ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Այս տարվա մայիսի 8-ին կայացած լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացրի համաշխարհային գործընթացների արդյունքում երկրների տնտեսական զարգացումներում արձանագրվող եգիպտացորենի հատիկի հարյուր հազարավորներից մինչեւ 3-4 մլն տոննա արտադրություն ՀՀ-ում ծավալելու, ոմանց կողմից խելահեղ համարվող խնդիրը: Վարչապետը համապատասխանաբար արձագանքեց եւ 6-րդ օրվա ավարտին կայացավ ՀՀ գյուղփոխնախարար Արտակ Քամալյանի եւ հարցի կապակցությամբ պետական կառույցների անգործության արդյունքում ակտիվ լրագրությամբ այն հանրայնացնելուն ուղղված ՀՀ քաղաքացուս հանդիպումը: Չգիտես ինչու այն չարձանագրվեց, քանի որ տարիներ շարունակ նման հանդիպումները, որոնք կայացել են ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ Գ. Բաղյանի, փոխնախարար Ռ. Մակարյանի մոտ, արձանագրվել են, նշվել է որ հարցը տեղին է բարձրացվում, անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն: Համանման մոտեցումներ են ցուցաբերվել նաեւ գյուղնախարարության բուսաբուծության վարչության պետեր Ա. Հովհաննիսյանի, Ռ. Նազարյանի, այլ պաշտոնյաների կողմից, որոնք կայացել են ՀՀ բարձրագույն իշխանություններին ուղղված ահազանգերի արդյունքում: Նշեմ դրանցից մեկը:ՀՀ նախագահ Սերժ ՍարգսյանինՀՀ քաղաքացի Գեղամ ՔյուրումյանիցԱՀԱԶԱՆԳ թիվ 610 օգոստոսի 2012 թիվՆախորդ 5 ահազանգերում ընդգծել եմ համաշխարհային զարգացումների օրինակով Հայաստանի գյուղատնտեսությունում եւս եգիպտացորենի հատիկի մշակումը գերակա ուղղություն համարելու խնդիրը: Ցավալիորեն այս հարցում տեղաշարժ չկա, որը փոխարինվում է ցորենի աճեցման հանդեպ երկրին գրեթե ոչինչ չտվող գործընթացով:ՀՀ համապատասխան կառույցները ի՞նչ հիմնավորումներ ունեն այստեղ ֆինանսական միջոցներ ծախսելու առումով: Չէ որ պարզից էլ պարզ է, որ կոնկրետ հայտարարված 640 տոննա ցորենի էլիտար սերմացուից առավելագույն դեպքում կարելի է ակնկալել 10 հազար տոննա ցորեն, 1 մլրդ դրամ արժեքով, որը ՀՀ պահանջարկի հազիվ 3 տոկոսն է, այն դեպքում, երբ նույն քանակի եգիպտացորենի սերմացուն կտա նվազագույնը 250 հազար տոննա հատիկ ու ահռելի ծավալի հյութալի անասնակեր մինչեւ 50 մլրդ դրամ արժեքով:Հարց. ինչո՞ւ է ՀՀ բարձրագույն ղեկավարությունն անտեսում տնտեսությունում հավելյալ արժեք ստեղծելու գործընթացը, այն փոխարինելով հայ հողագործին միայն խնդիրներ հարուցող ձեռնարկումներով, որն արտահայտվում է բավարար հողային, ջրային եւ ջերմային հնարավորությունների առկայության պայմաններում ՀՀ պարենային ապահովությունը հիմնականում ներկրումների միջոցով լուծելով:Մնացյալըՙ ակնկալվող ընդունելության ընթացքում:Ավաղ, գրեթե զերոյական ուշադրություն երկրի համար կարեւոր այս խնդրի հանդեպ, որի հետեւանքները գնալով ահագնացան եւ գիտենք ինչով ավարտվեցին: Բայց դա ուրիշ թեմա է:Արտակ Քամալյանի հետ հանդիպման ընթացքում փոխնախարարն առաջարկեց ներկայացնել խնդրի կապակցությամբ ՀՀ քաղաքացուս ծրագիրը, որից անակնկալի եկա, նշելով որ ես ընդամենը հարցեր եմ բարձրացնում եւ դրանց պատասխաններն ակնկալում: Փոխնախարարն առաջարկեց ներկայացնել մտահոգություն-հարցերը, որոնք շարադրեցի հետեւյալ հերթականությամբ:1. Եգիպտացորենի հատիկի մշակման անհրաժեշտության լուսաբանում տպագիր ու էլեկտրոնային մամուլում, սեմինարների ու գիտաժողովների անցկացում մարզկենտրոններում ու գյուղական համայնքներում, որոնք համեստ ուժերիս սահմաններում մասամբ իրականացնում եմ:2. Անհրաժեշտ ծավալներով երաշխավորված հողերի հատկացում եգիպտացորենի հատիկի մշակման նախաձեռնություն հանդես բերող գործարարներին, որոնց հետ մասնակի կապեր ունեմ:3. Օրենսդրական դաշտի կարգավորմամբ կոնցեսիոն պայմանագրերով հողերի երկարաժամկետ հատկացումներ արտերկրներից եգիպտացորենի հատիկի մշակում նախաձեռնել ցանկացող ներդրողներին:Փոխնախարարը լսեց դրանք եւ զրույցին ներկա վարչության պետին ուղղված «կապի մեջ գտնվենք» խոսքերով ավարտեց հանդիպումը, ընդգծելով որ ինքը 1987-2018 թվականներին Հայաստանում չի ապրել եւ բարձրացվող խնդրի մանրամասներից տեղյակ չէ: Այսուհանդերձ կարծում եմ տեղեկացված կլինի, որ բնակության վայր ՌԴ-ում 2000-2016 թվականներին եգիպտացորենի հատիկի արտադրությունը 1,5 մլն տոննայից հասել է 15,3 մլն տոննայի, որի որոշակի մասը որպես լիարժեք անասնակեր օգտագործելու արդյունքում է հնարավոր դարձել հավի 1 կգ-ի գինը համեմատաբար թանկ քաղաք համարվող Սանկտ-Պետերբուրգի սուպերմարկետում, որի գովազդային թերթիկից վերցված լուսանկարը ներկայացվում է, վաճառել ՀՀ 950 դրամին համարժեք գնով, այլ տարածքներում մինչեւ 100 ռուբլով, որը մեր 750 դրամն է: Արդեն նշված ժամանակահատվածում ՌԴ-ում հավի մսի արտադրությունը 775 հազար տոննայից հասել է 4,2 մլն տոննայի, 1 բնակչի հաշվով կազմել 30 կգ, ՀՀ-ումՙ 3 կգ: Հայաստանյան գները 1500-1800 դրամ են, քանզի երկրում լիարժեք անասնակերի գաղափար ընդհանրապես գոյություն չունի, արդյունքումՙ բարձր գինն արդարացված է: Դե եկ ու մի հիշիր ասֆալտին փռելու մասին, այս պարագայումՙ գերշահույթները գերհարկերի տեսքով հավաքագրելու առումով:Եվ հարցըՙ ՀՀ տնտեսության անմխիթար վիճակի հետեւանքում իրականացված իշխանափոխության անցած մոտ 500 օրերի ընթացքում քանի՞ անգամ եւ քանի վայրկյան է միտք հնչեցվել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներին անհրաժեշտ եգիպտացորենի հատիկի արտադրություն ծավալելու շուրջ, հնչում է բնականաբար: Խոսքը կաթ ու մսից բացի կարագի, բուսայուղի, սպիրտի, կաշվի, այլ ոլորտներում կիրառելի հումքի, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծման մասին է: Տհաճ ավանդույթ է, ոչինչ անել չես կարող: Դեռեւս 2003 թվականին, ՀՀ-ում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մշակման ընթացքում, որի աշխատանքների համակարգման խմբի ղեկավարն այդ շրջանում գործող ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն էր, ներկայիս ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որի ղեկավարմանն է հանձնվել ՀՀ գյուղոլորտը, մտահոգություններիս առիթով 2004-ին պատասխանել է: «Հանրապետությունում անասնաբուծության եւ հատկապես թռչնաբուծության արագ զարգացման պայմաններում էլ ավելի է կարեւորվում եգիպտացորենի մշակման դերը: Եթե 2001-ին եգիպտացորենի ցանքսերը զբաղեցրել են 2604 հեկտար, ապա 2004-ին 3799 հեկտար: ՀՀ գյուղնախարարությունը խիստ կարեւորում է եգիպտացորենի սերմնաբուծության զարգացումը եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերի մշակման ընթացքում կքննարկվեն եգիպտացորենի սերմնաբուծության կազմակերպման հնարավորությունները»:Կրկին ստիպված եմ նշելՙ ավաղ, մեզանում աղքատությունը չի հաղթահարվում, իսկ անցած 15 տարիներին եգիպտացորենի արտադրության ծավալներն աննշան են, ցանքատարածությունները պարբերաբար նվազել են, որի արդյունքում հանրահայտ կուկուռուզը հազիվ բավարարում է մեր մարդկանց մի մասի կողմից այն խաշած-խորոված տեսքով վայելելու համար: Իսկ լիարժեք կերից զրկված անասնապահությունը կսպասի. կաթի փոշին ու միս-մսամթերքը կներմուծենք, նույնըՙ բուսայուղը, կարագը, սպիրտը… Կարեւորը ներմուծողներն են, նրանց շահերը սպասարկելը: Իսկ ահա այս մշակաբույսի համաշխարհային արտադրությունը 2000 թվականից անցնում է 1 մլրդ տոննան, երբ ցորենը չի հասնում 750 մլն տոննայի: Եգիպտացորենի հատիկի արտադրության համաշխարհային առաջատարը ԱՄՆ-ն է մոտ 400 մլն տոննայով, Չինաստանըՙ 230 մլն տոննա, ոչ մեծ Սերբիանՙ 8 մլն տոննա, հսկայածավալ կաթնամսամթերքների արտահանում դեպի ՌԴ: ՀՀ-ում եգիպտացորենի հատիկի արտադրությունը վերջին տարիներին հազիվ 20 հազար տոննա է կազմում, խաշած-խորոված տեսքով մարդկանց սպառման համար: ՀՀ կառավարության հաստատմանը վերջին ամիսներին ներկայացվող գյուղոլորտի ծրագրերում նշվում է ոլոռի ու ոսպի, լոբու ու սիսեռի մշակման անհրաժեշտությունը եւ ոչ մի ակնարկ եգիպտացորենի հատիկի շուրջ, որն անփոխարինելի անասնակեր լինելուց բացի հումք է բարձրարժեք բուսայուղի, սպիրտի, այլ վերամշակումների համար, որոնք տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծում են ենթադրում, անհարկի ներկրումների նվազեցում, մեր մարդկանց կողմից արտերկրներից ստացվող հարյուր միլիոնավոր դոլարների, եվրոների ու ռուբլիների ՀՀ-ում շրջանառում: Երկրին այսօր արդեն անհրաժեշտ 150-200 հազար տոննա հիմնական մսամթերք հանդիսացող տավարի, խոզի ու հավի մսի շրջանառությունը կարող է 500-700 մլն դոլար կազմել, հավելեք ասվածին երշիկեղենի արտադրությունը, ՀՀ տնտեսությունը էապես կբարեփոխվի, երբ հիմա գյուղոլորտի ողջ արտադրանքն է հազիվ 600 մլն դոլար: Մեր պատմության ՀՍՍՀ շրջանում հազվադեպ հանդիպող երշիկեղենը մինչեւ 30 հազար տոննայի էր հասնում, երբ այժմ այդ ցուցանիշի հազիվ 10 տոկոսն է արձանագրվում. հանրության որոշակի հատվածն անտարբեր է հայկական արտադրության երշիկեղենի հանդեպ, այն անգամ կես գնով առաջարկելու պարագայումՙ արտերկրներից ներկրված խոր սառեցված մսատեսակներից պատրաստված լինելու արդյունքում: Երկիր մոլորակի չորս կողմերում միսը սպառողին առաջարկվում է ընդամենը պաղեցված տեսքով, մեզանումՙ խորը սառեցված վիճակում, որն անհարգալից է սեփական սպառող-քաղաքացու հանդեպ:Այսօրինակ մտորումների շատ բան կա նորօրյա ու մերօրյա Հայաստանում: Այս նկատառումով է, որ փոխնախարար Ա. Քամալյանի հետ հանդիպման հաջորդ օրվա վաղ առավոտյան կարիք առաջացավ ստորեւ ներկայացվող հաղորդագրությամբ դիմել նրան, որի ստացումը տեխնիկական միջոցը հաստատում է:«Պարոն փոխնախարար. ինձ է դիմել խոշոր թռչնաֆաբրիկայի սեփականատեր, երաշխավորված հողհատկացման դեպքում մեծ քանակներով եգիպտացորեն մշակելու առաջարկով:Խնդրում եմ Ձեր արձագանքը եւ հանդիպման ժամը»:Հարցի հանդեպ որոշակի ակտիվությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ մասնագիտական միտքը Արարատյան հարթավայրում եգիպտացորենի ցանքսի ժամկետ է նշում մայիս ամսվա կեսերը, երբ կայացավ մեր հանդիպումը:Լրանում է չորրորդ ամիսը, երբ փոխնախարարը հնչեցրեց «կապի մեջ գտնվենք» խոսքերը: ՀՀ հպարտ ու միաժամանակ ակտիվ քաղաքացու տեսակն ինչ-որ առումով երկրում ծավալվող տնտեսական գործընթացներից բավարարվածություն կզգար, եթե դրանցում նկատեր ՀՀ-ի պարենային ապահովության ու պարենանվտանգության մակարդակի տեսանելի բարձրացում, իր շրջապատի էլՙ պարզ ու հասարակ առօրյայի դրական փոփոխություն, հենց թեկուզ սննդակարգի առումով, որն առայժմ հիմնականում աշխարհի չորս կողմերից իրականացվող ներկրումների միջոցով է: Արդյունքում ՀՀ գյուղաբնակն իր անելիքից ու աշխատանքից օտարվում, հուսալքվում ու հիասթափվում է: Այսօրինակ գործելաոճը միայն խնդիրներ է ստեղծում, դրանցից ոմանք գերխնդիրների վերածում, իշխանություններին պարտադրում այլեւայլ միջոցներով պայքարել դրանց դեմ, որոնք ընդամենը պարզ ու հասարակ գործերի լուծումները շրջանցելու հետեւանք են: Վիճակն առավել է խորանում տարօրինակ գիտաժողովների ու մտքի գագաթաժողովների կազմակերպմամբ, ՀՀ առաջիկան կանխատեսելու նպատակով Նոբելյան մրցանակակիրներ հրավիրելով, երկիրը տաղանդավոր մարդկանց բնակավայր հռչակելու մտայնությամբ, երբ հարյուր հազարավոր հայաստանաբնակներն ընդամենը շարունակելու են իրենց համեստ աշխատանքները կատարել, մասնագիտություններով զբաղվել. սկսած վարորդներից ու մատուցողներից մինչեւ լաբորանտներ ու գործավարներ, անասնապահներ ու հողի մշակներ:Թեեւ ՀՀ քաղաքացիս ներկայացվող մտահոգության կապակցությամբ լավատեսության զգացում չի ապրում, այսուհանդերձ չի մոռանում նաեւ հույսը վերջինն է մահանում խոսքերը:26.08.2019 թ. Երեւան |