Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի «Կտակը»
«Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենիցՙ անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ»:
Վ. Համբարձումյան
Պատմության տարբեր շրջափուլերում, երբ Հայաստանը գտնվել է օտար նվաճողների տիրապետության տակ, նվաճողն անընդհատ փորձել է հայությանը կտրել իր հոգեւոր զարկերակիցՙ մշակույթից, որի կարեւոր կռվաններից մեկը լեզուն է, մյուսըՙ պատմությունը: Թե՛ արաբները, թե՛ պարսիկները, թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները մշտապես փորձել են առաջ տանել հոգեզրկանքի այդ քաղաքականությունը: Մասնավորապես հայոց լեզվի պահպանության համար մեր ազգի երախտավորները մեծ ջանք են գործադրել: Այսօր Ջավախքում էլ, վրացական իշխանությունները ջանք չեն խնայում հայերենը չեզոքացնելու, երկրորդական պլան մղելու ուղղությամբ, մի քաղաքականություն, որը, ինչպես վերը նշվեց, հատուկ է հայերին արմատից կտրելու գաղափարը կրող բոլոր ազգերին:
Այսօր, երբ պետականություն ունենք, եւ, թվում է, ոչ մի վտանգ չի սպառնում մեր լեզվին, եւ ժամանակն է այն մաքրելու, շտկելու, պետությունն ինքն է դուրս եկել մեր լեզվի դեմ, այսինքնՙ սեփական ազգի գերեզմանն է փորում:
Խոսքն, իհարկե, ԿԳՄՍ նախարարության վերջին, դեռեւս չմակագրված որոշման մասին է, որով նախարարությունում մի քանի հանճարե՜ղ գլուխներ որոշել են, որ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում անհրաժեշտություն չկա հայոց լեզու եւ պատմություն անցնելու: Որոշել են, հասկանո՞ւմ եք, որոշել են:
Այն, որ տասնամյակներ շարունակ պետական ու հասարակական մակարդակով մեր լեզուն հավասարեցվել է բարբառա-գովասայինից էլ ցածր մակարդակի, երկրորդ կարծիք չկա: Ստեղծված իրավիճակը հենց հիմա շտկել է պետք, ոչ թե ավելի փչացնել: Շատ լավ իմանալով, որ օրվա դպրոցը բավար գիտելիքի մոտ քառորդ մասն է միայն փոխանցում աշակերտին, նախարարությունում ոչ թե այդ բացն են լրացնում, այլ հակառակըՙ այդ բացն օգտագործում են լեզվի չիմացությունն ավելի ամրապդնելու համար, որքան էլ տարօրինակ հնչի ասածս: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ «կատարյալ» ուղղագրությամբ ու «ճաշակով են» շարադրվում ոստիկանության, բանակի, բանկային եւ մյուս, «ոչ մասնագիտական» համակարգերի հետ առնչվող տեքստերը: Մոտավոր պատկերացումն արդեն սարսափելի է, թե ինչ վիճակ կտիրի այն ժամանակ, երբ այդ ոլորտների աշխատակիցները բուհերում հայոց լեզու չսովորեն: Իհարկե, սովորել ասվածը չափազանցություն է, որովհետեւ դասախոսներից ոմանք, ոչ մասնագիտական ֆակուլտետներում լեզվին խիստ թռուցիկ են մոտենում, բայց դա հիմք չէՙ այդ առարկաների ուսուցումն իսպառ դադարեցնելու համար, պարզապես պետք է խնդիրը լուծել:
Ես հիշում եմՙ տարիներ առաջ եզդիական համայնքի մի ներկայացուցիչ մամուլում գրել էր. «Գալու է մի ժամանակ, երբ եզդերեն հայհոյանքը մեզ խիստ հաճելի է թվալու, որովհետեւ եզդերեն է»: Ի՞նչ խոսք, մեր ու եզդերենի վիճակները համեմատելի չեն: Այսօր մենք ավելի առաջ ենք անցել եւ սիրում ենք մեր հայհոյանքները, քանի որ հայերեն ենք հայհոյում:
Ինձ համար դեռ պարզ չէՙ հայոց լեզվի ու պատմության ժամերը կրճատելու գաղափարի կողմնակիցները մարմնի ո՞ր հատվածով են մտածում, եւ առհասարակ մտածո՞ւմ են, թե՞ ոչ, բայց մի բան հստակ է, այս մարդիկ ափին կանգնածՙ հեռվի խորությունը դեռեւս չեն պատկերացնում:
Հայերենը ոչ մի հայի կողմից չպետք է դիտվի որպես մասնագիտություն, այլՙ կյանքի բնականոն ընթացք, մտածողություն, կենսակերպ: Նախարարության այս «դուքանչիության» պատճառով մեր մայրենին կարող է դառնալ խիստ նեղ, մասնագիտական մի առարկա, ասենք, օպերայի, թատերագիտության, քաղաքագիտության ու դրամատուրգիայի պես. բոլորը կխոսեն դրանց մասին, բայց եզակի մարդիկ կգործածեն, կգործադրեն այն: Եվ չզարմանաք, որ այդ որոշմանՙ օրենքի ուժ ստանալուց հետո կրկնվի անցյալ դարի 20-30-ական թթ. համատարած անգրագիտությունը, երբ նույնիսկ հովվի հետեւից ուսուցիչ էր քայլումՙ նրան գրաճանաչ դարձնելու նպատակով:
Ի դեպ, առկա վիճակի վատ ցուցանիշը բարելավելու համար ամեն ինչ վերացնելը լավագույն տարբերակը չէ. օրերս զրուցում էի դասախոսներիցս մեկի հետ եւ նրանից իմացա, որ ԱՊՀ մի շարք երկրներում մայրենի լեզվի դասաժամերը բուհերում հասնում են 160-ի, մերՙ 60-ի փոխարեն: Գուցե ա՞յս հարցը առաջինը լուծենք:
Հիշենք Վ. Համբարձումյանին, որ ո՛չ հայագետ էր, ո՛չ բանասեր, ո՛չ պատմաբան: Նա համաշխարհային մեծության աստղաֆիզիկոս էր, որի համար հայերեն «բեւեռ» բառը, օրինակ, գիտականորեն ավելի իմաստալից էր, քան միջազգային pole-ը կամ пол-ը: