Փաշինյանը վախենում է կորցնել իշխանությունը: Նրան կարելի է հասկանալ: Բացի շռայլություններից, որոնցից կարող է զրկվել անմիջապես, կա մեկ այլ կարեւոր պատճառ եւս. նա քաջ գիտակցում է՝ հենց ազատեց վարչապետի աթոռն ու չունեցավ իրավական համակարգին հրամաններ արձակելու հնարավորություն, լավագույն դեպքում՝ հայտնվելու է մեղադրյալի աթոռին (իրավաբանները բազաթիվ պատճառներ են նշել ,թե ինչու՝ միջամտություն դատական համակարգի գործերին, ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվության փոխանցում Ադրբեջանին՝ ականապատ քարտեզների տեսքով, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում եւ կարեւոր ռազմավարական բարձունքների հանձնում թշնամուն՝ բանավոր փոխըմբռնմամբ եւ այլն):
Ադրբեջանն ու Թուրքիան էլ վախենում են կորցնել Փաշինյանին: Եւ սա պարզապես հույզերից բխող ձեւակերպում չէ: Բավական է հիշել դեպքեր, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ են: Երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց ու պահանջեց Փաշինյանի հրաժարականը, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն անմիջապես իր աջակցությունը հայտնեց Հայաստանի իշխանություններին եւ դատապարտեց հեղաշրջման փորձը: 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները ցնծությամբ ընդունեցին Ադրբեջանում: Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի պատվին Շուշիում ադրբեջանցիները հրավառություն կազմակերպեցին, իսկ սոցցանցերում ողջունեցին նրա հաղթանակը:
Փաշինյանն այն մարդն է, ով վերացնում է խոչընդոտները Թուրքիայի եւ Ադրբեջանի` վաղեմի երազանքների իրականացման ճանապարհին, նպաստում տարածաշրջանում նրանց դիրքերի հզորացմանը՝ սեփական երկրի անվտանգության, պետականության ու տարածքների հաշվին:
Պարզ է, որ թուրքերի ու ադրբեջանցիների ծրագրերը դեռ լիարժեք իրագործված չեն, եւ Փաշինյանը նրանց պետք է օդ ու ջրի պես: Հատկապես, երբ նա նաեւ անողոք պայքար է տանում թուրքական օրակարգը մերժողների, ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության հարցը առաջ մղողների դեմ:
Եւ զարմանալի զուգադիպությամբ՝ հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ իրենց ծրագրերին խանգարում են Հայաստանի եւ սփյուռքի հայ «ռադիկալներն» ու իրենք «վճռականորեն կանխելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը դեմ Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների գործողությունները», Փաշինյանի իշխանությունը սկսեց պայքարը նաեւ Սփյուռքի՝ հատկապես ՝ դաշնակցական գործիչների դեմ: Նրանց մուտքը հայրենիք արգելված է: Իշխանության այս գործողությունները առարկայացնում են այն պնդումը, թե Փաշինյանը ծառայում է թուրք-ադրբեջանական օրակարգին: Ու սա արդեն դավադրության տեսություն չէ, իրական դավադրություն է:





