Ա. ՔԵՇԻՇՅԱՆ
Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը TRT World-ին տված հարցազրույցում անկեղծորեն պատմել է, թե ինչպիսի հարաբերություններ է ունեցել իր ղեկավար Իլհամ Ալիեւը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հաջիեւի խոսքերովՙ Ադրբեջանում հույս ունեին, որ Փաշինյանի քաղաքականությունը կտարբերվի իր նախորդի ուղեգծից: Ըստ որում, Հաջիեւը հիշեցրել է Դուշանբեում տեղի ունեցած Ալիեւ-Փաշինյան հանդիպումը, որտեղ վերջինս «որոշ ժամանակ էր խնդրել երկրում փոփոխություններ կատարելու, խորհրդարանի ընտրություններին նախապատրաստվելու համար եւ այլն»: Իր կողմից Բաքուն «ապահովում էր կառուցողական մասնակցություն բանակցային գործընթացին եւ անհրաժեշտ ժամանակը տրամադրեց, ինչպես նաեւ ձեռնարկում էր հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված միջոցառումներ, բայց ցավոք մենք չտեսանք հայկական կողմի փոխադարձությունը»:
Բաքվում կարծում էին, որ թավշա հեղափոխությունից հետո Հայաստանում ի հայտ են եկել նոր սերնդի մարդիկ: Մասնավորապես Փաշինյանը ծնունդով արցախից չէ եւ, բացի դրանից, չի մասնակցել 1991 – 1994 թթ. մարտերին: Ավելին, Բաքվում ենթադրում էին, որ Հայաստանի ղեկավարը աստիճանաբար կհեռանա Մոսկվայից եւ դրա հետ կապում էին Արցախի խնդրի կարգավորւմը ոչ «ըստ Մինսկի խմբի սցենարի»: Միեւնույն ժամանակ, ըստ փորձագետ Ստանիսլավ Տարասովի, Ալիեւը դժվար թե դիմեր Փաշինյանի հետ նման մանեւրներիՙ ղեկավարվելով միայն իր փորձագետների վերլուծական եզրակացություններով: Տրամաբանությունը ենթադրում էր Բաքվի համար «ներշնչանքի արտաքին աղբյուր», որը կերաշխավորեր իրեն ձեռնտու ուժերի դասավորություն:
Հայ-ադրբեջանական սահմանային բախումների ընթացքում անսովոր ակտիվություն դրսեւորեց Անկարան, թեեւ բախումների ծավալները չէին ենթադրում Թուրքիայի նմանօրինակ գործողություններ: Բայց Թուրքիան Արցախի խնդիրը ներկայացնելով որպես ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հակամարտությունՙ է՛լ ավելի բարդացրեց խնդրի կարգավորման հեռանկարներըՙ ի հայտ բերելով արդեն աշխահաքաղաքական բնույթի զգայուն կետեր: Այնպես որ կարելի է հասկանալ Հաջիեւին, երբ նա վերհիշում է Ալիեւ-Փաշինյան փոխհարաբերությունների «մեղրամիսը»ՙ զգալի վրդովմունք եւ վիրավորանք արտահայտելով Փաշինյանի վերաբերյալ: Տվյալ փուլում Հայաստանի վարչապետը առավելության հասավ Ալիեւի նկատմամբՙ շահելով պատմական ժամանակ, գտնում է ռուս փորձագետը:*)
Ադրբեջանը հայտարարել է, որ դուրս չի գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող արցախյան կարգավորման բանակցություններից: Ոչ ոք չգիտե, թե երբ կլինեն նոր բանակցություններ, եւ ինչպիսի օրակարգ կառաջարկվի հակամարտող կողմերին: Թովուզում վերջերս տեղի ունեցած բախումներից հետո իրավիճակն արմատապես փոխվել է: Երկամյա խաղաղ ժամանակահատվածն ավարտված է:
*) Հիշեցնենք, որ Հայաստանում քիչ չեն այն փորձագետները, որ, ընդհակառակն, պնդում են որ, Ալիեւն է շահել այդ «պատմական ժամանակից»` շփման գծերի երկայնքով կառուցելով կամ ամրապնդելով դիրքերըՙ ինժեներական կառույցներով: Ծ.Խ.