Լրագրողական աշխատանքը, ինչպես շատ այլ մասնագիտություններ, երբեմն կարճատեւ դադարի պահանջ է առաջացնում: Դե, կարելի է մի փոքր հանգստանալ, առաջիկա մտորումների ու շարադրելիքի փաստերը հավաքել, ինչու ոչՙ տան կիսատ գործերին ընթացք տալ… Ավաղ, մերօրյա Հայաստանում նաեւ այսկերպ չի ստացվում, ոչ միայն օրը, այլեւ յուրաքանչյուր ժամն է ստիպելու պես պարտադրում կամ դրա հակառակըՙ գործել, ահազանգել, բարձրաձայնել:
Խնդրեմ: Հոկտեմբերի 1-ի առավոտյան սովորականի պես այցելեցի բնակավայրիս մերձակա սուպերմարկետը հաց գնելու: Սովորաբար վերցնում եմ սեւ կոչվող տարեկանի ալյուրից պատրաստված 500 գրամ կշռվող կաղապարահաց, գինը 265 դրամ: Մեր առօրյայում կատարվողի հանդեպ զարմանալու սովորություն չունենալով հանդերձ շարված հացատեսակների դիմաց անակնկալի եկա. նախորդ օրվա համեմատ 290 դրամ գին էր նշված, կիլոգրամի հաշվարկովՙ ամբողջ 50 դրամ թանկացում: Թե ինչու անակնկալի եկա, ներկայացնեմ: Հացը հանրության բոլոր շերտերի համար սննդակարգի առաջին անհրաժեշտություն է, որը հարկ է որ իշխանության ուշադրության կենտրոնում լինի: Ինչպես ասենք ջուրը, որի գնի հնարավոր փոփոխման մասին հայտարարվում է ամիսներ առաջ: Նույնն է ամեն վայրկյան օգտագործվող էլեկտրաէներգիայի պարագայում, այնպես որ հարկ է, թերեւս պարտադիր է, որ իրեն սահմանադրորեն սոցիալական պետություն հռչակած երկրի գործադիր իշխանություն կառավարությունը պատասխանատվություն կրի ու ստանձնի հացի հանդեպՙ սկսած հացի արտադրության հումք հացահատիկների սեփական պահանջների մշակումից մինչեւ որակյալ հացամթերքների արտադրությունը, որոշ դեպքերումՙ գների սահմանումն ու վաճառքը: Տեղյակ եմ, որ տարածաշրջանի որոշ երկրներում համանման գործընթացներ ծավալվում են, դրանք արժանանում են հանրության համընդհանուր հավանության, կա սոցիլական հաց հասկացություն: Մի պահ պատկերացրեք այն ընտանիքների վիճակը, ուր օրը 3-4 հաց է օգտագործվում. որտեղի՞ց հայթայթել ամսվա համար պահանջվող լրացուցիչ երեք հազար դրամ եւ ավելի գումարը:
Հացի թանկացումը կոնկրետ մեկ բացատրություն ունիՙ հացահատիկի համաշխարհային գներն են բարձրացել, մասնավորապես մեր հիմնական մատակարար Ռուսաստանի դաշնությունում: ՌԴ-ն հացահատիկի համաշխարհային շուկայում յուրահատուկ խաղացող է, որի նպատակները դժվար է հասկանալ: Երկիրը 1 բնակչի հաշվով 500 կգ ցորեն է արտադրում, երբ ԱՄՆ-ի վերջին տարիների ցուցանիշը 170-200 կգ է, արտահանումներըՙ զգալի: Դժվար է պնդել, որ ռուսաստանցիներն առավել հացամթերքներ սպառող են, քան ամերիկացիներն ու եվրոպացիները, ովքեր բուրգերների ու պիցցաների, մակարոնեղենի ու հրուշակեղենի հանդեպ հատուկ նախապատվություններ ունեն:
Այս առումով հայաստանցիներիս սպառումը մասամբ է միայն առանձնանումՙ հիմնականում հացի օգտագործման տեսքով, որը հանրության մի հատվածի կողմից նվազել է: Այսուհանդերձ ՀՀ առկա բկակչության հաց-հացամթերքների տարեկան 600-650 հազար տոննա հացահատիկի արտադրությունը կենսական անհրաժեշտություն ու պահանջ է: Բացարձակ անհեթեթություն է, երբ մասնագետ ներկայացող որոշ անձինք ու պետական վայ պաշտոնյա խոսում են 1 բնակչի հաշվով տարեկան 1 տոննա հացահատիկի արտադրության պահանջից, ցորենի մշակումն այդկերպ հասցնում 3 մլն տոննայի ու հայտարարում, թե Հայաստանի հանրապետությունը հացարտադրությամբ երբեք ինքնաբավ լինել չի կարող: Այս պահվածքը, թող ներվի տնտեսության խնդիրներ լուսաբանել փորձող լրագրողիս, հիշեցնում է քաղաքական այն գործիչներին, որոնք առավոտից իրիկուն պնդում են, որ մեր ոխերիմ թշնամի Թուրքիան 80 մլն բնակչություն ունի, ասել է թեՙ սսկվենք… երբ բոլոր տեղեկատուներում այդ երկրի էթնիկ տարրը 70 տոկոս է նշվում, երբ դրանց ժամանակավորապես հանդուրժող քրդերը 20 տոկոս են, մնացյալըՙ ծպտյալ հայեր ու այլազգիներ:
Խնդիրը, հիշենք որ հացից ենք խոսում, առավել քան պարզ է. ՀՀ տնտեսությանն անհրաժեշտ է մոտ 300 հազար տոննա հացի, մակարոնեղենի ու հրուշակեղենի 40-60 հազար տոննա արտադրության ցորենի ու հացազգիների 600 հազար տոննա հումքի մշակում, որը երկիր մոլորակի հիմնական մասերում իրականացնում են 100 հազար հեկտար ցանքատարածություններում, ՀՀ պարագայումՙ մեր վարելահողերի 20 տոկոսի օգտագործման արդյունքում: Հեկտարից 6-7 տոննա բերքի ստացման մասին հաճախ են նշում հացահատիկ մշակողներից ոմանք, որը տարօրինակորեն թե ցավալիորեն ամենուր չի արձանագրվում ու երկիրը կանգնեցնում է անհարկի խնդիրների առջեւ: Այսպես եղել է անկախ Հայաստանի ողջ ժամանակահատվածում, ոմանց կողմից գովերգվող ՀՀ գյուղատնտեսության նախարարության գոյության տարիներին, երբ միայն մեկ անգամ է հաջողվել 450 հազար տոննա համախառն հացահատիկի բերք ստանալ: Հետագա տարիներին այս ցուցանիշը կիսվել է թե՛ ցանքատարածությունների նվազման, թե՛ բերքատվության էական պակասի պատճառով:
ՀՀ գործադիր պետական կառույցը, կառավարությունը, ինչ-որ բան անում է, որը հաճախ է ուղեկցվում շարքային հողօգտագործողների դժգոհություններով: Նրանք հիմնականում մինչեւ 3 հեկտար հողակտորներ ունեցող գյուղացիական տնտեսություններն են, որոնք զրկված են պետական այլեւայլ օժանդակություններից ու աջակցությունից: Այս առումով քայլեր նախատեսվել են, ակնկալենքՙ ոչ թղթի վրա: Հողի մշակը կոնկրետ օգնության կարիքն ու անհրաժեշտությունն ունի, սկսած ցանքսի իրականացումից մինչեւ մշակումն ու բերքի հավաքումից այն իրացնելը: Անվարան նշեմ, որ ցորենի համաշխարհային արտադրությունն ու բնակչության աճը համաչափ են ընթացել, 1 բնակչի հաշվով կայունորեն մնալով 100 կիլոգրամի սահմանում. 2000 թվականի 6 մլրդ բնակչության պարագայում 585 մլն տոննա, 2020-ինՙ համապատասխանաբար 7.6 մլրդ մարդ եւ 734 մլն տոննա: Հիշված ժամանակահատվածում համաչափ աճել է նաեւ 3 մլրդ մարդկանց կողմից առաջնահերթ բրնձի օգտագործումը, համապատասխանաբար 600 մլն տոն եւ 780 մլն տոննա: Միջին բնակչի հաշվով բրնձի տարեկան սպառման առաջատարներն են բանգլադեշցիներըՙ 268 կգ, վիետնամցիներըՙ 218 կգ, ինդոնեզացիներըՙ 207 կգ … 2017 թվականին միջին չինացու սպառումը կազմել է 122 կգ, ճապոնացունըՙ 82 կգ, ֆիլիպինցունըՙ 181 կգ: Տվյալները վերցվել են ԱՄՆ-ում լույս տեսնող ՙՀամաշխարհային փաստեր՚ տեղեկատուից:
Թե ինչպես կարձագանքեն ՀՀ իշխանություններն առաջիկա մարտահրավերներին, կապրենք կտեսնենք:
05.10.2021թ