Նա այնտեղ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ավարտին կհանդիպի նախագահ Բայդենին
Հունիսի 14-ին Բրյուսելում հրավիրվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը. ըստ ամենայնի, կընթանա Եվրոպական Միության հետ հարաբերությունները կարգավորելու պաշտոնական Վաշինգտոնի առաջադրանքի ֆոնին: Այդ մասին երդմնակալության արարողությունից հետո, դեռեւս հունվարին հայտարարել էր նախագահ Ջոզեֆ Բայդենը , համարելով այդ հարաբերությունների կարգավորումն ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, քանի որ դրանք տակնուվրա էին եղել իր նախորդիՙ Դոնալդ Թրամփի օրոք: Նա աշխարհում բռնատիրական վարչակարգերի դեմ պայքարը նունպես բնութագրել էր որպես առաջնահերթություն ԱՄՆ-ի համար:
Նախագահ Բայդենն արդեն ձեռնամուխ է եղել եւ շարունակում է պայքարը գլխավորապես երկու ճակատումՙ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, ճնշում բանեցնելով ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի վրա: Այն տարբերությամբ, որ եթե դա Էրդողանի պարագայում վերջինին Ռուսաստանի հետ մերձեցումից ետ պահելու, այսինքն երբեմնի դաշնակցին կարգի հրավիրելու նպատակ է հետապնդում, ապա Պուտինի դեպքում , նախագահ Բայդենը, նրան անվանելով «մարդասպան», փորձում է միջազգայնորեն մեկուսացման սպառնալիքի տակ դնել ՌԴ նախագահին:
Թուրքիայի եւ Ռուսաստանի դեմ կիրառվող ԱՄՆ-ի, ինչու չէ նաեւ ԵՄ-ի պատժամիջոցները երաշխավորում են նախագահ Բայդենի ճնշումների հաջողությունը, մանավանդ որ Սենատում քվեարկության է սպասում Էրդողանի, նրա ընտանիքի անդամների ունեցվածքի սառեցման օրինագիծը: Ավելին, ընդունված է ռուսական S-400 հակօդային պաշտպանության 2 համակարգի գնման գործարքի մասնակից նախարարներին եւ բարձրաստիճան զինվորականներին պատժելու որոշումը:
Այլ կերպՙ եթե սրանք Միացյալ Նահանգներ ոտք դնելու լինեն, իսկույն կալանվելու են: Գալով Ռուսաստանին, ապա ԱՄՆ-ում վաղուց է շրջանառվում «ռուսական տրիլիոնի» հարցը եւ այդ տրիլիոնն անկասկած պատկանում է Պուտինին եւ նրա մերձավոր շրջապատին: Համենայն դեպս, նախագահ Բայդենը հունիսի 14-ին, ՆԱՏՕ գագաթաժողովի ավարտին հանդիպելու է Էրդողանին, իսկ 16-ին Ժնեւումՙ Պուտինին:
Հունիսի 8-ին, «Ազատություն» ռադիոկայանի վկայությամբ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ ժնեւյան հանդիպումը բնավ չի լինելու ինչ-որ յուրօրինակ «պարգեւ» Պուտինին: Թեեւ խորհրդականը խնայել է Էրդողանին, սակայն թվում է, թե Բրյուսելի հանդիպումն էլ Էրդողանին պարգեւ չի լինի: Ինչո՞ւ: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ Ջոզեֆ Բայդենին շնորհավորել էր նոյեմբերի 10 ին, ընտրություններից 7 օր հետո, իսկ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը նրա շնորհավորանքին արձագանքել է ապրիլի 23-ին միայն, ավելի քան 5 ամիս ուշացումով: Ընդ որում, նա նախազգուշացրել էր Էրդողանին, որ ապրիլի 24-ի ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը, ապա հանղիպելու առաջարկ էր արել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, մանրամասն քննարկելու կողմերին հուզող առկա բոլոր խնդիրները:
Դրանց մեջ առանձնակի կարեւորվում է S-400 հակօդային պաշտպանության 2 համակարգի հարցը: Ամերիկյան կողմը թուրքականից պահանջում է զինանոցից առհասարակ հանել ռուսական այդ համակարգը: Թուրքականը, ըստ ամենայնի, համակերպվել է այդ մտքի հետ, որ պահեստավորված համակարգերը ռազմաբազայում տեղակայելու համար Թուրքիա ժամանած ռուս ռազմական մասնագետներն ու զինծառայողները դուրս են բերվել երկրից: Ալդ մասին հունիսի 4-ին հայտարարեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը , որին անձամբ երկրորդեց Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը : Այդ ընթացքում թուրք քաղաքական մեկնաբանները «Halk TV»-ի էկրանից հայտարարեցին, որ ռուսները չէին ուզում հեռանալ, չնայած Ուկրաինային անօդաչու սարքեր եւ այլ զինատեսակներ տրամադրելու Թուրքիայի արարքներին եւ Դոնբասից ու Ղրիմից ռուսների վտարելու Էրդողանի պատրաստակամությանը:
Հունիսի 8-ին այդ նույն հեռուստատեսությամբ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպմանն անդրադարձավ նաեւ Ալի Բաբաջանը , որ ժամանակին Էրդողանի կառավարությունում զբաղեցրել էր արտգործնախարարի եւ էկոնոմիկայի գծով պետնախարարի պաշտոնները: Նա նշեց, որ գագաթաժողովի ավարտին երկու նախագահները կառանձնանան մի սենյակում, բայց քննարկում չի լինի, պարզապես «Էրդողանը կլսի մեծարգո Բայդենին»:
ԱՄՆ-ի նոր նախագահը տակնուվրա է արել Էրդողանի հաշվարկները: Նա Էրդողանին S-400-ների հարցում փաստի առջեւ կանգնեցնելուց զատ զրկել է նաեւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ճնշումները Ռուսաստանին մերձենալու միջոցով թուլացնելու կամ վերջիններիս միջեւ խուսանավելու շնորհիվ ճնշումներին դիմակայելու հնարավորությունից:
Ռուսական S-400-ներն անմիջականորեն առնչվում են ՆԱՏՕ-յում Թուրքիայի հետագա տեղին ու դերին: Նախքան Բայդեն-Էրդողան հանդիպումը դժվար է այդ մասին դատողություններ անելը: Բայցեւայնպես հունիսի 8-ին, գերմանական «Deutsche Welle»-ի վկայությամբ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը , պատասխանելով հարցերին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել է, որ Թուրքիան չի գործում այնպես, ինչպես պիտի գործի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցը: Թեեւ նա մտահոգություն է հայտնել Արեւելյան Միջերկրականում թուրքական պետության «պահվածքի» առթիվ, սակայն ընդդիմադիր թուրք գործիչները հայտարարել են, որ Թուրքիան սկսել է Միջերկրականում համագործակցել ԵՄ-ի, իսկ Սեւ ծովում ԱՄՆ-ի հետ:
ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հանդիպմանը հունիսի 8-ին Սպւտակ տանը անդրադարձել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Նա, ըստ «Pars Today»ի ասել է. «Երկու նախագահները քննարկման հարցերի լայն եւ ընդգրկուն օրակարգ կունենան տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են Սիրիան, Իրանը, Լեռնային Ղարաբաղը: Բայց հիմնական օրակարգը կլինի Թուրքիայի դերակատարությունը Աֆղանստանի հետ բանակցություններում», մատնանշելով. «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները կքննարկեն նաեւ Արցախի հարցը»: Հարկ է նշել, որ խնդիրը ոչ այնքան բանակցություններն են, որքան Քաբուլի «Համիդ Քարզայի» օդակայանի պաշտպանությունը, որը հունիսի 4-ին ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների Աֆղանստանից հեռանալու պայմաններում թուրքական զինված ուժերն արդեն ստանձնել են ֆրանսիականներից:
Ուշագրավ են Հադսոնի համալսարանի ռազմավարության ու պետական կառավարման մասնագետ Ուոլթեր Ռասելլ Միդի դիտարկումները: Նա Wall Street Journal-ում, արաբական «Ահվալ»-ի հունիսի 8-ի համարի վկայությանբ, կարծիք է հայտնել, թե Բայդենի վարչակազմը վերջերս մեղադրեց Էրդողանին Լիբիայում , Սիրիայում եւ Ադրբեջանում իրականացրած ռազմական միջամտությունների, ինչպես նաեւ Ռուսաստանից զենք գնելու համար: Նրա կարծիքով թուրքերը եւս ուրախ չեն, նրանք էլ դժգոհում են Սիրիայի քրդական ուժերին տրամադրվող ամերիկյան աջակցությունից: Դրանով հանդերձ հոդվածագիր Միդը գրում է. «Երկու երկրներն էլ կուզենային խաղաղություն տեսնել Լիբիայում, Սիրիայում ու Իրաքում: Երկուսն էլ կցանկանային, որ Իրանի ազդեցությունը զսպվեր: Երկուսն էլ կցանկանային սահմանափակել Ռուսաստանի հզորությունը Մերձավոր Արեւելքում, Սեւ ծովում եւ Կովկասում», ապա եզրակացնում. «Պարոն Բայդենի խնդիրը Էրդողանի հետ հանդիպմանը ոչ թե ԱՄՆ-Թուրքիա հին դաշինքը փրկելն է, այլ նորի հիմքը դնելը»: Մնում է սպասել Բայդեն-Էրդողան առաջիկա հանդիպման արդյունքներին: