Հայ-հնդկական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Այսօր դրանք մտել են նոր փուլՙ ի դեմս Երեւանում հնդիկ ուսանողների եւ գործարարների ոչ փոքրաթիվ ներկայության, նաեւ վերջերս Երեւանում անտեղիորեն տեղադրված Մահաթմա Գանդիի (ժողովրդական լեզվովՙ Գանձիկի) արձանի, որի առթիվ հանրության մեջ եղան բուռն քննարկումներ ՙ նկատի ունենալով Գանդիի ոչ հայամետ դիրքորոշումները: Ու թեեւ վերջին փաստը բազմիցս բարձրաձայնել են մասնագետները (այդ հարցին «Ազգը» նույնպես անդրադարձել է, տե՛ս Արծվի Բախչինյանի «Մահաթմա Գանդին եւ հայերը» հոդվածը, 25 հոկտեմբերի, 2019), իշխանություններն անտեսեցին հանրային հակազդեցությունը: Արդյունքը եղավ նորաբաց հուշարձանի պղծումը, ինչը որքան դատապարտելի, նույնքան էլ սպասելի է…
Այնուամենայնիվ, այս դրվագը չի կարող ստվերել հայերի ընդհանուր առումով դրական հարաբերությունները Հնդկաստանի հետ, հարուստ պատմության ու մշակույթի տեր ու այսօր աշխարհում կարեւոր դեր զբաղեցնող մի երկրի, որի հետ ունենք մի շարք ընդհանրություններ, նաեւՙ հայ համայնք:
Այս եւ հաջորդ էջում ներկայացնում ենք Արծվի Բախչինյանի զրույցները ծնունդով հնդկահայ եւ հայազգի հնդիկ երկու արվեստագետների հետ, ինչպես նաեւ մի լուր վերջերս հնդկերեն լույս տեսած Հայոց ցեղասպանությունը ներկայացնող մի հատորի մասին: Խմբ.
Նկարիչ Դեյվիդ Արաթունը ծնվել է Հնդկաստանում եւ ապրում է Կանադայում: Մասնակցել է բազմաթիվ անհատական եւ խմբային ցուցահանդեսների մասնավոր եւ պետական պատկերասրահներում: Նրա նկարները գտնվում են Կանադայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Հոնկոնգի եւ այլ երկրների պետական եւ մասնավոր հավաքածուներում: Նշենք Արաթունի արվեստանոցում վերջին տարիներին իրականացված ցուցադրություններից մի քանիսի վերնագրերըՙ «Եղրեւանու ժամանակը», «Աշնանային ոսկի», «Որտեղ աճում են վայրի վարդերը», «Սոնետ գարնան համար», «Հովտաշուշաններ», «Հավաքե՛ք վարդի կոկոնները», «Հավերժ աշուն», «Աշնանային պալանկին», «Լողացող աշխարհը» եւ այլն: Նրա գեղանկարները մշտապես ցուցադրվում են մի շարք հանրային վայրերում եւ մի քանի հայտնի պատկերասրահներում, որոնց թվումՙ «Ուիթեն» (Քինգ Սիթի), «Շեյն» (Մոնրեալ), «Ռասել» (Փիթերբորո), «Հարբոր» (Պորտ Կրեդիտ), «Մքլարեն-Բարնս» (Օքվիլ), «Օդոն Վագներ» (Թորոնթո), «Պեգասուս» (Սոլթ Սփրինգ Այլենդ) եւ այլն:
– Դե՛յվիդ, բնությունը եւ, մասնավորապես, ծաղիկները, կարծես թե ձեզ համար ոգեշնչման մեծ աղբյուր են: Զարմանալի չէ, քանի որ դուք եկել եք մի երկրից, որտեղ կան տարբեր ծաղիկների տոներ եւ փառատոներՙ կակաչի, վարդի, ծաղկած բալենու…
– Ես հիմնականում նկարում եմ այն, ինչ տեսնում եմ ու գիտեմ: Ես չեմ ապրում արմավենիների միջավայրում, ուստիեւ դրանք չեմ նկարում: Ես ընտրում եմ գույներն ըստ իմ ներկապնակիՙ հաճախ ուռճացնելով դրանք: Ես կարիք չունեմ գեղանկար ստեղծել լուսանկարչական ճշգրտությամբ, քանի որ դրա համար ես ունեմ լուսանկարչական գործիք, եթե հարկ է իրականության հայելային վերարտադրություն: Իմ գեղանկարներն իրականում պատկերազարդումներ են, նման նկարազարդ հեքիաթագրքերի: Մի քանիսի չափսը 5 ոտնաչափ էՙ 7 ոտնչափի վրա: Դրանք հիմնականում նկարում եմ ըստ պատվերի:
– Ապրելով Կանադայումՙ դուք կարծես ձեր արվեստում պահպանում եք Հնդկաստանի գունագեղությունը:
– Կանադան շատ լայնարձակ է, ունի տարվա չորս հստակ եղանակ: Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր բնական գեղեցկության եւ գունային գամմաները: Խոնավ արեւմտյան ափը շատ տարբեր է ավելի ցուրտ Արեւելյան ափից: Գարունն ու աշունն իմ սիրած եղանակներն ենՙ նկարելու համար: Գարնանը տերեւների եւ խոտերի գույները մեղմանում են, եւ ծառերը ծաղկում են: Աշնանը փոփոխվող տերեւների գույները հսկայական տարածք են գրավում, մշտադալար ծառերի հետ միասին, արժե այն դիտել ու նկարել:
– Բարեգործությունը ձեր կյանքի մի մասն է: Դուք հիմնադրել եք «Ուղերձ շշի մեջ» ամենամյա հաջողված եւ տարածում գտած դրամահավաքը, որի արդյունքում գրեթե մեկ միլիոն դոլար է հավաքվելՙ տնային խնամքի կարիք ունեցող անբուժելի հիվանդների օգնության ծրագրերի համար: Ինչպիսի՞ նախագծերում եք մինչ այժմ ներգրավված եղել, թե՞ դրանց մասին չեք խոսում:
– Ես օգտագործել եմ իմ նկարներըՙ դրանք տպագրելու եւ մի շարք բարեգործական կազմակերպությունների, պալիատիվ խնամքի, առողջության, արվեստի եւ կրթության համար: Ես սկսել եմ մեկ այլ նախագիծ, որը հավաքել է ավելի քան մեկ միլիոն կանադական դոլարՙ ՁԻԱՀ-ի, պալիատիվ եւ տնային խնամքի համար:
– Ձեր մարդկային կերպարները կարծես շատ «արեւմտյան» են, մինչդեռ ձեր բնապատկերներն ու նատյուրմորտներն ավելի «արեւելյան» են: Գունագեղությունը շատ բնորոշ է հայկական ծագում ունեցող նկարիչներից շատերին, անգամ եթե նրանք երբեւէ չեն եղել Հայաստանում: Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք ձեզ բնութագրել: Հա՞յ նկարիչ: Հնդի՞կ: Թե՞ կանադացին կներառի բոլորը:
– Ես Կանադայի քաղաքացի հայ նկարիչ եմ, որը ծնվել է Կալկաթայում, ինչպես իմ ծնողներն ու նրանց նախնիների մի մասը:
– Արաթուն ընտանիքը շատ ծանոթ է Հնդկաստանի եւ Հեռավոր Արեւելքի հայերի պատմությամբ հետաքրքրվողներին: 19-րդ դարում Աղա Հակոբ Արաթունը եւ նրա եղբայրը Ինդոնեզիայումՙ Ջակարտայում հիմնել են «Մանուկ եւ Արաթուն» հայկական դպրոցը, ինչպես նաեւ կառուցել հայկական մատուռ: Իսկ մի հարցազրույցում դուք ասել եք, որ ձեր տատիկ-պապիկների մեջ եղել են նաեւ երկու լուսավորիչներ ՙ ֆրանսիացի Ժան-Ժակ Ռուսոն եւ պարսկահայ Միրզա Մալքում Խանը: Կարո՞ղ եք որոշ մանրամասներ ներկայացնել:
– Հայրական կողմից ես Արաթուն եմ, այն օգտագործվել է թե՛ որպես անձնանուն, թե՛ որպես ազգանուն: Մորս ազգանունը Մալքոլմ է, որը Մալքոմյան (Մելքումյան) ազգանվան անգլիացված ձեւն է. նրա հայրական կողմն ազգական է հայազգի պարսիկ գրող, լուսավորիչ Միրզա Մալքում խանի, իսկ մայրականը սերել է շվեյցարա-ֆրանսիական Ռուսո ընտանիքից: Մեր գերդաստանից էին Կալկաթայում եւ Ռանգունում ապրած Մանուկ, Լուկաս, Մինաս կամ Մինոս, Աղաբոբ, Սեթ ընտանիքները: Վերջինս նույնպես հայտնի ընտանիք է: Սեթը Հնդկաստանի նշանավոր Աբգար ընտանիքի մի ճյուղն է: Իմ նախատատիկ Մերի Լուկասի զարմիկներից մեկը, ծնված Կալկաթայում, 1885-ին, հայ պատմաբան, «Հայերը Հնդկաստանում» գրքի հեղինակ Մեսրոպ Հակոբ Սեթն էր: Ճիշտ է, իմ ընտանիքը ճյուղավորվել է նաեւ Ինդոնեզիայում եւ Սինգապուրում, իմ որոշ զարմիկներ դեռեւս այնտեղ են: ԴՆԹ թեստավորումն իմ ընտանիքին եւ ինձ նույնականացրել է վաղուց կորած որոշ ճյուղերի հետ:
– Եվ մեծանալով Հնդկաստանում ՙ կարողացաք հայկական կրթություն ստանալ:
– Ես հաճախել եմ Կալկաթայի Դավթյան հայկական դպրոցը: Դավիթ Ավետիք Դավթյանը, ծնված 1858 թվականին, Իրանումՙ Նոր Ջուղայում, հիմնադիրն ու բարերարն էր իր անունը կրող դպրոցի, որտեղ սովորում էին կրտսեր տարիքի հայ տղաներ ու աղջիկներ, որից հետո շատերը գնում էին Հայկական ճեմարան: Դավթյան դպրոցը բացվել է 1922 թվականին, մուտքի դահլիճում կա հիմնադրի կիսանդրու դիմանկարը: Դավիթ Ավետիք Դավթյանը թաղված է Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու տարածքում:
– 2010-ին ասել եք, որ ցանկանում եք ճանապարհորդել Հայաստան: Դա իրականացե՞լ է, թե՞ դեռ առկախ է:
– Ես դեռ ուղեւորություն չեմ կատարել Հայաստան եւ կուզեմ անել, երբ կարողանամ: Երբ ճանապարհորդեմ Հայաստան, դա կլինի գարնանը: Պատկերացնում եմ, որ հնագույն եկեղեցիներն ու տաճարները կմիախառնվեն բնապատկերի գեղեցկությանը: Պտղատու ծառերը կլինեն վարդագույն եւ սպիտակ ծաղիկներով, իսկ կակաչներն ու մյուս վայրի ծաղիկները կարմիր ու ոսկու գույներով կհորդեն բլուրներով ու հովիտներով: Ես կարող եմ պատկերացնել լեռնային գետեր, որոնք հոսում են պայծառ կապույտ երկնքի տակ: Երկնային փիրուզագույն կապույտ երկինք, որն ի ցույց է դնում լավագույնը խաղողի եւ մրգերի մեջ, որոնք այնտեղ մշակվում են հազարամյակներ ի վեր: Ճիշտ ինչպես իմ սիրելի նկարիչ Հովսեփ Փուշմանի նատյուրմորտներում, ես էլ ուրախ կլինեմ նկարելու համար հավաքել ծաղկած ճյուղեր, մրգեր եւ հին խեցե անոթներ ու գորգեր: Ինձ հետաքրքրում են նաեւ տեղական բնապատկերներն ու հայ ավանդական հագուստ ու զարդեր կրող մարդիկ: Ես ուրախ կլինեմ նկարել այս բոլորը Հայաստանում:
Նկար 2. Դեյվիդ Արաթուն, «Կակաչները յասամանի ծառի տակ»
Նկար 3. Դեյվիդ Արաթուն, «Օնտարիոյի աշունը»