Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ալաթոլլահ Սեյիդ Ալի Խամենեին Թեհրանում երկրի արդյունաբերական եւ ձեռնարկչական շրջանակների ներկայացուցիչների առջեւ ելույթ ունենալով հայտարարել է, որ իշխանությունները հաղթահարել են բողոքավորների շարժումը, եւ, իր իսկ խոսքերով, «մենք թշնամուն հետ ենք մղել ռազմական եւ քաղաքական ասպարեզներում»: Իրանում տեղի ունեցած բողոքի վերջին ելույթները, որոնք անցկացվեցին երկրի մի շարք քաղաքներում, պայմանավորված էին բենզինի գները բարձրացնելու իշխանությունների որոշմամբ: Տվյալ դեպքում փորձագետների մեծ մասը չի կասկածում, որ դրանց պատճառը տնտեսական է: Իրանում տնտեսական վիճակը վատթարացել է անցյալ տարվանից, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ միջազգային միջուկային գործարքից եւ կրկին սկսեց պատժամիջոցներ կիրառել Թեհրանի նկատմամբ: Միեւնույն ժամանակ փորձագետներն արձանագրում են հետեւյալ կարեւոր հանգամանքները:
Առաջին. 2009 թվականից սկսած, երբ Իրանում տեղի ունեցան զանգվածային ցույցեր, ապա 2016-2017 թթ., երբ գների բարձրացման եւ պետական ծառայությունների կրճատման պատճառով բողոքի ելույթներ անցկացվեցին երկրի գրեթե կեսում, դրանք կրկնվեցին 2018-ի օգոստոսին, իսկ ներկայիս բողոքի ելույթների ալիքը ամենից լայնածավալն է, քանի որ ընդգրկում է հասարակության ամենատարբեր խավերին, ներառյալ ուսանողներին եւ միջին խավի ներկայացուցիչներին: Ընդ որում, բացեիբաց հնչում էին հակակառավարական կարգախոսներ:
Երկրորդ հանգամանքը. Իրանում բողոքի ցույցերը ժամանակի առումով փաստորեն համընկան իրաքցիների զանգվածային ցույցերին, ինչը եգիպտական NoonPost հրատարակությանը հիմքեր տվեց գտնելու, որ «Իրանական գարնան քամին սկսել էր փչել Բաղդադից» եւ որ «Իրանի իրաքացման» հարց է ծագել ոչ պարսկական փոքրամասնությունների անջատման միջոցով. մի գոտի հյուսիսումՙ քրդերի, մեկ ուրիշը հարավումՙ արաբների, եւս մեկըՙ Իրանական Ադրբեջանի տարածքում: Ըստ որում, այն պնդումն է արվում, թե Թեհրանը բենզինի գները բարձրացրեց այն բանից հետո, երբ Բասրայում բողոքավորները փակեցին Ումմ-Քասր, Ալ-Մակլաա եւ Աբու-Ֆլուս նավահանգիստների աշխատանքը, որոնք օգտագործվում են իրանական նավթի արտահանության համար:
Իսկ փորձագետների գնահատականը ինչպե՞ս է հարաբերակցվում պաշտոնական Թեհրանի դիրքորոշման հետ: Բրիգադային գեներալ Ռամեզան Շարիֆը, ճիշտ է, Reuters գործակալության մեկնաբանությամբ, բողոքի շարժման մասնակից ուժերը ներկայացրել է հետեւյալ հաջորդականությամբՙ միապետականներ, որոնք ձգտում են վերադարձնել 1979 թ. հեղափոխությամբ տապալված Փեհլեւիների գահատոհմը, մոջահեդների «Խալք» զինված ընդդիմադիր խմբավորում եւ անջատական խմբեր: Այստեղ նորությունն այն է, որ նաեւ հոգեւոր առաջնորդ Խամենեին, Իրանի հեռուստատեսությամբ ելույթ ունենալով, խոսեց Իրանի ներքաղաքական իրադրության վրա Փեհլեւիների գահատոհմի ազդեցության մասին: Անցյալում այդ մասին խոսում կամ գրում էին միայն փորձագետներըՙ լոկ դիպվածային ուշադրություն դարձնելով տարագրության մեջ ապրող թագակիր տոհմինՙ պատմելով գլխավոր գահաժառանգ Ջավիդ Փեհլեւիի գործունեության մասին եւ այն մասին, որ նա իր շուրջն է համախմբել ԱՄՆ-ի եւ Կանադայի, Ճապոնիայի եւ այլ երկրների իրանական համայնքների փոքր, բայց հարուստ մասը:
Սակայն իրանցի պատմաբան եւ քաղաքագետ Շիրին Հանթերը , ում վկայակոչում է haqqin. az հարթակը, գտնում է, որ թեեւ Փեհլեւիների ընտանիքը համակրանք է արտահայտում Իրանում բողոքի ցույցերի մասնակիցների հանդեպ, հայրենիքում իրադարձությունների ընթացքի վրա նրա ադեցությունը չնչին է: Նրա խոսքերովՙ շատ դժվար է բողոքի այդպիսի ելույթները կազմակերպել արտասահմանից, այնպես որ Ջավիդ Փեհլեւիի անունը շահարկում են տարատեսակ քաղաքական ուժեր ինչպես Իրանում, այնպես էլ արտերկրում:
Ինչ վերաբերում է մոջահեդների «Խալք» խմբավորմանը, որին Եվրոմիությունը 2009 թվականին հանեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, մասնագետների գնահատման համաձայն, այն պահպանում է Իրանի դեմ որոշակի ռազմական հարձակումներ գործելու, պարտիզանական պատերազմ մղելու կարողությունը: Թեհրանը ընդունում է անջատական խմբերի առկայությունը, գիտակցում իր համար էթնոքաղաքական հակամարտությունների վտանգավորությունը: Բայց առայժմ նրան հաջողվում է թույլ չտալ, որ իր տարածքում ձեւավորվեն այնպիսի զինված կազմավորումներ, որոնք իրական վտանգ կներկայացնեին երկրի տարածքային ամբողջականության եւ գործող վարչակարգի համար:
Խնդիրն այլ է: Երբ Իրանը, մի կողմից ԱՄՆ-ին, Իսրայելին եւ Սաուդյան Արաբիային մեղադրում է հուզումներ հրահրելու մեջ, նա փաստորեն խոստովանում է երկրում ազդեցիկ թշնամական խմբերի գոյությունը: Մյուս կողմից, երբ Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին տարածաշրջանի երկրներին նախազգուշացնում է ծանր հետեւանքների մասին, եթե ապացուցվի, որ նրանք մեղսակից են երկրում հուզումների հրահրմանը, դա նշանակում է, որ Թեհրանն առայժմ չունի համապատասխան փաստեր, թեեւ առկա է ԱՄՆ-ի (եւ ոչ միայն նրա) հայտարարությունները իրանցի բողոքավորների շարժմանն աջակցելու վերաբերյալ:
Առայժմ գործում է այն վարկածը, թե Իրանի բողոքի ցույցերը կառավարվում են դրսից, ինչը թվում է շատ պարզունակ: Իրանն այնուամենայնիվ ներքին տնտեսական ու քաղաքական համակարգային ճգնաժամի փուլում է եւ վաղ թե ուշ ստիպված կլինի բռնել բարեփոխման, թերեւս նաեւ ներքին վարչատարածքային վերակառուցման ուղին: Ինչպես կարծում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը , դեռեւս ուշ չէ, քանի որ բողոքի ելույթների օբյեկտիվ պատճառները չեն վերացվում եւ ապագայում դրանք կարող են առավել մասշտաբային բնույթ ստանալ, որոնք կարող են ունենալ խիստ անկանխատեսելի հետեւանքներ: