Կորոնավիրուսով պայմանավորվածՙ արտակարգ դրությունը մշակույթի համար անսովոր կենսակերպ ստեղծեց: Երկու ամսից ավելի թատրոնները, կինոդահլիճները, թանգարանները, գրադարանները, համերգասրահները փակ են: Բոլորն էլ ԿԳՄՍ նախարարության հրահանգով առցանց նախագծեր են իրականացնում, փորձում կապը պահպանել հանրության հետ, բայց ինչ էլ լինի, թատրոնը, համերգասրահը, կինոդահլիճը հանդիսատեսի կարիք ունեն, թանգարանըՙ այցելուի: Վիրտուալ հանդիսատեսի ու այցելուների թիվն ավելի մեծ է, քան իրական արվեստասերներինը. առցանց ներկայացումները մինչեւ 5000 դիտում են ունենում, բայց եթե այսպես շարունակվի, արվեստի օջախները նոր ստեղծագործություններ չեն կարող ներկայացնել: Թատրոնները, երգչամբերը, նվագախմբերը երկու ամսից ավելի փորձեր չեն անում:
Երկու շաբաթ առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպման է հրավիրել ստեղծագործական խմբերի ղեկավարներինՙ քննարկելու, հասկանալու, թե ինչ կարելի է անել հարկադիր պարապուրդից դուրս գալու համար: Բոլորն են համակարծիքՙ պետք է աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքին, իսկ դրա համար պետք է դուրս գալ մեկուսացումից:
Թատրոնի ղեկավարների համար հարկադիր պարապուրդը սպանիչ է. հերիք չէՙ դահլիճների դռները փակ են, ելումուտ չկա, դեռ մի բան էլ ոչ մի նոր ներկայացում չի պատրաստվում: Նրանց կարծիքովՙ պարետը պետք է թատերական խմբերին թույլ տա փոքր կազմերով, սոցիալական հեռավորություն պահպանելովՙ սկսել նոր ներկայացումների փորձերը: Փոխնախարար Արա Խզմալյանը եւս այն կարծիքն է, որ կարելի է առաջին փուլի համար օգտագործել բացօթյա տարածքները: Նա մատնանշում է Կամերային երաժշտության տան բակը, օպերային թատրոնի կամ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բաց պատշգամբները: Այնտեղ կարող են անգամ նվագախմբերը փորձեր անել:
Մշակույթի պետական կառույցների աշխատակիցների աշխատավարձերը պարապուրդի ժամանակ լիարժեք պահպանվել ենՙ միջինը 90-130.000 դրամ, բայց գաղտնիք չէ, որ եկամուտներն ավելի շատ գոյանում են ներկայացումների, համերգների, թանգարանների տոմսերի վաճառքից: Ֆինանսական դժվարություններն անխուսափելի են: Ինչպե՞ս են ապրելու արվեստի մարդիկ ու հատկապես անհատ ստեղծագործողները, որոնք ոչ մի կառույցում ընդգրկված չեն: Թատրոնները պետք է սկսեն նոր ներկայացումների վրա աշխատել, որպեսզի, տա Աստված, երբ մշակութային կյանքը նախկին հունին վերադառնա, հանդիսատեսին ներկայացնելու բան ունենան:
Ֆրանսահայ բեմադրիչ, դերասան Ժիրայր Փափազյանն առաջարկում է անցնել բացօթյա ներկայացումների ձեւաչափին, որն աշխարհում վաղուց ընդունված մշակույթ է: «Ոչ միայն Երեւանում կան բացօթյա հրաշալի տարածքներ, պուրակներ, այլեւ Հայաստանի տարբեր վայրերում: Կարելի է լայն տեսադաշտում ներկայացումներ բեմադրել, որտեղ դերասանները, միմյանցից մի քանի մետր հեռավորություն պահպանելով, կխաղան: Անգամ պատկերացնում եմՙ ինչ պիսներ են հարկավորՙ դասականներ: Դասական պիեսներում կերպարները, որպես կանոն, չեն գրկախառնվում, չեն համբուրվում. ինտիմ տեսարաներ չկան: Այնպես որ, կորոնավիրուսի պայմաններում դասականներն ամենալավ տարբերակն են: Վաղուց եմ ասել, որ այս ձեւաչափը պետք է կիրառել նաեւ ոչ համավարակային ժամանակներում»,- կարծում է Ժիրայր Փափազյանը:
Ի՞նչ կորոշի պարետ Տիգրան Ավինյանը, շուտով պարզ կդառնա: Ամեն դեպքում, մշակույթի մարդիկ տրամադրված են բնականոն կյանքի վերադարձինՙ թեկուզ աստիճանաբար: