ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
…Նա ապրեց իր ազգի խնդիրներով. որտեղ պետք էրՙ ըմբոստ ասաց իր խոսքը, պայքարեց, շարունակեց ստեղծագործել ու չդավաճանել արվեստի իրական չափանիշներին…որովհետեւ կռվում էր ի՛ր զենքով.
– Չեմ ուզում մանրանալ , ինքս ինձ դավաճանել , վազել ամեն մի անարժան առաջարկի ետեւից: Իհարկե, եթե դու տան տղամարդ ես, դու պարտավոր ես ապահովել ընտանիքիդ ապրուստը: Սակայն ի՜նչ գնով…Շարունակ, ամեն օր էկրանից ծիկրակելո՞վ… այո ,այո ծիկրակելով եւ ոչ թե խաղալով…
Նման մակարդակ, նույնիսկ շատ եկամտաբեր, ես չեմ ընդունում, – այսպես էր նա պահպանում իսկական արժեքներըՙ լինի արվեստում, թե կյանքում:
Վիգեն Ստեփանյանը թողեց ավելին, քան հասցրել ենք տեսնելՙ բազմաթիվ դերեր թատրոնում, ֆիլմերում, ինչպես նաեւՙ իր իսկ բեմադրությունները:
Հայ դերասան, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ, իսկ ուսանողների համարՙ պարզապես սիրելի վարպետ, որ իր կոչումը վաստակել էր սեփական կյանքովՙ ինքն իր հետ մինչեւ վերջ ազնիվ մնալով:
Ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 8-ինՙ Երեւանում: 1969-ին ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: Սակայն ճակատագիրը նրա համար արվեստագետի ուղին էր նախատեսել. 1973 թվականին Վիգեն Ստեփանյանն ընդունվում է Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչեւ 1977 թվականն աշխատել է որպես դերասան: 1977-1989 թթ. որպես դերասան աշխատել է Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1988-1992 թթ. սովորել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական Ֆակուլտետում: 1989-ին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք է դարձել «Մետրո» թատրոնի համար: Մինչեւ 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: 1994-2003 թթ. աշխատել է Լիբանանում: 2003 -ին վերադառնալով Հայաստանՙ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: 2007-ին որպես հրավիրված դերասան եւ բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում: 2007 թվականից դասավանդել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, ուր ղեկավարել է ռեժիսորական կուրս: Նույն թվականին Մոսկվայում բեմադրել է «Ոսկե նուռ» տոնահանդեսը:
2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր:
Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում եւ տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմերում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում: Երեք տարի շարունակ եղել է «Էրեբունի- Երեւան» տոնակատարության գլխավոր բեմադրիչը: Գրել եւ բեմականացրել է ավելի քան 10 պիես: Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ եւ մեկ լիամետրաժ ֆիլմ:
Հարուստ ու բազմաժանր է եղել նրա ֆիլմագրությունը: Եվ ինչ դեր էլ մարմնավորել է Վիգեն Ստեփանյանը, գլխավոր թե երկրորդական, խաղացել է գերազանց ու ինքնատիպ: Հիշենք թեկուզ մի քանիսըՙ «Երկունք» (1976 թ.), «Հուսո աստղ» (1978 թ), «Երջանկության մեխանիկա» (1982 թ.), «Կապիտան Առաքել» (1985 թ.), 1984-ին «Արքա Ջոն» ֆիլմ-ներկայացում (կոմս Էսսեկս), «Սպիտակ ոսկոր» (1988 թ.), «Ձայն բարբառոյ» (1992 թ.) …Իսկ վերջին աշխատանքներից է եղել դերասան, դրամատուրգ Ռուբեն Փաշինյանի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» կարճամետրաժ ֆիլմըՙ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Վիգեն Ստեփանյան-արտիստը հայտնություն էր նաեւ հեռուստաթատրոնի եւ ռադիոյի համարՙ իր կերտած կերպարներով, գլխավոր ու էպիզոդիկ դերերով, որոնց մասին քիչ է խոսվել.
– Վիգենը չէր խուսափում երկրորդային ու նույնիսկ երրորդային դերերից, էպիզոդներից, որովհետեւ տաղանդավոր էր ու գիտեր, որ իրՙ թեկուզ մի քանի ակնթարթ տեւող հայտնությունը բեմում կամ էկրանին մնալու է որպես արժեք, հիշվող, սիրված: Այսպիսի արտիստները հազվագյուտ են,- ասում է անվանի բեմադրող ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Հերբերտ Գասպարյանը , որ Վիգեն Ստեփանյանի հետ բազմաթիվ մնայուն արժեքներ է ստեղծել «Հեռուստաթատրոնում»: Դրանցից մեկը գրող, դրամատուրգ, ազգային հիշողության եւ պատմության պահապան Հովհաննես Մելքոնյանի սցենարով գրված եւ 1984-ին Հերբերտ Գասպարյանի բեմադրած «Հրաչյա Քոչարը ներկայանում է» հեռուստաներկայացումն էր, որտեղ Վիգեն Ստեփանյանը մարմնավորել է գրող Հրաչյա Քոչարին: Ներկայացման այս ձեւով պատմվում է գրողի, լրագրողի մասնակցությունը Մեծ Հայրենականին: Իսկ Վիգեն Ստեփանյան-Հրաչյա Քոչարը խաղացել է անկրնկնելի:
Հերբերտ Գասպարյանի հետ մենք զրուցել ենք Վիգեն Ստեփանյանի «Հեռուստաթատրոնում» խաղացած կերպարների մասին, որոնք բազմաթիվ պատմությունների հետ միասին գծում են արվեստագետի կերպարը:
Պատմում է բեմադրող ռեժիսորը.
– Հեռուստատեսության ընդհանուր ժողովն էր, որտեղ որոշվում էր խմբագրությունների մոտակա անելիքներն ու ծրագրերը: Այդ ժամանակ Գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրության ղեկավարը Մոնիկա-Տեր Պողոսյանն էր: Իմ կողքին նստած էր Հովհաննես Մելքոնյանը, որն արդեն նախատեսել էր, որ պետք է հեռուստաներկայացման սցենար գրի Քոչարի մասին, իսկ բեմադրող ռեժիսորը ես էի լինելու: Մինչ այդ արդեն խոսել էր Հրաչյա Քոչարի դստերՙ Մերի Քոչարի հետ: Նա ձեռք բարձրցրեց ու ասաց.
– Ես նպատակ ունեմ սցենար գրել Հրաչյա Քոչարի մասին: Իսկ վերնագիրը կլինի «Հրաչյա Քոչարը ներկայանում է»:
Ստեփան Պողոսյանն այդ պահին իրեն հատուկ անմիջականությամբ ասաց.
– Տեսեք, հա՜, եթե լավը չեղավ, Մերի Քոչարի աչքին չերեւաք…
Հովհաննես Մելքոնյանը տաղանդավոր գրող էր: Կասկածից վեր էր, որ փառահեղ գործ էր լինելու: Նա պարզապես հայկականացրել էր Երկրոդ համաշխարհային պատերազմի թեման: Ես սկսեցի աշխատել որպես բեմադրող ռեժիսոր: Դերաբաշխումը կատարվեց: Եվ այսօր էլ, երբ մտովի անդրադառնում եմ, համոզվում եմ, որ միայն Վիգեն Ստեփանյանը պետք է մարմնավորեր Հրաչյա Քոչարին:
Հեռուստադիտողը ջերմությամբ ընդունեց ներկայացումը:
Ուզում եմ նշել նաեւ, որ Վիգեն Ստեփանյանը փայլուն արտիստ լինելուց բացի նաեւ ինքն էր հրաշալի բեմադրիչ: Դրա դրսեւորումներից էր այն, որ, երբ աշխատում էինք «Հրաչյա Քոչարը ներկայանում է» հեռուստաներկայացման վրա, ես որպես բեմադրող ռեժիսոր, իսկ Վիգեն Ստեփանյանըՙ գլխավոր հերոս, նրա հետ մի քանի դրվագներ մտածեցինք ու ավելացրեցինք: Հետո Հովհաննես Մելքոնյանը ծանոթացավ կատարված աշխատանքին ու ասաց.
– Ապրեք, տղաներ, հոյակապ է:
Հերբերտ Գասպարյանը բազմաթիվ առիթներ է ունեցել աշխատելու Վիգեն Ստեփանյանի հետ: Ավելի վաղՙ 1981 թվականին ըստ ամերիկացի գրող Ֆելիքս Ջեքսոնի «Աստված, եղիր ինձ օգնական» վեպի հիման վրա բեմադրել է «Սպենսեր Դոնովանի» գործը, որտեղ Վիգեն Ստեփանյանը մարմնավորել է ՀՖԲ-ի խուզարկուի կերպարըՙ այնքա՜ն կենդանի ու կերպարային, որում հառնում է ԱՄՆ-ի այն ժամանակաշրջանը, որը պատմության մեջ պետք է հիշվեր որպես «Վհուկերի որս»:
1980 թվականին Հերբերրտ Գասպարյանը բեմադրել է խորհրդային դրամատուրգ, սցենարիստ, հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Գելմանի «Հետադարձ կապ» պիեսը, որը խորհրդային պետության ներքաղաքական ու տնտեսական կյանքի համարձակ քննադատությունն էր: Այն թեեւ չի պահպանվել ժամանակի տեխնիկական միջոցների սղության պատճառով, բայց Հերբերտ Գասպարյանը մինչեւ հիմա էլ հիշում է, թե Վիգեն Ստեփանյանն ինչպես կարողացավ կերտել մի երկդիմի մարդու կերպար, որով ամբողջական էր դառնում ժամանակի իրական պատկերը:
– Հետագայում մենք անդրադարձանք Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի առեղծվածը» գործին, որտեղ Վիգեն Ստեփանյանը մարմնավորել է Էքյուլ Պուարոյի ընկերոջՙ Հաստինքսի դերը, որն իր կառուցվածքով երկրորդ պլանի նշանակություն ունիՙ ըստ սցենարի: Եվ նկարահանման համար մեկնեցինք Տալլին, որպեսզի ճիշտ ստեղծենք միջավայրը: Մենք մեկնեցինք Տալլինՙ նկարահանման: Վիգեն Ստեփանյանը նաեւ ճանապարհի հրաշալի ընկեր էր:
Վիգեն Ստեփանյանը հիանալի խաղաց իր հերոսինՙ Հաստինքնսին: Դա երկրորդական, հումորային կերպար է: Բայց այդ հերոսին խաղալու համար ավելի մեծ հմտություն է պահանջվում: Նա ինքը հումորով, պայծառ անհատականություն էր, ինչը նաեւ օգնում էր իրեն բազմակողմանի մոտենալ կերպարներին, անգամ եթե խաղում էր հերոսական դերեր: Երբ հերոսին տալիս ես հումորային գույներ , կերպարը դառնում է բազմակողմանի, հետաքրքրական եւ հյութեղ, ինչպեսին Հրաչյա Քոչարի կերպարն էր: Այսպիսին էր Վիգեն Ստեփանյան -արտիստի տեսակը: Իր ստեղծած կերպարներից բխում էր նաեւ իր քաղաքացիական կեցվածքը. դրանք ուղիղ համեմատական էին Վիգեն Ստեփանյան մարդու եւ քաղաքացու կերպարի հետ:
Վիգեն Ստեփանյանն ինչ որ անում էր, լավ էր անումՙ որպես դրամատուրգ, բեմադրիչ, որպես դերակատար: Նա երիտասարդ հասակում տոնածառային ներկայացման մեջ երեխաների համար խաղաց նաեւ Ձմեռ պապՙ թեթեւ, զվարճալի, որը տարօրինակ էր երեխաների համար: Եվ միայն պետք էր տեսնել, թե նա ինչպես արվեստով դեն էր նետում ձեռնափայտը եւ պարում Ձյունանուշի ու երեխաների հետ…
Ավագ սերունդը լավ է հիշում նրա կերտած Հակոբ Նշանիչի վառ ու հետաքրքրական կերպարըՙ Էդուարդ Բադալյանի «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» հեռուստաներկայացման մեջ (դրամատուրգ` Արամաշոտ Պապայան):
– Մենք կորցրել ենք հրաշալի արվեստագետի, որի մեծության չափը դեռ զգալու ենք: Նա իր խաղացած բոլոր դերերով մնաց մեր հիշողության եւ արվեստի պատմության մեջ:
Այո, ժամանակի մեջ դեռ երեւալու է Վիգեն Ստեփանյան արտիստի ու հայրենասեր հայի լուսավոր նկարագիրը, որի խտացումներից մեկը տարիներ առաջ նրա ասած այս խոսքերն են, որոնք դեռ երկար են արդիական լինելու.
– Ես իմ զենքով եմ կռվում, ես ոգեւորում, հուսադրում եմ հանդիսատեսին:
Ինչ էլ լինի, որքան էլ դժվար լինի, մենք ապրելու ենք այս երկրի վրա ու մտածելու ենք մեր կորուստները հետ բերելու մասին:
Մենք չենք մոռանալու մեր պարտությունները եւ շարունակելու ենք մեր ընթացքը հաղթելու հավատով: Մենք տեսնում ենք Արցախյան պատերազմից վերադարձած ռազմիկների մարմնի վերքերը, իսկ ես ուզում եմ, որ նաեւ հոգու վերքերը տեսնենք, հասկանանք, թե ինչ է խլել պատերազմը նրանցից, օգնենք, որ իրենց տեղը գտնեն այս կյանքում, մեր կողքին: Ես ասում եմ, որ մեր հոգուց պակասել է լույսը, ես հորդորում եմ միասին փնտրել այդ լույսն ու վերադարձնել: