Նաեւ Իրանին պատուհասած համավարակի պայմաններում 2020-2021 ուսումնական տարում թեեւ որոշակի դժվարությամբ, այնուամենայնիվ, պատվով այդ վիճակից դուրս եկավ նաեւ այդ երկրի կրթական մեծ համակարգի մի մասը կազմող իրանահայ դպրոցը:
Եթե ընդհանուր գծերով ներկայացնենք իրանահայ դպրոցը, ապա պետք է նկատի ունենանք միայն որոշակի առարկաներիՙ կրոնի եւ հայերենի դասաժամերի հայերենով անցկացում: Ակնհայտ է, որ առարկաների մեծ մասն անցկացվում է պարսկերենով: Նշված կարգավիճակով հանդերձ դրանք համարվում են հայկական դպրոցներ:
Հարկ ենք համարում ընդգծել այն իրողությունը, որը պահպանվել է Իրանի հայ համայնքում: Այստեղ հայկական դպրոցները, ելնելով իրանական պետության կրթական չափորոշիչներից եւ պահանջներից, բաժանված են առանձինՙ արական եւ իգական դպրոցների: Սա եւս տեղի հայկական դպրոցի կարեւոր բնութագրիչ է, որը կարծում ենք համայնքային կառույցների համար նաեւ լրացուցիչ դժվարություններ է առաջացնում:
Հայտնի է, որ Թեհրանի Հայոց թեմի Կրթական խորհրդի համար կարեւոր են հայոց լեզվի եւ կրոնի ուսուցման, այսինքնՙ մատաղ սերնդին հայեցի դաստիարակության, ինչպես նաեւ հայ ուսուցիչների աշխատավարձերը ուշադրության կենտրոնում պահելու եւ դրանց բարելավման հարցերը: Դա է նրա առաքելությունը: Սակայն իրանական կրթական պահանջների բերումով նշված կառույցը ներկայումս իր գործունեության շրջանակները կարծես ստիպված մեծացրել է:
Վերջերս Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրեդ Կարապետյանը «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել էր հայկական դպրոցների միջնակարգ Ա եւ Բ օղակներում գոյություն ունեցող այն խնդիրներին, որոնց հետեւանքով հայ աշակերտը մղվում է ուսումը շարունակել պարսկական դպրոցներում:
Հայկական դպրոցներում կրթության որակը բարձրացնելու նպատակով Կրթական խորհուրդն իրականացրել է որոշ ծրագրեր: Համայնքային իրավասու այդ մարմինը սկսել է ուշադրություն դարձնել ոչ հայերեն առարկաների, ինչպես նաեւ դպրոցի պարսիկ մանկավարժների որակապես առավել բարելավմանը:
Սակայն հարց է առաջանում. արդյոք այդ բարելավումը չի՞ իրականացվել ի հաշիվ հայերենի եւ հայ ուսուցիչների: Թերեւս սա հարցի մյուս կողմն է, բայց շատ կարեւոր:
Ըստ վիճակագրական տվյալների, նվազել է պարսկական դպրոցներ հաճախող հայ աշակերտների թիվը: Այսպես, եթե 2016-2017 ուսումնական տարում պարսկական դպրոցներ են հաճախել 384, 2017-2018 թթ.ՙ 284, 2018-2019 թթ.ՙ 342, 2019-2020 թթ.ՙ 296, ապա 2020-2021 թթ.ՙ 200 հայ աշակերտ: Ընդ որումՙ 200 հոգուց 65-ըՙ 12-րդ, 59-ըՙ 11-րդ եւ 51-ըՙ 10-րդ դասարանի աշակերտներ են եղել:
Փաստորեն, հայկական դպրոցի բարձր դասարաններից նկատվում է հոսք: Ստացվում է, որ կրտսեր եւ միջին դասարաններում հայ աշակերտը պետք է լավագույնս սովորի հայերեն եւ կրոն առարկաները, քանի որ դրանից հետո պարսկական դպրոցներում ուսումնառությունը շարունակելու դեպքում, դժվար թե գտնի ժամանակ դրանք լրացուցիչ սովորելու: Առավել եւս, որ բուհական ընդունելության քննությունների ընթացքում դրանց իմացության վերաբերյալ որեւէ քննություն նախատեսված չէ:
Մյուս կողմից, ակնհայտ է, որ Կրթական խորհուրդը իրապես շահագրգռված է բարեփոխումների իրականացմամբՙ ելնելով այն կարեւոր մտահոգությունից, որ միայն թե պահպանվեն հայկական անվանումով եւ հայեցի դաստիարակությամբ, թեկուզեւ սահմանափակ հայերեն դասաժամերով (ընդգծումը-Կ. Մ.) դպրոցներն Իրանում: Իրականում բուհերի ընդունելության ժամանակ դիմորդներին անհրաժեշտ է հավաքել բարձր միավորներ պարսկերենից, որի համար էլ հայ աշակերտներին հրապուրում է պարսկական դպրոցը:
Ահա թե ինչու կատարված աշխատանքների արդյունքում նվազել է պարսկական դպրոցներ դիմողների թիվը: Սակայն դա, բնավ էլ չի նշանակում, որ բարձրացել են հայ աշակերտների գիտելիքները հայագիտական առարկաներից կամ ավելացել են դրանց դասաժամերը: Հակառակը, ըստ էության հայկական դպրոցներում նկատվում է պարսկերենով ծանրաբեռնված կրթական ծրագրերի առավել խորացում:
Հաջորդ խնդիրն այն է, որ պարսկական դպրոցներ հիմնականում դիմում են տղաները, ուստի առաջնահերթությունից ելնելով բարելավման աշխատանքները կենտրոնացվել են արական դպրոցներում:
Պրն. Կարապետյանի խոսքովՙ «Տղայոց դպրոցների հարցում առաջին քայլը հետեւեալն էրՙ «Մարիամեան» դպրոցում, խորհրդիս ջանքերի շնորհիւ յաջողւել է ստանալ միջնակարգ Բ օղակ ստեղծելու արտօնութիւն եւ դպրոցս օժտւել է ուսողական ճիւղով: Միւս քայլըՙ «Ա. Սողոմոնեան» դպրոցին է առնչւում, որը ժամանակին ունէր ուսողական եւ հաշւապահական ճիւղեր, իսկ աշակերտների նախասիրութիւնները նկատի առնելով, խորհրդիս յաջողւել է տեխնիկական կոդում վերականգնել համակարգչային ճիւղը եւս: Նշեալ երկու յաջողութիւնները նւազեցրել են տղայոց դպրոցների աշակերտութեան հոսքը դէպի ոչ-հայկական դպրոցներ»:
Նշված հաջողության գրավականն է նաեւ հայկական դպրոցներում պարսկերեն առարկաների դասավանդման հարցում որակյալ ուսուցիչների ներգրավումը: Օրինակ, 2017 թ. «Ա. Սողոմոնյան» դպրոցը հայտնվել է փակվելու նախաշեմին, սակայն Թեհրանի Հայոց թեմի Պատգամավորական ժողովի Կրթական հանձնաժողովի ջանքերով եւ Թեմական խորհրդի ֆինանսավորմամբ դպրոցը համալրվել է առավել որակյալ ուսուցիչներով եւ 12-րդ դասարանցիները ուսումը շարունակել են նույն դպրոցում:
Բարեփոխումները նկատելի են նաեւ «Թունյան-Թովմասյան» աղջիկների դպրոցի պարագայում, որի միջնակարգ Բ օղակի աշակերտության թիվը եթե 2016-2017 ուսումնական տարում կազմել է 40, ապա այսօր այն հասել է 90 աշակերտի:
Ներկայումս «Թունյան-Թովմասյան», «Ա. Սողոմոնյան», «Մարիամյան», «Գոհար» եւ «Մարիամ» հաստատության դպրոցներում գործում են միջնակարգ Ա եւ Բ օղակներ, «Արարատ» եւ «Արաքս» դպրոցներում միջնակարգ Ա օղակ, իսկ «Մարի Մանուկյան» դպրոցում միայն միջնակարգ Բ օղակ: Նշված դպրոցները միասին ունեն մոտ 700 աշակերտ:
Հետաքրքրական է, որ 2020-2021 ուսումնական տարում պարսկական դպրոցներում սովորող աշակերտների մոտ 90 %-ը եղել են միջնակարգ Բ բաժնի սաներ:
Տարօրինակ է, որ չնայած աշակերտները եւ նրանց ծնողները նախապատվությունը տալիս են ուսողական (մաթեմատիկա) եւ փորձառական կոչվող ճյուղերին եւ որոնք առկա են հայկական դպրոցներում, այդուհանդերձ այդ բաժիններ քիչ են դիմում եւ գնում են պարսկական դպրոցներ: Այդ կերպ աշակերտների 70 %-ը հեռանում են հայկական դպրոցներից, իրենց կողմից պատճառաբանված այդ ճյուղերի բացակայության պատճառով, մինչդեռ դրանք փաստորեն կան հայկական դպրոցում:
Միաժամանակ պարզվել է, որ աշակերտների 35 %-ըՙ 7-րդ դասարանից է սկսել հաճախել պարսկական դպրոց, 44 %-ըՙ 10-րդից: Նման պայմաններում լավատեսության նշույլներ է առաջացնում այն, որ 2020-2021 ուստարում 7-րդ դասարանից միայն մեկ աշակերտ է հեռացել հայոց դպրոցից, որն էլ թույլ է տալիս կանխատեսել, որ ապագայում գուցե նվազեն աշակերտների դիմումները պարսկական դպրոցներ:
Վերոնշյալի համատեքստում ուշագրավ է 2020 թ. իրանական պետական բուհեր ընդունված հայ աշակերտների վիճակագրական տվյալները: Պետական համալսարանների ընդունելության քննություններին մասնակցել են Թեհրանի պարսկական դպրոցներից 83, իսկ հայկական դպրոցներից 61 հայ աշակերտ, որոնցից պարսկական դպրոցներ հաճախածներից 29 %-ն է ընդունվել բուհեր մրցույթում, իսկ հայկական դպրոցներիցՙ 32 %-ը: Փաստորեն հայկական դպրոց հաճախած աշակերտները ավելի մեծ հաջողություն են արձանագրել պետական համալսարանների ընդունելության քննություններում, քան պարսկական դպրոցներ հաճախած հայ աշակերտները:
Տեղին ենք համարում համեմատել, որ 2000-2004 ուսումնական տարիներին միջին հաշվով իրանական բուհեր են ընդունվել շուրջ 200 հայ դիմորդ: Եվ արտագաղթի հետեւանքով այդ թիվը զգալիորեն նվազել է: Ինչեւէ, այսօր հայերենի եւ կրոնի սահմանափակ դասաժամերով առաջնորդվող իրանահայ դպրոցը, փաստորեն կարողանում է իր ցուցանիշներով մրցել, տվյալ դեպքում նույնիսկՙ 3 % տարբերությամբ, անցնել պարսկական դպրոցին: Այդ փաստը նաեւ նշանակում է, որ իրանահայ դպրոցում իսկապես բավականին ամուր հիմքերի վրա է դրված պարսկերենը, որը ոչ միայն չի զիջում, այլ նաեւ գերազանցում է պարսկական դպրոցին:
Սակայն հենց այդ մրցակցության պայմաններում համայնքային կառույցների համար առաջացել եւ մեծանում է մի նոր մարտահրավերՙ հայկական դպրոցների հայ աշակերտների հայագիտական առարկաների վերաբերյալ գիտելիքները խորացված պարսկերենի եւ պարսկերենով մնացած բոլոր դասաժամերի ներքո հանկարծ լրջորեն չտուժեն: Ավելորդ է խոսել պարսկական դպրոցներիՙ ազգային իմաստով անպատեհության մասին, որտեղ հայ աշակերտները սովորում են լիովին պարսկական միջավայրում:
Այսպիսով, իրանահայ դպրոցը կանգնած է կրթական լուրջ մարտահրավերների առաջ, որոնց համայնքի ղեկավարությունը փորձում է տալ յուրօրինակ լուծումներ, այդ թվումՙ մրցակցելով պարսկական դպրոցի հետ, իսկ իրականում պահպանելով ազգային դպրոցի անունը եւ կարգավիճակը, ինչը, մյուս կողմից, ստիպում է նահանջ արձանագրել հայագիտական առարկաների հարցում: