Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՔԱԼՅԱՆ ՍԱՖԻԵԴԻՆ. «ԲՈԼՈՐ ԳՈՐԾԵՐՍ ԲԽՈՒՄ ԵՆ ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

23/04/2021
- 23 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թանիա Բաքալյան (արեւմտահայերեն գրությամբՙ Պագալեան) Սաֆիեդինըՙ առավել հայտնի Թանբաք անունով, լիբանանյան ժամանակակից նկարիչ է: Ծնվել է Բեյրութում, 1954 թվականին, ուսանել է իսպանական գրականություն Մադրիդում եւ Բարսելոնայում եւ միջազգային հարաբերություններՙ Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում: Միառժամանակ ապրել է Փարիզում, որտեղ ուսանել եւ դասավանդել է արվեստի տարբեր ստուդիաներում: Թանբաքը ստեղծում է գեղանկարներ, քանդակներ եւ խառը տեխնիկայով ինստալացիաներՙ օգտագործելով բնական գույներ եւ նյութեր, հաճախ պատկերելով պատմական թեմաներ, ներառյալ Լիբանանի քաղաքացիական պատերազմը: 1997 թվականից լայնորեն ցուցադրվում է Լիբանանում եւ աշխարհի մի շարք երկրներում:

– Հարգելի Թա՛նիա, դուք երկու համալսարան եք ավարտել, որոնցից ոչ մեկն արվեստի բնագավառից չէ: Կարծում եք, ձեր արվեստը տարբե՞ր կլիներ, եթե գեղարվեստի ակադեմիական կրթություն ստանայիք:

– Իմ սերնդին պատկանող կանայք ստիպված էին լուրջ առարկաներ ուսանել: Եթե այն ժամանակ ես ասեի, թե ուզում եմ գեղարվեստի դպրոց հաճախել, լուրջ չէր լինի: Ես ուզում էի հեռանալ Լիբանանից, ուստի մեկնեցի նախ Իսպանիա, որտեղ սովորեցի իսպաներեն:

– Հայաստանում ժամանակակից արվեստի բնագավառն աշխույժ է: Մեր ցուցասրահներն ու արվեստագետները կապի մեջ են տարբեր երկրների իրենց գործընկերների հետ, բայց մենք կարծես անտեղյակ ենք լիբանանյան ժամանակակից արվեստին: Ինչպե՞ս կգնահատեք այն:

– Այն շատ խնդրահարույց է: Լավ հարց էՙ կարոտ խորը ուսումնասիրության: Իրականում, մշակութային ոլորտում Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները զրոյական են, չնայած հայկական ծագում չունեցող լիբանանցիներից շատերն են մեկնում Հայաստան եւ սիրում են այն: Մենք էլ այստեղ ոչինչ չգիտենք ժամանակակից հայ արվեստի մասին: Չնայած հիշեցի, որ մի քանի տարի առաջ Լիբանանի պլաստիկ արվեստների «Աշքալ Ալվան» ընկերակցությունը հրավիրել էր Հայաստանից մի արվեստագետի դասախոսության, որը չափազանց հետաքրքրական էր: Իսկ երաժշտական փառատոներում մենք հաճախ ենք ունենում հայաստանցի հյուր երաժիշտներ: Բայց ես չեմ հիշում որեւիցե հայ կերպարվեստագետի:

– Ովքե՞ր են ձեր ուսուցիչները եւ որո՞նք են ձեր ոգեշնչման ու մտահոգության աղբյուրները:

– Փարիզում ես հաճախել եմ արվեստի նախապատրաստական դպրոց: Կյանքումս երբեք մատիտ չէի բռնել: Ուսուցիչը ծիծաղեց վրաս ու ինձ տվեց կյանքիս մեծագույն խորհուրդըՙ գնալ ու զբաղվել մեկ ուրիշ բանով, միայն ոչՙ արվեստով: Հենց այդ պահին հասկացա, որ կյանքում ուրիշ բան չեմ անելու: Այսպիսով, հաճախեցի արվեստի դասընթացների «Մարտընո» արվեստի դպրոցում, որն ավարտելուց հետո որոշ ժամանակ դասավանդեցի Փարիզում, ապա վերադարձա Բեյրութ:

– Ի՞նչ տվեցին ձեր արվեստին Լիբանանը, Իսպանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:

– Ճանապարհորդելն, իհարկե, միշտ ընդլայնում է մտահորիզոնը: Իսպանիան այն երկիրն էր, որտեղ հանդիպեցի Գոյային, Վելասկեսին եւ Անտոնի Տապիեսին: Ամերիկան հաճելի անգրագետ մարդկանց երկիրն է, որը կապ չունի աշխարհի մնացած մասի հետ: Ինչ վերաբերում է Ֆրանսիային… ես իմացա ֆրանսիական հեղափոխության եւ այն մասին, թե ինչպես պետք է ասել «ոչ», երբ ստիպված ես ասել:

– Իմ տպավորությամբՙ դուք գույներից նախընտրում եք սեւը, սպիտակն ու մոխրագույնը. ոմանք դա կմեկնաբանենՙ ասելով, թե դուք լավատես չեք: Ճի՞շտ է:

– Գույներն աշխարհում այնքան գեղեցիկ են, որ ես չէի կարող մարտահրավեր նետել դրանք ստեղծողինՙ պատրաստելով տխուր նմուշներ: Սեւն ուժեղ է, այն պարունակում է բոլոր գույները եւ մեծ մարտահրավեր էՙ գործ ստեղծել միայն մեկ գույնով, որը ժխտում է գեղեցկության հատկանիշները: Առանց շպարի, պարզապես «հում», պարզ եւ հիմնական գույնով: Իսկ իրականում ես լավատես չեմ: Ցեղասպանության եւ կես տասնյակ քաղաքացիական եւ տարածաշրջանային պատերազմների «ժառանգությամբ» եւ աշխարհի այս փտած վիճակի պայմաններում լավատես լինելը հիմարություն կլիներ: Բայց ես դեռ ողջ եմ ու դեռ կարողանում եմ տեսնել: Ես փորձում եմ մտածել այն մասին, թե ինչ է կատարվում աշխարհում, վայելել ծաղիկներ ու լավ շոկոլադ: Եվ ամենակարեւորը, ես աշխատում եմ կես տասնյակ նոր ծրագրերի եւ երազանքների վրա:

– Երեւանում մենք ունենք մի թանգարան, որտեղ ներկայացված են իրանահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի շատ տպավորիչ հողանկարները: Դուք նույնպես աշխատում եք ավազով եւ մոխիրով: Դրանք հատուկ նշանակություն ունե՞ն ձեզ համար:

– Ափսոս, որ ես չեմ եղել այդ թանգարանում (այնպես որ, ստիպված կլինեմ ծրագրել եւս մեկ այց): Այո, ես սիրում եմ մարտահրավերները, եւ ավազն ու մոխիրն ինձ համար լի են իմաստով: Մոխիրը Բեյրութինն էրՙ իմ ավերված քաղաքինը: Այն, իհարկե, նշանակում էր մահ, որն ինչ-որ կերպ հետապնդում էր նկարչին: Իսկ ավազի բոլոր տարբեր երանգները, որոնք կարող եք գտնել, պարզապես զարմանալի են: Դրանով աշխատելը նման է պարզունակ մի բանի վերադառնալուն, ինչպիսին են քարանձավում արված առաջին գծանկարները:

– Ձեր «Խոստովանություններ թագավարակի ժամանակաշրջանում» ֆրանսերեն էսսեում ինձ դուր եկան ձեր հետեւյալ մտքերը. «Ճնշող էՙ մտածել, որ այս փոքրիկ, գրեթե անտեսանելի վիրուսը կարող է աշխարհը կենդանի պահելՙ սպասել տալով վատթարագույնին: Նախքան պատվաստանյութը շուկա հանելը գիտա ֆանտաստիկ կինոնկարների եւ վեպերի հեղինակները շատ անելիքներ ունեն»: Ինչպե՞ս է համավարակն ազդել ձեր արվեստի վրա:

– Մենքՙ արվեստագետներս, ապրում ենք մեր կերտած աշխարհում եւ դրա շուրջը ցանկապատեր ենք դնումՙ մեզ հեռու պահելու աշխարհի անմեղսունակությունից, որն աճում է անհավատալի արագությամբ: Այնպես որ, ես աշխատում եմ մի խենթ գոբելենի վրա, որը ծրագրել եմ տարիներ շարունակ:

– Որտեղի՞ց են ձեր նախնիները եւ ի՞նչ եք ժառանգել նրանցից:

– Հորական տատիկ-պապիկս Կեսարիայից էին, մորս կողմըՙ Զմյուռնիայից: Այսպիսով, մենք Բեյրութում ապրում էինք մեր այս երկու կորցրած քաղաքների հավերժ ժպիտներով, կատակներով, սնունդով եւ ընտանիքով:

– Տասը տարի առաջ դուք շոշափեցիք Հայոց ցեղասպանության թեման…

– Երբ ես վերադարձա իմ ծննդավայր Բեյրութ, այն ավերված էր քաղաքացիական պատերազմից: Այնպես որ, ակնհայտ էր, որ ես պետք է խոսեի դրա մասին: Այդպիսով, կայացավ պատերազմի վերաբերյալ իմ առաջին ցուցահանդեսը: Բայց այդ ուղղությամբ աշխատելիս ես հասկացա, որ ինչ-որ ավելի խորը բան է ստեղծվումՙ թաքնված իմ խորքում: Ցեղասպանությունն էր: Ուստի ես պատրաստեցի նահատակների իմ պատը, որի վրա գրեցի իմ իմացած անուններըՙ Գեւորգ, Արամ, Բյուզանդ, Արա, Ասատուր եւ այլն:

– Սա անխուսափելի՞ է սփյուռքահայ նկարչի համար:

– Այս խոռոչի շուրջ ապրելու ժառանգությունն անհնար է ջնջել: Դա իմ ներսում է: Ես հասկացա, որ իմ բոլոր աշխատանքները գալիս են այս ինքնությունիցՙ իմ առաջին ցուցահանդեսից մինչեւ վերջինը: Վերջինը կոչվում էր «Անցման մեջ», որից Փարիզի Պոմպիդուի թանգարանը մի ցուցանմուշ գնեց: Այդ ցուցահանդեսը մեծ հաջողություն ունեցավ, քանի որ այնքա՜ն ժամանակակից էր թվում մեր ապրած աշխարհի համար: Հատկապես Միջին Արեւելքումՙ պատերազմների պատճառած բոլոր գաղթերի պատճառով: Բայց ի սկզբանե ես նկատի էի ունեցել հայերին:

– Եթե չեմ սխալվում, մի անգամ ինստալացիայի մեջ օգտագործել եք հայկական այբուբենը:

– Այո, մի հայկական կազմակերպություն էր այն ինձ պատվիրել ապրիլի 24-ին Ցեղասպանության ոգեկոչման համար: Այն բխում է մի շատ անձնական պատմությունից: Հայրս գործարան ուներ Բուրջ Համուդի հարեւանությամբ գտնվող Կարանտինա համայնքում, որը ստվարաթղթե տնակներից կազմված մի հյուղավան էր: Նա ինձ ամեն անգամ ասում էր. «Երբեք չմոռանաս, աղջի՛կս, որ մենքՙ հայերս, ապրում էինք այսպիսի տներում»: Հետո նա ինձ հանձնարարեց սովորել հայոց այբուբենը: Դա իմ կյանքի մեկ այլ «խոռոչներից» է, քանի որ ես չգիտեմ ո՛չ կարդալ հայերեն, ո՛չ էլ ճիշտ խոսել: Զվարճալի հայերենը իմ սրտի գաղտնալեզուն է, որը ես սահուն խոսում եմ միայն իմ ընտանիքի անդամների հետ:

– Շատերը ոգեշնչող են համարում հայոց Բուրջ Համուդը: Իմ աչքին այն շատ կինեմատոգրաֆիական է: Դուք ձեր աշխատանքում պատկերել եք նաեւ այդ թաղամասը…

– Ես սիրում եմ Բուրջ Համուդն առանձնահատուկ տեղ անվանել: Նախ, տների ցածրությունը թույլ է տալիս տեսնել երկինքը: Երկրորդ, այն փոխվում է ժամանակի հետ: Երբ երեխա էի, ատում էի այդ թաղամասը, քանի որ տատիկս քարշ էր տալիս մեզ այնտեղի եկեղեցինՙ պատարագի, այնքան երկարատեւ, անվերջանալի, նաեւ խնկի հոտով, որից վատ էի զգում: Բայց եկեղեցին զարդարված էր նկարներով եւ ամբողջ արարողությունն ու քահանայի փիլոնը թատրոնի տպավորություն էին թողնում: Բայց դրանից հետո մեզ պարգեւատրում էին լահմաջունով: Տարիներ անց ընկերսՙ երգիչ եւ երգահան Վիգեն Դարբինյանը, ծանոթացրեց ինձ մի հոյակապ մարդուՙ երջանկահիշատակ բեմադրիչ Վարուժան Խտշյանի հետ, որը հավաքել էր Բուրջ Համուդի երիտասարդներին ու ծանոթացնում էր նրանց Շեքսպիրի պիեսներին: Ափսոս, որ հիմա Բուրջ Համուդի ոգին մարել է, քանի որ դրամ ունեցող հայերը հեռանում են, իսկ նրանց փոխարինում են բանվորներն ու սպասավորները Շրի Լանկայից ու Սիրիայից: Այլեւս չկան կոշիկ եւ գործվածք արտադրողներ: Ամեն ինչ Չինաստանն է մատակարարում: Ես երազում էի Բուրջ Համուդում ստեղծել հայ գաղթականության մի փոքր թանգարան: Բայց ես ամբողջովին դուրս եմ համայնքից, իսկ ինձ Բուրջ Համուդի հայերն ասացին, որ իրենց ամենամեծ երազանքը Լոս Անջելեսի վիզա ստանալն է:

– Լիբանանահայ փայլուն նկարիչ Փոլ Կիրակոսյանի ստեղծած ձեր դիմանկարը շատ ուշագրավ է: Հետաքրքրական կլինի իմանալ նրա ստեղծման պատմությունը:

– Դա իմ կյանքի պատմություններից է, որը շատ եմ սիրում: Կարծում եմ, մոտ 17-18 տարեկան էի: Դուրս էի եկել կինոթատրոնից ու ավտոբուսի էի սպասում: Կանգառի ճիշտ դիմացը մի ցուցասրահ կար, ուստի ես որոշեցի ներս մտնել, քանի որ ավտոբուսն ուշանում էր: Երբ դիտում էի նկարները, մաշված տեսքով մի ծեր մարդ սեւեռվեց վրաս, ինչն ինձ շատ նյարդայնացրեց: Կարծում էի, որ դռնապանն է, բայց Փոլ Կիրակոսյանն էր: Հետո նա վազեց, մի կտոր թուղթ բերեց եւ ասաց, որ ուզում է նկարել իմ դիմանկարը: Ես մտածելու ժամանակ չունեի: Նա պնդեց եւ երեք րոպեում մի հրաշալի ածխանկար արեց: Դա նրանից իսկապես երեք րոպե պահանջեց: Եվ դա իսկապես ես էիՙ իմ ներքինով, ոչ միայն արտաքինով: Դրանից հետո նա ինձ ասաց. «Խնդրում եմ, նորից եկեք, ես ձեզ յուղաներկով լավ կնկարեմ: Նայե՛ք իմ նկարներին, բոլորը ձեզ նման բարձրահասակ կանայք են»: Ճիշտ է, ես շատ բարձրահասակ եմ, այն ժամանակ դա խնդիր էր, քանի որ ես շատ լիբանանցիներից ավելի երկարահասակ եմ: Բայց ես երբեք նորից չգնացի Փոլ Կիրակոսյանի մոտ: Երբ այս մասին ասացի իմ գործակալին, նա ինձ ասաց. «Դե, այդպիսով դու կես միլիոն դոլար կորցրիր»: Եվ չգիտեմ ինչու ես նրան չասացի, որ հայ եմ: Քանի որ համոզված եմ, որ նա կռահեց դա, նա ուներ այդ զգացողությունը: Նախկինում ինձ դուր էր գալիս այն փաստը, որ լուռ խոսքերն ավելի ուժեղ են, քան սովորական շաղակրատանքը:

– Դուք միայն մեկ անգամ եք եղել Հայաստանում: Նորից գալու մտադրություն ունե՞ք:

– Իհարկե, ես կցանկանայի գալ նորից ու իմ աշխատանքներից մեկը նվիրել Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանին:

Նկար 2. Թանիա Բաքալյանի գծանկարըՙ Փոլ Կիրակոսյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՀՈԳՍԵՐԻ ԳԱՐՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

«ԵԹԵ ԲԵՄԱԴՐԻՉՆ ԱՊՐՈՒՄ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎՙ ՆՐԱ ՖԻԼՄԸ ԿԼԻՆԻ ԱԶԳԱՅԻՆ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ԵԹԵ ԲԵՄԱԴՐԻՉՆ ԱՊՐՈՒՄ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎՙ ՆՐԱ ՖԻԼՄԸ ԿԼԻՆԻ ԱԶԳԱՅԻՆ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական