Ռուսական հայացք մեր տարածաշրջանի նոր իրավիճակին
Շուշիի կորստի հանգամանքը մարդու մտքում ակամա պատմական զուգահեռ է արթնացնում տարբեր ժամանակներում Հայոց Անիի ու Կարսի կորստյան հետ: Ճակատագրի հեգնանքով 100 տարի առաջ գրավյալ Կարսում կնքվեց նաեւ հայ-թուրքական ներկա սահմանը գծած պայմանագիրը Անդրկովկասի արդեն բոլշեւիկյան հանրապետությունների եւ քեմալական Թուրքիայի միջեւ, Ռուսաստանի մասնակցությամբ:
Եվ ահա 100 տարի հետո, ՌԴ ռազմական փորձագետ, քաղաքագետ Ալեքսանդր Արտամոնովի ձեւակերպմամբ, «Ռուսաստանի հարավային մատույցների մեկ այլ նշանային կետումՙ Ղարաբաղի հանգուցային քաղաք Շուշիում, հանդիսավոր ստորագրվեց ադրբեջանա-թուրքական հայտարարություն դաշնակցային հարաբերությունների մասին»: Ալիեւ-Էրդողան վերջին հանդիպմանն ու համատեղ հռչակագրին վերը բերված վերնագրով նրա անդրադարձը հունիսի 17-ին հրապարակվել է «Ռոսբալտ» դաշնային լրատվական գործակալության կայքում:
Փորձելով զուգահեռ անցկացնել իրար հետ ինչ-որ առումներով կապված երկու իրադարձությունների միջեւ, հրապարակման հեղինակը նախ նկատում է, թե Շուշվա փաստաթղթի ստորագրմանը հաղորդված ողջ շուքով հանդերձ, այն ըստ էության սոսկ արձանագրում է վերջին տարիներին երկու երկրների միջեւ ստեղծված հարաբերությունների էությունը: Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները արդեն վաղուց կրում են ռազմաքաղաքական-դաշնակցային բնույթ: Եվ եթե նրանց քաղաքական գործընկերության բարձր մակարդակը վաղուց կասկածից վեր է եղել, ապա ռազմական բաղադրիչը զարգացել է անցյալ տարվա արցախյան պատերազմի ծիրում: Թուրքիայի դերը դրանում եղել է ինչպես ադրբեջանական բանակին բեկումնային ռազմատեխնիկական աջակցությունը, այնպես էլ հայ-ադրբեջանական հակամարտությանը երրորդ երկրների չմիջամտելու երաշխավորի գործառույթը: Եվ փաստորեն այս փաստաթղթով Բաքուն իր համար ապահովում է Թուրքիայի աջակցությունը տարածաշրջանում ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում, ընդհուպ նաեւ հետէրդողանյան ժամանակներում:
Միեւնույն ժամանակ, դատելով ադրբեջանական սոցցանցերի արձագանքներից, այդ երկրի թուրքամետ հատվածն ակնհայտորեն հիասթափված է, նկատում է հոդվածագիրը: Գլխավոր դժգոհությունն այն է, որ փաստաթղթում ոչինչ ասված չէ Ադրբեջանում Թուրքիայի բազայի թեմայով: Դա են Բաքվի արմատականները համարում հետագա թուրքակենտրոն ինտեգրման կարեւոր օղակը: Ավելին, Անկարայի հետ դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը նրանց աչքում չի փոխհատուցում երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքում փաստացի թույլ տրված ռուսական ռազմական ներկայությունըՙ ի դեմս Ղարաբաղում խաղաղարար զորակազմի:
Հատկանշական է եղել նաեւ Շուշիի արարողությանը «Մեծ Թուրանի» գաղափարի թուրք գլխավոր ջատագով, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ եւ իշխանական կոալիցիայի գծով Էրդողանի գործընկեր Դ. Բահչելիի բացակայությունը: Դրան նախորդել էր «Թվիթեր»-ում վերջինիս վիրավորված գրառումըՙ կապված այն բանի հետ, որ Բաքուն սառնությամբ էր ընդունել Շուշիում թուրքական դպրոցի կառուցման իր կուսակցության առաջարկած նախագիծը: Բաքվի պաշտոնական պատճառաբանությունը եղել էր «նախագծային դիզայնի անհամապատասխանությունը Շուշիի ճարտարապետության առանձնահատկություններին»: Քաղաքագետի գնահատմամբ, Ադրբեջանի ինքնիշխանության դիզայնին անհամապատասխան է հենց լիարժեք թուրքական ռազմաբազան:
Մյուս կողմից, ինչպես նշվում է, Ադրբեջանի աջակցությունը Թուրքիային գործնականում կարող է կրել ընդամենը խորհրդանշական բնույթ: Թուրքիայի համար հնարավոր սպառնալիքների հիմնական ուղղությունները Բաքվի համար առաջնահերթություն չեն: Ադրբեջանը սիրիական հակամարտությունում շահ չունի, Իսկ Գազայում իրավիճակի վերջին սրացման հարցում Էրդողանի գերակտիվ դիրքորոշման պարագայում նրա լռությունը բոլորովին էլ դիսոնանս չէր: Արեւելյան Միջերկրածովյան շրջանում Թուրքիայի նպատակները եւս ավելի շուտ մրցակցություն են սեփական գազը եվրոպական շուկաներ մատակարարելու Ադրբեջանի էներգետիկ շահերի հանդեպ: Միակ ուղղությունը, որտեղ Անկարայի դաշնակիցը լինելը կարող է Ադրբեջանի համար ստեղծել աշխարհաքաղաքական ցուգցվանգ (շախմատային պարտիայում այնպիսի դրություն, երբ խաղացողի կատարած յուրաքանչյուր քայլից հետո դրությունը ավելի է վատանում – Գ. Մ.), Ղրիմի հարցում Թուրքիայի քաղաքականությունն է: Վերջինս Ղրիմը, որի հետ կապված իր ակնկալություններն ունի, համարում է ուկրաինական, Էրդողանն էլ հանդես է գալիս իբրեւ «Ղրիմյան պլատֆորմի» գործուն կողմնակիցներից մեկը: Բայց այդ արդեն Բաքվի եւ Մոսկվայի կողմից ազգային անվտանգության «կարմիր գծերը» երկուստեք հաշվի առնելու հարց է:
Այսպիսով, ըստ հոդվածագրի, անվտանգության մասով Բաքվին հաջողվել է ապահովել Թուրքիայի երաշխիքը ղարաբաղյան նվաճումների անձեռնմխելիության հարցում եւ միեւնույն ժամանակ չհրաժարվել ինքնիշխանությունից, ինչը թույլ կտա մի կողմ մնալ Անկարայի ռեւիզիոնիստական ծրագրերում ներքաշված լինելու հեռանկարից: Եվ դա Ալիեւի դիվանագիտության անհերքելի հաջողությունն է:
Հասկանալով Ադրբեջանի դաշնակցային ռազմաքաղաքական ներուժի որոշակի սահմանափակությունը, Էրդողանն իր հերթին Շուշիում խոսել է տնտեսության մասին, եւ դա հասկանալի է, ասում է քաղաքագետը: Մոտ է ադրբեջանական գազի սակագների նորացման ժամանակը, եւ Անկարան ակնհայտորեն սպասում է «դաշնակցային զեղչի»ՙ ի լրումն արդեն գործող «եղբայրականի»: Անսպասելի կարող էր թվալ, այն էլ Արցախ այցելելու հաղթական պահին, Էրդողանի շուրթերով Ռուսաստանի դերի ընդգծված հիշատակումը: «Մենք ուզում ենք տարածաշրջանը դարձնել ծաղկուն: Ես ու նախագահ Ալիեւը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ունենք այդ վճռականությունը», հայտարարել է Թուրքիայի առաջանորդըՙ մեկնաբանելով ընդունված փաստաթուղթը:
Իր երկրի շահերի տեսանկյունից նայելով իրադարձություններին, ռուս վերլուծաբանը, դառնալով նախ Կարսի պայմանագրին, հիշեցնում է, որ այն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված Մոսկվայի պայմանագրի դրույթների հաստատումն էր անդրկովկասյան հանրապետությունների կողմից: Հարյուր տարի առաջ, ըստ նրա, երիտասարդ խորհրդային դիվանագիտության գլխավոր նվաճումը եղավ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության հարավային սահմանների ամրագրումը: Փոխարենը Թուրքիան հանդես եկավ իբրեւ Նախիջեւանիՙ Ադրբեջանի կազմում երաշխավոր: Արդյունքը եղավ այն, որ «Մոսկվային հաջողվեց չեզոքացնել Թուրքիային որպես Կովկասում Մոսկվայի նկատմամբ Անտանտի թշնամական ուղեգծի հնարավոր տարածողի»:
«Եվ այսօր,- գրում է Ալեքսանդր Արտամոնովը,- Հարավային Կովկասում ստեղծված նոր իրականության պայմաններում ռուսական դիվանագիտության խնդիրները հիշեցնում են հարյուրամյա վաղեմության նպատակները: Կրեմլի հովանու նեքո Ղարաբաղի հարցով կնքված եռակողմ համաձայնությունները տարածաշրջանը վերադարձնում են խորհրդային հանրապետությունների սահմաններին, որոնք ռուսական կայսրության փլուզումից հետո գծվել են Մոսկվայի կողմից: Թուրքիան, ինչպես եւ հարյուր տարի առաջ, հանդես է գալիս իբրեւ ադրբեջանական տարածքների երաշխավոր, այս անգամՙ Ղարաբաղում: Այստեղ Թուրքիայի հետ Ռուսաստանի համագործակցությունը Անկարային որպես Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի վտանգավոր նկրտումների հնարավոր լծակ չեզոքացնելու կարեւոր բաղադրիչ է: Ընդսմին Ռուսաստանը, հանդիսանալով Հայաստանի դաշնակիցը, նաեւ Ադրբեջանում ունի ռազմական ներկայություն, որի կարգավիճակն առայժմ հստակ ամրագրված չէ»: Բաքվի հետ հարաբերությունների ռազմաքաղաքական բաղադրիչում հստակության բացակայությունն էլ, ապագայի իր տեսլականում տարածաշրջանում առաջատար ուժ լինելու Մոսկվայի պարզորոշ ցանկության պարագայում, գլխավոր բացն է աշխարհաքաղաքական ներկա դասավորությունը Կարսում ստեղծվածին հասցնելու գործում:
Ռուս վերլուծաբանի եզրակացությունը մեկն է. որպեսզի Շուշիի հռչակագիրը Կարս-2 դառնա, անհրաժեշտ է, որ Մոսկվան Ադրբեջանի հետ իր հարաբերությունները հասցնի առնվազն Բաքվի եւ Անկարայի հարաբերությունների մակարդակին…
Ահա այսպես: Ի դեպ նշենք, որ հրապարակման հեղինակը վերնագրում եւ տեքստում Շուշին գրել է «Շուշա»: Այդպես է նաեւ «Գուգլ» որոնման համակարգում մեզ հանդիպած ռուսաստանյան նաեւ մյուս բոլոր հրապարակումներում: