարաբերություններ թեւակոխած երկրի քաղաքացի հաճախ էի հետաքրքրվում թռիչքաձեւ զարգացած երկրների օրինակներով, փորձում ընդհանրություններ տեսնել դրանց միջեւ եւ գտնել այն հիմնադրույթը, որը կօգնի Հայաստանի Հանրապետությունը եւս դարձնել բարձր կենսամակարդակ ունեցող երկիր: Այդ փնտրտուքներով էի զբաղված եւ հանկարծ հնարավորություն ստեղծվեց անձամբ լինել բարձրաթռիչք քայլերով առաջ ընթացող Չինաստանում եւ անձամբ համոզվել ընթերցածս մեծաքանակ աղբյուրներում նկարագրված առյուծաթռիչք զարգացման իրողությունները:Նախորդ հրապարակումներից մեկում (տես «Ազգ», 02-08-2019) թերթային հոդվածի հնարավորությունների սահմաններում ներկայացրել ենք Չինաստանի ներկայիս հիրավի թռիչքային զարգացման իրապատկերը: Այժմ կփորձեմ ներկայացնել այդ զարգացման հիմքում ընկած անձնական դիտարկումներս:Զարմանալով, որ անմիջապես գլխի չէի ընկել, մասնագիտությանս բերումով հիշեցի, որ Ռուսաստանը եւս կոմկուսի գլխավորությամբ տարիներ առաջ նախաձեռնել ու կարճ ժամանակ ապրել է այդ նույն գործընթացը, որն այսօր առկա է այդ երկրում: Ռուսաստանն էլ էր տնտեսական հեղափոխության շեմին, միայն ափսոս, որ պատմության բնականոն զարգացումն անձով ու կամայականությամբ պայմանավորված հետընթաց կատարեց ու այլանդակվեց ամեն բան:Հետհոկտեմբերյան Ռուսաստանում քաղաքական անկայուն վիճակով, եղբայրասպան քաղաքացիական պատերազմով ու երկրի ներքին կյանքին օտարերկրյա միջամտության փորձերով պայմանավորված 1918-ի 2-րդ կեսից Ռուսաստանի կենտրոնական նահանգներում գործում էր պարենմասնատրման կամ այսպես կոչված ռազմական կոմունիզմի համակարգը: Պարենմասնատրումը բանվոր դասակարգի ու չքավոր գյուղացիության պարենային դիկտատուրայի արտահայտությունն էր եւ խորհրդային պետությանը հնարավորություն տվեց իրագործելու բանակը եւ բանվոր դասակարգին պարենով, իսկ արդյունաբերությունըՙ հումքով ապահովելու կենսական խնդիրը: Ըստ այդ համակարգի, գյուղացիները անձնական ու արտադրական սպառման նորմաներից ավելի արտադրված ամբողջ հացն ու մյուս մթերքները պետք է կայուն գներով պարտադիր հանձնեին իշխանությանը: Այսինքն` անկախ արտադրված չափից գյուղացուն թողնվում էր բերքի այն չնչին մասը, որը կբավարարեր նրա ընտանիքի գոյության եւ սերմացուի պահանջը: Պատճառն այն էր, որ Խորհրդային Ռուսաստանի կենտրոնը կտրված էր երկրի գյուղատնտեսական կարեւորագույն շրջաններից, հացի պաշարները սպառվել էին, քաղաքային եւ գյուղական աղքատ բնակչությունը սովում էր: Ստացվել էր մի իրավիճակ, երբ գյուղացին բոլորովին շահագրգռված չէր շատ ու լավ արտադրելու: Ընդհակառակը, խլելու վտանգը չեզոքացնելու համար նա պարզապես ոչնչացնում էր ավելի արտադրածը, մորթում էր անասունները եւ այլն: Արտադրողականությունը հասել էր կրիտիկական ցածր մակարդակի:Տեսնելով երկրում ստեղծված ծանր կացությունը, տարբեր մասերում պարբերաբար կրկնվող սովն ու համաճարակները եւ օրեցօր աճող ժողովրդի իրավացի դժգոհությունը, Կոմկուսի առաջնորդ Վ. Լենինի առաջարկով պարենմասնատրումը փոխարինվեց պարենհարկով: Պարենհարկը Ռուսաստանում բնամթերային հարկ էր գյուղացիական տնտեսություններից, որը, կապված Նոր տնտեսական քաղաքականությանն (ռուսերեն Новая Экономическая Политика բառերի սկզբնատառերից` НЭП) անցնելու հետ եւ 1921-ի մարտին փոխարինեց պարենմասնատրմանը: Նպատակն էր գյուղացիությանը նյութապես շահագրգռել տնտեսության վերականգնման եւ մթերքների ավելացման եւ իրացման գործում: Գյուղացիների տնտեսական շահագրգռվածությունն ապահովվում էր նրանով, որ պարենհարկի չափն էապես զիջում էր պարենմասնատրմանը եւ պետության սահմանած հարկերը վճարելուց հետո մնացած հացն ու գյուղատնտեսական մյուս մթերքները մնում էին նրանց տնօրինության տակ: Այն գանձելու ուղիով նախատեսվում էր պետության ձեռքում կենտրոնացնել ամենաանհրաժեշտ պարենամթերքը, իսկ դրա պահանջի մնացած մասը ձեռք բերել գյուղացիությանն անհրաժեշտ արդյունաբերական ապրանքներով փոխանակելու միջոցով: Միեւնույն ժամանակ, երկրի արտադրողական ուժերի զարգացումն արագացնելու նպատակով, խրախուսվում էր մասնավոր մանր արդյունաբերության ու առեւտրի աշխուժացումը: Պարենհարկի կիրառումը կարեւոր քայլ էր նորմալ ապրանքադրամական փոխանակության անցնելու գործում: Միեւնույն ժամանակ սկզբունքորեն նոր տնտեսական հարաբերություններ էին ստեղծվում գյուղացիության եւ բանվոր դասակարգի միջեւ, նրանց քաղաքական դաշինքն ամրապնդվում էր տնտեսական միությամբ:Պետական հարկերն ու տուրքերը վճարելուց հետո մնացյալ ավելցուկը գյուղացին կարող էր տնօրինել իր ցանկությամբ: Նյութական շահագրգռվածությունն ու մասնավոր սեփականության գիտակցումը կատարեցին իրենց գործը. Շատ կարճ ժամանակում երկրում ոչ միայն վերացվեց սովը, այլեւ մեծ քանակությամբ մթերք հայտնվեց շուկայում եւ նույնիսկ սկսեց արտահանվել երկրից: Իշխանության եւ ժողովրդի միջեւ օր օրի ավելանում էր վստահության չափաքանակը, որը ամենակարեւոր գործոնն էր տվյալ դեպքում տնտեսությունը վերականգնելու եւ արտադրողականությունն ավելացնելու համար: Շատ ու շատ բարցիթողի հողեր սկսեցին վերամշակվել, յուրացվում էին նաեւ նորերը: Մարդիկ սկսեցին լավ ապրել եւ նրանց քիչ էր հետաքրքրում Կոմկուսն է ղեկավարում երկիրը, թե՞ մեկ այլ քաղաքական ուժ: Այսինքն` ստեղծվել էր մի իրավիճակ, որը գրեթե նույնությամբ առկա է այսօրվա Չինաստանում: Միայն ափսոս, որ 1924 թ. Լենինի մահից հետո կուսակցության առաջնորդ դարձած Ի. Ստալինը շատ արագ եւ բռնի միջոցներով արգելեց ՆԷՊ-ը եւ երկրի զարգացումն ընթացավ բոլորովին այլ ճանապարհով, հիմնականում անսպառ հողային ու բնական ռեսուրսների հաշվին, որի արդյունքում ԽՍՀՄ-ը ոչ զարգացած երկրների շարքում էր շարունակ: Բնականաբար, ԽՍՀՄ-ի մաս կազմող Հայաստանում եւս չնչին տարբերությամբ այդ նույն գործընթացները տեղի ունեցան:Մեր դիտարկումներով, տեղական յուրահատկություններով եւ դրսեւորումներով հանդերձ, մերօրյա Չինաստանում հենց այդ նույն ՆԷՊ-ի քաղաքականությամբ սկսվեց երկրի տնտեսական վերափոխման գործընթացը: Վճռորոշ դարձան եւ զուգահեռաբար սկսեցին հրաշքներ գործել նյութական շահագրգռվածությունն ու սոցիալական արդարացիության սկզբունքը: Միայն թե այս դեպքում պիտի նկատի առնենք նաեւ տնտեսության եւ հասարակության զարգացման սպիրալաձեւ տեսության հիմնադրույթները, որոնք հուշում են` ամեն ինչ կրկնվում է նոր մակարդակում: Բնորոշ է, որ այդ վերափոխությունների կնքահոր` Դեն Սիաո Փինի պատկերավոր արտահայտությամբ «կարեւոր չէ, սե՞ւ է կատուն, թե սպիտակ: Եթե նա մկներ է որսում, ուրեմն լավ կատու է»: Այդ փոքրիկ մարդը, որի հասակն ընդամենը 152 սմ էր, լինելով երդվյալ կոմունիստ, միայնակ ապացուցեց Կոմունիստական կուսակցության կողմից վնասակար եւ բուրժուական համարվող Կոնվերգենցիայի տեսության ճշմարտացիությունըՙ սոցիալիզմի եւ կապիտալիզմի միջեւ սահմանների հետզհետե վերացման մասին: Դենի շնոհիվ է, որ արդեն 40 տարուց ավելի ՆԷՊ-ի սկզբունքների հենքով այդ տեսությունը հաջողությամբ միս ու արյուն է ստանում Չինաստանումՙ բարեփոխումների եւ բաց քաղաքականության տեսքով, աշխարհին ներկայանալով որպես սոցիալիզմՙ չինական առանձնահատկություններով:Կարծես թե բանալին գտնված է, սակայն ինձ համար այնուամենայնիվ հարցերի հարց է մնում. ինչպես է հնարավոր կերակրել, հագցնել, աշխատանք ապահովել եւ վերջապես կառավարել շուրջ մեկուկես միլիարդ մարդու: Անձնական դիտարկումների եւ ուսումնասիրությունների արդյունքում այս հարցի պատասխանն էլ ինքս ինձ համար ձեւակերպել եմ հետեւյալ համեմատությամբ. ամբողջ Չինաստանն ու չին ժողովուրդն իմ պատկերացմամբ այսօր նման է մի համահունչ ու ներդաշնակ գործող մեղվաընտանիքի, որտեղ յուրաքանչյուրը հստակ գիտի իր անելիքը եւ դա անում է մեծ պատասխանատվությամբ ու հպարտության այն գիտակցումով, որ ոչ այլ ոք, այլ հենց ինքն է այդ ընտանիքի անդամը եւ որոշակի առաքելությամբ է հայտնվել Երկիր մոլորակում:Բայց այդ ամենի կողքին մեր փոքր հանրապետությունում անհամար խնդիրներ, քաղցած ու անտուն մարդիկ կան, մուրացկաններ եւ, որ ամենացավալին է` նաեւ արտագաղթ: Հատկապես վերջին քաղաքական փոփոխություններից հետո այս հարցերի մասին շատ եմ մտորում, պատասխաններ փնտրում, որոնք ոչ միշտ եմ գտնում: Մի գործընթաց, որ հատկապես Չինաստան այցելելուց հետո ավելի ու ավելի ցավոտ է դառնում…07.07-27.08.2019 |