ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող
Հանրային խորհրդի նախկին նախագահ, պետական-քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի շուրջ համախմբված «Վերնատուն» անվամբ քաղաքական այրերի, կուսակցությունների ու խմբավորումների դեմ մեծ աղմուկ բարձրացավ: Այո, հավաքվածները մեծ մասամբ երկրի նախորդ իշխանությունների ժամանակ հասարակության ու պետության մեջ քիչ թե շատ լուրջ դերակատարություն ունեցած անձինք են: Կենսագրություն ունեցող անձինք, ոչ թե անփորձ երիտասարդներ: Մի՞թե կենսափորձ ունենալը «հանցանք» է: Ո՞վ ասաց, որ նորերի երեւան գալը պետք է նշանակի բոլոր նախկինների «ձայնազրկում»: Եթե նորեր են եկել, ուրեմն բոլոր նախորդները պետք է պապանձվե՞ն: Դա ի՞նչ մտածողություն է: Մանավանդ, նախորդ էլ կա, նախորդ էլ: Կա, որ մեղքեր է գործել պետության ու հասարակության դեմ, կա էլ, առանց որի անկարելի կլիներ մեր պետականության կայացումը:
Մեկը հենց Վազգեն Մանուկյանն ինքը: Մարդը եղել է նորանկախ Հայաստանի կերտողներից մեկը, երկրի առաջին վարչապետը: Միշտ չէ, որ համաձայն եմ եղել նրա հետ, բայց երբ նա 1996-ի նախագահական ընտրություններում միացյալ ընդդիմության առաջնորդն էրՙ ես հոգով-սրտով նրա կողմն էի:Ոչ միայն ձայն եմ տվել իրեն, այլեւ կարողացածիս չափով նպաստել եմ նրա գործնական հաղթանակին: Գործնական, քանզի, ինչպես հայտնի է, պարտված Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես դեռ այն ժամանակ էին ասումՙ Վանո Սիրադեղյանի ու եղերահիշատակ Վազգեն Սարգսյանի պահանջով պարզապես չհամարձակվեց ընդունել ընտրության արդյունքները: Ասեկոսեներ կային, թե ինքը ցանկացել էր այդ անելՙ զանգել Վազգեն Մանուկյանին ու շնորհավորել հաղթանակի առթիվ, բայց մերձավոր շրջապատը արգելել էրՙ սպառնալով հաշվեհարդարով: Առասպել է, թե՞ իրականությունՙ Աստծուն է հայտնի:
Բայց պատմությունը, ինչպես տեսնում ենք, կրկնվելու վատ սովորություն ունի: Եվ բոլոր նրանք, ովքեր, իբրեւ թե գործող վարչապետին սատարելու ազնիվ մղումովՙ այժմ անթույլատրելի հայհոյաբանությամբ հարձակվում են «Վերնատուն» ակումբի մեջ համախմբված քաղաքական կուսակցությունների, այրերի, պարզապես անհատ ակտիվիստների վրա, ըստ իսՙ ավելի շատ առաջնորդվում են ինքնապաշտպանական բնազդով: Նրանց բոլորին սարսափեցնում է առաջիկայում այնպիսի հզոր ընդդիմադիր բեւեռի ձեւավորման հեռանկարը, որը կարողանա լուրջ մարտահրավեր նետել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած քաղաքական ուժերին: Նկատի չունեմ անպայման այն հեռանկարը, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի պաշտոնաթող լինել: Ինքը բազմիցս ասել է, որ դրա մեջ իր համար ոչ մի ողբերգություն չի տեսնում (եթե այս պնդումը, իհարկե, փարիսեցիություն չէ): Բայց միանգամայն հնարավոր է, որ նոր ընտրություններում այլեւս խորհրդարանական բացարձակ մեծամասնություն չձեւավորվի: Այդ դեպքում վարչապետը չի կարողանա միակուսակցական կառավարություն կազմել, ստիպված կլինի քաղաքական դաշինքի մեջ մտնել խորհրդարանային մանդատներ ստացած մյուս ուժերից մեկ-երկուսի հետ: Իսկ դա նշանակում էՙ պաշտոնների այնպիսի հարկադրված վերաբաշխում, որը այսօրվա այս կամ այն պետական բարձրաստիճան պաշտոնյային դուրս մղի տաքուկ բազկաթոռներից:
Իմ դիտումներովՙ ա՛յս անհանգստությունն է գործող վարչապետին այսօր սատարողներից ոչ-քչերի գործողությունների իրական դրդապատճառը: Ոչ թե ազնիվ եւ անշահախնդիր նվիրվածություն վարչապետին, այլՙ կառչածություն բազկաթոռների՛ն: Դա ոչ թե հայրենասիրություն է, այլՙ պաշտնամոլության բացահայտ դրսեւորում: Հայրենասեր մարդը չի կարող չհասկանալՙ առողջ եւ հզոր ընդդիմության ձեւավորումը բխում է մեր պետության կենսական շահերից: Աշխարհում իրական ընդդիմություն չունեցող դեռ ոչ մի պետություն որեւէ հաջողության չի հասել, չի հզորացել:
Ուստի ընդդիմադիր կենտրոն կամ կենտրոններ ձեւավորող յուրաքանչյուր մարդ, որն ուզում է լինի, արժանի է հարգանքի ու պաշտպանության: Մեծ Բրիտանիայում, օրինակ, իրենց ընդդիմությանը խորին հարգանքով անվանում են Նորին Մեծության ընդդիմություն, որը, պատկերավոր ասած, թույլ չի տալիս, որ իշխանությունն այլասերվի: Այսինքն, անտառի այն գայլի դերն է կատարում, որը հոշոտում է հիվանդ ու թույլ եղնիկներին, նպաստելով… առողջների բազմացմանը: Այնպես որՙ հիվանդագին չընդունե՛նք մեզանում իրակա՛ն ընդդիմության ձեւավորումը: