Շուտով 18 տարի կլինի, ինչ երեւանցի դերասանուհի-բեմադրիչ եւ պարուհի-պարուսույց Մարինե Գալստյանը ապրում եւ ստեղծագործում է Իտալիայում: 1999-2004 թթ. ուսանել է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, որտեղ հանդես է եկել Իբսենի «Տիկնիկների տունը» (Նորա), դե Ֆիլիպոյի «Ռիսկ» (Դորոթեա), Մերիմեի «Մատեո Ֆալկոնե» (Մայր, նաեւ ներկայացման բեմադրիչն է), Չեխովի «Ճայը» (Նինա) եւ «Քեռի Վանյա» (Ելենա Անդրեեւնա) պիեսների բեմադրություններում: Իտալիայում ուսանել է իսպանական դասական պարեր, ֆլամենկո եւ արգենտինական տանգո, հետագայում այդ պարերը դասավանդել Իտալիայի տարբեր քաղաքներում (Ֆիրենցե, Գրոսետտո, Պիստոյա, Հռոմ): Իտալական թատրոնում հանդես է եկել «Բեռնարդա Ալբայի տունը», «Վաճառված բնակարան», «Իրականություն», «Վիկո Ռենիկայի տարօրինակ գիշերը» եւ այլ բեմադրություններում: Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 2004-ին, Հայաստանումՙ Արթուր Վարդանյանի «Քեզ սիրում եմ եւ կսիրեմ» ֆիլմում, իսկ Իտալիայումՙ «Ողջ աշխարհը երկիր է», «Մնացածն իմ աչքերով», «Ջուդեկկայի տղան», «Միրադաս» «Ամատի Մալիկի դեպքը» եւ այլ ֆիլմերում: Ամուսնուՙ Երեւանի մանկավարժական համալսարանի շրջանավարտ, պարող-պարադիր, բեմադրիչ, տարբեր պարային փառատոների դափնեկիր Սարգիս Գալստյանի հետ 2008-ին հիմնել է «Աուռում» պարային դուետըՙ կատարելով տարբեր ոճի պարային համարներ, հանդես եկել «Տանգոյի բոլոր գույները» եւ այլ պարային ներկայացումներում: 2012-ին Սարգիս եւ Մարինե Գալստյանները հիմնել են «ԻնԿոնտրոՎերսո» իտալա-հայկական թատերախումբըՙ բեմադրելով դրամատիկական ներկայացումներ: Ութ տարի է, ինչ Գալստյան ամուսինները բնակվում են Հռոմում, ունեն մեկ որդիՙ Էդգարը…
– Սիրելի Մարինե, առաջին անգամ քո մասին լսել եմ դերասանուհի Սոֆիկ Սարգսյանից, որը քեզ բնորոշեց որպես «Մայա Պլիսեցկայան եւ Մարիա Կալլասը մեկ անձի մեջ»: Դու նախընտրեցիր պարարվեստն ու դերասանությունը, իսկ ի՞նչ եղավ երգեցողությունը…
– Իրականում ես վոկալով երբեք չեմ զբաղվել: Եղել են ներկայացումներ, որոնցում երգել եմ, սակայն չեմ կարող ասել, որ մասնագիտորեն տիրապետում եմ վոկալին: Շնորհակալ եմ սիրելի Սոֆիկ Սարգսյանին նման բնորոշման համար, ինչը, սակայն, չափազանցություն է:
– Առհասարակ, դու միշտ երախտագիտությամբ ես հիշում ուսուցիչներիդ…
– Այո, Երեւանի իմ դասախոսներին հիշում եմ մեծ երջանկությամբ ու ջերմությամբ: Ես այն երջանիկ ուսանողներից էի, որը շատ է տվել, բայց նաեւ շատ է ստացել, արժանացել դասավանդողների սիրուն ու գնահատանքին: Այնքան կարեւոր է ունենալ ճիշտ դասախոսՙ ճիշտ տարիքում: Մշտապես իմ հոգում, իմ սրտում է լուսահոգի Ռաֆայել Ջրբաշյանը, որը ոչ միայն մասնագիտական, այլեւ կյանքի, ապրելու արվեստն է ինձ սովորեցրել: Իմ ամեն աշխատանքում կա նրա թողած հետքը, նրա ուսուցանածը: Մինչեւ հիմա պահում եմ նոթատետրս, որտեղ գրառում էի Ջրբաշյանի հետաքրքրական մտքերն ու մեջբերումները: Սոֆիկ Սարգսյանին միշտ տեսնում էի ինստիտուտի միջանցքում, նա քաջալերում էր մեզ իր այնքան անմիջականությամբ: Կերպարվեստի պատմության դասախոս Սոնա Ղազանչյանի շնորհիվ սիրեցի Իտալիան ու իտալական մշակույթը: Նա այնպիսի հիացմունքով էր նկարագրում իտալական արվեստը, որ Իտալիան բոլորիս համար մի մեծ երազանք դարձավ: Հիմա, ապրելով Հռոմում, Սուրբ Պետրոսի բազիլիկայից ոչ հեռու, ամեն օր անցնելով այդ հրապարակովՙ հիշում եմ Սոնա Տիրանովնայի դասախոսությունները: Արտասահմանյան թատրոնի պատմության մեր դասախոս Հասմիկ Խուդավերդյանը լսարան մտնելու իսկ պահից ոգեւորում էր մեզ այս կամ այն երկրի թատրոնի վերաբերյալ իր հետաքրքրաշարժ զրույցներով: Անմոռանալի էին նաեւ բեմական խոսքի դասախոս Ելենա Սերգեեւնայիՙ մեր թատրոնի հայտնի դերասանուհիներից երջանկահիշատակ Հեղինե Հովհաննիսյանի պարապմունքները: Ամեն մեկն իր հետքն է թողել մեր մեջ: Ուսման տարիներին ես ինձ զգում էիՙ ինչպես Ալիսը հրաշքների աշխարհում…
– Սովորաբար Իտալիան, հակառակ իր գերմշակութային երկիր լինելուն, դեպի իրեն շատ քիչ է ձգում հայաստանցի արտիստներին: Ինչո՞վ է առանձնահատուկ դրսեցի պարող-դերասան լինելն Իտալիայում:
– Իտալիայում ոչ տեղացի արտիստի համար շատ ավելի դժվար է ու դաժան: Եթե դա նախապես իմանայինքՙ գուցե ուրիշ երկիր ընտրեինք: Իտալիան իրականում մեր պատկերացրած արվեստի երկիրը չէ, այնտեղ ամեն ինչ շատ ավելի բարդ ու դժվար է, ինչն ավելի քաղցր է դարձնում այնտեղ տարած մեր հաղթանակները: Կարելի է ասել, որ այստեղ մի բանի հասնելու համար գրեթե արյուն ես թափում: Ի տարբերություն Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, այլեւս չասածՙ Հայաստանի կամ Ռուսաստանի, Իտալիայում, ցավոք, այլ կերպ է ընկալվում պարարվեստը եւ պարողների հանդեպ վերաբերմունքն էլ այլ է: Պարն ամենաբարդ արվեստներից է, որը ֆիզիկականից բացի պահանջում է նաեւ հոգեկան եւ մտավոր մեծ, ծանրագույն աշխատանք: Իսկ այն երկիրը, որտեղ շատ ջանք ես թափում, սկսում ես շատ էլ սիրել, ուստիեւ մենք չենք զղջում, որ կարիերա չարեցինք ԱՄՆ-ում, ինչպես նախապես մտադիր էինք: Հռոմում եթե կայացած դերասան ես, կունենաս գործակալ, մշտական հրավերներ թատրոնից եւ կինոյից: Ութ տարի էՙ Հռոմում ենք ու հիմա հասկանում ենք, որ ամեն դժվարության միջով անցանք ու կյանքի մեծ փորձ ձեռք բերեցինք:
– Ինձ հետաքրքրում է, թե իսպանացիները խանդով չե՞ն վերաբերվում այն փաստին, որ մի հայուհի կատարել եւ դասավանդել է ֆլամենկո պարեր:
– Իմ ֆլամենկոյի ուսուցչուհինՙ այդ ժանրի հայտնի վարպետ, իսպանուհի Պիլար Կարմոնան, թե՛ հիանում էր ինձնով, թե՛ երբեմն փորձում էր ինձ «ոչնչացնել» (իսպանական ուժեղ խառնվածքն իրեն զգացնել էր տալիս), բայց իսպանական պարերի կատարման մեջ ձեռք բերածս հմտությունների համար ես չափազանց երախտապարտ եմ նրան: Ես իսպանական պարեր կատարել եմ նաեւ հենց Իսպանիայում, բայց լինելով ինքնաքննադատՙ երբեք ինձ ֆլամենկոյի վարպետ չեմ համարել: Նախընտրում եմ դերասանական արվեստը, մնացած ձիրքերս ներդնում եմ ըստ պահանջի, դրանք արդեն արյանս մեջ են, որոնք հարկ եղած դեպքում կարող եմ ակտիվացնել: Վերջին տարիներին գլխավոր դերեր եմ կատարում իտալական թատրոնում, օրինակ, «Եթե աշխարհը ցնցվի» բեմադրության մեջ մեկուկես ժամ մարմնավորում եմ մեծ ողբերգությունից փրկված մի կույր կնոջ, որը խոսում է, երգում ու պարում: Շատ բարդ աշխատանք է, բայց դրվատալից հոդվածներ եղան իմ դերակատարման մասին: Իմ վերջին մեծ դերն Օֆելյան էրՙ «Համլետի» բեմադրության մեջ, որի ներկայացումը, սակայն, հայտնի պատճառներով հետաձգվել է:
– Իսկ ինչպե՞ս եղավ, որ Գալստյան ազգանունով երկու պարող-դերասան հանդիպեցին Իտալիայումՙ միմյանց կապելով բեմական եւ անձնական կյանքը:
– Մինչ մեր հանդիպումը ես Սարգիսին մեկ անգամ տեսել էի երեւանյան բեմում: Մի անգամ ինձ հրավիրեցին Միլանՙ մեր պետական գործիչներից մեկի դստեր հարսանիքին հայկական զուգապար կատարելու: Քանի որ իմ երկացանկում ես չունեի հայկական պար եւ գիտեի, որ Սարգիսն աշխատում է Իտալիայում, կապվեցի նրա հետՙ մի քիչ վախվորած, քանի որ չէի ճանաչում, եւ առաջարկեցի միասին պարել: Նա ընդունեց իմ առաջարկը, ինչն էլ ճակատագրական եղավ: Հանդիպեցինք, Սարգիսը երկու ժամում երեք պար բեմադրեց: Փորձից հետո երբ նստեցինք ու նայեցինք միմյանց, հասկացանք, որ մեր կյանքը համատեղ է լինելու: Իհարկե, երկար ճանապարհ անցանք, մինչեւ որ միացանք, ու դա եղավ կյանքիս ամենագեղեցիկ իրադարձություններից մեկը…
– Մեր հանդիսատեսը դիտել է քո «Դռնփակ» պարային ներկայացումը նախ 2004-ին, մեր բալետի պարողներ Մարիա Դիվանյանի, Դավիթ եւ Արա Հարությունյանների մասնակցությամբ, այնուհետեւ այդ ստեղծագործության մեկ այլ, պարային-դրամատիկական տարբերակըՙ 2013-ին: Ինչո՞վ ես հարմար գտնում Ժան-Պոլ Սարտրի այս հանրահայտ պիեսը պարարվեստի լեզվով ներկայացնելը:
– Այդ թատերախաղը սիրել եմ հիշածս դասախոսիՙ Հասմիկ Խուդավերդյանի շնորհիվ: Երբ նա շատ տպավորիչ ձեւով ներկայացրեց «Դռնփակը», անմիջապես ասացիՙ ուզում եմ դա՛ բեմադրել: Եվ այդ ողջ պատմությունը ես չգիտեմ ինչու տեսնում էի տանգոյի լեզվով. այդ դժոխային վիճակը, մարդկային այդ հարաբերությունները հնարավոր եղավ բեմական լուծում տալ տանգոյի պարաքայլերի միջոցով, ինչը, կարծում եմ, գտնված էր:
– Պատմի՛ր նաեւ կինոյում ձեր ընդգրկվածության մասին:
– Թե՛ ես, թե՛ Սարգիսը, ժամանակ առ ժամանակ նկարահանվել ենք կինոյում, հաճախ մեզ միասին են ընտրել: Ես ավելի շատ մասնակցել եմ միջազգային կինոնախագծերի եւ անկախ արտադրության ֆիլմերի. Սարգիսը վերջերս դրվագային դերեր է կատարել երկու հեռուստասերիալում: Ի դեպ, հայ-թուրքական համակամարտության մասին պատմող «Միեւնույն այգում» կինոնկարի իտալական մասի գլխավոր դերակատարուհին ես եմ: Ֆիլմը վեց կարեւոր բեմադրիչի նկարահանած 20 րոպեանոց ֆիլմերի հանրագումար է, որը ցույց է տալիս, թե որքան խորն է այդ հակամարտության պատճառած վերքը… Կինոնկարն անցյալ տարի ցուցադրել են միջազգային կինոփառատոներում:
– Ի դեպ, կցանկանայինք իմանալ նաեւ Մեծ եղեռնի 100-ամյակի առթիվ Հռոմի «Տեատրո Ինդիա» թատրոնում Սարգիսի բեմադրած «Մեծ ցավ» ներկայացման մասին…
– Դա Սարգիսի գրած առաջին իտալերեն թատերախաղն է, որտեղ առկա է անբացատրելի խորություն եւ մասշտաբ, վստահ միտք: Սկսվում է երիտթուրքերի ժողովից, ու ողջ ներկայացումը տեղի է ունենում բարակ ցանցի հետեւում, էկրանին հայտնվում են եռաչափ տեխնոլոգիայով նկարահանված կադրեր, կերպարներՙ պատմական հագուստներով, տեսնում ենք, թե ինչպես է Սողոմոն Թեհլիրյանը հետապնդում Թալեաթին… Հանդիսատեսը հաճախ չէր հասկանում, որ էկրանին խաղարկային կադրեր էին: Բեմադրության մեջ օգտագործել էինք Ավետ Տերտերյանի ու Յոնիս Բաշիրի գործերից, Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի եզրափակիչ երաժշտությունը, Լուսինե Զաքարյանի երգեցողության եւ դուդուկի եղանակների ձայնագրություններ: Բոլոր դերակատարներն իտալացիներ էին, ճանաչված դերասաններ, հայերից միայն ես էի եւ երեւանցի Արսեն Խաչատրյանը, որն այժմ իտալական թատրոնի դերասան է Ֆիրենցեում: «Մեծ ցավը» խաղացինք ընդամենը երեք անգամ, հուսով եմ, որ կկրկնենք: Սրանից հետո Սարգիսը գրել է եւս երկու իտալերեն պիեսՙ գրոտեսկային «Բլաբլատեկան» (որ հայերեն երեւի կարելի է թարգմանել «Բլբլադարան») եւ աբսուրդ «Ձողապարը»ՙ սյուրռեալիստական մի կատակերգություն: Իտալիայում կատակերգություն գրելը մեծ համարձակություն է պահանջում, եւ գոհացուցիչ էր, որ հանդիսատեսը սկզբից մինչեւ վերջ բերանը չէր փակում: «Ձողապարը» համարվեց Հռոմի թատերաշրջանի լավագույն ներկայացումը եւ ընդգրկվեց քաղաքի կարեւորագույն թատրոններից «Կոմետայի» խաղացանկում, սակայն կովիդի համաճարակի պատճառով դրա ցուցադրությունները հետաձգվեցին…
– Առհասարակ, մարդկությանը պարտադրված այս համավարակը պիտի որ առաջին հերթին բացասաբար անդրադառնար բեմում հանդես եկողների վրա: Ինչո՞վ եք զբաղվել դու եւ Սարգիսն անցած տարի:
– Սարգիսը խորացավ իր չորրորդ պիեսը գրելու, իսկ եսՙ նոր ներկայացումների բեմադրման մեջ: «Հրեշտակ երեխա» դրաման եւ «Անանուն մոտիվներ» կատակերգությունը, հուսով եմ, այս տարի կհանձնենք հանդիսականի դատին: Նաեւ ես եւ Սարգիսը գլխավոր դերեր ստացանք 1996-ից Իտալիայի ու ողջ Եվրոպայի հեռուստաէկրաններից չիջնող «Տեղ արեւի վրա» հեռուստաշարքում…
Նկար 1. Սարգիս եւ Մարինե Գալստյաններ