ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի
«Տեղական Ժողովդավարության դպրոցի» շրջանակներում իրականացվում է «TELLus» երիտասարդների զարգացման ծրագիրըՙ ներառելով Արմավիրի մարզի 16-25 տարեկան երիտասարդների, որի շրջանակներում Արագածոտնի մարզի Լուսագյուղ բնակավայրում անցկացվեց երիտասարդների զարգացման ճամբար, որի նպատակն էր ակտիվացնել երիտասարդների կենսակերպը, ձեւավորել միջհամայնքային հաղորդակցություն, բարձրացնել համայնքային կյանքին նրանց մասնակցության մակարդակըՙ խթանելով նրանց լինել ավելի նախաձեռնող, ավելի ակտիվ ու գործունյա:
Ճամբարականներից Նարեկը խոսեց ճամբարում անցկացրած օրերի եւ ձեռք բերած գիտելիքների մասին
« Քանի որ TELLus ծրագիրը նախատեսված էր երիտասարդների համար, ցանկություն ունեցա ինքս էլ մասնակցել, որպեսզի բարելավեմ գիտելիքներս եւ ձեռք բերեմ նոր ընկերներ :
Ճամբարը, որ անցկացրինք Ապարանի Լուսագյուղ համայնքում, շատ հետաքրքրական էր ինձ համար: Մեզ այցելեցին փորձառու մասնագետներ, ովքեր մեզ հետ կիսեցին իրենց փորձն ու գիտելիքները: Դասընթացների արդյունքում մենք հասկացանք համայնքում մեր դերը եւ թե մենքՙ երիտասարդներս որքան կարեւոր ենք համայնքներին զարգացում, իսկ մեր երկրինՙ առաջընթաց ապահովելու գործում:
Մենք սովորեցինք ինչպես իրացնել մեր իրավունքները եւ թե ինչպես պիտի կատարենք մեր պարտականությունները մեր համայնքների նկատմամբ:
Հիշարժան օրեր անցկացնելու համար շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան նման հետաքրքրական, գիտելիքներով լեցուն եւ հաջողված ծրագիր ունենալու համար»,- պատմեց երիտասարդը:
Ծրագրի մասնակից Գոհարը եւս խոսեց ծրագրի մասնակցության, իր ստացած փորձառության մասին:
« Ուրախ եմ, որ մասնակցել եմ TELLus երիտասարդական ծրագրին, քանի որ 4-օրյա ճամբարը հրաշալի հարթակ էր, որտեղ արմավիրցի երիտասարդներս ծանոթացանք ՏԻՄ գործունեությանը, քաղաքացիական խնդիրներին, ձեռք բերեցինք հաղորդակցման հմտություններ, կիսվեցինք մեր համայնքային խնդիրներով եւ փորձեցինք գտնել հնարավոր լուծումներ :
Այդ օրերը լեցուն են նաեւ հաճելի զգացողություններով, քանի որ մասնակցեցինք ճանաչողական եւ կոլորիտային արշավների, որոնք նպաստեցին ջերմ հարաբերությունների ամրապնդմանը, թիմում հարմարվելու եւ միմյանց օգնելու կարողության ձեռքբերմանը:
Խմբային խաղերի միջոցով սովորեցինք ընտրական կարգը, ավագանու նիստերի անցկացման կարգը եւ որ ամենակարեւորն էՙ գիտակցեցինք համայնքային կառավարմանը մեր մասնակցության կարեւորությունը»,- հիացմունքով պատմում էր Գոհարը:
Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես պիտի իրացնեն իրենց իրավունքները եւ թե ինչպես պիտի կատարեն իրենց պարտականությունները սեփական համայնքների նկատմամբ: Երիտասարդները ճամբարում ձեռք բերած գիտելիքները ամրապնդեցին գործնականումՙ անցկացնելով պրակտիկա Արմավիրի մարզի տարբեր համայնքներում: