Շար. նախորդ համարից եւ վերջ
… Ամենակարեւոր տեղեկատվությունը, որ Ջորջ Բլեյքը հաղորդել է ԽՍՀՄ-ին, համարվում է «Բեռլինի թունելը» (ստորգետնյա ճանապարհը): Դա ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության եւ Բրիտանիայի «ՄԻ-6» հետախուզության համատեղ նախագիծն էր: Նախատեսվում էր մեկուկես կիլոմետրանոց ստորգետնյա հորան փորել կապի միջոցների ուղղությամբ, որ կապում էր Դեմոկրատական Գերմանիայում տեղաբաշխված խորհրդային զորքերի կենտրոնական շտաբը Մոսկվայի հետ:
Փաստորեն, դեռեւս նախագծային փուլում խորհրդային հետախուզությունը տեղեկատվություն է ստանում, որ իրականացվելու է շատ լուրջ օպերատիվ-տեխնիկական միջոցառում, որը հնարավորություն կտա գաղտնալսել եւ ալիքակալել Մոսկվա – Արեւելյան Բեռլին ռազմաքաղաքական դիալոգներ, բանակցություններ, գաղտնի ճեպագրեր:
Ստորգետնյա հորանի կառուցումը չխափանվեց: Դա կարող էր արվել միայն երկու նպատակով: Կա՛մ որոշում էր կայացվել ապահովել գործակալի գաղտնագրումը, զերծ պահել Բլեյքին հնարավոր գաղտնազերծումից, կա՛մ երկրորդ տարբերակըՙ հակառակորդին «մատակարարել» ապակողմնորոշող տեղեկատվություններ:
Եվ այսպես, հակառակորդին հնարավորություն տրվեց գաղտնալսել հատուկ կապը մոտ 9 ամիս, իսկ հետո պաշտոնապես անգլո-ամերիկյան հետախուզության օպերացիան բացահայտվեց համաշխարհային հանրության առջեւ:
Ի՞նչ ձեռքբերումներ ունեցան Արեւմուտքի հետախույզները այդ 9 ամիսների ընթացքում: Ըստ որոշ արեւմտյան փորձագետների, գաղտնալսման հիմնական նպատակը իրականացվեցՙ հաստատվեց այն կարծիքը, որ խորհրդային զորքերը չեն պատրաստվում ներխուժել Արեւմտյան Բեռլին:
Ծանոթություն. Հեղինակի կարծիքով, նման տեղեկատվություն ստանալու համար չարժեր իրականացնել այդ ծավալուն եւ ծախսատար աշխատանքը: Այդ տեղեկատվությունը կարելի էր ստանալ առանձին իրավասու աղբյուրներից: Եվ վերջապես, գաղտնալսողներին կարող էր հատուկ «ապատեղեկատվություն» մատուցվեր:
Ինչեւիցե, հոլանդական լրագրող Սայմոն Կուպերը , հետագայում նյութերը ուսումնասիրելիս, գտավ, որ ո՛չ խորհրդային հետախուզությունը, ո՛չ արեւմտյան ալյանսը ակտիվորեն չեն օգտագործել ընձեռնված հնարավորությունները: Բայց եւ կարծիք կար, որ Ջորջ Բլեյքը արեւմուտքի ավելի քան 600 գործակալների տվյալներ է հայտնել սովետներին, որոնց մեջ 42 բրիտանացիներ են եղել: Այդ գործակալներըի մեծ մասը գնդակահարվել են խորհրդային նկուղներում:
Բլեյքի անմիջական պարտականությունների մեջ որպես «Մի-6» հետախույզ մտնում էր Արեւելյան Գերմանիայի քաղաքացիների հավաքագրումը:
Բլեյքի գաղտնազերծումը, որպես խորհրդային հետախուզության գործակալ, տեղի ունեցավ 1961 թվին: Բացահայտումը տեղի ունեցավ շնորհիվ Լեհաստանի հետախուզության կադրային աշխատակից Միխայիլ Գոլենեւսկու , որն իր հերթին «Դիպուկահար» ծածկանվան տակ հավաքագրված էր անգլիական հետախուզության կողմից եւ համագործակցում էր նրա հետ: «Դիպուկահարին» աշխատանքի բերումով հաջողվել էր գտնել խորհրդային հետախույզ Կոնան Մոլոդիի կապերը Բրիտանիայում (պետք է ենթադրել, որ Լեհաստանը որպես ԽՍՀՄ դաշնակից երկիր այդ ժամանակ որոշակի պարտավորություններ ուներ նաեւ հետախուզության համագործակցության ոլորտում, սակայն «գործակալը» աշխատել է նաեւ իր «տերերի» համար, որոնց հետքերով արդեն անգլիական հակահետախուզությանը (Մի-5) հաջողվեց գտնել հիմնական «խլուրդներից» (անգլո-ամերիկյան սլենկով «mole»-խլուրդ նշանակում է խորը քողարկված գործակալ) մեկինՙ Բլեյքին:
Իմիջիայլոց, Կ. Մոլոդիի հետ միասին բացահայտվեց նաեւ «Պորտլենդի գործակալական ցանցը»ՙ ամենամեծ խորհրդային գործակալական ցանցը Բրիտանիայում, որը բավականին հաջող աշխատում էր խորհրդային հետախուզության համար:
***
Ջորջ Բլեյքը ձերբակալվեց, ընդունեց իր մեղքը, դատապարտվեց 42 տարվա ազատազրկման (հազվագյուտ երկար ժամկետ բրիտանական արդարադատության պատմության մեջ):
Ուորմվուդ «Սկրաբզ» բանտում Բլեյքը ընդունվում էր մնացած բանտարկյալների կողմից որպես հերոս: Նա նույնիսկ օտար լեզվի դասընթացներ էր անցկացնում բանտում: Իսկ հետո բանտախցի իր ընկերոջՙ Շոն Բուրկի (Իռլանդական հանրապետական բանակի անդամ) եւ այլ քաղաքական ակտիվիստների հետ Բլեյքը կազմակերպեց հանդուգն փախուստ:
… Բլեյքին հաջողվեց փախցնել Մոսկվա, որտեղ նա ստացավ գնդապետի կոչում, բնակարան, ամառանոց եւ Լենինի անվան շքանշան:
… ԽՍՀՄ փլուզումից հետո Ջորջ Բլեյքը դիմեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերին եւ թույլտվություն խնդրեց վերադառնալու Լոնդոն եւ հանդիպելու իր թոռների հետ:
Պատասխանը հետեւյալն էր. «Վերադարձիր, հենց տեղում կձերբակալվես»:
Բլեյքը մահացավ Մոսկվայում 2020թ. դեկտեմբերի 26-ին (98 տարեկանում):
ՎԵՐՋԱԲԱՆ
Չգիտեմ ինչքանով հետաքրքրեց ընթերցողիս կրկնակի գործակալ, պրոֆեսիոնալ հետախույզ Ջորջ Բլեյքի կյանքի եւ գործունեության համառոտ նկարագիրը: Եվ ինչո՞ւ որոշեցի գրել անգլիացի հետախույզի մասին: Անգլիան եւ այդ երկրի հետախուզությունը այսօր մեծ դերակատարում ունի մեր տարածաշրջանում, հատկապես վերջին 44-օրյա հայ-ադրբեջանական ռազմական առճակատման մեջ եւ, ցավոք, նրան չի կարելի դասել մեր բարեկամների ցուցակում:
Նախագահ Վլ. Պուտինը Ջորջ Բլեյքի մահվան կապակցությամբ գրել էր. «Գնդապետ Բլեյքը փայլուն պրոֆեսիոնալ էր, արիության եւ կոփվածության փայլուն օրինակ: Դժվար եւ լարված երկար տարիների աշխատանքի արդյունքում նա անգնահատելի ներդրում ունեցավ ռազմավարական պարիտետ (հավասարություն) ստեղծելու եւ երկրագնդի վրա խաղաղությունը ապահովելու գործում»:
Ես իհարկե համաձայն չեմ այն մտքի հետ, որ հետախուզությունը պետք է խաղաղություն ստեղծի, նամանավանդ այսօր, նամանավանդ մեր տարածաշրջանում: Հայտնի է արտահայտությունըՙ «հետախույզները խաղաղ ժամանակ էլ են պատերազմում»:
Կարծում եմ վատ չէր լինի, եթե համապատասխան ատյաններում երբեմն հիշեին, որ հետախուզությունը չափից դուրս կարեւոր օղակ է եւ ամրացնող դերակատարում ունի պետության արտաքին հարաբերություններում: Եթե դու չես հասկանում ինչ բան է հետախուզություն, ապա չես հասկանում ի՞նչ բան է արտաքին քաղաքականություն եւ արտաքին համակեցություն հասկացությունը: Մեր պետությանը խիստ անհրաժեշտ է ջանասեր եւ մանրակրկիտ տեղեկատվական հավաք, դրանց վերլուծություն, արագ եւ ճշգրիտ որոշումներ եւ կանխատեսումներ…