Վերջին օրերին հանրության կողմից լայնածավալ քննարկվող թեմաներից մեկն էլ իմ ու արձակագիր Դավիթ Սամվելյանի կողմից կազմած քրեստոմատիայի գրքերն էին: Իհարկե, քննարկումների ծավալն ուրախացնող է այնքանով, որ դեռևս չտպագրված գրքերի նկատմամբ կա այսչափ հետաքրքրություն:
Կատարած գործի մասին խոսել ենք բազմիցս՝ մանրամասն ներկայացնելով աշխատանքն իրականացնելու ողջ ընթացակարգը:
Երբ հրատարակչությունը հրապարակեց ԿԳՄՍ նախարարության կողմից գրքերի երաշխավորություն ստանալու լուրը, մի կողմից տարածվեց ուրախության ու շնորհավորանքի, մյուս կողմից՝ քննադատության տեղատարափ, ինչը, ցավոք սրտի, արագորեն թևակոխեց ու հասավ բամբասանքի ոչ հարիր տիրույթ:
Ինչ խոսք, քննադատությունը ի սկզբանե դժվար ընդունվող, բայց կատարվող ցանկացած աշխատանքի համար օգտավետ է: Արդյունավետ է հատկապես հետագա ու հաջորդիվ աշխատանքները հղկելու ու կատարելագործելու համար:
Այս առումով երախտագետ ենք հնչած առողջ քննադատական տեսակետների, կարևոր, օգտավետ կարծիքների ու խորհուրդների համար:
Գիտե՞ք, բոլոր քննադատություններն ընդունելի կհամարվեր այն դեպքում, եթե գրքերը դպրոց մտնեին առանց ԿԳՄՍ նախարարության լուրջ մասնագետների քննության ենթարկվելու: Մենք մեզ այդպիսի իրավունք չենք վերապահել, չէ՞ որ ես մեծ վաստակ ունեցող մանկավարժ չեմ, գործընկերս էլ՝ հանրահայտ գրականագետ: Հոգ չէ, դեռ ժամանակ ունենք կատարելագործվելու, իսկ թե կհասնե՞նք այդ վաստակին, թե՞ ոչ, թողնենք ժամանակի դատին: Մեր նպատակը հասարակությանը թեկուզ մի կաթիլ օգտակար լինելն է, ինչն անում ենք՝ չակնկալելով որևիցե շահ կամ օգուտ, անում ենք՝ չվախենալով գլուխներս քննադատական բեռի տակ դնելուց:
Այո՛, ժամանակակից գրականության մեջ կան նաև այնպիսի հեղինակներ, որոնք մեր կողմից արդեն հրապարակված անվանացակում չկան: Պատճառները մի քանիսն են.
հեղինակը չի արձագանքել հրատարակչության կողմից ստացած պաշտոնական նամակին: Իրականում մենք մեզ իրավունք չենք վերապահել առանց հեղինակի իմացության, դեռևս չստացած համաձայնության վերցնել ու հրատարակել իր ստեղծագործությունները:
Հիշում եմ, երբ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակեց «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչներով դասագրքի «Լրացուցիչ ընթերցանության և նախագծային աշխատանքների առաջարկվող գրականության (ընտրովի)» ցանկը, որոշ հեղինակների կողմից հնչեցին կարծիքներ, որ ընտրվել է իրենց ոչ հայտնի, դպրոցականի մտածողությանը ոչ հարմար ստեղծագործություններ: Լիովին համամիտ եմ այս կարծիքի հետ, չէ՞ որ տվյալ հեղինակից բացի էլ ո՞վ կարող է ավելի լավ իր ստեղծագործությունների համար կատարել ընտրություն:
Պատճառներից մյուսը գրքերի սահմանված ծավալն է: Ինչպե՞ս կարող էինք դպրոցականին առաջարկել հաստափոր գրքեր, մինչդեռ այն դեպքում, երբ նախարարությունը գումարներ է ներդնում՝ վերատպելով երկմաս դասագրքեր:
Արձանագրեմ ևս մի փաստ. ոչ մի հեղինակի կողմից չենք ստացել առաջարկվող պահանջներ ստեղծագործությունները մեզ ուղարկելու վերաբերյալ: Այս դեպքում մի՞թե անհիմն չէ սկսնակ հեղինակների կողքին երևալու դժգոհություն ներկայացնելը:
Ի դեպ, ունեցել ենք այնպիսի հեղինակներ, որոնք, գաղափարը ողջունելով, հրաժարվել են առաջարկել գործեր՝ նշելով դպրոցականների համար իրենց ստեղծագործությունների բարդ լինելու փաստը:
Ինչ վերաբերում է գրքերում ստեղծագործությունների բաշխմանը, և գրքերն ըստ դասարանների բաժանելուն. ի տարբերություն դասագրքերի, քրեստոմատիաների համար չի կազմվում թեմատիկ պլանավորում, այսինքն՝ եթե դասագրքի պարագայում ուսուցիչը մեթոդական միավորման նիստին ներկայացնում և մանկավարժական խորհրդի հաստատմանն է առաջարկում իր կազմած առարկայական թեմատիկ պլանավորումը, որով նա պետք է առաջնորդվի ողջ ուստարվա ընթացքում, ապա քրեստոմատիայի պարագայում ազատ է: Սա լրացուցիչ ուսումնաօժանդակ ձեռնարկ է: Ոչինչ չի խանգարի, եթե տասներորդ դասարանի աշակերտին առաջարկվի կարդալ ասենք՝ յոթերորդ դասարանի քրեստոմատիայում ներառված Հովհաննես Գրիգորյանի կամ Վերժ Սարուխանյանի ստեղծագործությունները, կամ նախագծային աշխատանք իրականացնելիս արդի պոեզիայում հայրենասիրության թեմային անդրադառնալու դեպքում ուսումնառողն օգտվի այլ դասարանների համար ներառված հայրենասիրական քնարերգությունից: Այս դեպքում ուսուցանողը կօգնի և կառաջնորդի սովորողին:
Բաժանումը կատարելիս փորձել ենք յուրաքանչյուր դասարանի համար ընտրել այնպիսի ստեղծագործություններ, որոնք մոտ են /իհարկե ոչ բոլորը/ գրականության դասագրքերում ներառված գործերին:
Ինչ խոսք, այսօր ժամանակակից գրականության սփռման մակերեսը մեծ է՝ գրախանութ, գրադարան, մամուլ, գրասեր ծանոթ-բարեկամի գրապահոցներ և այլն, սակայն, լինելով դպրոցին մոտ կանգնած մարդ, հավատացնում եմ՝ աշակերտը դժվար է ընկերանում գրքին, նրան ուղղորդող է պետք, օգնող, ինչը, բնականաբար, դրվում է ուսուցչի ուսերին: Եվ ահա հենց այս կապը ստեղծելու համար էլ միտք հղացավ ժամանակակից գրականությունն այս ճանապարհով ևս մոտեցնել աշակերտին:
Խոնարհումս մեր ուսուցիչներին, որոնք իրականացնում են հետաքրքիր ծրագրեր ու միջոցառումներ` դասական, համաշխարհային գրողների ստեղծագործությունների կողքին դնելով ժամանակակիցը: Այս առումով մեր կողմից առաջարկվող գրքերը կդառնան այս գործի իրականացման աջակիցը:
Իսկ թե գրքերն ինչքանո՞վ կլինեն օգտավետ, ի՞նչ բացթողումներ ու առավելություններ կարձանագրվեն, թողնենք ժամանակի քննությանը: Մենք միայն ուրախ կլինենք, որ մեր կատարած աշխատանքը դառնա նմանատիպ հետաքրքիր ու օգտավետ գաղափարների ու ծրագրերի իրականացման սկիզբը:
Բոլորս էլ գիտակցում ենք՝ այսօր դպրոցն ու ուսուցիչը մեր՝ յուրաքանչյուրիս օգնության կարիքն ունի: Եկեք մի պահ, թողնելով ամեն ինչ, մտորենք՝ երբ ենք վերջին անգամ այցելել դպրոց, ինչ ծրագիր կամ նախաձեռնություններ ենք իրականացրել, ինչպիսի արդյունքներ ենք արձանագրել: Եթե արել ենք, շատ լավ, դարձնենք շարունակական, իսկ թե ոչ՝ ուրիշի կատարած աշխատանքին ցեխ շպրտելը դեռևս գործ չէ:
Եկեք չվիրավորենք նրանց, ովքեր ընդգրկված են գրքում, չարատավորենք մեկս մյուսի կատարծ գործը, լինենք սատար ու զորավիգ: Կրթության առջև դրված խնդիրները շատ են, անելիք շատ ունենք, չէ՞ որ գալիքը մեր առջև գրագետ սերունդ ունենալու պահանջ է դրել, իսկ մի բան հաստատ է՝ դեռևս չծնված քրեստոմատիաներից հետո կյանքն էլի շարունակվում է:
Ի գործ՝ բոլորիս:
Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ