Ղարաբաղյան հակամարտությունը ողողել է համաշխարհային մամուլի էջերը ինչպես երբեւէ սրանից առաջ, որովհետեւ այս անգամ գերտերություններն են անմիջականորեն ներգրավվածՙ ճգնաժամը հասցնելով միջազգային մակարդակի:
Երկար ժամանակ հակամարտությունը սառեցված ճգնաժամ էր համարվումՙ ստեղծված Խորհրդային Միության փլուզման հետեւանքով: Համաշխարհային մամուլն ունի իր պարամետրերը եւ նախատրամադրությունները: Որեւէ միջադեպ, պատերազմ կամ քաղաքական զարգացում պետք է անցնի այդ նույն պրիզմայի միջով: Ղարաբաղյան ներկա պատերազմում, բացի բուն հակամարտողներից, ներառված են նաեւ Թուրքիան եւ Ռուսաստանը: Լրագրողներն արդեն որոշակի բնութագրական ձեւակերպումներ են որդեգրել: Արեւմուտքում Թուրքիան պետք է ներկայացվի նպաստավոր լույսի ներքո, ուստի անհրաժեշտ է գտնել արդարացումներ նրա գործողությունների համար, ինչքան էլ դրանք ստոր կամ անօրինական լինեն, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի «վստահված» դաշնակիցն է:
Մյուս կողմից, Ռուսաստանն ու իր ղեկավարը պետք է սառը վերաբերմունքի արժանանան, որովհետեւ արեւմտյան մամուլի բառապաշարում նրանք ունեն իրենց նկարագրությունըՙ նախագահ Վլադիմիր Պուտինը բռնապետ է, որն իշխում է քայքայվող մի կայսրության վրա:
Քանի որ այս երկու պետությունները դերակատարություն ունեն ղարաբաղյան պատերազմի պատմության մեջ, ապա նշված նախապաշարմունքները ստվեր են գցում պատերազմի իրական պատճառների վրա:
Բայց հակառակ այս քարացած նախապաշարմունքներին, իրադրությունը կարծես փոխվում է, եւ նախագահ Էրդողանն ու Թուրքիան, իրենց պատերազմական մղումներով եւ Օսմանյան կայսրությունը վերականգնելու ձգտումներով, նպաստում են, որ այդ փոփոխությունը կայանա:
Հնարավոր չէ մեկ հոդվածի սահմաններում լուսաբանել բոլոր լրատվամիջոցների կամ դրանց մեծ մասի գրությունները, բայց կարծում ենք բավական կլինի ներկայացնել դրանցից մի քանիսի մոտեցումը ղարաբաղյան պատերազմինՙ գաղափար տալու համար ստեղծված համընդհանուր մթնոլորտի մասին:
BBC-ի լուսաբանումներն այն տպավորությունն են թողնում, որ հեռարձակվում են British Petroleum-ի անմիջական գլխավոր վարչության կողմից: Նավթային շահերն ու արքայազն Էնդրուի ստվերային ներդրումները Ադրբեջանում հստակ նշմարվում են հաղորդումներում: Տողերիս հեղինակի իմացությամբ, BBC-ն ընդամենը մեկ անգամ է պատերազմը ներկայացրել Ստեփանակերտից, որտեղ լրագրողը փորձում էր թաքնվել քաղաքային բնակչության վրա արձակված ադրբեջանական ռումբերից: Մնացած տեղեկությունները լրագրողը հաղորդում էր Ադրբեջանից կամ Թբիլիսիիցՙ Վրաստանից, որ հստակ ադրբեջանամետ կեցվածք ունի:
Մինչ BBC-ի լրատվությունները ներծծված էին նավթով, հաճելի էր Sunday Times-ի հոկտեմբերի 11-ի համարում կարդալ Դոմինիկ Լոուսոնի (Dominic Lawson) «Թուրքիայի խաղը մահացու է, եւ Ջոնսոնը շատ լավ գիտի այդ մասին» վերնագրով հոդվածը:
Այս հոդվածը կարեւոր է ոչ միայն այն առումով, որ արդար է վերաբերվում հայկական կողմին, այլ որովհետեւ այն լրագրողական ազնվությամբ է գրված: Լրագրողներից շատերը անհրաժեշտ ջանասիրությամբ չեն ուսումնասիրում իրենց թեմայի պատմությունը, սկզբնաղբյուրը, եւ ծածկելու համար իրենց տգիտությունըՙ փորձում են ներկայացնել կեղծ անկողմնակալության մոտեցում: Այստեղ է, որ մենք հանդիպում ենք «հայերը պնդում են» մինչ «ադրբեջանցիները ժխտում են» արտահայտություններին: Հեշտ է տգիտությունը որպես գործիք ծառայեցնել կեղծ արդարություն կամ անաչառություն ձեւացնելու համար: Նման լրագրողները կաղապարված բառակապակցությունները օգտագործում են ցույց տալու համար, թե իբր տիրապետում են թեմային:
Որեւէ ճգնաժամի սկզբնաղբյուրը ուսումնասիրելը նախապայման է լրագրողների համար: Մյուս հատկանիշը քաղաքացիական արիություն ունենալն է պաշտպանելու ճշմարտությունը, ինչքան էլ այն տհաճ կամ անհարմար լինի: Լոուսոնի պարագայում երկու հատկանիշներն էլ առկա են: Նա պեղել է եւ երեւան հանել պատմական փաստերը, գնալով այնքան հեռու մինչեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ապուպապըՙ Ալի Քեմալ անունով, որն օսմանյան Թուրքիայիում ներքին գործերի նախարար է եղել, բայց որին կախել են հայերի հանդեպ արդարացի վերաբերմունք դրսեւորելու համար:
Պատմական բավականաչափ փաստեր արձանագրելով եւ Էրդողանի օսմանական ձգտումները ներկայացնելով, նա գրում է. «Բրիտանական կառավարության լռությունը ամոթալի է»: Ապա եզրափակում է հոդվածըՙ առաջ քաշելով հետեւյալ երեք հարցերը. (ա) «Էրդողանը ճիշտ այն մա՞րդն է, որին բրիտանական կառավարությունը պետք է մատակարարի հավելյալ զենքեր, (բ) ի՞նչ է զգալու վարչապետը, եթե այդ զենքերը օգտագործվեն կոտորելու համար ավելի շատ հայերի, եւ (գ) ի՞նչ է ասելու իր ապուպապը»:
Նրբերանգներ նկատելի են նաեւ իսրայելական մամուլի էջերում: Պետական գործիչներ եւ մեկնաբաններ, որոնք սերում են Ողջակիզումը վերապրողներից, արդեն իսկ ամոթի զգացում էին ապրում, որ կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել դեռ Հայոց ցեղասպանությունը: Այժմ վիրավորանքը լկտիության աստիճանի հասցնելովՙ Նաթանյահուի կառավարությունը մահաբեր զենքեր է մատակարարում Ադրբեջանին հենց պատերազմի ընթացքում:
«Jerusalem Post» պարբերականի հոկտեմբերի 10-ի համարում ականատես ենք լինում կաֆկայական մի խեղկատակության հետեւյալ վերնագրի տակՙ «(Իսրայելական) Գերագույն դատարանը մերժում է Ադրբեջանին զենք մատակարարելը դադարեցնելու հայցըՙ անհրաժեշտ ապացույցների բացակայության պատճառով»:
«Արդարադատության Գերագույն դատարանը երկուշաբթի օրը մերժեց Ադրբեջանին զենք մատակարարելու դեմ արգելք դնելու հայցը, պատճառաբանելով, որ բավականաչափ ապացույցներ չկան, որ դրանք օգտագործվում են հայերի դեմ պատերազմական հանցագործություններ իրականացնելու համար»:
Մինչդեռ Պաշտպանության նախարարությանն ուղղված մի բողոքում նշված էր, որ անցյալ ամիս տեղի ունեցած «ինքնասպան» ԱԹՍ-երի ցուցադրական ելույթի ժամանակ պարզ էր դարձել, որ 2018-ին անօդաչու սարքեր արտադրող մի իսրայելական ընկերություն փորձ էր արել ռմբակոծել հայկական զինուժըՙ Ադրբեջանի փոխարեն, եւ միայն բարեդեպ պատահականությունների շնորհիվ մահացու դեպքեր չէին արձանագրվել: Կառավարությունը այդ ընկերությանը թեթեւակի կշտամբել էր: Մեկ այլ հոդված նույն «Ջերուսալեմ փոստ» թերթում պաշտպանում էր նախորդ գրությունը, տեղեկացնելով. «Թուրքական կառավարությունը կարգադրել էր, որ նախ մեդիա ոլորտում հայտնվի այն լուրը, որ «ահաբեկիչները» համագործակցում են Հայաստանի հետ, հնարովի մի ապատեղեկատվությունՙ քողարկելու համար թուրքական ներխուժումը, իսկ հետո խրախուսել էր Ադրբեջանին սեպտեմբերի 27-ին հարձակվելու Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի վրա»:
Իր հերթին «Times of Israel» պարբերականն իր հոկտեմբերի 12-ի համարում տպագրել էր ցեղասպանագետ պրոֆ. Իսրայել Չառնիի կարծիքը, որի վերնագիրն անչափ խոսուն էրՙ «Իսրայելը ԱԹՍ կվաճառե՞ր Հիտլերին»:
Իսրայելական մեկ այլ պարբերականՙ «Arutz Sheva» (Իսրայելի ազգային լուրեր) անվանումով, հոկտեմբերի 12-ին խմբագրական էր հրատարակել հետեւյալ վերնագրով. «Քաջարի հայերը խիզախության դասեր են տալիս վախկոտ Արեւմուտքին»: Հոդվածի վերջում կոչ էր հղված Կանադայի նման արեւմտյան երկրներինՙ դադարեցնելու զենքի վաճառքը Թուրքիային եւ ճանաչելու Ղարաբաղի ինքնիշխանությունը:
Գերմանիայում «Bild» եւ «Zeit» թերթերը թեթեւ լրատվություն էին տպագրել: Առաջինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց էր անցկացրել, իսկ երկրորդըՙ ադրբեջանցի վերլուծաբան Բախտիար Ասլանովի հետ: Վերջինս նշել էր, որ ադրբեջանական կողմը չի վստահում Ռուսաստանին, բայց եւ այնպես չի էլ ցանկանում օտարել Մոսկվային:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շատ ակտիվորեն էր քննադատում Էրդողանի արկածախնդրությունները: Նա առաջին քաղաքական գործիչն էր, որ բացահայտեց, թե Ադրբեջանն էր ագրեսորը, եւ որ Թուրքիան մահմեդական ջիհադիստներին էր տարածաշրջան բերել կռվելու հայերի դեմ: Հակառակ Ֆրանսիայի այս աներկբա պաշտոնական դիրքորոշմանը, «France 24» հեռուստակայանը շարունակում է պատերազմական գործողությունները լուսաբանել Ադրբեջանից: Լրագրող Քաթերին Նորիս-Տրենտը փորձում է իբր հավասարակաշռությունը պահպանելՙ հաղորդումներ պատրաստելով Ադրբեջանի Բարդա ավերակ վայրից: Բայց նա, այուամենայնիվ, խոստովանել է, որ Ադրբեջանի կառավարությունը մշտապես վերահսկում է իրենց շարժումները եւ խախտում է զարգացումները ճիշտ լուսաբանելու իրենց իրավունքը: Նա ավելացրել է, որ ինչ-որ մեկը միշտ ուղեկցում է իրենց եւ անմիջապես միջամտում, երբ ցանկանում են խոսել քաղաքացիների հետ:
Ֆրանսիական «Le Point» շաբաթահանդեսը, սակայն, հինգ ծավալուն հոդվածներով ներկայացրել է տարածաշրջանի պատմությունը: Ֆրանց-Օլիվիե Գիզբերտի խմբագրականը վերնագրված էրՙ «Կարեկցանք հայերին եւ ամոթանքՙ Էրդողանին»:
Առաջին պարբերությունում հոդվածագիրը Էրդողանին բնութագրել է որպես Միջերկրականյան պատերազմի հրձիգի, նշելով, որ «շատ մեծ նմանություն կա Ադոլֆ Հիտլերի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ»:
Հարցին վերաբերող վերջին հոդվածը ստորագրել է լրագրող Մաքս Սվազլյանը: Վերնագիրն էՙ «Եթե Ղարաբաղը ընկնի, հայ ժողովուրդը կենթարկվի Ցեղասպանության»: Էրդողանի խաբկանքներն ու արկածախնդրությունները օգնում են արեւմտյան լրատվամիջոցներին հասկանալու, որ աշխարհում ստեղծված անկարգություններն այդ բռնակալի ձեռքի գործն են: Ֆրանսիային թշնամացնելուց, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նացիստ անվանելուց եւ ՆԱՏՕ-ի դաշնակից մեկ այլ երկրիՙ Հունաստանին սպառնալուց հետո, Միացյալ Նահանգները մտահոգված էր, որ ՆԱՏՕ-ն որպես կառույց պառակտվում է: Այս գործողությունների շնորհիվ է, որ մենք ականատես ենք լինում ամերիկյան մամուլում ավելի հավասարակշռված լրատվության:
Սկսենք նրանից, որ սկզբնական շրջանում մամուլը ասպետակա՜ն դիրքորոշմամբ փորձեց անտեսել պատերազմական կացությունը Կովկասում, կարծես հայերի կյաքնը գրոշ չարժեր: Ընդհանրապես ամերիկյան լրատվությունը էնդեմիկ հիվանդությամբ է տառապում համշախարհային հարցերի վերաբերյալ: Փոխարենը նա ժողովրդին հրամցնում է «Breaking News» անվան տակ ոչինչ չասող հիմարություններ: Սա փորձված միջոց է ամերիկացիներին պահելու կարճատեսության շրջանակներում, որպեսզի նրանք իրազեկված չլինեն, թե ինչ են կատարում կառավարությունը, եւ այլ երկրների կառավարությունները, աշխարհում:
Կալիֆոռնիայում տեղի ունեցած հայկական ցույցերը ի վերջո ստիպեցին «LA Times»ին եւ «CNN»ին լուսաբանել ղարաբաղյան պատերազմը: («LA Times»ի լրատվության տոնը կռվախնձոր է դարձել այդ տարածքի հայկական համայնքի շրջանում): Նշանակալի է, որ գլխավոր պարբերականները ոչ միայն գրեցին պատերազմի մասին, այլեւ խմբագրական կազմի անդամները արտահայտեցին իրենց հստակ դիրքորոշումները: Խոսքը հատկապես «Washington Post» եւ «New York Times» թերթերի մասին է: Առաջինում Դեյվիդ Իգնեյշսը մեկից ավելի հոդվածներ հրատարակեց, մինչ խմբագրական կազմը արտահայտեց իր հստակ կողմնորոշումը հոկտեմբերի 3-ին գրելով.
«Պարզ երեւում է, որ Ադրբեջանի բռնատեր ղեկավարըՙ Իլհամ Ալիեւը, հարձակումը սանձազերծել է 1990-ականներին կորցրած տարածքները ետ վերցնելու նպատակով: Նա այդ անում է Թուրքիայի անմիջական պաշտպանությունը վայելելով: Սա անշրջահայաց քայլ է, որ ցույց է տալիս, թե ինչքան է Ամերիկայի ազդեցությունը նվազել նախագահ Թրամփի օրոք, եւ ինչքան են իր երբեմնի ընկերոջՙ Էրդողանի փառասիրությունները աճել»:
«New York Times»ի խմբագրական կազմի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է «անմիջապես հանգցնել կրակը նախքան, որ այն տարածվի, իսկ դրա համար անհրաժեշտ է դիմակայել մի շատ վտանգավոր գործոնի, որն է Թուրքիան»:
Այնուհետեւ, անդրադառնալով օսմանյան ժամանակաշրջանի ցեղասպանության պատճառով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առաջացած «թշնամությանը», թերթը Ռուսաստանին հղում է, նշելով. «Պուտինը ամենամեծ պատասխանատվությունն է կրում եւ իր ձեռքում է գտնվում ամենաարդյունավետ լծակներըՙ սանձելու իր նախկին կայսրության երկրներին եւ Էրդողանին ետ պահելու վտանգավոր արկածախնդրությունից»:
«Frezno Bee» եւ «Boston Globe» թերթերը, որոնք հսկայական հայկական համայնքներ ունեցող քաղաքներում են լույս տեսնում, շատ ավելի հավասարակշռված լուսաբանումներով են հանդես եկել, բայց երկրորդ թերթը չի մոռացել օգտագործել հնացած «Լեռնային Ղարաբաղՙ հայկական անջատողական անկլավը, որ միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս» արտահայտությունը:
Ադրբեջանի լրատվության մեջ նկատվող հակահայ հիստերիայի պայմաններում մի ձայն վերջապես ճշմարտությունն է ներկայացնում: Ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլլան, որ կա՛մ արտագաղթել է երկրից, կա՛մ էլ խուսափել բանտում հայտնվելուց, «Global Voices» պարբերականում հրատարակված հոդվածում, որի վերնագիրն էՙ «Ղարաբաղ: Ատելությունն ու էյֆորիան սնում են խելագարություն», գրում է. «Իլհամ Ալիեւը հարձակվել է քաղաքացիական հասարակության վրա, հուսահատություն պատճառել նախկին եւ ներկա քաղբանտարկյալների անթիվ-անհամար ընտանիքներին, լռեցրել է ազատ մամուլը: Սա հստակորեն ցույց է տալիս, որ պատերազմը Ալիեւի ձեռքին վերջին քարտն է, որով ցանկանում է օրինականացնել իր ղեկավարությունը: Նա մինչեւ կյանքի վերջը նախագահ պետք է լինի: Իսկ մենք որտե՞ղ պետք է լինենք: Կաշառակեր եւ անժողովրդավարական նախագահը ղեկավարելու է երկիրը, շարունակելով ճնշել անկախ բարձրաձայնողներին»:
Ռուսական մամուլը լի է պատերազմի վերաբերյալ մեկնաբանություններով:
Որոշ ադրբեջանամետ հոդվածներին գալիս են հակադրվելու Կոնստանտին Զադուլինի եւ Վլադիմիր Սոլովեւի հայամետ մեկնաբանությունները: Ամերիկայում մեծ ժողովրդականություն վայելող հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզները ղարաբաղցիների հանդեպ կարոտախտով լի հիշողություններով է հանդես եկել:
Բառերի պատերազմը, սակայն, հայկական մեդիայի եւ ռուսական մեդիայի հսկաներիցՙ RT-ի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի միջեւ շարունակվում է: Վերջինս արդարացիորեն մեղադրում է հայկական մեդիայի եւ որոշ քաղաքագետների կողմից հնչող հակառուսական հռետորաբանությունը, մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը խիստ կարիքն ունի ռուսական պաշտպանության:
Եվգենի Սատանովսկին է գրում «MEMRI»-ում (Միջին Արեւելքի մեդիայի ուսումնասիրության ինստիտուտ). «Վաղեմի թշնամինՙ Օսմանյան (Բարձր) Դուռը նոր տեսքով հառնում է… Մի բան պարզ է: Եթե Էրդողանը իրագործի իր պանթյուրքական տեսությունը, Ռուսաստանը կդադարի գոյություն ունենալուց: Խոսքը հայերի կամ ադրբեջանցիների մասին չէ: Եթե մեր ղեկավարությունը ցանկանում է պահպանել երկիրը, ապա նա պարտավոր է կրճատել նոր Սուլթանի հասակը (գլխից): Ինչ միջոցներով էլ լինի նրանք (թուրքերը) այս տարածաշրջանում (Ղարաբաղում) չպետք է լինեն»:
Ինչպես տեսնում ենք, համաշխարհային մեդիան արթնացել է որպես հետեւանք Էրդողանի նոր, մերժելի մտասեւեռումների, որն սպառնում է կայունությանն ու խաղաղությանը ամբողջ աշխարհում:
Այս արթնացումը գուցե նաեւ Հայաստանի ապահովությունն է երաշխավորում:
Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)