Այս տարի լրանում է Երեւան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 90-ամյակը, եւ մինչեւ տարեվերջ թանգարանում անցկացվելիք բոլոր միջոցառումները նվիրվելու են թանգարանի գործունեության հոբելյանին:
Երեւանի պատմության թանգարանի այս տարվա ցուցահանդեսների ծրագրում առաձին տեղ է հատկացված մարտի 8-ինՙ կանանց միջազգային օրվան. ցուցահանդեսն անցկացվում է «Կինը եւ խորհրդային Երեւանի տնտեսությունը» խորագրով:
Երեւանի տնտեսության մեջ նշված ժամանակաշրջանում անփոխարինելի դեր են ունեցել կանայք, ուստի այս ցուցահանդեսում ներկայացված են այն ցուցանմուշները, որոնք պատրաստվել են նրանց կողմից:
«Քանի որ մենք խորհրդային շրջանի արտադրանմուշների հարուստ հավաքածու ունեինք, հենց տարեսկզբից որոշվեց, որ այն ներկայացնենք հանրությանը: Հատկապես, որ այսօրվա երիտասարդությունն այնքան էլ ծանոթ չէ խորհրդային Երեւանի տնտեսությանը եւ դրանում կնոջ դերին»,- ասաց թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը : Զրուցակիցս իր խոսքում նշեց, որ միջոցառումների շարքում կարեւոր տեղ է հատկացված զոհված զինվորների հիշատակը հավերժացնող միջոցառումներին, որոնցից մի քանիսն արդեն անց են կացվել:
Ցուցահանդեսում ներկայացված են 450-ից ավելի ցուցանմուշներ, որոնք, թանգարանի տնօրենի խոսքով, նվիրել են հենց արտադրողները:
Թանգարանում ցուցադրված են բազմաձեւ կոշիկներ, հագուստներ, մետաքսե շարֆեր, ծխախոտ, գորգեր, սպասք ու բազմաթիվ այլ իրեր, որոնք տարբեր արտադրամասերում պատրաստվել են կանանց ձեռքերով:
«Ներկայացված են կոշիկի «Մասիս», կարի «Գարուն», «Հայգորգ» արտադրական միավորումների արտադրատեսակներից, ինչպես նաեւ Երեւանի ժամացույցների, պահածոների, հուշանվերների, հախճապակիների գործարանների արտադրատեսակներից»,- ներկայացրեց թանգարանի նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող Արմինե Կորեկյանը :
Այս ցուցադրությանը զուգահեռ անցկացվում է նաեւ Մոսկվայի նկարիչների միության անդամ, Ֆիզմաթ դպրոցի գրադարանավարուհի Օլգա Հակոբյանի ՙ «Հեղինակային զարդերը» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է անկարս ֆրիվոլիտե ոճով ստեղծագործող հեղինակի հեղինակային հավաքածուն:
«Արդեն 20 տարի էՙ տարբեր ցուցահանդեսներ եմ անում: Երեւանի պատմության թանգարանում արդեն չորրորդ անգամն է: Սկզբում, երբ այս ցուցահանդեսի հրավերը ստացա, այնքան էլ չէի ուզում մասնակցել, քանի որ նոր էի եկել Մոսկվայի ցուցահանդեսից եւ հոգնած էի: Բայց երբ տնօրենն ասաց, որ հրավիրատոմսերը բաժանելու են զոհված զինվորների մայրերին եւ քույրերին, արդեն նույն րոպեին համաձայնեցի»,- ասաց Օլգա Հակոբյանը :
Իր աշխատանքները տիկին Օլգան չի վաճառում եւ հազվադեպ է նվիրում, ասում էՙ եթե սկսեմ վաճառել եւ անընդհատ նվիրել, ցուցադրությունների համար ոչինչ չի մնա:
Երեւանի պատմության թանգարանում ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 7-ը: