ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր
(Հին դարերի խորքից)
Հին Արեւելքի սեպագիր տեքստերում տեղեկություններ են պահպանվել օձի եւ թռչունի շփումից առաջ եկած «չար դեւի» սարսափելի վարակի մասին: Ես արդեն նշել եմ իմ գրավոր եւ բանավոր ելույթներում, որ հայերեն հարյուրավոր ուրիշ բառերի հետ «վարակ» բառը նույնպես տարածված էր աքքադական եւ բաբելոնյան լեզուներում տարբեր բարբառային ձեւերով:
Վերջերս կորոնավիրուսի աշխարհավեր տարածման եւ վարակիչ բռնկումների ընթացքում ես հիշյալ սեպագիր տեքստերում Հին աշխարհի մարդկանց պատուհասած գետերի վարարումների կամ այլ չարաղետ ախտերի հետ միասին հայտնաբերեցի նաեւ հաղորդումներ ճիշտ այդպիսի սարսափելի վարակի մասին: Այն ժամանակվա սովորության համաձայն, չարիքի պատճառ որեւէ կենդանու կամ երեւույթի անուն արգելված (տաբու) էր հիշատակել: Այդ պատճառով օձը գրավոր տեքստում կոչվում էր «պարան», ինչպես պատահում է եւ մեր գյուղական վայրերում, իսկ վարակի պատճառ թռչունն անվանում էին անորոշ «թեւ» կամ «թեւավոր» ձեւով: Ինձ հայտնի են Հին Արեւելքի մի քանի տեսակ չղջիկներ, բայց ակնարկված հնագույն չարիքի պատճառը օձի եւ արծվի մտերմությունն է: Տեքստերից մեկը պատմում է այն մասին, թե ինչպես էին օձը եւ արծիվը միասին կերակրվումՙ հավանորեն արծվի բերած որսով: Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար I-ի օրոք (մ.թ.ա.1114-1076) «նրա երկրի երկնքում վխտում էին անհամար արծիվներ»:
Օձի եւ հատկապես վիշապ օձի հմայելու կարողության մասին հին հեքիաթները բոլորովին էլ պարապ տեղը չեն հյուսվել: Եվ ահա, մի այդպիսի մտերմական նախաճաշի կամ հրամենքի ժամանակ «օձը միջից պատռում է հմայված արծվին (հավանորեն պոչով), ինչպես որսորդի ցանցի մեջ ընկած զոհ» եւ նրա անկենդան դին (pogre) դառնում է սողունի բաժին: Թերեւս այդ լեշից օձի սնվելու հետեւանքով «չար դեւը» տարածում է սարսափելի վարակ, իսկ «չար դեւի» աստղակերպն է ոչ թե օձը, որքան էլ զարմանալի է, այլ արծիվը: Հիվանդության գլխավոր ախտանիշն է համարվում տենդը (իմաՙ ջերմախտը), որի հետեւանքով, համաձայն սեպագիր տեքստերի, տեղի է ունենում մարդկային ցեղի բնաջնջում, կենդանիների այլակերպում, ապագա սերնդի սեռազրկում, մարդկանց տեղահանում եւ այլն: Ապաքինման համար նշվում է կախարդանք, դիվահարությունը վանելու հմայանք եւ բուժման «դեղատոմսեր», բայց բուն բուժամիջոցները ինձ դեռ չեն հանդիպել այս կարճ ժամանակի ընթացքում:
Այսօր, մի կողմից համատարած տագնապի, իսկ մյուս կողմիցՙ թեթեւամիտ անհոգության եւ կասկածամիտ վերաբերմունքի պատճառով հարկ եմ համարում իմ ունեցած այս տեղեկությունները առաջին ձեռքից հրապարակելՙ իմ ընթերցողներին իրազեկելու եւ զգոնության ու զգաստության կոչելու համար: