Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Ucom ողջ տնօրինությունը, ինչպես նաեւ առանցքային մոտ 50 աշխատողներ հրաժարական են տվել։ Այդ ամենը հետեւանք է այդ ընկերության բաժնետերերի եւ հիմնադիր ղեկավարների միջեւ առկա հակասության։Civilnet-ը հաղորդում է, որ Հայաստանի կապի օպերատոր եւ լայնաշերտ ինտերնետի ոլորտի առաջատար «Յուքոմի» ղեկավար անձնակազմն ամբողջությամբ հրաժարական է տվել։ Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին «Յուքոմի» ղեկավարները։ Հրաժարական տված անձանց թվում են նաեւ Ալեքսանդր եւ Հայկ Եսայանները։ Եղբայրները «Յուքոմի» հիմնադիրներից են։Պատճառը «Յուքոմի» ղեկավարների եւ բաժնետերերի միջեւ սկիզբ առած հակասություններն են։ Թեեւ Եսայան եղբայրներն իրենց թիմով էին հիմնել ընկերությունը, հետագայում այնտեղ բաժնեմասեր էին ձեռք բերել նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներն ու ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանըՙ իր բանկի եւ մերձավորի միջոցով։ Եսայան եղբայրների բաժնեմասը 6 տոկոս էր, նրանց էր վստահված նաեւ կառավարումը։Գագիկ Խաչատրյանի որդիների ու ընկերության կառավարիչների միջեւ հակասություն է սկսվել այն պահից, երբ պարզ է դարձել, որ կառավարումն իրականացնելու են «Բիլայնի» կողմից նշանակված մարդիկՙ դուրս մղելով Եսայան եղբայրներին եւ հիմնադիր թիմը։«Յուքոմ»-ի կառավարիչներից մեկը ՍիվիլՆեթին հայտնեց, որ բացի Խաչատրյաններից, տարաձայնություններ կան նաեւ Սամվել Կարապետյանի բաժնեմասը տնօրինողների հետ, կա նաեւ անհամաձայնություն ռազմավարական պատկերացումների շուրջ։«Յուքոմ»-ում հրաժարական ներկայացրած անձանց թվում են բոլոր բաժինների տնօրենները, այդ թվում ֆինանսական, իրավաբանական, կադրային եւ այլն։ «Յուքոմի» եւ «Բիլայնի» միջեւ պաշտոնական գործարք չի եղել։ |