Մինչ աֆղանցի կանայք ինքնասպան են լինում, ՌԴ արտգործնախարարությունը հայտարարում է. «Թալիբները կայունացրել են երկիրը»Օգոստոսի 15-ին թալիբները մուտք գործեցին մայրաքաղաք Քաբուլ, վերականգնելով իրենց գերիշխանությունը ողջ Աֆղանստանում, որը նրանք կորցրել էին 20 տարի առաջ: Քաղաքական այս զարգացումը տեղի ունեցավ Աֆղանստանից ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի երկրների հեռացմանը զուգընթաց: Թեեւ ՆԱՏՕ-ի զորքերն ամբողջովին դեռ չեն հեռացել Աֆղանստանից, հեռացումը նախատեսվում է իրականացնել մինչեւ սեպտեմբերի 11-ը, սակայն Քաբուլի անկումով «Թալիբանի» հիմնահարցը դարձավ միջազգային հանրության օրակարգի առաջնահերթ խնդիրը, տարաբնույթ մոտեցումներով:Գործող նախագահ Աշրաֆ Ղանին փախուստի դիմեց անհայտ ուղղությամբ, ենթադրվում էր, որ նա ուղեւորվել է Տաջիկստան, շուտով, սակայն, պարզվեց, որ Տաշքենդում է, իսկ նրա նախորդը Համիդ Քարզային հայտարարեց հանուն խաղաղության թալիբների հետ բանակցություններ ծավալելու իր նախաձեռնության մասին: Հատկանշական է, որ թալիբներին հաջողվեց ընդամենը 10 օրվա մեջ գրավել Աֆղանստանի 34 նահանգները, ունենալով 50-100 հազար գրոհային, 300 հազարանոց աֆղանական բանակի դիմաց, որի զինվորնորը, դիմադրելու փոխարեն նախընտրեցին զենքը վայր դնել եւ փախչել երկրից, մասնավորապես հարեւան Ուզբեկստան, Տաջիկստան եւ Իրան: Միջինասիական այս հանրապետություններն արդեն փակել են սահմանները նրանց առջեւ, ինչ վերաբերում է Իրանին, ապա նա էլ փախստականներին ուղղորդում է Թուրքիա:Ներկայումս Թուրքիա ապաստանած աֆղանցիների թիվը հասնում է տասնյակ հազարների: Մինչեւ Քաբուլի անկումը նախագահ Էրդողանը հերքում էր այդ փաստը, անկումից հետո ընդունեց, մատնանշելով, թե երկիրը դարձել է աֆղանցի փախստականների ներթափանցման վայր: Ընդ որում այդ փախստականները բացառապես 20-30 տարեկան երիտասարդներ են , որոնց մեջ չկա գեթ մեկ կին, երեխա կամ ծերունի:Քաբուլի անկման պայմաններում արեւմտյան երկրները ձեռնամուխ են եղել դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին եւ սեփական քաղաքացիներին դուրս բերել Աֆղանստանից: Այդ ընթացքում, BBC-ի տվյալներով, մինչեւ օգոստոսի 17-ը 750 հազար աֆղանցի հեռացել է երկրից: Մնացածները հեղեղել են Քաբուլի օդակայանը, որ իրենք էլ հեռանան, բայց ապարդյուն: Մարդիկ, հատկապես կանայք, հայտնվել են անելանելի վիճակում, խոչընդոտում ինքնաթիռների թռիչքը, կախվում ինքնաթիռի անիվներից, որ դուրս պրծնեն դժոխքից:Բազմաթիվ աֆղանցի կանայք, թալիբների հաշվեհարդարից խուսափելու համար շարունակում են ինքնասպան լինել: Փաստորեն Աֆղանստանում քաոս է տիրում, անկանխատեսելի հետեւանքներով, իսկ «Համիդ Քարզայի» օդակայանումՙ հումանիտար աղետի հասնող արհավիրք: Աֆղանստանում մեծ տերությունների «Թալիբան»-ով պայմանավորված ծրագրերն էլ ավելի են սաստկացնում արհավիրքը, հետզհետե խորանում է երկրում առաջացած քաոսը:Նրանցից Չինաստանը դեռեւս հուլիսի վերջերին Պեկինում ընդունեց թալիբների մոլլա Աբդուլգանի Բարդարի գլխավորած պատվիրակությանը, ստանալով հավաստիացում նրանից, թե չեն խառնվելու ույղուրական հիմնահարցին: Ի դեպՙ թալիբների պատվիրակությանն անձամբ ընդունել էր Չինաստանի արտգորնախարար Ուանգ Յինը : Օգոստոսի սկզբին Քաթարի մայրաքաղաք Դոհայում հրավիրվեց նաեւ խորհրդաժողով, մասնակցությամբ Իրանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի եւ Չինաստանի, որին հրավիրվեցին նաեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպական Միության ներկայացուցիչները: Ինչպես օգոստոսի 17-ին BBC-ին է նշել, նախապես Ստամբուլում նախատեսվող այդ միջոցառմանը Թուրքիան չի հրավիրվել:Խնդիրը, սակայն, Թուրքիան չէ, այլ Աֆղանստանում թալիբների վերահսկողության հաստատման միջազգային արձագանքները: Դրանց, բացի BBC-ից, անդրադարձել է նաեւ թուրքական «Haberturk» կայքը: Համաձայն դրա, Չինաստանը «թալիբների հետ բարեկամական հարաբերություններ զարգացնելու» պատրաստակամություն է հայտնել, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՙ մտահոգություն, որ Աֆղանստանը հանկարծ կրկին չվերածվի ահաբեկչության օջախի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը , ընդգծելով թալիբների դեմ պայքարում ՆԱՏՕ-ի «պարտության» այսպես կոչված փաստը, Քաբուլում տեղի ունեցող իրադարձությունները բնութագրել է իբրեւ ողբերգություն Աֆղանստանի ժողովրդի համար, որին «պարտության» առումով հաստատել է ԵՄ-ի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Բորելը , Անգլիան խոստացել է ընդունել աֆղանցի փախստականներին, մասնավորապես կանանց եւ աղջիկներին, իսկ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը խոստացել է 500 մլն. դոլար հատկացնել փախստականների կարիքները հոգալու համար:Արձագանքների մեջ, թերեւս, տարօրինակը Մոսկվայինն է, այն առումով, որ մինչ աշխարհը սարսափով է հետեւում Աֆղանստանի քաղաքական զարգացումներինին, բնութագրելով ողբերգություն Քաբուլի օդակայանում տեղի ունեցածը, ՌԴ արտգործնախարարությունը հանկարծ հայտարարում է «Աֆղանստանում թալիբների հաստատած կայունության» մասին, թե վերջիններս երաշխավորել են խաղաղ բնակիչների եւ օտարերկրյա դիվանագետների անվտանգությունը:Երաշխավորելուց զատ նրանք հավաստիացրել են, որ երկրում հարգելու են կանանց իրավունքները Շարիաթի շրջանակներում եւ թույլ են տալու աղջիկ երեխաներին հաճախել դպրոց: Թալիբների խոստումներին պարզապես աֆղանցի մայրերը չեն հավատում, վերագրելով դրանք ահաբեկչական կազմակերպությունից երկրի օրինական իշխանությանը վերաճելու «Թալիբանի» նկատառումներին: |