Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կորոնավիրուսի համավարակը, Մերձավոր Արեւելքումՙ սիրիական ու լիբանանյան երկու կարեւոր գաղթօջախներում տեղի ունեցող ռազմաքաղաքական ու տնտեսական վտանգավոր զարգացումները, նաեւ որոշ գերտերությունների միջեւ սադրիչ գործողությունները մեծապես ազդում են Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների վրա: Այս իրողությունները չեն կարող անտեսել հատկապես Հայաստան-Սփյուռք կապերի ակունքներում կանգնած, այդ փոխհարաբերություններն ազգային ու հայանպաստ հենքի վրա խարսխած գործիչները:
Ամերիկահայ մտավորական, լրագրող, խմբագիր, հասարակական գործիչ, վերլուծաբան, Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանի հետ «Ազգ»ի հերթական զրույցը տարբեր խնդիրների շուրջ է, բոլորն էլՙ մտահոգիչ: Զրույցը արվել է հեռակապով եւ նախնական տարբերակն արդեն տեղադրվել է azgonline-ում:
– Պարոն Ազատյան, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները միշտ եղել են, բայց երանգներն են տարբեր: Ներկայում ինչպե՞ս եք գնահատում այդ կապերը:
– Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները գործնականում այն չեն: Սփյուռքը լավ կազմակերպված չէ, բայց դա միակ պատճառը չէ: Անկախությունից ի վեր Հայաստանը եւս կազմակերպված չէ, չի ճանաչում, չգիտե Սփյուռքի հնարավորություններն ու ներուժը:
Եթե Սփյուռքի նկատմամբ պատկերացումները, ճանաչողությունը, մոտեցումները շարունակեն չհամակարգված, գործնական հիմքի վրա չդրված մնալ, այդ հարստությունը կկորչի:
Ներդրումները Հայաստանում կատարում են մասնավոր անձինք, ոչ թե կազմակերպությունները: Ո՛չ Սփյուռքի կազմակերպություններ են կարգին ճանաչում Հայաստանը, ո՛չ էլ Հայաստանն է ջանում ճանաչել նրանց: Անհատները Հայաստանի հետ կապվում են հայրենասիրական մղումներով եւ այդ մղումներից ելնելով էլ սատարում են Հայաստանին: Հայաստանի ԱԳՆ-ի համար դժվար չէ ճանաչել Սփյուռքի 10 միլիոն հայությանը, բացահայտել այն կազմակերպություններին, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանին: Չկա լրիվ ճանաչողություն, այդ պատճառով էլ ամեն ինչ ինքնահոսի է մատնված:
Սփյուռքի նախարարությունը, Սփյուռքի հարցերով զբաղվող կառույցները 30 տարվա մեջ փոխվեցին, կուտակված փորձառությունը ոչնչացավ, քանի որ այդ կառույցների ղեկավարները փոխվեցին:
– Կարծում եմՙ եթե ունենայինք համակարգված հստակ մոտեցում, քաղաքականություն եւ ռազմավարություն, կարեւոր չէր լինիՙ ով է ոլորտի պատասխանատուն, խնդիրն անձերից կախված չէր լինի: Չկա քաղաքականություն, այդ պատճառով էլ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները միշտ պայմանավորված են եղել անձերով: Համամի՞տ եք:
– Ցավոք, այդպես է: Հիմա Զարեհ Սինանյանն է Սփյուռքի գծով հանձնակատարը: Նա Հայաստան-Սփյուռք հարաբերություններն այբուբենից է սկսելու: Չգիտեմՙ նրա փորձառությունը որքանո՞վ կփոխանցվի հաջորդ ղեկավարին:
– Համավարակը պատուհասել է ամբողջ աշխարհը եւ դրանով պայմանավորվածՙ Հայաստան-Սփյուռք փոխօգնության անհրաժեշտությունը հիմա առավել քան երբեւէ, կարեւոր է: Կա՞ն նման նախադրյալներ եւ հեռանկարներ:
– Սփյուռքի կազմակերպությունները, անհատները մտահոգված են Հայաստանով: Ոչ ոք անտարբեր չէ, շատերը Հայաստանում կատարվող իրողություններին հետեւում են: Տեսնում ենք, որ Ֆրանսիան, Մերձբալթյան երկրներն օգնություն են ցույց տալիս Հայաստանին: Բայց քանի որ Սփյուռքն ինքնին սփռված է, ուրեմնեւ համախմբվելու, միասնական դառնալու կարիք ունի: Սա նաեւ Սփյուռքի մեղքն է: Անկախությունից ի վեր սփյուռքահայ հեղինակություններն անհետացել են: Համազգային ծրագրեր իրականացնող կազմակերպություններ գրեթե չեն մնացել: Հայաստանն էլ հաճախ ոչ թե Սփյուռքի կազմակերպությունների, այլ այդ կազմակերպություններից դուրս անհատների հետ է գործ ունենում: Սա իրատեսական մոտեցում չէ: Իրականում անհատները հայության խնդիրները խորությամբ չգիտեն, չեն ճանաչում: Սա եւս չհամակարգված քաղաքականության հետեւանք է: Կազմակերպություններն անհամեմատ ավելի շահագրգռված ենՙ օգնելու Հայաստանին, քան անհատները:
Դժբախտաբար, վերջին երեսուն տարիներին Հայաստանի բոլոր իշխանությունները գիտակցաբար, թե անգիտակցաբար ջանացել են Սփյուռքի կազմակերպությունները թուլացնել, տկարացնելՙ կարծելով, թե այդկերպ կկարողանան Սփյուռքի օգտակար տարրերը որսալ եւ կապել Հայաստանի հետ:
– Լիբանանահայության մասին խոսենք: Դժբախտաբար, այդ կարեւորագույն գաղթօջախն օրհասական վիճակում է. ռազմաքաղաքական, ֆինանսատնտեսական ծանր խնդիրներին գումարվել է նաեւ համավարակը: Էրդողանն էլ իր հերթին է Լիբանանում հակահայկական սադրանքներ իրականացնում: Ձեր կարծիքով եւ պատկերացմամբՙ Հայաստանի Արտգործնախարարությունն այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ պետք է տանի: Առհասարակ, ի՞նչ պետք է անեն նաեւ Սփյուռքի գաղթօջախները:
– Չափազանց հուզիչ էր, երբ տեսա, որ օգնության կարիք ունեցող Արցախն ինքն է օգնության ձեռք մեկնում Լիբանանին: Սա շատ խորհրդանշական քայլ էր: Ամբողջ Սփյուռքն է պարտական լիբանանահայությանը, որովհետեւ Մեծ եղեռնից հետո Սիրիան ու Լիբանանը հայության երկու գլխավոր գաղթօջախները դարձան: Շատերին ձեռք մեկնած Լիբանանն այսօր բոլորիս աջակցության կարիքն ունի:
– Մենք տեսնում ենք, թե հունակիպրական ճակատը որքան միասնական էՙ ընդդեմ թուրքական ճակատի: Այդ համախմբումը մեզ էլ է հարկավոր:
– Բայց Հունաստանն ու Կիպրոսը որքան էլ միավորվեն, շատ հեռու են Թուրքիայի դեմ քաղաքական մեծ կշիռ ներկայացնելուց: Թուրքիան այսօր գերտերության չափանիշներով է գործում: Այդ երկրի ռազմական ուժի հետ շատ պետություններ են հաշվի նստում: Թուրքիային հաջողվում է ընդհատակյա գործունեությամբ վնասել սիրիահայերին, լիբանանահայերին, եգիպտահայերին: Լիբանանն առաջին ցնցումն ունեցավ, երբ ի նպաստ Թուրքիայիՙ Բեյրութում ցույցեր կազմակերպվեցին: Նկատի ունենանք, որ առանց այդ էլ լիբանանահայությունը նոսրացել է, իսկ այդ ցնցումներն զգալի ազդեցություն կունենան, եւ ճառագայթները կհասնեն Սփյուռքի հեռավոր անկյուններ, նաեւ Հայաստան:
– Պարոն Ազատյան, վերջին շրջանում ՌԱԿ-ը քաղաքական հարթակում կարծես աննկատ է: Ինչո՞վ կբացատրեք այդ իրողությունը:
– Սփյուռքը Մեծ եղեռնից հետո հավասարակշռված քաղաքականանություն էր որդեգրել, Դաշնակցական կուսակցությունը լավ կազմակերպված միջոցներով ավելի շատ իր շահերին հետամուտ եղավՙ անշուշտ հայությանը ծառայելու դրոշի ներքո: Դաշնակցության հակակշիռը Սփյուռքում Ռամկավար ազատական կուսակցությունն էր, որը մտավորական դասակարգի կուսակցության համարում ուներ: Նրանք, ովքեր ՌԱԿ-ի հեղինակությունը գցելու, քարկոծելու ցակություն ունեին, քաջալերեցին, որպեսզի այդ կուսակցություն որդեր ու սողուններ մտնեն եւ սկսեն ներսից կրծել կազմակերպությունը: ՌԱԿ-ն այսօր մի քանի հատվածների է բաժանված, որոնք համախմբվելու եւ հասարակական ընդհանուր ճակատ կազմելու, իրենց հնարավորություններն ի նպաստ ազգին ծառայեցնելու փոխարեն միմյանց հեղինակազրկելով են զբաղված: Այդ պատճառով էլ ՌԱԿ-ն իր ավանդական դերը չի կատարում այսօր: Այդ տարրերը, վստահաբար, դրսից են սնվում ու կուսակցությունը ներսից քայքայում, որպեսզի այն իր ավանդական հակակշռող դերը չունենա Սփյուռքում: Սա, իհարկե, ի վնաս Սփյուռքի է: Որեւէ երկրում, որտեղ միակողմանի տեսակետ, միակողմանի քաղաքական հեղինակություն է հաստատվում, այնտեղ ազատությունը շնչելու հնարավորությունից զրկվում է: Հիմա Սփյուռքում պատկերն այսպիսին է: Հայաստանի իշխանությունները եւս, հատկապես նախագահներն ու վարչապետերը, անհասկանալի ոխակալությամբ լցված, ջանում են ջլատել կուսակցությունները: Սա վերաբերում է ոչ միայն ՌԱԿ-ին, այլեւ ՀՅԴ-ին, մյուս կուսակցություններին: Դա եւս ի վնաս Հայաստանի ու հայության է: Մի բան հստակ ու անհերքելի էՙ եթե Սփյուռքը տկարանա, կացնի հարվածները Հայաստանին կուղղվեն:
Կուսակցություններն են Հայ դատի խնդիրները բարձրաձայնում, եթե նրանք թուլանան, բնական է, որ Հայ դատի քաղաքականությունը եւս կթուլանա: Պարզ տրամաբանություն է:
– Քաղաքական դոմինանտությունը հաստատելու, անձերի իշխանությունն ի հաշիվ կուսակցություններիՙ ուժեղացնելու պարզ ռազմավարություն է, իսկ հետեւա՞նքը: Ցավալիորեն հետեւանքը չէ՞որ ի վնաս հայության է:
– Ստիպված եմ անուններ տալ: Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում էր, որ Հայաստանից դուրս ՀՀՇ ստեղծվի: Բայց Հայաստանում չկա մի կուսակցություն, որը հիմնված լինի գաղափարախոսության վրա: Ցավով եմ նշում, որովհետեւ սա ի վնաս Հայաստանի է: Ինչպես ՀՀՇ-ն Սփյուռքում չկարողացավ արմատներ գցել, այնպես էլ որեւէ այլ կուսակցություն չի կարողանալու դա անել, որովհետեւ, ով ուզում է, թող ասածներիցս վիրավորվի. Հայաստանում գաղափարախոսության վրա հիմնված կուսակցություն չկա: Դրանք հիմնվում են անձերի, անձերի գրպանների շուրջը: Մինչեւ այսօր էլ այդպես է. Հայաստանում կուսակցությունները ստեղծվում ենՙ անձերով պայմանավոված. երբ անձը չի լինում, կուսակցությունն էլ նրա հետ չքանում է: Եթե երկիրը պետք է ձգտի ժողովրդավարության, ռամկավարության, երբեք չի հաջողելու, որովհետեւ այս ամենը անընդհատ խոչընդոտելու է այդ ընթացքը:
– Եթե գաղափարը կա, ով ուզում է գա ու գնա, գաղափարը կմնա ու կգործի: Բայց հիմա հասել ենք այնպիսի իրավիճակի, երբ ոչ միայն կուսակցությունները, այլեւ բոլոր իրողությունները եւս պայմանավորված են անձերով:
– Դժբախտաբար, այդպես է: Երբ անձերը քաղաքական դաշտից հեռանում կամ հեռացվում են, նրանց ստեղծած կուսակցությունն էլ փլվում է: Ահավասիկ, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ՀՀՇ-ն, բազմագույն ու բազմատեսակ մյուս կուսակցությունները, որոնք անհետացան, որովհետւ անձերի կամ անձերի քսակի շուրջն էին ստեղծվել: Ավանդական կուսակցություններն էլ անթերի չեն, բնավ ոչ: Բայց երբ անձերը փոխվում են, սերունդներ են անցնում, բայց կուսակցության գաղափարը շարունակվում է: ԱՄՆ-ում հիմնականում երկու կուսակցություն է իշխում: Դարեր անցնեն, ղեկավարները կփոխվեն, բայց կուսակցությունն իր գաղափարաբանությունը կշարունակի:
– Մեր պարագան մի քիչ այլ է: Մենք Հայկական հարցի խնդիր ունենք, որը կուսակցությունները պետք է կրեն, առաջ տանեն, քարոզչություն անեն: Ինչեւէ, եկեք խոսենք Թեքեյան մշակութային միության մասին: Ի՞նչ ծրագրեր, անելիքներ կան: Հայտնի է, որ 60.000 դոլար եք տրամադրել Բեյրութի «Վահան Թեքեյան» վարժարանին:
– «Վահան Թեքեյան» վարժարանը Բեյրութի հայաշատ բնակավայրում վերջին 60-70 տարիներին կենսական մեծ նշանակություն է ունեցել: 600 աշակերտից հիմա 100-120-ն է մնացել: Գաղութը նոսրանում է, աշակերտների թիվըՙ պակասում: Այսօր վարժարանի գոյությունը վտանգված է նախ եւ առաջ կորոնավիրուսի պատճառով: Տնտեսական ահավոր վիճակում են մարդիկ, անգամՙ հացի կարոտ: Նույնիսկ փող ունեցողներն են այդ վիճակում, որովհետեւ բանկերից չեն կարող իրենց գումարները ձեռք բերել եւ սնունդ գնել: Ահա այս պայմաններում Թեքեյան մշակութային միության համար առաջնահերթ պարտականություն էր օգնության հասնել: Մենք պարբերաբար դրամական հատկացումներ անում ենք վարժարանին, որպեսզի այն շարունակի գործել ու կանգուն մնա: Հայկական դպրոցների գլխավոր խնդիրն այն է, որ հայ ընտանիքներն ուսաման վարձ չեն կարողանում վճարել. պետք է այնպես անել, որ այդ վճարը նվազագույն գումար լինի, այլապես ունեւորներն իրենց երեխաներին օտար վարժարաններ են ուղարկում, ոչ ունեւորներըՙ պետական վարժարաններՙ անվճար: Հայկական գաղութներն, այդպիսով, աշակերտ են կորցնում, իսկ դա ընդհանուր կորուստ է: Այդ իսկ պատճառով ջանում ենք օգնել Բեյրութի «Վահան Թեքեյան» վարժարանին:
– Կարծեմ Բեյրութի «Վահան Թեքեյան» վարժարանը միակը չէ, որին օգնում եք:
– Հայաստանի հինգ «Թեքեյան» վարժարաններին օգնում ենքՙ ամեն տարի տրամադրելով 40-50.000 դոլար: Արցախի Բերձորի վարժարանի շենքը պետք է վերանորոգվի: Այն Արցախի այնպիսի կրթօջախներից է, որտեղ աշակերտների մեծ հոսք կա. նախկին 20-30-ի փոխարեն այսօր աշակերտների թիվը 250-ի հասել: Սա ռազմավարական նշանակություն ունի, որովհետեւ, տեսեք, թե որտեղ է գտնվում «Վահան Թեքեյան» վարժարանըՙ Արցախի Բերձորում: Այդ դպրոցը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար, ուրեմն պետք է սատարենք, որ այն կանգուն մնա, աշակերտների, ընտանիքների թիվն ավելանա, ու Բերձորը լիարժեք հայաբնակ մնա:
Սպասում ենքՙ կորոնավիրուսի վտանգն անցնի, եւ մեր ծրագրերն սկսենք իրականացնել: Կալիֆոռնիայի համալսարանի, վարժարանների հետ համագործակցության ծավալուն ծրագիրներ ունենք:
– Պարոն Ազատյան, վերջում ուզում եմ հարցնել լրատվական նոր հարթակիՙ Azgonline.am.-ի մասին: Ինչպիսի՞ն կուզենայիք այն տեսնել, ի՞նչ ուղղվածությամբ: Հայաստանից ի՞նչ կուզենայիք լսել ու կարդալ:
– Տեխնոլոգիաների հարցում խորհուրդ տալ չեմ կարող, իսկ բովանդակային իմաստով ահա ինչ կասեմ. Հայաստանի առցանց մամուլը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Ցավալի բեւեռացումներ կան, յուրքանչյուր հրապարակում ինչ-որ մեկին խորտակելու, ոչնչացնելու նպատակ ունի: Լինի իշխանական, թե ընդդիմադիր մամուլ, բոլորն էլ իրենց նախասիրած գաղափարներն են առաջ տանումՙ մեկը մյուսին վարկաբեկելով: Այդ ի՜նչ լեզվով են գրվում մամուլի հրապարակումները: Սարսափելի ստորին մակարդակ է. ցավով եմ սա նշում: Չկա իմաստուն խոսքՙ հիմնված այնպիսի գաղափարի վրա, որը նախանշի, թե Հայաստանին ինչ է անհրաժեշտ, ինչպես, ինչ ճանապարհներով պետք է լուծվեն Հայաստանի խնդիրները: Մամուլը պետք է հիմնված լինի միայն ու միայն Հայաստանի շահերի, ոչ թե այս կամ այն անձի շահերի վրա: Մամուլի բեւեռացումը հասարակության բեւեռացման հետեւանքն է: Մենք բազմաթիվ վտանգների առջեւ ենք, թշնամին մեր դռանը կանգնած է: Կորոնավիրուսը մեզ հետ է, տնտեսական դժվարություններն առջեւում են: Մեր մամուլը տեսնելիս լացս գալիս է: Որքա՜ն ենք հեռացել մեր պետական, ազգային շահերից: Ի՜նչ հաճույքով ենք նայում, թե ինչպես է մեր դիմացինը վարկաբեկվում:
Azgonline.am-ը դժվարին դեր պետք է ստանձնիՙ անաչառ լուսաբանելով իրադարձությունները: Եթե հաջողվի դա անել եւ լսարան ստեղծել, կարծում եմՙ չափազանց կենսական նշանակություն կունենա այդ հարթակը: Ուրեմն, հաջողություն ձեր աշխատանքում: