Մերօրյա Հայաստանում ապրած ու անցկացրած յուրաքանչյուր օրից կարծիք է կազմվում, որ մենք ապրում ենք երկիր մոլորակից դուրս ինչ-որ տարածքում, ուր կյանքի ու կենցաղի մարդկային առաջնահերթությունները տրամաբանված պահանջվածություն չունեն: Ասենք, հայաստանցին աշխատելու կարիք ունի, այն հույսով, որ այն իրեն կերաշխավորի կենցաղային խնդիրների լուծում եւ թերեւս համեստ հանգստի կազմակերպում, որը կարտահայտվի շաբաթը գոնե մեկ անգամ համերգադահլիճ այցելելով կամ քաղաքից դուրս շրջագայելով: Ավաղ, աշխատանքային օրվա ապրումներն ու դրանց դիմաց վարձատրությունը նվազագույն լավատեսության տեղ չեն թողնում ակնկալելու, որ որոշակի ժամանակահատված անց ինչ-որ բան կփոխվի մեր առօրյայում:
Ասվածի հաստատումն է մեր ապրած վերջին երեք տասնամյակը, երբ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացմանը զուգահեռ ապրանքների ու ծառայությունների գներն այնպես աճեցին, որ նվազագույն տեղ չմնաց լավատեսության տրվելու համար: Եթե հիշենք, որ ներքաղաքային տրանսպորտով երթեւեկելու ընթացքում չորս հոգուց բաղկացած ընտանիքն ամիսը ծախսում էր մոտ 10 հազար դրամ, ապա ուղեվարձը 50 դրամից 100 դրամ դառնալու արդյունքում այդ գումարը կրկնապատկվեց: Նույնըՙ սննդամթերքների սպառման առումով, երբ պանրի, մսատեսակների գները մոտ մեկ տասնամյակի ընթացքում կրկնապատկվեցին ու եռապատկվեցին: Նկատենք նաեւ, որ 2000-ականների սկզբին էլեկտարաէներգիայի կիլովատժամի սակագինն ընդմենը 10 դրամ էր, հիմա արդենՙ 45 դրամ: Այնպես որ, ինչքան էլ միմյանց հաջորդող իշխանությունները փորձեն խոսել իրենց բերած հաջողություններից, դրանցից հայաստանյան հանրության բացարձակ մեծամասնության կյանքում տեսանելի դրական փոփոխություններ չեն արձանագրվել, հայն իր հայրենիքում անորոշության զգացում է ապրում, պատրաստՙ յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում լքել այն: Եվ հարցըՙ ինչո՞ւ ենք այսչափ անզոր ու անօգնական դարձել, հնչում է ինքնաբերաբար:
Այս օրերին հաճախ հնչող անհանգստություններից մեկը մեր մարդկանց ցորենհացով ապահովության խնդիրն է: Հեռուստաէկրաններին գրեթե ամեն օր են հայտնվում վերջին տարիներին ՀՀ գյուղատնտեսության նախարարի, տեղակալների, վարչությունների պետերի պաշտոններ զբաղեցրած այրեր, որոնք չարտաբերելով պարենային անվտանգություն առաջնահերթությունը, հանրությանն ահաբեկում են ցորենի սակավության հետ կապված հաց-հացամթերքների գների հերթական թանկացման մասին: Թե ինչո՞ւ իրենց կառավարման տասնամյակների ընթացքում խնդիրը որոշակիորեն կամ հիմնականում չի լուծվել, ոչ մի խոսք: Ամեն ինչ սկսվում ու ավարտվում է Արցախից մինչեւ 150 հազար տոննա ցորենի ստացման անհնարինության հետ, որը կապվում է 44-օրյա պատերազմի արդյունքների հետ: Դարձյալ ոչ մի խոսք ՀՀ տարածքի գյուղատնտեսական նշանակության հողերի, առավելապես վարելահողերի մոտ 200 հազար հեկտարի անմշակ լինելու փաստի շուրջ: Եթե այս տարածքներում շատ երկրներում ընդունված հեկտարից նվազագույնը 5 տոննա ցորեն ստացվի, 1 մլն տոննա բերքի 400-500 հազար տոննան կարելի է արտահանել, տեսարՙ գյուղոլորտի պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարի նշած երկնիշ տնտեսական աճն էլ կապահովենք:
Ավաղ, ասվածը ՀՀ պարագայում անլուծելի հարցերի շարքին է դասվում, որին հերթական անգամ համոզվեցի օրեր առաջ հիշյալ նախարարության վարչություններից մեկի պետի, ապա եւՙ փոխնախարարի հետ ունեցած որոշակի տեւողության հանդիպումների ընթացքում: Տարօրինակորեն բարձրաստիճան պաշտոնյաները ոչ մի պահի չանրադարձան ՀՀ պարենային անվտանգության ու պարենապահովման խնդրին, գերադասելով խոսել որոշ մշակաբույսերի ապահովագրության, բանկային տոկոսավճարների մասնակցության, կաթիլային ոռոգման թեմաներից: Թե սրանք ինչքանով են նպաստում հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսությունների աշխատանքի արդյուքների բարելավմանը, թող ներվի ասել, պարզ չէ: Ասվածի ապացույց են այն գյուղաբնակները, որոնք գրեթե ամեն օր են զայրույթով ու վրդովմունքով հեռուստաէկրաններից խոսում գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի անհասանելիությունից, ֆինանսական միջոցների փոշիացումից, վարկերը փակելու անհնարինությունից: Գյուղոլորտի վիճակով մտահոգ ՀՀ քաղաքացուս, որը նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, ոչ մի կերպ չի հաջողվում որեւէ ապացույց գտնել, թե ե՞րբ կլուծվի, ասենք, Հայաստանի հանրապետությունում հաց-հացամթերքներին անհրաժեշտ ցորենով ապահովվածության հարցը: Այն ոմանք մինչեւ 1 մլն տոննա են գնահատում, իսկ տողերիս հեղինակըՙ 600 հազար տոննա, 1 բնակչի հաշվով 200 կգ: Մոտ այսքան է ցուցանիշը ԱՄՆ-ում, ուր տարեկան 50-60 մլն տոննա տարեկան արտադրության միլիոնավոր տոննաները արտահանվում են: Համանման ցուցանիշեր են եվրոպական շատ երկրներում, ուր ալյուրից են պատրաստվում հացն ու պիցցան, բուրգերներն ու մակարոնեղենը, բազմազան թխվածքատեսակները: Այնպես որ հայերիս հացակեր ներկայացնելով հարցը փակելու փորձերը պարզապես պարզամտություն են եւ ոչինչ ավելին:
Այդկերպ փորձ է արվում արդարացնել սեփական անզորությունը, ՀՀ 450 հազար հեկտար վարելահողերի մոտ 20 տոկոսի վրա երկրին անհրաժեշտ նշված 600 հազար տոննա ցորեն արտադրելու հարցում: Պաշտոնյա պատասխանատուները շարքային քաղաքացիներիս մուծած ավելացված արժեքի, ակցիզային հարկերի, ամենատարբեր տուրքերի շնորհիվ իրենց աշխատանքային օրն են վայելում, հանրությանն անորոշություն պարտադրում: Վիճակը նույնն է կաթի ու մսի, հատիկաընդեղենների ու յուղերի, շաքարավազի, այլ ոլորտներում:
Մինչեւ ե՞րբ…
13.07.2021թ.