Գիշերը կանգ առավ հանկարծ, միանգամից: Իրերը գիշերվա մեջ ուրիշ տեսք ունեն, ավելի են անհաղորդ, իրենք իրենց մեջ ամփոփված, վանող: Թափանցել դրանց դիմադրության մեջ չի լինում. օնիքսե լուսամփոփըՙ մորս վերջին հիշողությունը, դա էլՙ զարմանալի, բայց նմանվել է մյուսներին, զգայական կապը խզվել է: Իրերն իրենց աշխարհն ունեն, իրենց բնույթը, խառնվելն իմաստ չունի:
Կարդալ չի լինում: Լսե՞լ, բայց ի՞նչ, հիմա միայն մեկ բանի մասին են լսեցնել տալիս,- աաա՜, մեծ ձանձրույթինՙ սպառված թեմաների, հաջորդում է անապատացումը: Բայց երաժշտությունը դուրս է սրանից, օրհնություն է: Հիմա նա էլ է լռած: Աջիցՙ անձրեւի կաթոցքըՙ ալյումինե խողովակի հետ ձայնող, ձախիցՙ միտք սղոցող պատվաստանյութը:
Երբ մարդիկ քայլում էին փողոցներում, փողոցը շարժվում էր ու դիտարժան էր, փողոցը ձայն ուներ: Հիմա լուսնի շեղբը աննկատ սանրում է փողոցները, վերահսկում չկայացած համբույրները: Իրականում լուսին չկա, հնարում եմ:
Դու ասում էիրՙ 20-րդ դարում մարդն արվեստից դուրս է դրվել: Ստացվում էՙ արվեստի մեջ է ապագայի կոդը: 21-րդ դարում մարդն անհետանում է կյանքից: Փողոցը կյանքն է…
Ինչպիսի՜ իրոնիկ ձեւակերպումՙ վերացարկված կյանք, աբստրահանված վիճակագրություն…
Փողոցները նմանվում են Դալիի նկարներին, իրերը կորցրել են երկրի ձգողականության համը: Ռենե Մագրիտը հարյուր տարի առաջ նկարել է այսօրվա սիրող զույգերին:
Թվայնացում – անիծյալ 5G, որ չես թողնում քնենք. զուր չէր, որ թվերի հետ հաշտ չէի:
Ո՞ւմ համար են ժամացույցի սլաքները պտտվումՙ քունքերս մաշում, գիշերվա անդորրը խառնում: Երբ երեխաները մանկությունը կորցնում են մեկ գիշերում: Երբ փոքրիկ տղայի լավ երազը կորոնավիրուսի չքվելն է ամեն տեղից… Երբ մանկության համար պատասխանատու չկա…
Իսկ զզվելի TV – ները չարագուշակ տարածում են, թե շոգը կապ չունի, ամռանը զուր մի սպասեք: Ու մեր զգայությունները բթանում են այնպես, որ ոչ միայն ամռանը, սիրածդ մարդուն էլ չես սպասում: Մինչդեռ այնքան սպասում էիր, որ բալենին ծաղկի, բայց աչքերդ չտեսան…
Գիշերվա մեջ դավեր են նյութվում, իսկ պատվաստանյու՞թ… Անձրեւը գիտիՙ ինչ է անում, ինքն էլ է հոգնել, բայց կեղծիքի հաստ շերտը ինչպե՞ս մաքրի 4 օրում, 40 օրում, 400 օրում…
Ոչինչ չի կատարվում. գիշեր, ցերեկ մեկ էՙ տարբերություն չկա: Գործողության վայրը մեկն էՙ ուղեղը, դերակատարը մեկն էՙ միտքը: Նկարագրությունըՙ ջղաձիգ, արագաշարժ, սոսնձվող, բնույթըՙ անհավանական դրամատիկ:
Ինքնաթիռները ներքեւում են, գնված տոմսերը ժամկետանց են, օդային տարածքները վերահսկվում են, բոլոր մուտքերը փակ են, էլեկտրամագնիսական դաշտը մուգ մանուշակագույն է ու շատ խիտ: Բայց տես որ միակ դերակատարը սողոսկում է ամենուր: Մտքի ուրվականնե՜ր, անարգել թռչում եք աշխարհի ուզածդ ծայրըՙ լույսի արագությունից էլ արագ:
Քնել չի լինում: Մեր բոլորի կորսված գարունըՙ 4, 5, 6 միլիարդի, վերադարձնել է հարկավոր, հենց մտքի ուժով, երեւանյան գիշերվա սառը անձրեւի տեսքով:
Ի հեճուկս:
Ի դիմադրություն: