Հայտնի է, որ յուրաքանչյուր պետության բիզնես միշտ էլ ունի իրեն բնորոշ ձեւերը՝ կապված տվյալ երկրի իրավական դաշտի պահանջներով: Այդ տեսակետից բացառություն չի կազմում հարեւան Իրանը, որտեղ դեռեւս դարեր առաջ ժամանակի պահանջներին համապատասխան իր տնտեսական կարեւոր գործունեությունն է ծավալել Նոր Ջուղայի հայ համայնքը, որին ըստ էության վստահված էր արքունական բյուջեն համալրելու բացառիկ մենաշնորհը: Եվ ահա տեղափոխվելով մեր ժամանակներ՝ ունենք նախկինի հետ համեմատած խիստ սահմանափակ հնարավորություններով իրանահայ համայնք, որը սակայն այսօր էլ շարունակում է հմտորեն հաղորդակից լինել տեխնոլոգիական նորամուծություններին՝ փորձելով դրանք ներմուծել բիզնես հարթություն: Այդ մասին է վկայում օրերս Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության «Մաջնունյան» սրահում տեղի ունեցած «Նոր միտք» նախագծի քննարկումը, որի ընթացքում բանախոսությամբ հանդես է եկել իրանահայ անվանի ձեռներեց, թվային մարքետինգի մասնագետ Ժան Պողոսյանը:
«Նոր միտք» հանձնախմբի անդամ, իրավաբան Արա Ջահանյանի խոսքից պարզ է դառնում, որ այս խումբը նպատակ ունի իրականացնել նոր գաղափարներ, քննարկումներ ու նախագծեր, որոնց արդյունքում կձեւավորվի տարբեր ոլորտներին առնչվող մարդկային ակտիվ ցանց, որտեղ հասարակական, տնտեսական տարբեր խնդիրների համար կներկայացվեն նոր եւ ստեղծարար լուծումներ:
Հարկ է նշել, որ Ժան Պողոսյանն առաջին անգամ է լինում «Արարատ» կազմակերպությունում՝ որպես դասախոս: Նա ծնվել է Թեհրանում, ավարտել Իրանի պետական «Խաջե Նասիրե Թուսի» համալսարանը՝ ստանալով բակալաւրի եւ մագիստրոսի աստիճան, այնուհետեւ ուսանել է Մալազիայի WWS համալսարանի MBA մարքեթինգի բաժինը, որից հետո դասավանդել նույն համալսարանում՝ որպես մարքեթինգ առարկայի դասախոս:
«Նոր միտք» խմբի առաքելությունն է այս նախագծի միջոցով փորձել ստեղծել քննարկման կառուցողական եւ փոխշահավետ մթնոլորտ տարբեր մասնագետների ու սոցիալական շերտերի միջեւ: Այսպիսով, համայնքային կառույցները հեռանկարային քայլի են դիմել՝ կազմակերպելով միջազգային կարգի առաջատար մասնագետի եւ իրենց հայրենակցի կողմից բիզնես ոլորտին առնչվող գիտելիքների փոխանցումը իրանահայությանը:
Ժան Պողոսյանի համոզմամբ բիզնեսների սրընթաց աճը կարող են ապահովել շուկայական, տնտեսական, հասարակական եւ այլ բաղադրիչները: Միջոցառման ընթացքում ներկաները բանախոսի հետ կիսել են իրենց բիզնես խնդիրները եւ ստացել խորհուրդներ տարբեր իրավիճակներում կոնֆլիկտների համակարգման եւ լուծման առնչությամբ: Նկատենք, որ այս հարցում առավել օգտակար է համայնքային որեւէ մասնագետի խորհրդակցությունը ոլորտի ներկայացուցիչների հետ, քան երբեմն հայրենիքից մեկ այլ ներկայացուցչի խորհուրդները, քանի որ առաջին դեպքում արդեն մասնագետը քաջատեղյակ է իրանական տնտեսական դաշտի իրավական մեխանիզմներին եւ, միաժամանակ, միջազգային փորձի գիտակ է: Ակնհայտ է, որ առկա խնդիրները սեղմ ժամկետում հնարավոր չէ լուծել, սակայն պարզ է, որ նշված նախաձեռնությունները օգտակար կդառնան իրանահայ համայնքի բիզնեսի համար:
Ասվածի մասին է վկայում նաեւ այն կարեւոր մտադրությունը, որ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայերի, որպես հասարակական միավորների համախմբման անհրաժեշտությանը՝ տնտեսական ոլորտների համագործակցությունների իրականացմանը, հայության համախմբվածությանը եւ հայերի, որպես ձեռնարկատերերի առանձնահատկություններին: Փաստորեն արդի ցանցային բիզնեսը եւս կարող է միավորիչ գործոն դառնալ իրանահայ համայնքի տարբեր հատվածների համար, որի մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաք Թեհրանում:
Հաջորդ նմանատիպ կարեւոր նախաձեռնությունն այն է, որ հուլիսի 7-ին Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վրեժ Տեր-Մարտիրոսյանը եւ «Աֆթաբ» ստեղծարար-նորարարական տան տնօրեն Սաջադ Հայաթբախշը ստորագրեցին տնտեսական-ձեռնարկատիրական փոխըմբռնման հուշագիր, որը միտված է համայնքի ստեղծարար եւ նպատակասլաց երիտասարդներին կրթել եւ աջակցել՝ գործնական ծրագրերի, տնտեսական զարգացման նպատակային եւ ձեռնարկատիրական գործունեության ծավալման ոլորտներում:
Նշենք, որ Թեմական խորհուրդը՝ «Աֆթաբ» ստեղծարար եւ նորարարական տան հետ արդյունավետ համագործակցություն ունենալու նպատակով ստեղծել է համայնքի երիտասարդներից կազմված գործադիր խումբ, որի պարտականությունն է համաձայնեցված ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցել եւ կապ հաստատել նշված կառույցի հետ:
Այսպիսով, իրանահայ համայնքային կառույցները փորձեր են կատարում եւ պայմաններ ստեղծում երիտասարդների համար տնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով, որն, անկասկած, սոցիալական որոշ խնդիրների լուծման դեպքում կարող է ունենալ հեռանկարային նշանակություն կանխելու արտագաղթը:
ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Իրանագետ