Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ասֆալտ՝ որակով ու անորակ, կամ ինչու է քանդվում Տաթեւ-Աղվանի այլընտրանքային ճանապարհը   

Ասֆալտն է այն միակ թեման, որի մասին գործադրի անդամները խոսում են կառավարության յուրքանչյուր նիստին, հատ-հատ ներկայացնում, թե որ համայնքում, քանի մետր կամ կիլոմետր ճանապարհ է նորոգվում կամ  նորոգվելու:

Հուլիսի 14-ի նիստը բացառություն չէր: Կառավարությունը որոշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել ավելի քան 11.8 միլիարդ դրամ՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար: Փաշինյանն ասաց՝  ճանապարհաշինության ոլորտում ծավալուն աշխատանքներ են իրականացնում ու խոստովանեց՝ որակի հետ կապված խնդիրներ կան. «Անընդհատ որակի հետ կապված պրոբլեմներ են ի հայտ գալիս, իհարկե, որոշ դեպքերում  լինում են լրացուցիչ գործոններ, որոնք նպաստում են, բայց մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը»:

   Իսկ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհն է քանդվում, ինչի պատճառով, ըստ նրա, վնասվում են հատկապես թեթեւ մարդատար մեքենաները: Ամենավատ վիճակում է գտնվում Տաթեւ-Քաշունի հատվածը:  Ճանապարհին աշխատանքներ իրականացվում են, բայց Ղուկասյանը կցանկանար, որ դրանց տեմպն ավելացվի:

   Հիշեցնենք՝ երբ Փաշինյան-Ալիեւ բանավոր փոխըմբռնմամբ  Գորիս-Կապան ճանապարհն անցավ թշնամու վերահսկողության տակ, Տաթեւ-Աղվանի գրունտային ճանապարհը նորոգվեց որպես այլընտրանք: Ու թեեւ Փաշինյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ շինարարությունն ավարտված է, ճանապարհն էլ ՝ երթեւեկելի, այսօր պարզվում է ՝ կրկին խնդիրներ կան: 

  Նիկոլ Փաշինյանն առայժմ  ձեռնպահ մնաց լրացուցիչ մեկնաբանություն անելուց: Միայն նշեց,ո ր փոխվարչապետին ու ՏԿԵ նախարարին համապատասխան հանձնարարականներ է տվել, իսկ դրանց կատարման ընթացքին ու տեմպին կանդրադառնան հաջորդ շաբաթ: