Թուրքիայում հայկական համայնքի ներկայացուցչիների վարքագիծը սովորաբար առնչվել է վախի մթնոլորտի առկայության հետ: Վախՙ արտահայտվելու եւ գործելու, ինչպես նաեւ ցույց տալու իրենց իսկական ինքնությունը մի հասարակությունում, որտեղ ատելության մութ ուժերը մինչեւ օրս էլ շարունակում են խաթարել մարդկանց մտածողությունը: Այդ վախը արդարացված է: Դրա համար ունենք հիմնավոր պատճառ: Ցեղասպանության հիշողությունը փոխանցվել է սերնդե սերունդ, այն պահպանվել է նույնիսկ եթե դրա մասին բարձրաձայն չենք արտահայտվել: Թուրքական դպրոցներում հայ երեխաներին սովորեցրել են, որ նրանք դավաճանական մի ցեղի ժառանգներն են, դրանով նրանցում սերմանելով ատելություն իրենց սեփական ինքնության նկատմամբ:
Ցեղասպանությունն ու նրա պատմական ազդեցությունը շարունակ ընդլայնվել, մեծացել ենՙ փոքրամասնությունների հանդեպ չընդհատվող հետապնդումներով, Ստամբուլում 1955-ի սեպտեմբերի 5-ի կոտորածների կազմակերպումով, հայերի, հույների եւ հրեաների վրա դրված ունեցվածքի խստագույն հարկերի կիրառումով, ինչպես նաեւ 1940-ականներին դեպի Աշկալեյի աշխատանքային գաղութները նրանց տարագրելու միջոցով:
Բացի դրանցից, թուրքական կառավարության առաջնորդները մշտապես ահաբեկել են հայերին, զգուշացնելով, որ եթե 1915-ի դասերը հայերը լավ չեն յուրացրել, ապա կարժանանան ավելի դաժան վերաբերմունքի: Նախագահ Թուրգուտ Օզալի 1993-ին ասված խոսքերն են: Նրան հաջորդած առաջնորդներից վարչապետ Թանսու Չիլլերն ու ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ մի առիթ բաց չեն թողել սպառնալու վերաբնակ հայերին, որ կվտարվեն Ստամբուլից:
Հայկական համայնքը նման սարսափի պայմաններում էր ապրում, երբ հանկարծ լսվեց տարբեր, հանդուգն մի նոր ձայն: Դա Հրանտ Դինքի ձայնն էր, որ սարսուռ առաջացրեց համայնքում: Երկրի առաջնորդներն ու քաղաքացիները չէին հավատում, որ հայ էթնոսին պատկանող մեկը այդքան անխոհեմ կգտնվի եւ կփորձի թոթափել ստրկության այն շղթաները, որ երկար ժամանակ փակի տակ էին պահել հնազանդ հայ համայնքին:
Նախքան Թուրքիայի հասարակությանն ուղղելու իր պատգամը, Դինքը զարմացրեց հայկական համայնքի ներկայացուցիչներին հրատարակելով «Ակօս» շաբաթաթերթը թուրքերեն լեզվով, հայերենին հատկացնելով միայն մեկ էջ: Մինչ լեզվի ընտրությունը գործնականում հասկանալի էր, հայերից շատերը շտապեցին այդ մոտեցումը մայրենի լեզվի հանդեպ դավաճանություն բնութագրել:
Հայերը Թուրքիայում մի քանի պարբերականներ ունեն, բայց հիմնականում երկուսն են ճանաչված որպես հայկականության հովանավորներ: Դրանք «Մարմարա» եւ «Ժամանակ» օրաթերթերն են, որոնք շարունակում են լույս տեսնել ի գին բազում դժվարությունների, զոհողությունների եւ համայնքի փոքրանալու հետեւանքում նաեւ բաժանորդների նվազեցման:
Տասնամյակներ շարունակ համայնքային դպրոցներում հայոց լեզվի դասավանդման վրա դրված սահմանափակումները բացասական ազդեցություն են թողել նրա մասնագիտական զարգացման վրա: Փոխարենը թուրքերենն է դարձել բոլոր փոքամասնությունների իրար հետ հաղորդակցվելու առօրյա լեզուն: Մյուս կողմից արտագաղթի հետեւանքով գաղութի նվազեցմանն առընթեր շրջաններից եկած հայ երիտասարդները, թեեւ համալրել են շարքերը եւ աչքի ընկնող դիրքերի ու հարստության տիրացել, բայց նրանք միայն թուրքերեն են խոսում: Հրանտի նախաձեռնությունը համապատասխանում էր նրանց պահանջներին: Նրանք հայերեն չէին խոսում, բայց հայրենասեր էին, եւ հայկական ժառանգության հանդեպ նախանձախնդիր:
Հրանտ Դինքը համայնքի անունից չէր խոսում, բայց համայնքի պահպանողական շրջանակները վախենում էին, որ իր այդ քայլով կվտանգի երկրի ամբողջ հայերի ապահովությունը: Նրանք թշնամանքով էին վերաբերվում Դինքին, հատկապես երբ նա բառերը չխնայելով քննադատում էր հովանավորչությունն ու կաշառակերությունը հայկական համայնքում: Նրա պատգամը երիտասարդների զգայուն թելերին էր դիպչել, բայց նաեւ իր արձագանքն էր գտել քրդերի շրջանում, քանի որ համահունչ էր նրանց ազատագրական ձգտումներին:
Դինքը միաժամանակ դարձել էր թուրք ազատական եւ կրթված խավի խոսնակը: Շատ ականավոր թուրք գրողներ, ինչպես օրինակ Բասքըն Օրանը, դարձել էին «Ակօսի» կանոնավոր նյութեր հայթայթողները, դրանով իսկ բարձրացնելով թերթի վարկը թուրքական մտավորականության եւ քաղաքական գործիչների շրջանում:
Հրանտը պաշտպանում էր ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: Նա անդրդվելի էր փոքրամասնությունների իրավունքները խթանելու հարցում: Մինչ թուրքական իշխանությունները ամեն ջանք գործադրում էին վերացնելու համար հայկական ինքնության հետքերը Թուրքիայի հանրապետության սահմանների ներսում, նա, ի հակադրություն այդ քաղաքականության, հպարտությամբ հայտարարում էրՙ «Ես երկու ինքնությունների կրողն եմ: Նախՙ ապրելով Թուրքիայումՙ ես Թուրքիայի հանրապետության քաղաքացի եմ, եւ երկրորդ… ես հայ եմ»: Նա հետազոտություններ կատարելով մեկը մյուսի ետեւից հոդվածներ սկսեց հրատարակել Թուրքիայի պատմությանը, լեզվին, մշակույթին եւ տնտեսությանը հայերի բերած նպաստի վերաբերյալ: Այնուհետեւ նրա ձեռքն ընկավ մի հաղթաթուղթ, երբ պարզեց, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգրած դուստրըՙ Սաբիհա Գյոքչեն, որին թուրքերը հերոսացրել էին որպես կործանիչի առաջին կին օդաչուն եւ որի անունով օդանավակայան էր գործում, հայ որբուհի էր եղել: Փաստի հրատարակման արդյունքում մահվան սպառնալիքներ ստացավ նա:
Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա պաշտպանական ջանքերն է՛լ ավելի գրգռեցին կառավարական շրջանակներին եւ մոլեռանդ ազգայնականներին: Նա անթաքույց արտահայտվում էր հայկական ամենատարբեր հարցերի մասին եւ դրա համար էլ երեք անգամ դատական կարգով հետապնդվել է քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով, որ պատիժ է նախատեսում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են վիրավորանք հասցնել «թուրքականությանը»:
Նա հասարակա-քաղաքական կյանքը փոփոխելու առաքելություն էր վերցրել իր վրա, որն իրեն ստիպում էր դուրս գալ հայերի եւ թուրքերի իրար հանդեպ ունեցած ավանդական շրջանակներից եւ ձեռնոց նետել հին մտածելակերպին: Թուրքերի համար հայերը դավաճաններ էին, որոնք արժանի էին այն պատժին, որին արժանացան: Հայերի համար թուրքերը անողոք ու անպատկառ, միջոցների մեջ խտրականություն չդնող «մսագործներ» էին: Դինքը հավատում էր, որ թուրքերին կրթելով կարելի էր հասնել երկու կողմերի համերաշխ գոյատեւմանը:
Մինչ հայերից շատերի համար Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցելը վտանգավոր քայլ էր համարվում, Դինքի կարծիքով պատմական իրական փաստերի հետ առնչվելը կարող էր դուրս մղել նրանց իրենց նեղ մտածելակերպից եւ փոխադարձ հաշտեցման ուղիներ բացել նրանց առաջ:
«Երբ ճանաչողության, իրազեկության սերմերն ես ցանում մի հասարակությունում, որտեղ գիտելիքն ազատորեն չի փոխանցվում, ապա ինքնաբերաբար պարադոքս է առաջանում», ասում էր նա եւ եզրակացնում. «Ի վերջո այնպես չէ, որ թուրք հասարակությունը գիտի ճշմարտությունը եւ ժխտում է այն: Ո՛չ, նա չգիտի ճշմարտությունը եւ պաշտպանում է այն, ինչն իր կարծիքով ճշմարիտ է»:
Այդուհանդերձ, «ճանաչման» Դինքի հասկացությունը տարբերվում էր ավանդականից:
Հայերից ոմանք հոնքերը կիտեցին, երբ նա բացահայտեց իր փիլիսոփայությունը նշելով, որ հաջողության կարելի է հասնել ոչ թե դատական որոշումներով կամ սահմանափակող օրենքներով, այլ վիճարկելու մթնոլորտ ստեղծելով, որը հնարավորություն կտար փոփոխել մտածողությունը: «Առանց հասկանալու, ճանաչումը կամ ժխտումը չի կարող ձեռնտու լինել կողմերից ոչ մեկին», ասում էր նա:
Եղավ ժամանակ, երբ Դինքի ուղերձը գրավեց թուրք հասարակության լայն շրջանակներին, եւ Էրդողանի վաղ շրջանի քաղաքականությունը բխում էր այդ մթնոլորտից: Շատերն սկսեցին հավատալ, որ Թուրքիայում վերջապես ժողովրդավարություն է հաստատվում: «Թուրքիան փոխվել է», ասում էին Դինքին իր արտասահման կատարած այցելությունների ժամանակ, մինչեւ որ Էրդողանն իր իսկական դեմքը ցույց տվեց: Պարզվեց, որ նա իրականում հենվում է արմատական իսլամի վրա, որպես սկզբունք, որն իրեն մի հաջողությունից մյուսին հասցրեց, մինչեւ որ նա ձեռք բերեց անպարտելիության զգացմունք Թուրքիայում եւ այլուր:
Եվրոմիության պահանջներին համապատասխանելու համար, Թուրքիան պաշտոնապես վերացրեց մահապատիժը: Բայց մյուս կողմից սպանությունների ու քրդերի զանգվածային կոտորածների արյունալի ռեկորդներ սահմանեց «Խորքային պետության» իրականացրած գործողությունների միջոցով, որը պարզվեց, որ համագործակցում է MIT-իՙ Թուրքիայի գաղտնի գործակալության հետ:
Հիշեցնենք, որ «Խորքային պետությունը» օգտվել էր Ահմեդ Ալի Աղչայի ծառայություններիցՙ սպանելու համար ճանաչված լրագրող Աբդիլբեկչիինՙ 1979-ին: Որոշ ժամանակ անց նրան ազատ էին արձակել, որպեսզի փորձի սպանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ինՙ 1981-ին:
«Խորքային պետությունը» վաղուց էր թիրախավորել Դինքին, բայց վերջինս իրեն ապահով էր զգում, քանի որ ճանաչված էր եւ մեծ ժողովրդականություն էր վայելում: Իր վերջին խմբագրականում նա գրում էր, որ իրեն «վախվորած աղավնու» պես է զգում, բայց ավելացրել էր, որ «Թուրքիայում մարդիկ չեն վնասում աղավնիներին»:
Նա սխալվում էր: 2007 թվի հունվարի 19-ին «Ակօս» թերթի խմբագրատան առաջ նրան զգետնեց Օգյուն Սամասթ անունով մի երիտասարդ, որ հայտնեց, թե թուրք ազգայնական է: Ոստիկանությունը ձերբակալեց նրան, բայց վերաբերվեց նրան որպես հերոսի, որի կողքին շատերն էին ուզում լուսանկարվել:
Դինքի հուղակավորությանը հարյուր հազարավոր մարդիկ մասնակցեցին «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կոչերով:
Չնայած մարդասպանին մեղավոր ճանաչեցին եւ 13 տարվա բանտարկության ենթարկեցին, ոճրագործության իրական մտահղացողները այդպես էլ խուսափեցին արդարադատությունից:
Դինքի սպանության 13-րդ տարելիցի հիշատակությունների առթիվ ցույցեր տեղի ունեցան Բալըքլի հայկական գերեզմանատան իր հողաթումբի մոտ եւ Օսմանիյե թաղամասում «Ակօսի» նախկին խմբագրատան առաջ: Ելույթներ ունեցան մի շարք քաղաքական դեմքեր եւ լրագրողներ: Հատուկ ուշադրության արժանի էր Կարո Փայլանի մասնակցությունը եւ ներբողը: Նա շարունակում է Դինքի փիլիսոփայությունը եւ խիզախորեն պայքարում հանուն դրա կենսագործմանը:
Թուրքական իշխանությունները մի անգամ եւս ցույց տվեցին իրենց դիրքորոշումը փակելով երթեւեկությունը դեպի Հարբիյե, որտեղ հիշատակի արարողություն էր տեղի ունենում: Այդ շրջանի մետրոյի կայարանը նույնպես փակ մնաց երեք ժամ:
Այսօր, մահացած Հրանտ Դինքն ավելի վտանգավոր է, քան նախկինում ապրող Հրանտ Դինքը, որովհետեւ նրա առաքելությունը, նպատակներն ու գաղափարները դրոշմվել են միլիոնավոր թուրք քաղաքացիների մտածողության մեջ: Թուրքիայի կառավարությունը այլեւս չի կարող հետապնդել կամ կալանավորել նրան: Նա, ավելի ներկա քան երբեւէ, դեռեւս ողջ է եւ ակտիվՙ շնորհիվ իր քարոզած սկզբունքների: Նա մնում է մարդու իրավունքների անխոնջ մարտիկը, ռահվիրանՙ ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)