«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը գրախոսել է Մարտիկ Մադենջյանի «Հափշտակված դրախտ» եռերգության երրորդ հատորը, որ Հայկական պատմական գրքերի հրատարակչությունը Պասադենայում անգլերեն լեզվով լույս է ընծայել 2020 թվին «Հափշտակված դրախտի որոնումներում» խորագրով (Mardig Madenjian: Quest for Ravished Paradise, vol. III):
«Վերջին երկու տասնամյակներում զգալիորեն ավելացել են Հայոց ցեղասպանության մասին անգլերեն լեզվով պատմող հուշագրությունների քանակը», գրում է նա: «Դրանց հեղինակները այդ հափշտակված դրախտից մազապուրծ աշխարհի տարբեր անկյուններում ծվարածՙ իրենց ծնողներից կամ պապիկ-տատիկներից հետաքրքրական տեղեկություններ են մեզ փոխանցում իրենց բնօրրանի կարեւոր իրադարձությունների եւ էթնիկական առանձնահատկությունների մասին: Ավելացել են նաեւ դեպի պատմական հայրենիք կատարվող այցելությունների քանակը: Մարտիկ Մադենջյանը, հավելում է նա, այն խիզախ մարդկանցից մեկն է, որ թեեւ մտավախությամբ, բայց կարողացել է 2007 թվին ոչ միայն այցելել Հալիս գետի հյուսիսային ափին, Սեբաստիա (Սվազ) նահանգի հարավում գտնվող իր ծնողների ծննդավայր Չեփնի գյուղաքաղաքը, այլեւ հյուրընկալվել այդ վարչական կենտրոնի քաղաքապետՙ Հուսեյին Էրդալի տանը: Եռահատոր հուշագրությունը երկարատեւ ուսումնասիրություններից եւ հարցազրույցներից հետո հայերեն լեզվով նա գրել եւ հրատարակել է 2014-ին:
«Հափշտակված դրախտ: Բռնագաղթ դեպի ոչնչություն» խորագրով առաջին հատորում նա նկարագրել է Չեփնի բնակավայրի պատմությունը եւ նրա հետ կապված իրադարձությունները մինչեւ Համիդյան ջարդերն ու հայոց Մեծ եղեռնը: Նա ձեռքի տակ ունեցել է իր հորՙ Հովսեփի 60 էջանոց ձեռագիր հիշողությունները եւ մոր ձայնագրությունները:
«Վերապահանջ հափշտակված դրախտի: Հայոց ցեղասպանության հետեւանքները» վերնագրով երկրորդ հատորում Մադենջյանն իր ուշադրության կիզակետում է պահել Չեփնիից մազապուրծ ու Սիրիայում եւ Լիբանանում հաստատված հայերի արդար պահանջատիրության պայքարի կոչերը:
Գրախոսվող երրորդ հատորում նա նկարագրել է Չեփնի կատարած իր այցելությունը եւ քաղաքապետի տանը հյուրընկալվելու մանրամասները: Վերջինիս հետ նա կապ է հաստատել նախօրոք, խնդրելով իրեն ուղարկել Չեփնիի քարտեզը: Բացի այդ պահանջը բավարարելուց, քաղաքապետը նրան ուղարկել է նաեւ 50 լուսանկար պարունակող մի խտասալիկ եւ տեղեկություններ իր ընտանիքի մասին, նշելով, որ ընտանիքի բոլոր անդամները դասատուներ են: Էրդալի որդինՙ Ուտկունն էլ հավաստիացրել է, որ Թուրքիա այցելության պարագայում կարող է իր մեքենայով տանել նրան հետաքրքրող պատմական որեւէ վայր, վերցնելով միայն ծախսված բենզինի արժեքը:
Իր իսկ խոստովանությամբ, այդ ժամանակ 69-ամյա Մադենջյանի այցելությունը հուզախառն լինելով ներառել է նաեւ նյարդային լուրջ լարվածության պահեր: Դա նկատելի է իր գրվածքում: Շատ անգամ է լաց եղել եռերգությունը գրելիս եւ գրիչն անզոր համարել զգացմունքները նկարագրելու համար: Չեփնիի քաղաքապետը նրան դիմավորել է մոտ մի ժամ հեռավորությամբ գտնվող Կեսարիայի օդանավակայանում: Հետո իր տանը նա զարմացրել է Մադենջյանին «ռաքի» հյուիրասիրելով: Էրդալը հայտնել է, որ ինքը մոլեռանդ մահմեդական չէ, այլ աշխարհիկ, սոցիալ դեմոկրատ: Տեղացիների հետ հանդիպումների ժամանակ Մադենջյանը տեղեկացել է, որ հայերի բռնագաղթից հետո, շրջանի ծառերն ու խաղողի թփերը չորացել են, ջուրը ցամաքել է, «բերեքեթը» (օրհնությունը) նվազել: Պատճա՞ռը: Տեղացիները ծույլ են եղել եւ չեն խնամել ինչպես հարկն է բնության պարգեւած բարիքները:
Ընդհանուր առմամբ Մարտիկ Մադենջյանը հպարտ է զգացել, որ կարողացել է իրականացնել ճամփորդությունը հակառակ իր առողջական ոչ բարվոք վիճակին: Ֆրանկֆուրտի եւ Ստամբուլի օդակայաններում նա անվավոր փոխադրամիջոցի կարիքն է զգացել, բայց ճամփորդությունը հիշեցրել է հոր բնութագրումն այն մասին, որ Չեփնին «երկրային դրախտ է», Իտալիայի եւ Շվեյցարիայի նմանությամբ:
Մեկնումի պահին նա խոստովանել է, որ իրեն այնքան կապված է զգացել այդ վայրի հետ, որ չի ցանկացել հեռանալ:
«Հատորը գրավում է ընթերցողի ուշադրությունը եւ պարունակում տեղեկատվական մանրամասնություններ», եզրակացնում է Արամ Արքունը: