Լեռնային Ղարաբաղից ժամանած երիտասարդ տեղահանվածներն այժմ հնարավորություն ունեն խոսելու, խորհրդակցելու եւ որակյալ օգնություն ստանալու մասնագետներից: Ուսանողական ջոկատների Հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն HUJ- ը նրանց կարիքները կարեւորելով մեկ տանիքի տակ է հավաքել երիտասարդներին, տալով մասնագիտական օգնություն եւ գիտելիքներՙ մասնագետներից, փորձագետներից, որոնք կսովորեցնեն նրանց հաղթահարել սթրեսը, օգնելով լավատեսական պատկերացում ունենալ իրենց ապագայի վերաբերյալ:
«Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (EUROPEAN YOUTH FOUNDATION) կողմից, հիմնադրամը ամեն տարի ունենում է պիլոտային ծրագրեր,որոնք նախատեսում են երիտասարդների համար սեմինարների կազմակերպում,որոնք ունենում են ե՛ւ մասնագիտական որակավորման բարձրացման նպատակ, ե՛ւ փախստականների ինտեգրման նպատակ:Մենք դիմեցինք ,մեր ծրագիրը ներկայացրեցինք, ստացանք ֆինանսական միջոցներ ծրագիրը իրականացնելու համար: Եվ հիմա փորձագետների, վարողների, դասընթացավարների, հոգեբանների, իրավաբանների եւ տեղական ակտիվ կամավորների խումբը օգնում է երիտասարդ փախստականներին քայլեր ձեռնարկել Հայաստանում իրենց նոր կյանքի ստեղծման գործընթացում»,- մեզ հետ զրույցում ասաց,ծրագրի համակարգող Տաթեւ Մկրտչյանը:
Դասընթացը անցկացվում է Հայաստանի սրտումՙ Երեւանում: Դասընթացի մասնակիցները հանդիպում են կամավորական ծառայության ներկայացուցիչների հետ, գտնում համայնքի պոտենցիալ գործընկերներ եւ ծառայություններ, որոնք օգտակար են նրանց հետագա ինտեգրման համար: Երիտասարդ տեղահանվածները ուսումնասիրում են նաեւ ոչ ֆորմալ ուսուցման մեթոդները, ստանալով որոշակի գործնական գիտելիքներ, օրինակ` ինչպես դիմել համալսարաններ, ինչպես գտնել աշխատանք, ինչպես ստանալ մասնագիտական կրթություն, տեղեկատվություն ստանալ իրենց իրավունքների մասին եւ այլն:
«Մենք այսօր ունեցանք փոքրիկ դերախաղ աշխատանքի ընդունման հետ կապված, եւ երեխաները ովքեր դեռ տարիքի բերումով չեն աշխատել եւ փորձ չունեն, աշխատանքի ընդունման հարցազրույց կազմակերպեցին:Մի մասը աշխատանքի դիմող ներկայացավ, մյուս մասըՙ գործատու. կողմերը փորձեցին հասկանալ, թե ոնց է իրականացվում այդ ամբողջ գործընթացը,հարց պատասխանի միջոցով: Ունենալու ենք նաեւ սեմինար ուղղված կրթական ոլորտին. ինչպես ընդունվել համալսարան, ինչպես դիմել միջազգային ծրագրերի»,- նշում է Տաթեւ Մկրտչյանը, ավելացնելով, որ այս կրթական ծրագրից թեկուզ ամենապասիվ մասնակիցը իր հետ մի բան կտանի, թեկուզ այնՙ որ իրենք այստեղից կգնան իրար հետ ընկերացած, որը փոքր, բայց կարեւոր ձեռքբերում է:
Դասընթացների մասնակիցների թիվը հասնում է 25-ի: Իսկ աշխատանքային մեթոդները ինտերակտիվ են` կենտրոնացած ուսման մասի վրաՙ որակյալ արդյունքների հասնելու համար:
«Քանի որ հիմա Հադրութում չեմ,դուրս եմ եկել էնտեղի միջավայրից, մեր բարբառով խոսող մարդկանցից, ում հետ մանկություն ենք անցկացրել, բայց բաժանվել ենք արդեն ու ձուլվել ենք էն մարդկանց հետ, ովքեր մեծացել են Հայաստանում, ու մեզ չեն հասկանում: Ես ուզում էի գալ ու վերապրել այն ինչ զգացել էի Հադրութում ապրելիս, հասկանալ թե ոնց են տարեկիցներս գոյատեւել պատերազմի ընթացքում: Մենք բոլորս տեղահանվածներ ենք, որոնք հետ գնալու հնարավորություն չունեն»,- ասում է 19-ամյա Ռեգինա Գրիգորյանը :
Ռեգինան նշում է,որ իր ամենամեծ դժվարությունը, բարբառից անցումն էր գրականին, Երեւանի փողոցները սովորելը, եւ նաեւ այն, որ այստեղի իր տարեկիցների հետ հետաքրքրությունները տարբեր են:
«Մեր մոտ չկային ժամանցի վայրեր ու մեծ մասամբ մենք գիրք էինք կարդում կամ ֆիլմ էինք դիտում, իսկ այստեղ տարեկիցներս խոսում էին հնդկական սերիալներից,ժամանցի վայրերից,ինչի առումով մենք շփման եզրեր չէինք գտնում»:
Այս դասընթացները զարգացնում են հաղորդակցվելու հմտությունները: Մասնակիցները հիմնական գիտելիքներ են ստանում հոգեբանության ոլորտում, եւ ըստ իրենց ցանկությանՙ անցնում են որոշ հոգեբանական թեստեր տարբեր խաղերի միջոցով:
«Իրականում երբ ինձ զանգահարեցին եւ ասեցին այս ծրագրի մասին, ես երկմտում էիՙ մասնակցե՞լ, թե ո՞չ: Գալով այստեղ, արդեն երկրորդ օրը հասկացա, որ շատ ճիշտ ընտրություն եմ արել,որ եկել եմ այս ճամբար սեմինարի: Ինձ էստեղ ավելի դուր են եկել հոգեբանի հետ դասերը,դրանք ինքնաբացահայտում էին մեզ համար: Իրավաբանի հետ հանդիպումըՙ նույնպես, կյանքի դասեր էր, տեղեկություն օրենքների մասին»,- պատմում է 16-ամյա Գայանեն , որ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից է, որը ներկայումս Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում:
Այն հարցին,թե որն է իրեն հուզող գլխավոր խնդիրը,աղջիկը մի պահ խորը շունչ քաշեց,ապա պատասխանեց.
«Այս պահին ինձ անհանգստացնում է միայն իմ տան խնդիրը, իմ հայրենիքի խնդիրը,բայց չեմ կարծում, որ ես «մեծ» մարդ եմ,որ կարող եմ այդ խնդիրների մասին խոսել եւ իմ ձայնը լսելի դարձնել… Ուղղակի երազում եմ, որ մի օր կարողանամ հետ գնալ»:
16-ամյա Էլեն Ավետիսյանը, որը Հադրութից է, նշում է, որ իր ընկերներից շատերը մինչեւ հիմա չեն կարողացել այս ամենին հարմարվել եւ ինտեգրվել հասարակությունում, նրանք քաղաքային կյանքից կաշկանդվում են .
«Հաճախ է եղել,երբ դպրոցում բացասական շեշտադրումով էին խոսում Արցախում բնակվող հայերի մասին,ինչը ինձ շատ էր վրդովեցնում: Սկզբում փորձում էի ուշադրություն չդարձնել, հետո, երբ մտերմացանք, նրանք սկսեցին ինձ շատ սիրել եւ այդ խոսակցությունները գնալով դադարեցին»:
Կրթական սեմինարի մասնակիցներից Իվան Ավանեսյանը նշեց, որ այս դասընթացները իրեն հնարավորություն են տվել մասնագիտության ընտրության հարցում ավելի կոնկրետ պատասխան ստանալ, Կարինեն էլ նրա խոսքը լրացրեց ասելով,որ հոգեբանի հետ զրույցը իրեն շատ կօգնի մասնագիտական կողմնորոշման հարցում:
Դասընթացների ընթացքում փորձառու դասընթացավարներն ու վարողները կազմակերպում եւ ղեկավարում են ուսումնառության գործընթացըՙ պատասխանատու լինելով նաեւ ժամանակի կառավարման եւ ռեսուրսների խնայողության համար:
«Երեխաները, որոնք եկել են, «Սոցիալապես անապահով տեղահանված ընտանիքները Հայաստանում» ծրագրի շահառուներն են հանդիսանում, թիրախը 15-30 տարեկան անձինք են, հիմնականում այստեղ դեռահասներ ու պատանիներ են: Իրենց հիմնական կարիքներին ուղղված մենք միջոցառումներ ենք ձեռնարկում, մասնավորապես սննդով, հիգիենիկ պարագաներով ենք ապահովում, ընթացքում լինում են նաեւ այլ աջակցություններ, որոնք ֆիքսված չեն, այսինքն ըստ կարիքի: Սոցիալական աջակցությունից զատ մասնագիտական ծառայությունններ ենք տրամադրում, հոգեբանական, թե սոցիալ-մանկավարժական, հաշվի առնելով իրենց կրթական առանձնահատկությունները, շփման հմտությունների խնդիրները, հոգեբանական առանձնահատկությունները: Ճամբարը առաջին հերթին ինտեգրման խնդրի լուծումն է ապահովում,բացի այդ կազմակերպված սեմինարների միջոցով նոր գիտելիքներ են ստանում իրավական գործերի մասին,հոգեբանական հույզերի, խնդիրների մասին, կարելի է ասելՙ այն ավելի շատ սոցիալական ներառմանն է ուղղված,կամավորական աշխատանքին»,- մեզ հետ զրույցում ասաց «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի սոց.աշխատող Տաթեւ Սարգսյանը :
Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբի վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանի խոսքովՙ այս սեմինարը տարբերվում է իր մոտեցումով,ինչը միանգամայն նոր երեւույթ էր երեխաների համար: «Մենք ստացանք Եվրոպական Երիտասարդական հիմնադրամից առաջարկ ներկայացնել ինչ-որ ծրագիրՙ կապված փախստականների հետ, հիմնադրամն էլ զբաղվում էր զուտ ուսումնական ծրագրերով, մենք էլ մտածեցինք, որ այստեղ շատ երիտասարդներ կան, որոնք ունեն ինտեգրման խնդիր, եւ որոշեցինք նման կրթական ծրագիր ստեղծել:
Արցախից ժամանած երեխաները խելացի են եւ հասուն:Առաջինը իրենք սովորեցին, թե ինչպես մասնակցեն միջազգային ստանդարտներին համապատասխան սեմինարների, նրանք չէին պատկերացնում, որ հնարավոր է սեմինարին ոչ միայն նստել լսել, այլ նոր գիտելիքներ ստանալ ինտելեկտուալ խաղերի ու նոր մոտեցումների միջոցով»: