Գրեթեՙ հոբելյանագիր
1961 թվականի սեպտեմբերի 2-ին հայաստանյան թերթերը գրում էին տիեզերքի մասինՙ հեռու եւ բաղձալի, որ նպատակադրվածՙ գիտության հետեւից փորձում էր հասնել գրողի, ընթերցողի միտքը։ Երեւանյան ծննդատներից մեկում նույն այդ շաբաթ օրը լույս աշխարհ եկած աղջկան բժիշկները ռուսերեն «խրուստալնայա» (բյուրեղապակյա) բնորոշումն էին տվել ու մորը հանձնել թափանցիկ, շողարձակ մաշկով գրկաչափ տիեզերքը։
37 տարի բեմական հաստ գրիմը չի խամրել թափանցիկը, ինչպես աշխատանքային հինգ լեզուներիՙ իտալերենի, գերմաներենի, անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի միջավայրը չեն կլանել նրա երազելու, երազն արտահայտելու միջոցըՙ հայոց լեզուն։ Բեմաշխարհի բազմազգ հանրույթի մեջ չի մոլորվել, բացառիկացել էՙ մնալով տաղանդին, աշխատասիրությանն ու ինքնությանը հավատարիմ։ Այս վերջինը նրա ողնաշարն էՙ բեմում, թե փողոցում նույն քայլն ու կեցվածքն ունի։ Գերմանիայի բեմերից մեկում մի թուրք, ի թիվս այլոց, խաղընկերն էր եւ փորձում էր «նույն երկրից լինելու» մտերմությամբ աչքի ընկնել։ Հասմիկ Պապյանի բարձրաձայնած խոսքը, թե մեծ մայրը Արեւմտյան Հայաստանի իրենց տան բանալիները թոռներին է փոխանցել, մեկեն լռակյաց դարձրեց զվարթախոս թուրքին։ Իսկ Մետրոպոլիտենում նույն ազգի մեկ ուրիշ խաղընկեր, որ բոլորի սիրտը կաշառում էր ամենօրյա թանկարժեք հյուրասիրությամբ, նկատել էր, որ Հասմիկին ոչ մի օր չի հաջողում քաղաքավարության իր զոհը դարձնել։ Հիշում ենք նաեւ վերջերս պատահածը։ Հասմիկ Պապյանի ազդու ձայնն էր, նրա անբասիր հեղինակությունը, որ Դրեզդենում ադրբեջանցի Էյվազովին ստիպեցին վերանայել իր ռասիստական վարքը եւ չխանգարել Ռուզան Մանթաշյանի հետ բեմելը։ Հասմիկն անառիկ հոգի է, նրան ճկելն անհնար է, միտքը մի տեղ հասավ, ոտքերը վազում են, իսկ սիրտըՙ պինդ եւ փխրուն է։
Երբ դեռ ինտերնետ ու ֆեյսբուք չկար, նա աշխարհի բոլոր անկյուններից ինձ զանգահարել է հատկապես այն օրերին, երբ մեր երկիրը ջերմել է։ Միշտ կարծիք է ունեցել, միշտ եղել է իր դավանանքին, իր պետությանը հավատարիմ, եղել է ու կա ընդգծված բարոյական մարդ, քաղաքացի։ Բարեգործության մասին չի խոսում, քանի որ իր ձախ ձեռքը չգիտի աջ ձեռքով տվածի մասին։ Զոհ ունենք, մորմոքում է։ Վիրավորՙ այցելում է։ Աչքերը շողարձակում են, երբ փայլուն միտքը կաղապարից ժայթքում է, երբ հարուստ հոգի է նկատում, երբ Հայաստանի, Արցախի շենացման մասին իր հետ խոսում են։ Աշխարհի թատրոնների լուսարձակները չեն շլացրել նրա աչքերը, նա տեսնում է շատերի համար անտեսանելինՙ մարդու ներսըՙ հոգին։ Ու իր արվեստն այդ հոգին սնուցող բալասանն է, զմուռս չէ, ջնարակ է։
Պապյանն իր ձայնը երբեք չի վատնելՙ լավ ելույթի, ունկնդրի համար խնայել է։ Իսկ երբ հիվանդ բեմ է բարձրացել, հանդիսատեսը դրա մասին չի էլ իմացելՙ նրա երգելու վարպետությունը շատերին է տպավորել։ Հասմիկը լեռնագնաց էՙ Հայաստանի, Արցախի, Եվրոպայի, ԱՄՆ-ի լեռները նրա ձիգ ոտքերը հաղթահարել են, եւ իր արտիստական կարիերայում էլՙ նա լեռան գագաթին հասել է։ Պապյանը վերելքի դժվար ճանապարհ է անցել։ 1986-ին որպես մեներգչուհի հրավիրվել է Սպենդիարյան օպերային թատրոն։ 1990- ականներինՙ Բոննի օպերային թատրոն, որին հետեւել են ելույթներն աշխարհի գրեթե բոլոր մեծ թատրոններում եւ համերգասրահներումՙ Լա Սկալա, Փարիզի Բաստիլ, Լիոնի, Մարսելի, Ավինիոնի, Օրանժի, Վիեննայի, Դալլասի, Սինսինաթիի, Վաշինգտոնի, Մյունխենի, Շտուտգարդի, Դյուսսելդոֆի, Քյոլնի, Համբուրգի, Դրեզդենի, Լայպցիգի, Ժնեւի, Թել- Ավիվի, Թուրինի, Հռոմի, Պալերմոյի, Նեապոլի, Մոսկվայիՙ Մեծ, Պետերբուրգի Մարինյան թատրոններ, Նյու Յորքի Մետրոպոլիտեն եւ Կառնեգի հոլ, Վիեննայի Մուզիքֆերայն, Լոնդոնի Վիգմոր, Փարիզի Գավո, Մոսկվայի կոնսերվատորիայի հայտնի համերգային դահլիճներում։ Սա թերի ցանկ է։ Երգել է շուրջ 45 դերերգ։ Խաղընկերներն ու դիրիժորներն եղել են մեր ժամանակի նշանավոր վարպետներ, մեծ անուններ։
Լա Սկալան, Մետրոպոլիտենը մեծ թատրոններ ենՙ ավանդույթներ ունեցող, դժվարահաճ հաստատություններ, որտեղ պատահաբար չեն հայտնվում։ 1999-ի փետրվարի 3-ին Հասմիկ Պապյանն առաջին անգամ բարձրացավ Մետրոպոլիտենի բեմՙ Աիդայի դերերգովՙ արժանանալով դիրիժոր Պլասիդո Դոմինգոյի դրվատանքին։ Այնուհետ նույն դերերգով Պապյանը Մետրոպոլիտենում երգեց 2002-03 թատերաշրջանում, երբ նոր էր մայրացել։ Աիդան կատարեց նաեւ 2005-ին։ 2007-ին հետեւեցին Նորման, 2008-ինՙ Լեդի Մակբեթը, 2009-ինՙ Լեոնորան («Տրուբադուր»)։
Պապյանը ծափերից, փառքից չի մեծամտացել, աշխատել է, սովորել, պարապել անդադար։ Ծանր աշխատանք էՙ տիրապետել ձայնին այնպես, որ անի այն, ինչ ուսուցիչներն ու կատարողն են կամենում։ Բնավ բավարար չէ գեղեցիկ ձայն, արտաքին ունենալը։ Բոլոր նոտաները ճիշտ երգելն էլ դեռ հաջողության գրավական չէ։ Ունեցածն անընդհատ կատարելագործելն է եղել Հասմիկի ընտրությունը։ Հասմիկ Պապյանի ռեպերտուարը հուշում է, որ նա սիրում է մարտահրավերներ։ Նրա երգացանկը բազմազան է, տարողունակՙ ձայնային եւ դրամատիկական իմաստով։ Պապյանը հարգանք ունի հեղինակի, կոմպոզիտորի, երաժշտության, բնագրի հանդեպ։ Լավ հիշողություն ունի եւ խաղընկերներին օգնում է։ Սրա մասին 2017-ին Վիեննայում մեր զրույցի ընթացքում Գրեյս Բամբրին պատմեց։
Ես սիրում եմ նրա թավշյա պիանիսիմոները, բառը կարեւորելը, հստակ արտաբերելը, բերանի եւ լեզվի գեղեցիկ շարժումները, դեմքից ու աչքերից հասկանում եմՙ ինչի’ մասին է երգում։ Ինձ թվում է երգի մեջ նրան թելադրող է բառը, մեղեդին բխում է բառից։ Թատրոնում «հեշտ» է, համերգային կատարման ժամանակ «ստուգողական» են հանձնում ձեռքերը։ Հասմիկ Պապյանը ձեռքերը շարժում է հոգու եւ մտքի թելերովՙ երաժշտությանն ու տեքստին ականջալուր։ Նրա կենտրոնացումն ու ինքնատիրապետումը միշտ հիացրել են ինձ։ Եւ զարմացել եմ, երբ եզակի կարգապահությամբ աչքի ընկնող Պապյանն ինչպիսի պատրաստակամությամբ է ընդառաջ գնում, կողմնորոշվում չնախատեսված իրադրությունում։
Երեկՙ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության տոնն էրՙ Հանրապետության ծնունդը։ Եւ ես հիշեցի 2018-ի ամռանը Շուշիում Հասմիկի համերգը, դրա թողած վառ հետքը, բեմի փայլուն հատակը, պատկերասրահի գեղեցիկ կտավների ստեղծած միջավայրը, զգայուն հանդիսատեսին։ Ոգեւորությունից Արցախի մշակույթի նախարարն առաջարկեց նույնիսկ, որ օպերա ներկայացնեն, Պապյանը հաջորդ այցին իր այցեքարտային Նորման երգի …2020-ին Շուշին ռմբակոծելիս առաջինն այդ շենքը փլվեց, եւ կտրտված ժապավեն դարձավ հիշողությունն իմ այս։ Օրեր առաջ Պապյանը Արցախ էր գնացելՙ պատերազմից հետո առաջին անգամ։ Եւ կոչ էր ուղղել մեր երկրի իշխանավորներինՙ այցելել, հայկական պահել Արցախը։
Ես սիրում եմ, որ Պապյանը Կոմիտասին հավատարիմ է։ Տարբեր վայրերում միշտ ներկայացրել է մեր գանձերը։ 2005-ին «auditeե-ն թողարկեց նրա մեծ նվիրումըՙ «Hommage a Komitasե սկավառակը, իսկ 150- ամյակին ընդառաջ Հասմիկը Կոմիտասի ժառանգությունն ամփոփող գերմաներեն մասնագիտական մի հատոր հրատարակեց Գերմանիայում։
Ես համոզվել եմ, որ Հասմիկ Պապյանը խոսքի տերն է։ Տարիներ առաջ «Ազգի» հարցազրույցում խոստովանել էր, թե իր երկարատեւ գործուղումը մի օր ավարտ է ունենալու, իսկ կյանքն ու գործունեությունը Հայաստանում վերսկսվելու են։ 2020-ի սեպտեմբերի 21-ից Պապյանը Երեւանում է։ Նոր մարտահրավեր ունի. Ստանձնել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունը։ Պաշտոն բառը Պապյանի պարագայում չես գործածի։ Նրանը իրավունք եւ պարտականություն բառերի միջեւ տարածությունն է։
Մերըՙ նրա գեղագիտությանը հերտեւելն ու զմայլվելն է, ճաշակ զարգացնելը, նրա ուսանողներին ունկնդրելը, քաջալերելը։ 2020-ի դեկտեմբերին օպերային ստուդիան Բեթհովենի 250-ամյակին նվիրված շքեղ ծրագիր հրամցրեց։ Հասմիկ Պապյանը հանճարի մասին տպագրությա’ն արժանի խոսք էր գրել։ Նման համերգ ես Բեթհովենի հայրենիքում եմ տեսել միայն։ Հուլիսին Գլյուկի «Օրփեւս եւ Էվրիդիկեն» հիացրեց հանդիսատեսին։ Իսկ օգոստոսի վերջին օպերային ստուդիան հաջողությամբ իրականացրեց ժամանակակից պարի միջազգային SUMMIT փառատոնը։ Գործն է անմահ։ Թումանյանի խոսքը Հասմիկ Պապյանի ձեռագիրն էՙ կոկիկ ու անժամանցելի։
Իսկ ստացածը ՀՀ ժողովրդական արտիստուհու ահռելի ժողովրդականությունն է, իր ժողովրդին պատկանելու գիտակցությունը, մեծ սերը, որ իր շուրջ ծփում է։