Իտալական «Լետտերե» հրատարակչությունն այս տարի լույս է ընծայել Լետիցիա Լեոնարդիի «Եղիշե Չարենց. Մի բանաստեղծի անհանգիստ կյանքը» գիրքը (220 էջ): Հատորի կազմին զետեղված է Չարենցի՝ վերջերս ստեղծված գեղանկարը (հեղինակ՝ Մաուրիցիո Կարուզո): Ինչպես վկայված է գրքի ծանուցման մեջ. «Եղիշե Չարենցը մարդ էր, հայրենասեր եւ բանաստեղծ, որը պատմական մութ ժամանակաշրջանում լիարժեք ապրեց իր հույսերն ու թուլությունները, իր պատրանքներն ու հիասթափությունները: Նրա կյանքի այս պատմությունը, որը լույս է տեսնում նրա ծննդյան 125-ամյակի առթիվ, ուղղակի վկայությունն է այն սարսափների, որ Չարենցն անձամբ է ապրել եւ որ Առաջին համաշխարհային պատերազմը հասցրել էր ողջ հայ ժողովրդին: Ստալինյան բռնաճնշումների զոհ Չարենցը սկզբում բոլշեւիկների համակիր հեղափոխական էր, իսկ հետո հակահեղափոխական՝ հիասթափված նույն կոմունիստական կուսակցությունից, որին նախապես սատարում էր: Նրա կարճ կյանքի պատումն այս բուռն պատմության մեջ ուրվագծվում է նամակների, անմիջական վկայությունների ու ստեղծագործությունների միջոցով, որոնք բացահայտում են հայ գրականության բոլոր ժամանակների մեծագույն ներկայացուցիչներից մեկի խառնվածքը: Մահից ավելի քան 80 տարի անց էլ Եղիշե Չարենցի ստեղծագործությունների հանդեպ աճող հետաքրքրություն կա նույնիսկ ազգային սահմաններից դուրս՝ պահպանելով ոչ միայն զգացմունքների ողջ էներգիան եւ ուժը, այլեւ նրա կյանքի մութ շրջանները՝ որպես Խորհրդային Հայաստանի բնակչի եւ գրողի»:
«Եղիշե Չարենց. Բանաստեղծի անհանգիստ կյանքը» գրքի առաջաբանի հեղինակն իտալացի ճանաչված դերասան, բեմադրիչ եւ սցենարիստ Կառլո Վեռդոնեն է (հայտնի «Էքսելսիոր» գրանդ հոթելը», «Ես եւ իմ քույրը», «Մեծ գեղեցկություն» եւ այլ շարժանկարներից): Նրա հայրը՝ գրող, կինոգետ, արվեստաբան Մարիո Վեռդոնեն (1917-2009) առաջինն էր իտալացի ընթերցողին ներկայացրել Չարենցին՝ դեռեւս 1968 թվականին Միլանում հրատարակելով Չարենցի բանաստեղծությունների մի ժողովածու. նաեւ գրել է «Հայկական տաղերն իրենց իսկ գույնով» (1970, Չարենցի մասին), «Գրիգոր Նարեկացի» (1982) եւ այլ հոդվածներ:
Իր խոսքում Կառլո Վերդոնեն մասնավորապես գրել է (մեջբերում ենք կրճատումներով). «1968 թվականը որոշիչ տարի էր իմ զարգացման համար: Հունիսին պետք է պատրաստվեի վերջերս բարեփոխված դասական միջնակարգ դպրոցին եւ ամառվա ընթացքում մեծ կրքով նվիրվեցի ռոք երաժշտությանը: Ես դեռ չգիտեի իմ դերասանական հակումների մասին: Հենց 1968-ին հայրս՝ Մարիո Վեռդոնեն, Միլանի «Չեկինա» հրատարակչության համար հրատարակեց հայերենից թարգմանված մի փոքրիկ բանաստեղծական ժողովածու՝ Եղիշե Չարենցի «Ներբող հայկականը»: Առաջին անգամ նրանից լսեցի այս մեծ բանաստեղծի անունը եւ նրա բանաստեղծությունները կարդացի հորս խմբագրած փոքրիկ հատորը լույս տեսնելուց անմիջապես հետո: Չարենցի բանաստեղծությունները հմայեցին ինձ անծանոթ տիեզերքից՝ կովկասյան տարածաշրջանից առնված պատկերների հուզիչ արտացոլմամբ, որոնք միախառնվում էին եվրոպական իրողություններին, քանի որ Չարենցը շատ է ճանապարհորդել՝ լինելով Աթենքում, Ստամբուլում, Փարիզում, Բեռլինում, Հռոմում եւ Վենետիկում: Նրա կրքոտ եւ մելամաղձոտ խառնվածքը նրան առավել մոտեցրել է Ալեքսանդր Բլոկից ժառանգած սիմվոլիստական մշակույթին, այնուհետեւ՝ ֆուտուրիստականին, երբ հաճախելով Մոսկվայի համալսարան՝ տարվել է Վլադիմիր Մայակովսկու պոեզիայով: Նրա ողջ ստեղծագործության մեջ գերակշռում է պատերազմի դատապարտումը, կաշկանդվածության մեջ ապրելու դժվարությունը, ազատ արտահայտվելու գիտակցումը, կարոտն իր Հայաստանի հանդեպ: Այս ամենը, ցավոք, 1936-ին նրան արժանացրին ազգայնականության եւ Խորհրդային Միության դեմ դավադրության մեղադրանքի: Չարենցի ստեղծագործության մեջ ինձ համար ամենացնցող կողմերից է սերը ոչ միայն իր առաջին կնոջ՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանի եւ հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության հանդեպ: Լետիցիա Լեոնարդին ստեղծել է Չարենցի կերպարի ամբողջական եւ մանրամասն դիմանկարը: Մի կատարյալ նկարագրություն՝ նրա մահից հետո հավաքված փաստաթղթերի հիման վրա, որոնք պահպանվել են նաեւ բանաստեղծի ընկերուհի Ռեգինա Ղազարյանի փրկած ձեռագրերի շնորհիվ: Սրանց կողքին կան նաեւ հայ մեծ բանաստեղծի գրած նամակներն ընկերներին եւ ընտանիքի անդամներին, որոնք բացահայտում են նրա զգացմունքների խորությունն ու հանուն պոեզիայի պաշտպանության ցուցաբերած խիզախությունը: Հատկապես հուզիչ են Երեւանի խորհրդային կոմիսարիատում նրա հարցաքննությունների արձանագրությունները, որտեղ կոմունիստական կուսակցության պաշտոնյաները նրան մեղադրում են իր երգերում հայ ազգայնականներին ուղղված ծայրակապով գրված հաղորդագրության համար: Կուսակցական ակտիվիստի նրա անցյալը բավարար չէր իր կյանքը փրկելու համար: Լետիցիա Լեոնարդիի առաջարկած Չարենցի դիմանկարը 1954 թվականից (նրա անվան վերականգնման տարեթվից) ի վեր առանձնանում է որպես Եղիշե Չարենցի ամենահաջող կենսագրություններից մեկը: Լեոնարդիի քննական կենսագրության մեջ ընդգրկված բանաստեղծի հրաշալի ընկերոջ՝ նկարչուհի Ռեգինա Ղազարյանի կողմից նրա ձեռագրերը փրկելու պատմությունը՝ փաստերի ճշգրիտ նկարագրությամբ, կարդացվում է վեպի պես: Բանաստեղծի ողբերգական ճակատագիրը կիսել է նաեւ նրա երկրորդ կինը՝ Իզաբելլան, որը բանտարկվել եւ աքսորվել է Չարենցի ձերբակալությունից անմիջապես հետո: Բանաստեղծի մահից 30 տարի անց՝ 1967 թվականին, կինը մշտապես վերադարձել է Երեւան, որտեղ հիվանդացել եւ մահացել է ամուսնու ծննդյան 70-ամյակը նշելուց մի քանի ամիս անց: Լեոնարդիի գրքում Չարենցի կերպարն արդեն մի համընդհանրական բանաստեղծի կերպար է: Իր գործունեության տարիներից մինչ օրս նրա առասպելը շարունակում է ապրել հայրենակիցների մեջ: Չարենցն իր ձայնն է բարձրացել երիտթուրքերի կողմից իրականացված ցեղասպանության դեմ, այնուհետեւ նվիրվել է իր հողի հանդեպ սերը երգելուն. Այդ ներբողներից մեկը կոչվում է «Կապուտաչյա հայրենիք»: Իր բանաստեղծություններով, իր կրքերի եւ տանջանքների միջից նա բերեց բոցաշունչ մի երգ, անսահման վստահություն ապագայի հանդեպ, որը ստալինյան ռեժիմի վայրագությունը չէր կարող քերծել: Լետիցիա Լեոնարդիի գիրքը լիովին վերադարձնում է պատկերը մի բանաստեղծի, որին ողբերգական ճակատագիրը չի պարտակել լռության եւ մոռացության մեջ, ինչպես կցանկանար անել ստալինյան բռնությունը: Ես պետք է շնորհակալ լինեմ հորս՝ Մարիո Վեռդոնեին, որն ինձ հաղորդակից դարձրեց Չարենցի ստեղծագործությանը: Շնորհակալ եմ նաեւ Լետիցիա Լեոնարդիի գրած այս կրքոտ քննական կենսագրությանը, որի մեծ արժանիքը ոչ միայն մեզ Եղիշե Չարենցի հոգու խորքը թափանցել տալու մեջ է, այլեւ որ այն համատեքստի մեջ է դրվել Հայաստանի պատմության մի ժամանակաշրջանում, որն Արեւմտյան Եվրոպայում խորանում է միայն վերջերս»: Ավելացնենք, որ Լետիցիա Լեոնարդին պրոֆեսիոնալ լրագրող է, որն աշխատել է Իտալիայի կենտրոնական «Իլ տեմպո» եւ «Իլ մեսաջեռո» թերթերում: Մամուլում հրատարակել է հայ մշակույթին նվիրված հոդվածներ: Ֆրանսերենից թարգմանել եւ առանձին գրքերով լույս է ընծայել Անրի Վերնոյի «Մայրիկ» եւ Ինգա Նալբանդյանի «Գիշերը» ստեղծագործությունները: Համահեղինակն է «Անկատար ճակատագիր» գրքի, որը պատմում է Հայ սփյուռքի մի զավակի մասին: Անկախության եւ տեղեկատվության ազատության արժեքների հաստատման գործում ունեցած ավանդի համար Լետիցիա Լեոնարդին 2019 թվականին արժանացել է «Մարձանի» միջազգային լրագրողական եւ գրական մրցանակին…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ