Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստին ներկայացրել է առաջիկա հինգ տարվա կառավարության ծրագիրՙ այն փորձագիտական կամ վերլուծական կարծիքների ֆոնին, որ տարածաշրջանային զարգացումների եւ Հայաստանի վրա դրանց անդրադարձների համատեքստում ներկա իշխանությունը դժվար թե երկար կյանք ունենա:
Կառավարության հնգամյա ծրագիրը 6 բաժին ունի: Առանձնահատուկ կարեւորվել է պատերազմի եւ նոր մարտահրավերների հրամայականըՙ արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ԼՂ-ի հիմնախնդրի արդարացի լուծումըՙ Հայաստանի շուրջ տարածաշրջանային եւ միջազգային բարենպաստ մթոնոլորտի ստեղծումը շարունակելով թողնել առաջնային: Նշելով, որ միայն իրենցից չի կախված խաղաղության դրույթի իրագործումը,այնուամենայնիվ, «կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքը եւ պատասխանատվությունը»:
Թվարկվում է, որ մեծ ծավալով ընթանում եւ ընթանալու է ԶՈՒ-երի բարեփոխման գործընթացը, ակտիվ եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն է որդեգրվելու, հայ-ռուսական ռազմավարական դաշինքը կարեւոր գործոն է մնալու, ինչպես եւՙ ՀԱՊԿ-ին անդամակցումը: Տարածաշրջանային ապաշրջափակում, ԼՂ կարգավիճակի հստակեցում Մինսկի խմբում, ազգային անվտանգության համակարգի բարեփոխում, մեր սահմանապահ զորքերի ընդլայնում, վերափոխում եւ բարեփոխում, առաջիկա 5 տարում Հայաստանում արտաքին հետախուզական ծառայության ստեղծումՙ սրանք ծրագրից առաջնահերթ համարեցինք եւ առանձնացրինք:
Քաղցր խոստումներ էլ կան ծրագրումՙ նվազագույն աշխատավարձը պետք է հասնի 85 հազար դրամի, նվազագույն կենսաթոշակի միջին չափերը հավասարեցվեն պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին: Համախառն ներքին արդյունքի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը նախատեսվում է 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններումՙ 9 տոկոս:
Այս ծրագիրը գնալու է Ազգային ժողով, ու մենք դրան առավել մանրամասն անդրադառնալու առիթ կունենանքՙ արդեն ընդդիմախոսների դիտարկումների ներքո: