ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ
Միգուցե շատերին անսովոր թվա «Գյումրվա բալետ» բառակապակցությունը: Մինչդեռ արվեստի այդ տեսակի հայկական հետագծի գիտակաները կհաստատեն, որ դեռ անցած դարասկզբինՙ 1912-ին, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի ալեքսանդրապոլյան առաջնախաղի ժամանակ թատերախմբի կազմում նաեւ պարող-պարուհիներ են եղել, որոնք ապահովել են ներկայացման աննախադեպ հաջողությունը: 1923-26 թվականներին էլ արդեն Լենինականի Օպերա-օպերետային թատրոնի բեմում բեմադրվել են Բիզե ու Գունո, Կալման եւ համաշխարհային դասական այլ հեղինակների օպերաներՙ բալետային տարրի ներգրավմամբ, իհարկե:
Շատերն են այսօր արվեստաշունչ այդ քաղաքում, որպես դասական արվեստի արձագանք, հիշում ազնվական դիմագծերով ու շարժուձեւով Գալյա (Գոհար) Մատնիշյանին , որն իր մեջ բալետի հանդեպ խենթացնող սեր էր կրում եւ 5 տասնամյակ շարունակ, նույնիսկ ավերիչ երկրաշարժին հաջորդած տարիներին, տարածում այն իր շուրջը: Բազմաթիվ աշակերտների նա փոխանցեց իր այդ կիրքը, որոնց մեջ էին Աիդա Սուվարյանը եւ Լիլիթ Ավետիսյանը : Հենց նրա՛նք դրեցին դասական պարի ուսուցման հիմքը քաղաքի «Վարդուհի» արվեստի դպրոցում:
Վերջինս, չնայած 6-ամյա կենսագրությանը, արդեն իր ուրույն տեղն ունի Գյումրու կրթամշակութային քարտեզի վրա: Այն կառուցվել ու իր գործունեությունը սկսել է 2015-ինՙ հովանավորությամբ ամերիկաբնակ բարերար Հովհաննես Օյունջյանի : Նրա տեսլականն էր, բացի կերպարվեստից ու երաժշտությունից, նաեւ ու հատկապես բալետային կյանքի աշխուժացումը մեր հանրապետության երկրորդ քաղաքումՙ պայմանավորված դասական պարի հանդեպ իր ունեցած անմար սիրով: Որպես դրա արտահայտությունՙ դպրոցում կահավորվեցին 2 ընդարձակ հայելապատ սրահներ, որոնք նպաստեցին բալետային պարապմունքների պատշաճ անցկացմանը:
Արդյունքում «մայրաքաղաքային արվեստ» համարվող դասական բալետը վերընձյուղվեց ու վերահաստատվեց հայրաքաղաքում: Դրա վկայությունը վերջերս Գյումրու Մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցած համերգն էր, որ խոսուն վերնագիր ուներՙ «Բալետի վերադարձը Գյումրի»: Օրեր են անցել, եւ միջոցառմանը ներկա հանդիսատեսի հիշողությունից չեն ջնջվում այն պատկերները, որ նա տեսավ բեմում: Շատերին այն անհավատալի հրաշք թվացՙ մանավանդ մեր խառն ու անհանգիստ օրերում: Բեմում իրար էին հաջորդում Աիդա Սուվարյանի բեմադրած պարերըՙ մերթ հայկական մեղեդիների ուղեկցությամբ, մերթ որպես հատվածներ Չայկովսկու, Շոստակովիչի, Արամ Խաչատրյանի եւ այլ հեղինակների գործերից: Հուզիչ էր հատկապես Կոմիտասի «Կռունկի» հնչյունների ներքո բեմադրված պարը, որը ցոլացնում էր մեկ մեր պատմության ողբերգական ընթացքը, մեկ մեր ժողովրդի ոգու տոկունությունն ու լավատեսությունը:
Այսօր «Վարդուհի» արվեստի դպրոցում դասական պարին հետեւող նոր սերունդ է աճում, որը վաղը-մյուս օր կարող է դառնալ ապագայում Գյումրիում ստեղծվելիք Օպերայի ու բալետի կամերային թատրոնի հիմքը: Արժի մտածել նաեւ մեր «մշակութային մայրաքաղաքում» Պարարվեստի ուսումնարան բացելու մասին: Ինչպես ասում ենՙ երազելը վնասակար չէ…