Համաշխարհային բանկի փորձագետների պնդմամբ Հայաստանը 2020 թվականը «փակել» է 8% տնտեսական անկմամբ:
Բանկի հրապարակած «Գլոբալ տնտեսական հեռանկարները» հունիսյան զեկույցում այս պահի դրությամբ Հայաստանում կանխատեսում է 3,4% տնտեսական աճ: Ըստ զեկույցի Հայաստանի տնտեսական աճը 2022 եւ 2023 թվականներին կկազմի համապատասխանաբար 4,3% եւ 5,3%:
Այս կանխատեսումներին հակառակ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալներ ըստ որոնցՙ 2021 թվականի առաջին եռամսյակում ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի Հայաստանում գրանցվել է 3,3% տնտեսական անկում:
Հայաստանի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) ամենամեծ բաժին ունեցող առեւտրի եւ ծառայությունների ծավալը այս տարվա հունվար-մարտ ամիսներին կազմել է 765 մլրդ դրամ, եւ այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած 3,4% անկում է գրացել:
Ծառայություններից ամենախորը անկումը մշակույթի, զվարճանքների ու հանգստի ոլորտում էՙ 33,8%: Այս ոլորտի մեջ են մտնում նաեւ խաղատներն ու բուքմեյքերական ծառայությունները, որոնք 2020-ին կրճատվել են 5%-ով, իսկ խաղատներինըՙ 83,9%-ով:
Ակնհայտ անկում է գրանցել նաեւ փոխադրումների ու պահեստային տնտեսության ոլորտըՙ 27%:
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 3,3% անկումը հիմնականում պայմանավորված է առեւտրի եւ ծառայությունների ծավալների կրճատմամբ: Վիճակագրական կոմիտեի ներկայացված հաշվարկներում անկման 1,9 տոկոսային կետը «ապահովել» են առեւտուրն ու ծառայությունները, իսկ արդյունաբերությանը պատկանում է անկման 0,76%-ը:
Փոխարենը աճ է գրանցվել մի քանի ենթաոլորտներում տեղեկատվության եւ կապի ոլորտում, որը ներառում է ինտերնետի ու բջջային կապի մատակարարումը, գրանցվել է 13,4% աճ, առողջապահության ոլորտում 7%, իսկ պետական կառավարման ու պարտադիր սոցիալական ապահովության ոլորտումՙ 15,6% աճ:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանն ու շինարարությանը, շատ փոքր չափով դրական աճ կա, հատկապես գյուղատնտեսությունը 0,06%, իսկ շինարարությունըՙ 0,13%:
Ի դեպ, ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) 2020-ին տնտեսական անկման ծավալներով Հայաստանը Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների առաջատարներից մեկն էր: 2020 թվականին Հայաստանից ավելի վատ տնտեսության վիճակ եղել է միայն Չեռնոգորիայում, Խորվաթիայում, Կոսովոյում եւ Ղրղըզստանում:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստասնի անմիջական հարեւաններին, ապա Համաշխարհային բանկի տվյալների համաձայն նախորդ տարի տնտեսության անկումը Վրաստանում 6 %, իսկ Ադրբեջանումՙ 5% է կազմել: Այս տարի արդեն, ըստ բանկի փորձագետների, վրացական տնտեսությունը կարող է շուրջ 4%-ի աճ ապահովել:
Զեկույցի հեղինակները նաեւ միջնաժամկետ կանխատեսումներով են հանդես գալիսՙ նշելով, որ նախնական գնահատականների համաձայնՙ 2022 թվականին տնտեսական աճի ծավալները Հայաստանում եւ Ադրբեջանում կարող են հասնել 4,5, իսկ Վրաստանումՙ 6%-ի: Նույն ժամանակահատվածում Ռուսաստանում տնտեսական աճի ցուցանիշը, ըստ ՀԲ-ի, չի գերազանցի 3%-ի ցուցանիշը: