Ութսունամյա պրոֆեսոր Էրիկ Փափազյանը բնակվում է Օսլոյի մոտ գտնվող Բերում կոմունայում: Բանասիրության մագիստրոս է սկանդինավյան լեզուների գծով, Օսլոյի համալսարանի լեզվաբանության եւ սկանդինավյան ուսումնասիրությունների ամբիոնի դոցենտ է մոտ 40 տարի: Մասնագիտացել է մասնավորապես նորվեգերենի բարբառների մեջ: Գրել է այս թեմայի ներածությունն իր գործընկեր Բոթոլվ Հելելանդի հետ միասին (հրատարակվել է 2005-ին): Հետաքրքրվում է նաեւ լեզվաբանական ընդհանուր տեսությամբ, լեզու սովորելու եւ խոսքի ու գրելու առնչակցության վերաբերյալ գրքերի հեղինակ է:
Էրիկ Փափազյանի հետ կապի մեջ եմ 2001 թվականից, երբ աշխատում էի հայ-սկանդինավյան պատմամշակութային հարաբերությունների եւ Սկանդինավյան երկրներում հայկական ներկայության վերաբերյալ իմ հետազոտության վրա: Մենք նաեւ հանդիպեցինք երկու անգամ` Հայաստանում եւ Նորվեգիայում: Փափազյանն ինձ օգնել է թարգմանել 15-րդ դարի անանուն հայ հեղինակի մի բանաստեղծություն շվեդերեն (տպագրվել է «Նոր հորիզոն» շվեդահայ ամսագրում), ինչպես մեր խնդրանքով թարգմանել է Էլդա Գրինի «Ձեռքերը» պատմվածքը անգլերենից նորվեգերեն, որն ընդգրկվել է այս պատմվածքի բազմալեզու հրատարակության մեջ (2010, Երեւան)…
– Էրիկ, կցանկանայի մեր զրույցը սկսել ձեր մասնագիտության վերաբերյալ որոշ հարցերից: Հայոց լեզվում անցյալ դարի ընթացքում շատ բարբառներ անհետացել են: Ինչպե՞ս է իրավիճակը Նորվեգիայում: Գիտեմ, որ, օրինակ, Իտալիայում բարբառները գտնվում են պետական հոգածության ներքո, կան տարբեր բարբառներով հրատարակություններ, թատերախմբեր…
– Նորվեգիան հաճախ կոչում են «Եվրոպայի բարբառների դրախտը», քանի որ այստեղ բարբառները դեռ կենդանի են եւ հանրայնորեն ընդունված: Դրանք հրապարակայնորեն օգտագործվում են մտավորականների եւ քաղաքական գործիչների ելույթներում, թատրոնում, կինոյում, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Շատ երիտասարդներ բարբառն օգտագործում են նաեւ որպես գրավոր լեզու համացանցումՙ Ֆեյսբուքում եւ այլուր: Իրավիճակը բոլորովին այլ է, քան Շվեդիայում եւ Դանիայում: Պատճառը Նորվեգիայի քաղաքական եւ լեզվական պատմությունն է, որը տարբերվում է հարեւան երկրների պատմությունից: 400 տարի Նորվեգիայի վրա իշխում էր Դանիանՙ լինելով նրա հետ մեկ միության մեջ (մոտ 1400-ից մինչեւ 1814-ը), եւ որպես գրավոր լեզու օգտագործվում էր դանիերենը (սկանդինավյան լեզուները սերտորեն կապված են միմյանց`բարբառների պես): Այդ պատճառով վերին դասակարգը զարգացրեց խոսակցական դանիա-նորվեգերենը, որը 1814-ին Դանիայի հետ միությունը խզելու եւ ազգային ռոմանտիզմի պատճառով աստիճանաբար փոխարինեց գրավոր դանիերենին: Այս խոսակցական եւ գրավոր դանիա-նորվեգերենն այժմ պաշտոնապես կոչվում է բուքմոլՙ գրքային կամ գրական լեզու: Ցածր դասակարգը շարունակում էր խոսել նորվեգերենի բարբառներով, իսկ 19-րդ դարում կառուցվեց բարբառների վրա հիմնված գրավոր լեզու, որը կոչվեց նյունորսկՙ նոր նորվեգերեն: Բայց այն երբեք չփոխարինվեց գրական նորվեգերենով ու միշտ օգտագործվեց նվազող փոքրամասնության կողմից:
Դրա արդյունքը եղավ մեծամասնության ստանդարտ լեզունՙ գրական նորվեգերենը, որն ունի սոցիալական, բայց ոչ ազգային հեղինակություն (մասամբՙ դանիական ծագում ունենալու պատճառով), մինչ մաքուր նորվեգերեն ճանաչվեցին բարբառները: Սակայն ազգայնականությունն այսօր գնալով ավելի քիչ նշանակություն ունի, եւ նորվեգացիների ներքին տեղաշարժերի պատճառով գրական լեզուն ազդում է բարբառների վրա, որոնցից մի քանիսի գոյությունը վտանգված է: Այսպիսով, մենք էլ կարծես թե պիտի 150 տարի ուշացումով հետեւենք Եվրոպայի մնացած մասի օրինակինՙ բարբառները փոխարինելով ստանդարտով:
– Ինձ համար հետաքրքրական էր հայտնաբերել հայկական ազգանվամբ նորվեգացի լեզվաբանի: Կներկայացնե՞ք ձեր ընտանեկան պատմությունը:
– Մայրս նորվեգուհի էր Օսլոյից, որը դպրոցն ավարտելուց հետո 1930-ական թվականներին մեկնել է Փարիզ: Այնտեղ նա հանդիպել է հորս, որը Բուլղարիայի Վառնա քաղաքում ծնված հայ էր: Նրա ծնողները պոլսահայեր էին, որոնք Ցեղասպանությունից առաջ տեղափոխվել էին Բուլղարիա, ապաՙ Ռումինիա: Հորս քույրն ամուսնացել էր ֆրանսահայ մեծահարուստ գործարանատեր Նուրհան Ֆրենկյանի հետ, եւ դպրոցն ավարտելուց հետո հայրս մեկնել է Փարիզՙ քրոջ հետ աշխատելու: Նա ամուսնացավ մորս հետ, եւ ես ծնվեցի 1939 թվականին, Փարիզում: Շատ չանցածՙ հայրս որպես ֆրանսիացի զինվոր կանչվեց պատերազմ, գերի ընկավ եւ երեք տարի որպես ռազմագերի անցկացրեց Գերմանիայում: Այս ընթացքում ես եւ մայրս հորս ծնողների հետ բնակվում էինք Բուխարեստում: Մեծ ծնողներս խոսում էին հայերեն եւ թուրքերեն, գիտեին նաեւ ֆրանսերեն, որն էլ դարձավ ընդհանուր խոսակցական լեզուն, քանի որ մայրս մյուս երկու լեզվին չէր տիրապետում: Այսպիսով, ես մեծացա ֆրանսերեն խոսելով: Երբ հայրս վերադարձավ գերությունից, մենք նրան միացանք Փարիզում, այնուհետեւ տեղափոխվեցինք Նորվեգիաՙ 1946-ին: Ես ստիպված էի սովորել երկու տեսակ նորվեգերենըՙ գրականըՙ մորս լեզուն, տանը, իսկ դրսումՙ տեղական բարբառը: Ավելի քան 70 տարի անց ես դեռ կարող եմ անցնել մի լեզվից մյուսը: Դա է բարբառների ոլորտում իմ հետաքրքրության աղբյուրը:
– Ենթադրում եմ, որ դուք ազգակցական կապ ունեք 20-րդ դարի հայ մեծագույն դերասան Վահրամ Փափազյանի հետ, որը նույնպես Կոստանդնուպոլսից էր…
– Հավանաբար ոչ մի առնչություն չունեմ Վահրամ Փափազյանի հետ, այլապես կիմանայի այդ մասին:
– Հիմա Նորվեգիայում կա փոքր հայկական համայնք, բայց անցյալում պիտի որ նորվեգացիների համար անսովոր լիներ ոչ նորվեգական ազգանունը…
– Ես նորվեգացի եմ, չնայած ունեմ հայկական ազգանուն: Անշուշտ, Նորվեգիայում անսովոր էր հայկական ազգանուն ունենալը, ու դեռեւս սովորական չէ, չնայած այժմ մարդիկ ավելի շատ են սովոր օտար անունների: Ես սովորաբար ստիպված եմ եղել այն արտասանելիս հեգել: Հորս չէր հետաքրքրում իր հայկական ծագումը եւ ինձ երբեք չի պատմել այդ մասին: Նրա հետ երբեմն կապվում էին Նորվեգիայում ապրող հայերը, բայց նա երբեք չէր արձագանքում: Նույնը վերաբերում է նաեւ ինձ: Հորս անունը Խաչիկ էր, բայց նա փոխել էր Աքսելի, որը գործել է ինչպես Նորվեգիայում, այնպես էլ Ֆրանսիայում եւ Հարավային Աֆրիկայում, որտեղ մենք ապրել ենք որոշ ժամանակ: Իսկ իմ երկրորդ անունը Ժիրայր է, որից ես բարեբախտաբար կարողացա ազատվել, քանի որ դա մշտական բեռ էր. Նորվեգիայում «Փափազյանն» արդեն բավականին տարօրինակ էր: Այսպիսով, մեզանից ոչ ոք չի սիրել մեր հայկական անունները:
– Չնայած ձեր հայրը չի հետաքրքրվել իր հայությամբ, ինձ գրած ձեր առաջին նամակում նշել էիք, որ որոշակի հետաքրքրություն եք ունեցել հայոց պատմության նկատմամբ…
– Ինձ հետաքրքրեց Ցեղասպանության դրամատիկ պատմությունը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» եւ Ֆրիտյոֆ Նանսենի «Հայաստանի միջով» գրքերը կարդալուց հետո: Հատկապես ինձ հուզում էր, թե ինչպես կարող է բնակչության միջեւ ծագել այդպիսի ատելություն: Այսպիսով, այդ թեմայով ես կարդացել եմ ինչպես հայ պատմաբանների աշխատությունները, այնպես էլ թուրք (Թաներ Աքչամ):
– 2003-ին ձեր ընտանիքի հետ ճանապարհորդեցիք Հայաստան: Ձեզ համար դա առանձնահատուկ մի բա՞ն էր, թե պարզապես հերթական ուղեւորություններից մեկը:
– Ես մեկ անգամ եղա Հայաստանումՙ պարզապես տեսնելու երկիրն ու Ցեղասպանության հուշահամալիրը: Արարատի տեսարանը Երեւանից ցնցող է: Շատ վատ է, որ այն Թուրքիայում է: Բայց իմ կրտսեր որդինՙ Շուրը, ավելի շատ է հետաքրքրված իր հայկական ծագմամբ, չնայած նա ընդամենը քառորդ հայ է: Նա կապեր ունի Նորվեգիայի հայերի հետ եւ ներկայումս բնակվում է Երեւանում, որտեղ բնակարան է վարձել: Այնպես որ, միգուցե արյունը ջրից ավելի թանձր է…