ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՑ, Վերլուծաբան
Հոկտեմբերի 1-ին նշված ՉԺՀ կազմավորման 70-ամյա հոբելյանը Չինաստանը տոնեց որպես գերտերություն, որի ազդեցությունն այսօր տարածվում է ողջ գլոբալ հարթությունում: Ներկայի հզոր պետության հիմքը դրել է այդ երկրի կոմունիստական կուսակցությունը Մաո-Ցզեդունի ղեկավարությամբ, եւ վերջինիս Պեկինի կենտրոնական հրապարակում տեղադրված դամբարանը այցելելու համար այսօր էլ հազարավոր մարդիկ հերթ են կանգնում: Սեփական պատմության նկատմամբ ակնածանքը չինական հանրությանը բնորոշ հատկանիշ է եւ դա լավագույնս արտահայտվում է նրանց խոշոր փիլիսոփաների ասույթներում, համաձայն որոնց «պատմության մոռացությունըՙ դավաճանություն է», իսկ «անցյալի քարերըՙ ապագայի աստճաններն են»: Փոքր ինչ շեղվելով թեմայից նկատենք, որ պատմության շարունակականության խնդրում չինական մոտեցումները ուսանելի են մեզ համար: Հայկական Երկրորդ հանրապետությունում պախարակվում էր Առաջին հանրապետությունը, իսկ Երրորդ հանրապետության տեղեկատվական դաշտում Խորհրդային Հայաստան բառակապակցությունը հնչում է բացառապես բացասական ենթատեքստում: Մինչդեռ վերջինս իր 71-ամյա գոյության ընթացքում վերածվել էր հարուստ մշակույթ ունեցող հզոր գիտատեխնոլոգիական-արդյունաբերական երկրի, որի ՀՆԱ-ն առայսօր մոտ երկու անգամ գերազանցում է ներկայիս ցուցանիշը: Նկատենք, որ այսօր էլ փորձ է կատարվում վերախմբագրել 3-րդ Հանրապետության Ղարաբաղյան հերոսամարտի հետ կապված փառավոր անցյալը: Սակայն վերադառնանք չինական իրողություններին:
Դեռեւս նախորդ դարի 70-80-ական թվականներին կառավարման միակուսակցական համակարգ ունեցող երկրները հայտնվել էին ճգնաժամային իրավիճակում: Կուտակված խնդիրների լուծումը ԽՍՀՄ-ում ընդունեց գորբաչեվյան «պերեստրոյակայի» (վերակառուցման) բնույթ եւ ավարտվեց հայտնի ծանր հետեւանքներով: Այլ տրամաբանությամբ ընթացան զարգացումները Չինաստանում: Դեն Սյաոպինի ղեկավարությամբ 1977թ. սկսվեց բարերեփոխումների «Պեկինյան գարունը», որը հանգեցրեց պետականության ամրապնդմանը եւ խոշոր ձեռքբերումներիՙ հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: Ի դեպ, հենց 80-ականներին Պեկինում ստեղծվեց մի շատ բարձր մակարդակ ունեցող հանձնաժողով, որի խնդիրն էր ուսումնասիրել խորհրդային փորձըՙ սխալներից խուսափելու նպատակով: ՉԺՀ-ն կարողացավ, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, ձեւավորել «գաղափախոսական եռամիասնություն», որի պարագայում մտածված չափաբաժիններով համատեղվում են սոցիալիստական, ազատական եւ ազգային-պահպանողական գաղափարախոսությունները: Պետության կառավարման ոլորտում խելամտորեն պահպանվեց կոմունիստական կուսակցության առաջատար դիրքը (նկատենք, որ սոցիալիստական սկզբունքները Չինաստանում ձեւավորվել էին դեռեւս 5-րդ դարում խոշոր փիլիսոփա Մո- Ցզիի կողմից), տնտեսությունը զարգանում է ազատական կանոններով, իսկ հասարակական կյանքում գերիշխում են Կոնֆուցիոսի արժեքային համակարգի դրույթնեը: Նման ռազմավարության կիրառումից ստացված հրաշալի արդյունքները վկայում են, որ չին քաղաքական գործիչները հենվում են այն օրենքի վրա, համաձայն որի «գաղափարախոսությունը հրահանգների մի համալիր է, որն ապահովում է գործընթացների փոխկապակցությունը եւ բարձր արդյունավետությունը»: ՉԺՀ հաջողությունները պայմանավորված են նաեւ նրանով, որ վարչական-քաղաքական համակարգում գործում է մերիտոկրատիայի (արժանիների իշխանության) սկզբունքը, ըստ որի ղեկավար պաշտոններ պետք է զբաղեցնեն ամենաընդունակ եւ պատրաստված անձինք: Այս ամենի արդյունքում Չինաստանը հերթական անգամ իր պատմության ընթացքում դարձավ գերտերություն եւ առաջատարՙ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:
Այս ամենի առիթով նկատենք, որ համաձայն արդի պատկերացումների, այս կամ այն հանրության հիմնական ցուցանիշը պայմանավորված է այն հոգեւոր-մտավոր «արտադրանքով», որը վերջինս ստեղծել է իր գոյության ընթացքում: Նման մոտեցման պարագայում Չինաստանը, անշուշտ, առաջատար է, քանի որ, մասնավորապես, կարողացել է ներդաշնակորեն համատեղել հոգեւորն ու մտավորը: Դրա օրինակ կարող է հանդիսանալ այն փաստը, որ մեր թվարկությունից առաջ Հունաստանի եւ Չինաստանի բնակչության թիվը գրեթե հավասար էրՙ 10-12մլն: Ներկայումս տաղանդավոր եւ ստեղծարար հույների թվաքանակը գրեթե նույնն է , մինչդեռ ՉԺՀ-ում բնակվում է մեկ ու կես միլիարդ մարդ: Այլ խոսքերովՙ նրանք կարողացել են կատարել իրենց ազգային անվտանգության հիմնական խնդիրըՙ պահպանել ազգային ինքնությունը եւ զարգացնել սեփական պետությունը:
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ
Չինաստանի հզորացումը արդի բազամաբեւեռ իրողություններում էապես ազդել է գլոբալ աշխարհաքաղաքական պատկերի վրա: Ըստ ամենայնի, տեսանելի ապագայում նման միտումը կարող է սկզբունքորեն կայունացնել ներկայում տիրող գլոբալ քաոտիկ քաղաքական իրավիճակը: Հատկանշական է, որ գործընթացները այս ուղղությամբ ընթանում են «դասական չինական» եղանակովՙ առանց աղմկոտ հայտարարությունների, սպառնալիքների կամ խոստումների: Մասնավորապես իրականացվում են հսկայական ծավալի աշխատանքներ միմյանց փոխլրացնող եւ սիներգետիկա (փոխուժեղացում) ապահովող «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) եւ «Մեկ գոտի, մեկ Ճանապարհ» նախագծերի շրջանակներում: Վերջինիս գործունեության համատեքստում հատուկ ուշադրության է արժանի $100 մլրդ կանոնադրական կապիտալ եւ 70 երկրների ներկայացուցչություն ունեցող «Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկի» ստեղծումը: Ըստ արեւմտյան փորձագետների, այդ կառույցի հեռահար ռազմավարական նպատակն է մշակել ֆինանսական մեխանիզմներ, որոնք կխարխլեն ամերիկյան դոլարի հեգեմոն դիրքերը: Այդպիսով այս նախագիծը, փոխելով աշխարհատնտեսական հարթությունում ստեղծված իրավիճակը, ստեղծում է նախադրյալներ փոփոխությունների համար նաեւ աշխարհաքաղական ոլորտում, եւ այս հարցում խիստ արդյունավետ է գործում ՇՀԿ ձեւաչափը: Հիշենք, որ վերջինիս անդամ են հանդիսանում Ռուսասատանը, Հնդկաստանը, Պակիստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը եւ Ղրղզստանը, դիտորդների կարգավիճակ ունեն Իրանը, Բելոռուսիան, Աֆղանստանը եւ Մոնղոլիան, իսկ գործընկերների շարքում են Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Շրի-Լանկան. Ադրբեջանը եւ անգամ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան: Նման տարբեր, իսկ երբեմն էլ հակադիր շահեր ունեցող երկրների լայն ներկայացուցչությունը պայմանավորված է նրանով, որ աշխարհում տիրող անկայուն իրավիճակը ուղղակի թելադրում է ՇՀԿ անդամ երկրներին համագործակցել անվտանգության ոլորտում: Ի լրումն, այս ձեւաչափին լրացուցիչ գրավչություն է հաղորդում զուգահեռաբար գործող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը:
Հատկանշական է, որ ՇՀԿ-ն իրավաբանորեն ռազմական կառույց չի հանդիսանում, սակայն իր գործնեությունն 2001թ. սկսել է ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ համաձայնագրի ստորագրումով: Վերջին տարիներին հատկապես ակտիվացել են ռուս-չինական ռազմական կապերը, ինչի վկայությունն են, մասնավորապես, Միջերկրական ծովում ռազմածովային, իսկ Ճապոնական եւ Արեւելաչինական ծովերի տարածքումՙ ռազմաօդային համատեղ կատարած զինավարժությունները: Ի լրումն, ՇՀԿ անդամ երկրները ամենամյա լայնածավալ զինավարժություններ են իրականացնում, եւ այս տարի Բիշքեկում կայացած պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հաստատվեց համատեղ գործողությունների ծրագիրը մինչեւ 2021թ.: Ինչպես հետեւում է համեմատական վերլուծության արդյունքներից, այսօր ՇՀԿ-ի ռազմական ներուժը միանգամայն համադրելի է ՆԱՏՕ-ի հնարավորությունների հետՙ չնայած ամերիկյան հսկայական ծախսերի (ավելի քան $700 մլրդ): Նշենք, որ պայմանական «Արեւելյան» եւ «Արեւմտյան» բլոկների միջեւ ձեւավորվող ռազմական ու տնտեսական հավասարակշռությունը նպաստում է գլոբալ իրավիճակի կայունացմանը: Ավելին, հաշվի առնելով անգլոսաքսոնյան եւ մայրցամաքային Եվրոպայի հանրությունների միջեւ ծագած խնդիրները (Բրեքսիթ, թրամփյան քաղաքականություն), հնարավոր է, որ ԵՄ-ն կբարելավի իր հարաբերությունները Չինաստանի եւ Ռուսաստանի հետ: Նման սցենարը նախադրյալներ կստեղծի Մեծ Եվրասիայում ձեւավորել որոշակի չափով ինտեգրված տարածքՙ Լիսաբոնից մինչեւ Պեկին, ինչն էապես կնվազեցնի ներկայիս աշխարհաքաղաքական հիբրիդային հակամարտություններից բխող վտանգները: Այս հանգամանքը արդեն իսկ իրեն զգացնել է տալիս մեր տարածաշրջանում:
Նավթակիր նավերիՙ տանկերների շուրջ ընթացող փաստացի պատերազմի պարագայում, Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հայտնի հարվածները նախկինում մեծ հավանականությամբ կհանգեցնեին ռազմական գործողությունների Իրանի դեմ: Ակնհայտ է, որ նման զարգացումը խիստ ծանր հետեւանքներ կունենար նաեւ Հայաստանի համար: Սակայն այսօր մեր տարածաշրջանում իրեն զգացնել է տալիս չինական ներկայությունը, ինչը փաստացի պարտադրեց Իրանի ընդդիմախոսներին բավարարվել սպառնալիքներով եւ ռազմատենչ հայտարարություններով: Խնդիրը նրանումն է, որ համեմատաբար վերջերս Թեհրանի եւ Պեկինի միջեւ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի ՉԺՀ-ն $280մլրդ. է ներդնելու Իրանի նավթագազային ոլորտում եւ $120մլրդ.ՙ ենթակառուցվածքներում: Այդ ենթակառուցվածքների անվտանգությունը ապահովելու նպատակով Չինաստանը պատրաստվում է 5000 անվտանգության ծառայողներ տեղակայել Իրանում: Հայտնի է նաեւ, որ Օրմուզի նեղուցում սուր զարգացումների պահին ԱՄՆ-ը սպառնաց, որ ռազմածովային հերթապահություն կսահմանի, որպեսզի արգելափակի իրանական նավթով բեռնված նավերի անցումը նեղուցով: Սակայն դրան հետեւեց Պեկինի հայտարարությունը, որ իր ռազմանավերը այսուհետ ուղեկցելու են Չինաստանի համար նախատեսված նավթակիրները: Սակայն սա դեռ ամենը չէ. օրերս հայտնի դարձավ, որ շուտով Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի Գլխավոր շտաբերի պետերը հանդիպելու են Թեհրանում, որպեսզի պլանավորեն եւ մոտ ապագայում իրականացնեն համատեղ ռազմածովային զինավարժություններ Օմանի ծոցում: Ակնհայտ է, որ այս նոր իրավիճակը զսպաշապիկի դեր է կատարում մեր տարածաշրջանում պատերազմական գործողությունների մտադրություններ ունեցող երկրների առաջնորդների համար…